Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:
Հոգևոր ի՞նչ արժեքներ է քարոզում Արտավազդ Բայաթյանն իր ստեղծագործություններով:
Մարդու համար ամենակարևոր բանն ազնվությունն է: Իմ երգերի մեջ միշտ ներկա է մարդասիրություն, կամեցողություն, ընկերասիրություն:
Օրինակ՝ «Հույս, սեր, հավատ…» երգով բարձրաձայնում եք ճշմարտության կարևորության մասին: (Աշխարհը տնքում է կեղծավոր մտքից, բայց ճշմարտությունը վանում իրենից…) Սա խոսք է առ Աստվա՞ծ:
Այս երգով ես մեկնաբանում եմ իմ պատկերացումներն աշխարհում տեղի ունեցող երևույթների մասին, հատկապես խոսքը գնում է այն բարոյահոգեբանական վիճակի մասին, երբ մարդ վանում է ճշմարտությունը, և ես խորհուրդ եմ տալիս ամենակարևորագույն բանը, որն ուսուցանում է քրիստոնեությունը՝ հույս, սեր և հավատ: Դրանք այն բանալիներն են, որ գուցե ինչ-որ լուծում լինեն մարդու համար, եթե նա ընկալունակ լինի: Կարող ենք համարել խոսք առ Աստված, քանի որ ես այս երգը գրեցի ոչ թե որովհետև ինչ-որ բան հավաքվել, կուտակվել էր, այլ պարզապես հետաքրքիր է եղել: Այն մտքերիս հետևանքն էր. գիշերն արթնանալով՝ միտքս սկսեց շատ արագ աշխատել, սկսեցի նկատել շատ բաներ և հասկացա, որ ամեն ինչի պատճառն այն է, որ մարդ ամեն ինչ թարսուշիտակ է ընդունում, կեղծավորություն է անում: Հոգևոր արժեքներն արհամարհելը բերում է նրան, որ նա անընդհատ տուժում է:
Կարծում եմ, որ դա նաև գալիս է ընտանիքից, երբ քրիստոնեական արժեքները լավ չեն սերմանվում:
Դրանից բացի, մարդու վրա ազդում են նաև հասարակության դրսևորումները, երբ, ասենք, տարբեր տեղերում նրան մի բան են ասում, իսկ նա միշտ տեսնում է հակառակը և հուսահատվում, թերահավատ դառնում:
Դուք ինչպե՞ս եք մատուցել քրիստոնեական արժեքները ձեր երեխաներին, այժմ էլ թոռնիկներին, օրինակ, եկեղեցի այցելելու առումով:
Եկեղեցի այցելելը պետք է հոգու կանչ լինի: Մարդ պետք է գնա եկեղեցի ոչ թե ուղղակի մոմ վառելու, այլ երբ ունի ժամանակ ինքն իրեն, իր խղճին, իր սրտին, իր մտքին տրամադրելու, փոքր-ինչ մաքրվելու, հանգստանալու: Եկեղեցի մտնելիս մարդ պետք է հանդարտվի, բայց շատ հաճախ մարդիկ եկեղեցում գնում-գալիս են, չեն հանդարտվում, անգամ պատարագի ժամանակ են գնում-գալիս, իսկ եթե խաղաղություն չկա, ապա ոչ մի բան մի սպասիր, բարդ խնդիրներին ոչ մի լուծում չես գտնի: Ես միշտ փորձել եմ օրինակ ծառայել իմ երեխաներին և իմ թոռնիկներին, գուցե այդ օրինակը ժամանակի ընթացքում աշխատի, գուցե երբ նրանք մեծանան և ինչ-որ բան հիշեն, դա նրանց համար ուղեցույց լինի:
Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական պարտականությունները, որոնք յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ստանձնի:
