Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Նվագախումբը հիմնել և ղեկավարում եք 18 տարեկանից: Դուք դա վերագրում եք Աստծո շնորհի՞ն, թե՞ աշխատասիրությանը, անձնական կազմակերպչական որակներին:
18 տարեկանում կար հաջողություն, և նվագախմբի հիմնումը միայն իմ կարծիքը, կամ ամբիցիան չէր: Դա թիմային աշխատանք էր. կար ցանկություն՝ հիմնել նվագախումբ: Երիտասարդ լինելու հանգամանքը մի կողմից խանգարում էր, մյուս կողմից՝ օգնում: Խանգարում էր այն առումով, որ չկար բավարար գիտելիք, և այն ճանապարհը, որ ցանկանում էինք անցնել, շատ երկար և դժվար էր, բայց մյուս կողմից կար եռանդ, գաղափար և չկար ոչ մի խոչընդոտ, որովհետև երբ նվագախումբը ստեղծվեց, ես 18 տարեկան էի և ոչ մի ֆինանսական հավակնություններ չունեինք: Դուք պատկերացնու՞մ եք, ավելի քան 60 երիտասարդ հայ երաժիշտների աշխատելիս, 8-9 ժամ փորձ անելիս: Դա այն բանի շնորհիվ է, որ մենք սիրում էինք երաժշտությունը:
Ձեր հաջողության գրավականը եռա՞նդն է:
Տեսլականն է, եռանդն ու հավատը, որ կարող ենք հաղթել:
Աստծո նախախնամությունը կա՞ դրանում:
Ամեն ինչում կա: Ես կարծում եմ, որ մենք այն ազգն ենք, որի համար Աստծո նախախնամությունը շատ կարևոր է: Եթե հավատում ես՝ կհաղթահարես դժվարությունները: Եթե հավատում ես՝ հզոր ես:
Միգուցե Աստվա՞ծ է ուղարկում այն ուժը, հնարավորությունը, որով հաջողության եք հասնում: Աստվա՞ծ է ձեր մեջ դնում այդ եռանդը, ուժը:
Դա փոխհարաբերություն է: Շատ մարդիկ կան, ովքեր օժտված են Աստծո կողմից, բայց ոչնչի չեն հասել կյանքում: Սա նշանակում է, որ մարդ նույնպես պետք է այդ շնորհն ընկալի, Աստծո շնորհը մարդու համար չպետք է բեռ լինի: Այն մարդիկ, ովքեր մնացել են պատմության մեջ և ում հիշում ենք դարեր ի վեր, եղել են նվիրյալներ:
Դուք երիտասարդ եք, տաղանդավոր, հաջողակ… Արդյո՞ք սա մեծամտանալու առիթ չի տալիս, ինչպե՞ս եք կարողանում ձերբազատվել մեծամտության մեղքից:
Մեծամտանալու հիվանդությունը, որ մարդիկ, ցավոք սրտի, ունեն, անբավարար կրթության, անարժան հաջողության և մարդկային որակների պակասի արդյունք է: Մարդը կարող է մեծամիտ լինել, բայց հոգու խորքում շատ խոցելի լինել: Եթե մի օր հասկանաք, որ ձեզ մյուսներից բարձր եք դասում, դուք կպարտվեք, իսկ մենք խոսում ենք թիմային արվեստի մասին, որը մեծ ճանապարհ է: Եթե մարդ մեծամիտ է, ուրեմն պարտվել է:
Երիտասարդական նվագախումբը կարողացել է մեծ հաջողություններ արձանագրել: Դիմու՞մ եք Աստծո օգնությանը:
Հաճախ եմ դիմում Աստծուն: Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է:
Ձեր գնահատմամբ որքանո՞վ է Հայաստանում դասական երաժշտությունը հասանելի երիտասարդությանը և արդյո՞ք ունի բավարար պահանջարկ:
