Արմեն Մաղաքյան. «Կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը»:

Արմեն Մաղաքյան. «Կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը»:

Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ եք: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր կան ապագայում:
Բարեգործական ծրագրեր իրականացնելիս, հատկապես այն ծրագրերը, որոնք կատարվում են ի պայծառություն Հայ Առաքելական եկեղեցու, առաջնորդվում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևյալ պատվիրանով. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը»: Տա Աստված, որ միշտ կարողանանք մեր մասնակցությունը բերել մեր եկեղեցու շենացման գործին:

 

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի Ձեր կյանքում հավատն առ Աստված:
Հավատն առ Աստված հույս է, հավատ, սեր, ճշմարտություն, ճանապարհ, մաքրություն, կյանքի իմաստ: Այն հոգեվիճակ է, որն անգամ բառերով հնարավոր չէ արտահայտել:
 

Հաճա՞խ եք աղոթում:
Հիսուս Քրիստոս մեզ պատվիրում է մշտապես լինել աղոթական վիճակում: Ուստի յուրաքանչյուր գործ պետք է սկսել աղոթքով:
 

Դուք ունեք առաջնեկ: Որքանո՞վ եք կարևորում հոգևոր դաստիարակությունը Ձեր երեխայի կյանքում:
Մեր երեխան Աստծո պարգևն է, ում ծնունդով շատ բան փոխվեց մեր կյանքում: Նա մկրտված է: Եվ մեր օգնությամբ նա ճիշտ հոգևոր դաստիարակություն կստանա:
 

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ինչպե՞ս կառուցեն իրենց հարաբերություններն Աստծո հետ:
Աստված Ինքն է ցույց տալիս այն ճանապարհը, որով մարդիկ կարող են կառուցել իրենց հարաբերություններն Իր հետ: Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է:
 

Ձեր բարեմաղթանքը Qahana.am կայքի գործունեության 13-ամյակի առթիվ:
Մեծ ուրախությամբ տեղեկացա Հայ Առաքելական եկեղեցու Qahana.am պաշտոնական կայքի բեղուն գործունեության 13-րդ տարին բոլորելու մասին: Անասելի կարևորում եմ նրա գործունեությունը և ուրախանում, որ այն ընթերցողների թիվն օրըստօրե ավելանում է: Հատկապես ոգևորիչ է երիտասարդ սերնդի ակտիվությունը: Qahana.am կայքը տարիներ ի վեր ձեռնամուխ է եղել Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին քրիստոնեական արժեքներ տարածելուն թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս: Ի սրտե շնորհավորում եմ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում անհամրելի բեղմնավոր օրեր: Աստծո կամոք թող Ձեր արդար և ազգապահպան գործունեությունն ունենա արժանի շարունակություն: Աստված պահապան բոլորիս:
 

Արևիկ Համբարյան

  • 2021-10-18
×