«Ինչքա՜ն երկար ու ձիգ տարիներ էին պետք հասկանալու համար, որ հավատն առանց գործի ոչինչ է...»

«Ինչքա՜ն երկար ու ձիգ տարիներ էին պետք հասկանալու համար, որ հավատն առանց գործի ոչինչ է...»

Qahana.am կայքի հյուրն այս անգամ լուսանկարիչ, գրող Էդգար Հարությունյանն էր։ 


-Սոցիալական ցանցում ամենասիրված լուսանկարիչներից եք: Ամեն դեպքում, դա են վկայում Ձեր էջի ընթերցողների թիվը և յուրաքանչյուր լուսանկարի հավանումները և տարածումները  (https://www.facebook.com/EdgarHarutyunyanPhotography/ ) :
Հոգևոր բնույթի բազմաթիվ լուսանկարներ եք տարածում: Առաջնորդվո՞ւմ եք ֆեյսբուքյան հոգեբանությամբ, թե՞ Դուք եք ձևավորում որակյալ լուսանկարների պահանջարկը:


Սկսեմ նրանից, որ երկար տարիներ տուրիզմով եմ զբաղվել, մինչ ֆեյսբուքում էջ բացելը: Ընդամենը երկու տարի է, որ կա ֆեյսբուքյան էջը, և այդ տարիներին բազմաթիվ նկարներ էին կուտակվել՝ հիմնականում հայաստանյան բնության, վանքերի: Մեծ ֆոտոարխիվ էի կուտակել, իսկ էջը բացեցի որպես հետաքրքրություն՝ առանց որևէ կոնկրետ նպատակի: Այդտեղ տեղադրեցի նախորդ, գրեթե, 10 տարիների ընթացքում կուտակված նկարներս: Նկարները տեղադրելիս ոչ թե ինչ-որ ուղղությամբ եմ առաջնորդվում, այլ ներկայացնում եմ այն, ինչ տեսել եմ: Իհարկե, որոշակի երևույթներ կան, որ ժամանակի ընթացքում հասկանում ես: Օրինակ, որ կարող է ինչ-որ նկար ինձ դուր գալ, բայց հանրությանը կարող է այդքան էլ չհետաքրքրել: Սակայն անպես չի, որ առաջնորդվում եմ ֆեյսբուքյան հոգեբանությամբ:


Շատ նկարներ ունեմ, բայց փորձում եմ մարդկանց չհոգնեցնել՝ դրանք միանգամից տեղադրելով: Թող քիչ լինի, բայց հետաքրքիր և սիրելի լինի, քանի որ հնարավոր չէ ամեն օր զարմացնել և հիացնել:

 

-Ծանր սոցիալական պայմաններում մարդիկ հաճախ երկրորդում են հոգևորը՝ անդադար մտածելով հանապազօրյա հացի մասին: Ի՞նչ բանաձև կառաջարկեք՝ կյանքի դժվարություններին դիմակայելու:

 

Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր ամեն հարցում միշտ հույսը դնում են Աստծո վրա և չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր փորձում են ամեն ինչ ինքնուրույն կարգավորել, առանց Աստծո օժանդակության: Միշտ պետք է հավատքով առաջնորդվել, միևնույն ժամանակ երբեք ձեռքերը ծալած չնստել, որովհետև եթե Աստված մեզ մտածելու ունակություն և խելք է տվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ ի վերուստ կանխորոշված է: Գործել հավատքով, առաջնորդվել Աստծով և երբեք բացարձակապես հույսը չդնել Աստծո վրա: Մի օրինակ բերեմ: Երբ մեր էջում օգնության կարիք ունեցող երեխաների նկարներ ենք տարածում, հարյուրավոր մարդիկ մեկնաբանություններում գրում են Աստված օգնական, Աստված պահապան: Մի աղջիկ շատ չոր մեկնաբանություն գրեց, ասելով, որ ժողովուրդ ջան, եթե այս բարեմաղթանքների փոխարեն ամեն մեկդ գոնե 1 դոլլար փոխանցի՝ և՛ Աստված պահապան կլինի, և՛ բալիկը կառողջանա:

 

-Ձեր էջով հաճախ օգնում եք կարիքավոր մարդկանց, մանկական վիրահատությունների մասին տեղեկատվություն եք տարածում: Ի՞նչ է Ձեզ համար բարեգործությունը: 

 

Բարեգործություն բառն այդքան էլ տեղին չէ օգտագործել: Որովհետև նախ ես ինքս չեմ օգնում, ես այդքան հնարավորություն չունեմ, որ օգնեմ բոլորին: Պարզապես օգտագործելով ճանաչված լինելու հանգամանքը, ուղղակի բարձրաձայնում եմ, որ նման խնդիր կա: Եվ, փառք Աստծո, 90 տոկոս դեպքերում անհրաժեշտ գումարը հավաքվում է: Երբեք, ոչ ոք ոչնչից երաշխավորված չէ, և եթե այսօր մեր սակավաթիվ բնակչություն ունեցող երկրում մեկս մյուսին չօժանդակենք, նեցուկ չկանգնենք, պետք եղած ժամանակ մեզ էլ չեն օգնի: Այդ պատճառով եկեք անունը դնենք ոչ թե բարեգործություն, այլ օգնություն միմյանց, միմյանց հոգսերով ու կարիքներով ապրելու հնարավորություն:

 

Կարիքավորին պետք է աջակցել, քանի որ հաջորդ օրը նա էլ կարող է քեզ օժանդակել: Քանի որ այս մասին խոսք գնաց, կցանկանայի Ձեր կայքի միջոցով շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մշտապես օգնում են կամ գոնե տարածում են նյութերը: Այն, որ մարդիկ պատրաստակամ են օգնել 500-ից միչև 500.000 դրամ անգամ փոխանցելով, խոսում է այն մասին, որ մարդկանց մեջ մարդկություն կոչվածը չի մահացել: Հիմա մենք ընկերներով աշխատում ենք հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, քանի որ արդեն կա այս ամենն համակարգելու կարիք:


-Շատ եք մեկնում Հայաստանի տարբեր ուխտատեղիներ՝ խոնարված և գործող եկեղեցիներ ու վանքեր: Հաճա՞խ եք մասնկացում Ս. Պատարագների, հաղորդվո՞ւմ:


Մոտ 10 տարի զբաղվելով տուրիզմով հնարավորություն եմ ունեցել այցելել Հայաստանի շատ եկեղեցիներ, ուխտատեղիներ: Ժամանակին եղել եմ նաև երիտասարդաց միության անդամ: Բայց, ցավոք սրտի, պատարագների քիչ եմ մասնակցում, քանի որ կիրակի օրերին քաղաքից դուրս կամ արշավների եմ լինում: Սակայն փորձում եմ ետ չմնալ հոգևոր կյանքից:


-Հոգևոր ընկալումների Ձեր ո՞ր փորձառության մասին կցանկանաք կիսվել Qahana.am-ի ընթերցողների հետ:



Այս հարցին եկեք պատասխանեմ իմ գրքից մի հատվածով, որը կոչվում է «Հավատալու արվեստը»: Հավատալու իմ ամբողջ ընկալումներն ու փարձառությունը այստեղ է ամփոփված:

«Ինչքա՜ն երկար ու ձիգ տարիներ էին պետք հասկանալու համար, որ հավատն առանց գործի ոչինչ է, որ ձեռքերը ծալած չեն հավատում, որ հավատն առաջին հերթին ցանկություն է՝ լիարժեք ցանկություն, որն իրականացում է պահանջում, անխոնջ, անդադար աշխատանքով, սովորելով, սիրելով, կարդալով, լսելով, նայելով, քրտինք թափելով, մատներդ ցավեցնելով և... հավատալով...»:


-Ձեր երեխաների հետ հոգևորի մասին խոսո՞ւմ եք: Ի՞նչ և ինչպե՞ս եք բացատրում:


Երկու տղաներս եկեղեցի հաճախում են: Նրանք փոքր են, ամռանը 5 տարեկան կդառնան: Տղաներիցս Ավետիսը եկեղեցի գնալ շատ է սիրում, նույնիսկ ինքն է անընդհատ ասում, որ գնանք: Գուցե իր մոտ արդեն ձևավորված է եկեղեցու արժեքը և դերը:


-Դուք նաև գրքեր եք հեղինակում: «Նվիրվելու արվեստը» գրքով համամարդկային արժեքնե՞ր եք վերարթնացնում, թե՞…: Ո՞ւմ և ինչի՞ն է ուղղված Ձեր խոսքը, Ձեր արվեստը:


«Նվիրվելու արվեստը» իմ առաջին գիրքն է, որի առաջին էջերը գրելիս ես նույնիսկ չէի պատկերացնում, որ դա գիրք կդառնա: Որևէ կոնկրետ նպատակ չեմ ունեցել: Գրել եմ, որ մեջս կուտակված դրական կամ բացասական երևույթները դուրս գան: Ձեռագրով չէի գրում: Գրում էի ֆեյսբուքյան էջում և հրապարակում: Բավական դրական արձագանք ստացա և երբ, քո արած ինչ-որ բանից դրական արձագանք ես ստանում, անկախ քեզանից ցանկանում ես, որ դա շարունակական բնույթ ունենա: Եվ այդպես ամիսների ընթացքում ստեղծվեց «Նվիրվելու արվեստը» կամ «Ձոն վարդին» գիրքը: Գիրքը բավական կարճ ժամանակահատված սիրվեց և տարածում գտավ:


-Qahana.am-ի ընթերցողներին ի՞նչ կմաղթեք:


Շատ վաղուց եմ հետևում կայքին: Գիտեմ, որ ցանկացած բնույթի հոգևոր հարցի պատասխան կգտնեմ այդտեղ: Ձեր կայքին հաջողություն եմ մաղթում, իսկ ընթերցողներին ամենակարևորն՝ առողջություն: Մարդիկ թող առողջ լինեն, որ օգնեն մյուսներին նույնպես առողջանալ:

  • 2021-10-18
×