Նվագախումբը տասը տարվա ընթացքում արեց այն, որ ունենք բազմահազար ունկնդիրներ, ովքեր հետևում են մեր գործունեությանը: Բայց եթե խոսում ենք ընդհանուր հաջողության մասին, մասնավորապես Հայաստանի մասին, այստեղ, ցավոք սրտի, առկա է խորհրդային իներցիոն աշխատելաոճը. մտածում ենք, թե ամեն ինչ պետք է պետությունն անի մարդկանց փոխարեն: Դա այդպես չէ: Համենայնդեպս, մեզ մոտ կան պետական կոլեկտիվներ: Ու եթե շատ պետական կոլեկտիվներ իրենց դատարկ դահլիճի պատճառը փնտրում են ուրիշների հաջողության մեջ, ապա դա սխալ է: Մենք ունենք անհավանական մեծ հավատք դասական երաժշտության հանդեպ: Խորհրդային Միության շրջանում Հայաստանում կար 230-ից ավելի երաժշտական դպրոց: Սա ամենաբարձր ցուցանիշն է, եթե համեմատենք խորհրդային մյուս երկրների հետ: Խորհրդային Հայատանում 10-ից 8 ընտանիքների երեխաները նվագում էին դաշնամուր. այդպիսի ցուցանիշ մյուս հանրապետություններում չկար: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհի լավագույն բեմերում:
Կարևորո՞ւմ եք Ս. Պատարագին ձեր մասնակցությունը: Ի՞նչ դեր ունի Ձեզ համար Ս. Հաղորդությունը:
Հոգևոր երաժշտությունը՝ Կոմիտաս, Եկմալյան, ինձ համար ստեղծում է այնպիսի հոգեվիճակ, որն ինձ համար շատ թանկ է: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որ լինելով աշխարհի տարբեր կետերում՝ կարող եմ մասնակցել Ս. Պատարագին և Ս. Հաղորդություն ստանալ:
Դուք խոսեցիք խաղաղության մասին. և հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվում խաղաղություն պահպանել ձեր 92-հոգանոց կոլեկտիվում:
Գեղարվեստական առումով միշտ կան վեճեր, փափագ ինչ-որ բան անել շատ ավելի լավ, քանի որ բոլորս ծառայում ենք մեկ նպատակի, մեկ գաղափարի: Մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ 10 տարվա ընթացքում չենք շեղվել մեր գաղափարից, որին հավատում ենք անվերապահորեն և վստահ ենք, որ կհասնենք մեր ցանկության իրականացմանը: Ինչպես ասացի, քննարկումներ միշտ լինում են, առաջարկվում են գաղափարներ, և ես, որպես ղեկավար, միշտ ընդունում եմ այն նոր գաղափարները, որոնց հասնելու համար կան շատ ավելի պրակտիկ միջոցներ: Մարդիկ պետք է համախումբ լինեն գաղափարի շուրջ և ծառայեն դրան: Այս պարագայում գաղափարը երաժշտությունն է, որին մենք հավատում ենք:
Ձեր բարեմաղթանքը qahana.am կայքի ընթերցողներին:
Հայ ազգի համար ամենակարևոր հենակետը եկեղեցին է, հավատն առ Աստված: Մենք այն ազգն ենք, որ ունենք հոգևոր արժեքներ: Իմ բարեմաղթանքը լոկ եկեղեցի այցելությունը և եկեղեցու կյանքին տեղյակ լինելը չէ: Ես ուղղակի կմաղթեմ, որ կարողանանք պահպանել երկրի և մարդկության խաղաղությունը: Մեզ համար եկեղեցին շատ կարևոր նշանակություն ունի: Եկեղեցին այն ներուժն է, որը մեզ օգնել է պահպանել մեր ազգային ինքնությունը: Ես երաժիշտ եմ, և մշակույթն ինձ համար ամենակարևորն է, բայց եթե չլիներ հավատքը, որը տալիս է եկեղեցին, չէր լինի այն մշակույթը, որով ես այսօր ապրում եմ:
Ձեր բարեմաղթանքը՝ Ս. Սարգսի տոնի առթիվ:
Սրբերի տոները մարդուն օգնում են ճիշտ ապրել, և ես կցանկանամ, որ չտրվենք օտարամոլության: Սա մեծ խնդիր է Հայաստանում, ես շատ կուզեմ, որ իմ սերնդի համար ևս մեր սրբերը կարևոր լինեն, մենք էլ կարողանանք դա փոխանցել մեր երեխաներին, աշխարհին կարողանանք ներկայացնել մեր արժեքները:
Հ.Գ. Շնորհավորում ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:
Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը