Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

 

Հայր Սուրբարտադպրոցական  դաստիարակության կարևոր հաստատություններից  են հայորդաց տներըԿներկայացնե՞ք դրանց դերն առհասարակ մեր ազգային և հոգևոր մշակույթի պահպանման գործում:
 

Նախ, 1993 թվականին, երբ արդեն Խորհրդային Միությունը  քանդվել էր և պիոներ- պալատները մատնվել էին անորոշության: Ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, իմաստություն և խոհեմություն ունեցավ ձևավորել այս կառույցը, որպեսզի հնարավոր լիներ ոչ միայն երեխաներին փողոցից կտրել, այլ նաև նրանց դաստիարակել քրիստոնեական արժեքներով: Երբ երեխան ինքը չի ստեղծում, իր աչքը դնում է այլոց ստեղծածի վրա:


Այսինքն, Վեհափառը ցանկացավ շնորհալի երիտասարդություն ձևավորել, նրա նպատակը դարձավ ստեղծագործ հայ մարդու կերպարը ձևավորել այս դարբնոցներում, որոնք կոչվում են հայորդաց տներ: Այստեղ երեխաները ստանում են ոչ միայն մասնագիտական ուսում՝ երգ, պար, նկարչություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, դաշնամուր, մարմնամարզություն և տարատեսակ  նմանատիպ մասնագիտություններ, այլև հոգևոր, ազգային դաստիարակություն, որով մենք կարող ենք մեր վաղվա հայ մարդու կերպարը ճիշտ ձևավորել:

 

Այսօր որքա՞ն սաներ ունեն Հայորդաց տները:

 

Դա պայմանավորված է տարվա եղանակներով, ասենք, ձմռանը սաների թիվը նվազում է, իսկ դրանից հետո անշուշտ բավական մեծ է, մեր ընդհանուր ութ կառույցներում նրանց թիվը կազմում է մոտավորապես 3000-ից ավելի:

 

Շաբաթվա ընթացքում ո՞րքան ժամանակ է տրամադրվում «Կրոն» առարկայինորը  շատ կարևոր է քրիստոնյա անհատի ձևավորման համար:

 

Ընդհանրապես շաբաթական մեկ օր ենք հատկացնում յուրաքանչյուր դասարանին, որովհետև երեխաները շաբաթը երեք անգամ հետևում են այն առարկային, որի մեջ գալիս են այստեղ  խորանալու, որպեսզի կարողանանք իրենց հնարավորություն տալ նաև դասերը նորմալ պատրաստել: Չենք ուզում ծանրաբեռնել, բայց այդ մեկ օրվա ընթացքում շատ սեղմ, շատ խիտ ներկայացվում է ինչպես եկեղեցու, այնպես էլ կրոնի պատմությունը: Յուրաքանչյուր տոնի ժամանակ երեխաները ստանում են համապատասխան բացատրություն, թե ինչի՞ն է տվյալ տոնն առնչվում, ո՞րն է դրա իմաստն ու նշանակությունը:
 

Պատահում են ծնողներ, ովքեր չգիտակցելով կրոնի դասընթացի կարևոր նշանակությունը երեխայի զարգացման գործում, այդ մեկ ժամվա պատճառով երեխային տեղափոխում են այլ որևէ խմբակ՝ անհատական պարապունքների:
 

Ես կարծում եմ, որ ծնողը նման մոտեցում ունենում է երկու պատճառով. կամ նրանք համոզված աթեիստներ են, կամ աղանդավորական ինչ-որ շարժման հետևորդներ, եթե հրաժարվում են իրենց երեխային  մեզ մոտ կրոնի դասընթացների ուղարկել: Այնպես, որ մնացյալ պարագաներում չեն եղել խնդիրներ, դեպքեր, երբ ծնողները չուզենան, որ իրենց երեխաները կրոնական դաստիարակություն ստանան:

 

Կրոնի ուսուցիչները հաճախո՞ւմ են  վերապատրաստման դասընթացների:

 

Անշուշտ, ամեն անգամ վերապատրաստվում են, որովհետև կրոնի մասնագետներն ամեն երկուշաբթի գալիս են այստեղ: Մենք ունենք ուսումնական գծով փոխտնօրեն՝ Արա Հովհաննիսյանը, ով մեր նախկին վարդապետներից է, ամեն երկուշաբթի վերապատրաստում է անցկացնում կրոնի ուսուցիչների հետ:

 

Իսկ քրիստոնեական դաստիարակության հարցում ի՞նչ պետք է ծնողն անի իր հերթին:
 

Քրիստոնեական դաստիարակություն՝ նշանակում է երեխային տալ մի բան, իսկ որպեսզի կարողանաս երեխային մի բան տալ, նախ ինքդ պետք է կարողանաս ունենալ այն: Երեխան առաջին հերթին պետք է սովորի մտածել: Ես միշտ մեր մանկավարժներին պատվիրում եմ երեխաներին սովորեցնել մտածել: Նկարել սովորելուց առաջ նա պիտի մտածի՝ ինչ և ինչպես նկարել, ինչ տրամադրություն արտահայտել: Մենք մեր երեխաներին պետք է հասկացնենք, ոչ թե խաղացնելով մեծացնենք:


Շատ հաճախ ասում ենք՝ դե լավ, երեխա է, կմեծանա կփոխվի. ոչ, երեխան փոխվում է հենց ծնված օրից: Եթե երեխային մեծացնում են որպես խաղալիք, երեխան ամբողջ կյանքում մնում է խաղալիք, բայց մեզ է պետք ձևավորել մարդ, այլ ոչ թե խաղալիք, և այդ իսկ պատճառով պետք է ավելի խոհեմ լինենք: Այդ հարցում ամենակարևոր դերն ընտանիքինն է, դպրոցը դասավանդելու, դաստիարակելու տեղն է, իսկ ընտանիքը երեխային ձևավորելու տեղն է: Ընտանիքը պիտի լինի այն կաղապարը, ըստ որի երեխան պետք է մարդ ձևավորվի:

 

Իսկ ազգային-եկեղեցական ոգով կերտելու համար առհասարակ ի՞նչ այլ ծրագիր կառաջարկեիք:
 

Դա հատուկ ծրագիր է, հատուկ գործընթաց: Ես ազգայինի գաղափարը վեր եմ դասում ամեն ինչից: Մեզ թվում է, թե ազգայինն անկարևոր խնդիր է, որ երբ ազատ լինենք՝ կարող ենք  այդ մասին պարզապես խոսել: Ազգայինն ամենակարևոր խնդիրն է, այն պետք է տանը մատուցվի: Յուրաքանչյուր ծնող իր ընտանիքում պետք է կարողանա փոխանցել այդ ոգին իր զավակին այնպես, որ նրա մեջ զգացվի ազգային կերտվածքը:


Դա ամենակարևոր և լուրջ խնդիրն է: Այդ իմաստով հրեաները կարողացան շատ ճիշտ լուծել այդ հարցն ի տարբերություն մեզ, քանի որ առ այսօր մենք չենք կարողացել վերջնական լուծում տալ, թե ինչ է ազգային խնդիրը, ինչպես է հնարավոր ազգային գաղափարներ իրականացնել, չնայած ես չեմ ընդունում ազգային գաղափարախոսությունը, որովհետև ազգայինը չի կարող գաղափարախոսություն լինել, ազգայինը կարող է միայն ծրագիր լինել: Ընտանիքները գաղափարախոսություն չեն ունենում, ընտանիքներն ունենում են իրենց ընտանեկան սովորությունները, ավանդությունները, ոգին  պահող ծրագրերը: Այդ նույնը պետք է լինի նաև մեծ ընտանիքի պարագայում, որը կոչվում է հայ ժողովուրդ:

 

Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը

 

  • 2021-10-18
×