Որպես Երևանի քաղաքապետ, որքանո՞վ եք կարևորում եկեղեցի կառույցի դերը մեր քաղաքում:
Հայ ժողովուրդն աշխարհի թերևս եզակի ժողովուրդներից է, ում կյանքում եկեղեցին իսկապես բացառիկ նշանակություն ունի: Քրիստոնեության ընդունումից ի վեր մեր ժողովրդին պատուհասած բազմաթիվ դժբախտությունների, պատերազմների կամ այլ աղետների ժամանակ հայ ժողովուրդը հենց Աստծուն ու մեր առաքելական եկեղեցուն է ապավինել ու հաճախ հենց հանուն և շնորհիվ ճշմարիտ հավատի ենք հաղթել ու գոյատևել և պատահական չէ, որ ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծագերում հայտնված մեր ժողովուրդն իր նոր հանգրավաններում նախ եկեղեցի է կառուցել, ապա նոր հոգացել մյուս կարիքները: Մեր դարավոր պատմության ընթացքում եկեղեցին միշտ էլ ազգապահպան, համախմբող դեր է կատարել: Փառք Աստծո, այսօր մենք ունենք մեր անկախ պետականությունն ու մեր ազգի գոյությանն այլևս ոչինչ չի սպառնում, սակայն Առաքելական մեր եկեղեցու առջև հիմա էլ քիչ չեն մարտահրավերները հենց թեկուզ սնկի պես աճող աղանդների դեմ պայքարի համատեքստում: Եվ հետո, իմ խորին համոզմամբ, ճշմարիտ հավատացյալը, եկեղեցի հաճախող, Աստծո հետ շփվող մարդը չի կարող վատ քաղաքացի լինել, չի կարող չսիրել իր տունը, իր քաղաքն ու երկիրը: Նաև այս համատեքստում եմ ես կարևորում եկեղեցու դերը: Ի վերջո, չմոռանանք նաև, որ եկեղեցին հոգևորից զատ նաև ճարտարապետական, մշակութային անչափ կարևոր արժեք է:
Քաղաքական գործչի համար, ով հասարակության կիզակետում է, ի՞նչ նշանակություն ունի աղոթքը:
Այս պարագայում կարծում եմ, որ էական չէ, թե մարդը հասարակության մեջ ինչ դիրք է զբաղեցնում կամ ինչ պաշտոն ունի: Աղոթքը խիստ անձնական է և աղոթելիս ցանկացած մարդ Աստծո առաջ նախ որպես հենց մարդ է կանգնում՝ փորձելով աղոթքի միջոցով գտնել այս կամ այն խնդրի լուծումը կամ հոգեպես ինքնամաքրվել:
Որքա՞ն հաճախ եք զրուցում Աստծո հետ:
Բարդ հարց է, գիտե՞ք, և միանշանակ պատասխանել այս հարցին դժվար է: Կարծում եմ, մարդկային կյանքն ինքնին յուրօրինակ զրույց է Աստծու հետ. մեր վարքը, մեր գործերն այդ զրույցի դրսևորումներն են:
Որպես հոգևոր սնունդ՝ ինչպիսի՞նն է Ձեր զավակների «ճաշացանկը»:
Թերևս ճիշտ կլիներ, որ այդ հարցին իրենք պատասխանեին: Իսկ ես, որպես ծնող, բնականաբար աշխատում եմ, որ, ինչպես Դուք ասացիք, նրանց հոգևոր «ճաշացանկը» հնարավորին բազմազան լինի, բայցև զերծ մնա անցանկալի «համեմունքներից»: Անցանկալի նկատի ունեմ այն ամենը, ինչը կխոչընդոտի նրանց որպես ազնիվ մարդ, իսկական հայրենասեր, օրինապաշտ քաղաքացի մեծանալուն:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ասում է, որ ծառայությունն ազգին, նույնն է, թե ծառայություն մատուցել Աստծուն: Ինչպիսի՞ պատասխանատվությամբ եք մոտենում այս ծառայություններին:
Յուրաքանչյուր ոք, ինչ աշխատանք էլ կատարելիս լինի, պատք է ազնիվ ու անկեղծ լինի իր մղումներում ու գործողություններում: Այս առումով համամիտ եմ սրբազանի հետ և գտնում եմ, որ ժողովրդին պետք է անկեղծ սրտով ու մաքուր հոգով ծառայես, այնպես, ինչպես Երկնային Տիրոջն ես ծառայում: Կլինի՞ այդ ազնվությունը, մղումների մաքրությունը՝ գործը կհաջողի, քանի որ Տերն ինքն աջակից է ցանկացած լավ նախաձեռնությանը:
Qahana.am 13 տարեկան է: Որքանո՞վ եք կարևորում կայքի առկայությունը :
13 տարին և քիչ և բավական երկար ժամանակ է գնահատելու կայքի գործունեությունը: Լավագույն գնահատականը, կարծում եմ, կայքի այցելուների օրեցօր ավելացող քանակն է. ասել է թե այն ծառայում է իր նպատակին՝ մարդկանց հոգևոր սնունդ մատուցելով, մի բան, որի կարիքը մեր հասարակությունն իսկապես ունի: Բանիմաց թիմ է աշխատում կայքում և ես վստահ եմ, որ, օգտագործելով ժամանակակից հնարավորությունները, Աստծո օրհնությամբ դեռ շատ ավելին է անելու:
Մերի Մակարյան