Նախ պետք է ընդունենք, որ ընտանիքը մեզ համար սրբություն է, դա ամենաառաջին բջիջն է, որը պետք է ծնվի սիրուց և որից աճում, մեծանում և ձևավորվում է պետությունը: Եթե ընտանիքում չկա սեր, հանդուրժողականություն, ներողամտություն, պատրաստակամություն, ապա ընտանիքում երջանկության կայծի հույսը թերևս միամտություն է: Չնայած աշխարհը շատ է փոխվել, ես միշտ մնում եմ այն կարծիքին, որ պետք է մեծին հարգել. դա շատ կարևոր է:
Ձեր «Գիրք ցնցուղ» պատմվածքը ուղղված է նրան, ով պատրաստ է փոխել իր կյանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հոգևոր տեսանկյունից:
Ամենաառաջինը կնշեմ, որ մարդ պարտավոր է ամեն ժամ, ամեն րոպե հնարավորինս մաքրվել հոգևոր և քիրստոնեական արժեքների առումով: Կարևոր է, որ նա իր մեջ չկուտակի չարը, պղտոր, սև, խարդախ գաղափարները նրան հանգիստ չեն տա, և նա անպայման կդառնա արկածախնդիր: Գիրքը նրանց համար է, ովքեր պատրաստ են փոխել կյանքը, ոչ թե այն գլխիվայր շրջել, այլ բեկում մտցնել դեպի լավը: Ամենակարևորը ինքդ քեզ չստելը, ճշմարտասեր լինելը, ինքդ քեզ հետ հաճախ զրուցելն և ճիշտ պատասխաններ տալը, գոնե ինքդ քո առջև ազնիվ լինելն է: Սա կարևորագույն խնդիրներից է, հետո գալիս է մի պահ, երբ կարող ես լայնացնել շրջանը և հարազատներիդ, բարեկամներիդ, ընկերներիդ և ցանկացած մարդու հետ նման կերպ շփվել: Այդ ժամանակ շատ բաներ կփոխվեն:
Դուք ռուսերեն տարբերակով կարդացել և համացանցում տեղադրել եք Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը և ի՞նչ էիք զգում այն կարդալով ու ներկայացնելով:
Մեր հարգարժան դերասան Գուժ Մանուկյանը կարդում էր «Մատյան ողբերգության» երկի հայերեն տարբերակը, իսկ ես ձայնագրում էի: Անընդհատ լսում էի ձայնագրությունն ու մտածում, որ գուցե տարբեր լեզուներով թարգմանություններ կան, բայց մարդկանց հասանելի չեն: Ռուսերեն թարգմանությունն ինձ դուր եկավ, և անմիջապես գործի անցա: Ընթերցում էի և փորձում հասկանալ, թե ինչպես եմ ընկալում: Դրանից ես լիցքավորվեցի, հարստացա, կարծես սրտիս տեղը վերագտա: Սա ավելի շատ աղոթք է, քան ասմունք: Կարծես ամեն ինչ ինքս ինձ ասեի, իսկ երբ ամեն ինչ ինքդ քեզ ասում ես, երևի Աստված ավելի լավ է լսում:
Ձեր Ամանորյա մաղթանքը մեր ընթերցողներին:
Իմ ամանորյա մաղթանքն անփոփոխ է: Մարդ պետք է հիշի, որ կյանքը շատ կարճ է, պետք չէ այն ավելորդ բաների, չար գործողությունների վրա վատնել, ժամանակը կթռչի-կգնա, այն մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են, բոլորը կհեռանան, կգնան, և մի օր կզգաս, որ մենակ ես մնացել: Դրա համար եթե կա ինչ-որ մեկը, ում դեռ սեր չես խոստովանել՝ պետք է սեր խոստովանես, եթե կա ինչ-որ մեկը, ում չես ներել՝ ներիր անպայման և ամեն ինչ լավ կլինի, եթե զգում ես, որ ինչ-որ մի վատ, չար բան կա, որից պետք է հրաժարվես՝ անմիջապես հրաժարվիր, դա հնարավորություն կտա, որ արդարության և ճշմարտության ճանապարհը տեսնես: Ես կմաղթեի մեր ժողովրդին, որ 2016 թվականը մեզ համար լինի արդարության տարի, թող լինի սեր, խաղաղություն:
Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը