Ապրիլի 1-ից Ադրբեջանի՝ Արցախի սահմանին սանձազերծած ռազմական գործողությունները մի ակնթարթում ոտքի կանգնեցրեց համայն հայությանը՝ թե Հայաստանում և թե Սփյուռքում: Այս օրերին առաջնագծում մեր զինվորների կողքին մարտնչում և նահատակվում էին մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Նրանք ամբողջ աշխարհում կանգնած են Հայաստանի և Արցախի կողքին: Ամենուր ասորիներն ու եզդինեը կազմել են կամավորական ջոկատներ և պատրաստ սպասում են հրամանի, որպեսզի գան և կանգնեն հայ զինվորի կողքին: Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի դասախոս ԱՆԱՀԻՏ ԽՈՍՐՈԵՎԱՆ:
- Ինձ համար դժվար է խոսել այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Շատ հուզված եմ վերջին օրերի դեպքերի հետ կապված: Միաժամանակ շատ հանգիստ եմ, որ այս դժվարին օրերին գտնվում եմ Հայաստանում` մեր ժողովրդի կողքին: Հատկապես շատ ցավալի է, որ կրկին ստիպված ենք մեր Հայրենիքը պահել մեր զինվորների ու ազատամարտիկների կյանքի և արյան գնով: Բայց նաև հպարտ եմ նրանով, որ ինչքան էլ երկրում սոցիալական կամ քաղաքական բարդ իրավիճակ լինի, դժվարին պահերին բոլորս մի մարդու պես ոտքի ենք կանգնում` մեր Հայրենիքը պաշտպանելու համար: Եվ նշանակություն չունի՝ հա՞յ ես, թե՞ ասորի, ծե՞ր ես, թե՞ երիտասարդ, կի՞ն ես , թե՞ տղամարդ… Այս օրերի իրադարձությունները մեզ բոլորիս մեկ անգամ ևս խորհելու և գիտակցելու առիթ տվեցին, որ Հայաստանը բոլորիս Հայրենիքն է: Ու հիմա ամեն մեկս պետք է մեր պարտականությունը կատարենք:
- Հարգելի Անահիտ, ինչպես պատմական դժվարին ժամանակներում, այնպես էլ այսօր ասորիները կանգնած են մեր կողքին: Որտեղի՞ց է գալիս մեր ժողովուրդների այս անխախտ բարեկամությունը:
- Դժվար է ակունքները նշել, բայց հարյուրամյակների խորքից: Մի բան հստակ է` սկսած 19-րդ դարի վերջից, երբ Օսմանյան կայսրությունում ի հայտ եկավ պան-թուրքական և պան-թուրանիստական գաղափարախոսությունը, որն ուղղված էր հատկապես իրենց ճանապարհին կանգնած քրիստոնյաների դեմ, հայ-ասորական հարաբերություններն ավելի սերտացան: Եվ սա իր արտացոլումը գտավ Առաջին աշխարհամարտի տարիների ընթացքում, երբ քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն: Կան բազմաթիվ օրինակներ, երբ այդ ընթացքում երիտթուրքական իշխանությունը հրաման էր արձակում հայերին կոտորել, իսկ մյուս ազգերին ձեռք չտալ: Այդ ժամանակ ասորիները մեկ մարդու նման ոտքի էին կանգնում՝ զենքը ձեռքին սատարելու հայերին: Նրանք քաջ գիտակցում էին« որ հաջորդ զոհն իրենք են լինելու:
Հայաստանում առաջին ասորական գյուղերն ի հայտ եկան 1826-1828թթ` ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Իրանից Արևելյան Հայաստան տեղափոխվեցին առաջին 100 ասորի ընտանիքները: Այսօր Հայաստանում ունենք չորս ասորական գյուղեր՝ իրենց եկեղեցիներով, քահանայով, դպրոցներով, դասավանդվում է ասորերեն: Հայաստանում ասորի տղաները` որպես ՀՀ քաղաքացիներ, ծառայում են Հայոց բանակում: Իմ ընտանիքի բոլոր տղամարդիկ` եղբայրս, հորեղբայրներիս բոլոր տղաները և թոռները ծառայել են Հայոց բանակում` իրենց պարտքը կատարելով մեր երկրի հանդեպ: Հիմա էլ մորեղբորս թոռը՝ Համլետը, կանգնած է սահմանի ամենաթեժ կետում…
- Այս օրերին ամբողջ աշխարհում հայերը բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում Ադրբեջանի դեսպանատների առջև: Եվ ամենուր հայերի կողքին տեսնում ենք ասորիներին: Արդյո՞ք սա կապված է այն փաստի հետ, որ մեր ժողովուրդների ճակատագրերը շատ առումներով նման են:
- Այո: Դա միանշանակ կապ ունի: Եվ այս օրերին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպական երկրներում իրենց դրոշներով հայերին սատարող ասորիների բազմությունը վկայությունն է այն բանի, որ մենք եղբայր ժողովուրդներ ենք: Աշխարհում ապրող ասորիները գիտեն, որ Հայաստանում ապրում են ասորիներ՝ զերծ քաղաքական հալածանքներից ու խտրականությունից: Նրանք բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանում ապրող ասորիները ՀՀ-ը ընկալում են որպես իրենց Հայրենիք: Այսօր առավոտյան ինձ հետ կապվեցին մեծահարուստ ասորիներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք հարցնում էին, թե ինչպես ֆինանսապես կարող են աջակցել զոհված զինվորների և վիրավորների ընտանիքներին: Որոշ երկրներում ասորիները կազմել են կամավորական ջոկատներ և պատրաստ սպասում են հրամանի, որպեսզի գան Հայաստան և կանգնեն հայ զինվորի կողքին: Շատ հպարտ եմ դրա համար:
- Անահիտ, երբ համացանցում հայտնվեցին Թալիշ գյուղի ծերունիների և եզդի զինծառայողի դաժան սպանության կադրերը, շատ փորձագետներ այստեղ տեսան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը: Ձեր գնահատականը՝ որպես ցեղասպանագետ:
- Ձեռագիրը միանշանակ նույնն է՝ հիմնված ծայրահեղ իսլամի վրա: Եվ սա այն դեպքն է, երբ ես հաստատում եմ, որ իսլամը կրոն չէ, այլ շեղված ուղղություն: Երբ նայում ենք այդ դաժանություններին ու խոշտանգումներին, զարմանում ենք, որ այս ամենը կատարվում է 21-րդ դարում: Մինչդեռ դա անգամ այսօրվա պատերազմի օրենքներին դեմ կռվելու ձև է: Ես համոզվում եմ, ցավոք, որ դարն ու ժամանակը ի զորու չեն քաղաքակրթել թուրքերին և ազերիներին` նրանք ինչպես որ բարբարոս եղել են, այդպես էլ մնացել են…
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքները: Որքանո՞վ էին դրանք իրավիճակին համարժեք:
- Ես միջազգային հանրությունից որևէ ակնկալիք չունեմ: Հիշենք հենց թեկուզ Սիրիայի օրինակը, երբ այդ երկիրը հիմնովին ավերեցին և ոչ մի գերտերություն որևէ կերպ չմիջամտեց… Երբ վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջ աշխարհի աչքի առաջ Սիրիան ավերվում էր, իմ մտավախությունը նաև այն էր, որ, եթե, Աստված մի արասցե, Հայաստանը կանգնի նման արտաքին վտանգի առաջ, դարձյալ ոչ մի մեծ տերություն , չի ցանկանալու և չի կարողանալու, որևէ բան անել, ինչպես դա չարեց 100 տարի առաջ: Նրանք միայն դատապարտում են «երկու կողմերին»՝ հնչեցնելով իրենց հերթապահ կոչերը: Օտար տերությունները միշտ փորձելու են նման իրավիճակներում Հայաստանը դարձնել իրենց քաղաքական շահերի խաղաթուղթը կամ թատերաբեմը: Մենք պետք է միայն մեր բազկի և ոգու ուժին ապավինենք: Հայոց բանակն է հայ ազգի անկախության, ազատության և անվտանգության երաշխիքը, բայց այդ երաշխիքը չի կարելի թողնել միայն ու միայն Հայոց բանակի ու հայ զինվորի ուսերին:
- Ես մշտապես նկատել եմ, որ երբ որևէ ողբերգություն է տեղի ունենում Հայաստանի շուրջ, մեր ազգային համայնքները մեկ մարդու նման կանգնում են մեր երկրի կողքին: Ինչո՞վ կբացատրեք այդ ֆենոմենը:
- Մենք Հայաստանին վերաբերվում ենք որպես մեր տան: Հատկապես մենք՝ ասորիներս, որ պետություն չունենք (ասորիները պետականությունը կորցրել են 2500 տարի առաջ) Հայաստանը համարում ենք մեր Հայրենիքը: Իմ հայրն ասորի է, մայրս՝ հայուհի: Եվ ես արժևորում եմ այն փաստը, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում ու Հայաստանի համար: Վստահ եմ, որ մյուս ազգային փոքրամասնություններն էլ են այդպես մտածում: Ուրիշ աշխարհի ո՞ր երկրում պետք է ապրեին, որ իրենց այսպես ապահով զգային…
- Ի՞նչ կմաղթեք այս պահին սահմանին կանգնած մեր զինվորներին:
- Հպարտության ու ցավի զգացումները միախառնված են: Նախ կուզենայի ցավակցել զոհվածների ընտանիքներին, որոնց որևէ կերպ չենք կարող մխիթարել: Միակ մխիթարությունը թերևս այն է, որ նրանց զավակները Հայրենիքի համար ընկան: Աստված լուսավորի նրանց հոգիները: Իսկ վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում: Շնորհակալութուն եմ հայտնում բոլոր այն մայրերին, որոնց առյուծ զավակներն այս պահին կանգնած են սահմանին, և մենք նրանց շնորհիվ ապահով ձեռքերում ենք: Խոնարհվում եմ նրանց առաջ:
Խաղաղություն և միայն խաղաղություն, փառք մեր զինվորներին ու Հայոց բանակին: Հազար փառք իրենց արյամբ հողը պաշտպանող մեր զինվորին:
Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