«Կանա» քրիստնեական, կրթական կենտրոնի հարցերին պատասխանում է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Ո՞րն է կայուն ամուսնական հարաբերությունների և ընտանիքի ստեղծման հիմքը:
Շատ կարևոր է հոգեբանական պատրաստակամությունը, որի մեջ կարող եմ առանձնացնել մի շարք ֆունկցիաների, դերերի, պարտականությունների կատարման գիտակցումը և ընդունումը, որոնք ներդաշնակ ընտանիքի համար հիմք են: Դրա մեջ առանձնացվում է, թե որքանո՞վ է ամուսնացողը կարողանում հասկանալ դիմացինի ապրումները, մտքերը, վարքը, արդյո՞ք ընտրյալի հետ նույն հետաքրքրությունները և կյանքի իմաստային նույն պահանջներն ունի: Կարողանո՞ւմ է ընդունել իրեն սպասվող նոր դերը, որի մեջ մտնում է ժամանակի կառավարումը, նաև դիմացինին բավարարելու, խնամք և հոգ տանելու պահանջը: Տիրապետո՞ւմ է իր հույզերը և դրսևորո՞ւմ է սիրո ու համակրանքի զգացում: Կոնֆլիկտի կամ անհամաձայնության պայմաններում ինչպե՞ս է կարողանում լուծումներ գտնել և փոխհամագործակցել:
Հոգեբանորեն ի՞նչ առաջնային կետեր կնշեք, որոնք ըստ ձեզ պարտավոր է նախապես իմանալ ամուսնության պատրաստվող հարսնացուն:
Ամուսնացող աղջկա համար ամենաառաջինը, որ պետք է իմանա՝ սպասելիքների հստակեցնումն է: Առաջին հիասթափությունը, որպես կանոն, լինում է այն դեպքում, երբ ամուսնությունից հետո փոխվում է ամուսնու վերաբերմունքը: Եթե մինչ այդ փեսացուն օրական զանգահարում էր մի քանի անգամ, կամ ավելի ջերմ էր վերաբերում, ծաղիկներ էր նվիրում հանդիպումներին, ամուսնությունից հետո նա դրանք նվազեցնում կամ դադարեցնում է: Պետք է հասկանալ, որ տղամարդու համար հիմնական պահանջմունքը կնոջ կողքին հանգստություն գտնելն է, և ոչ մի տղամարդ չի սիրում, որ կինն անընդհատ բողոքում է և դժգոհում:Տղամարդն ամենից շատ ուզում է տեսնել կնոջ մեջ տնային տնտեսվարման հմտություններ:Կինը պետք է տղամարդու համար դառնա բարոյական հենարան, տղամարդը պետք է զգա, որ ցանկացած իրավիճակում կինն իրեն հասկանում է, պատրաստ է օգնել, գնահատում է ամուսնուն՝ իր բոլոր կարողություններով: Պետք է իմանա, որ տղամարդը կարևորում է կնոջ գրավչությունը և սեքսուալ բավարարվածությունը:
Իսկ փեսացու՞ն:
Փեսացուն պետք է իմանա, որ ինքն է պատասխանատու կնոջ և երեխաների երջանկության համար և դրսևորի նվիրվածություն ընտանիքին:
Փեսացուն պետք է իմանա, որ ցանկացած կին ուշադրության և ջերմության կարիք ունի:
Ինձ դիմած կանացից շատերն են խոսում այն մասին, որ ամուսինը երբեք չի նկատում իրենց նոր զգեստը, գեղեցիկ հարդարված մազերը: Շատ կարևոր է, երբ ուշադրության դրսևորումներ են լինում, հաճոյախոսություններ կամ քնքշանք արտահայտող բառեր ասվում: Ի տարբերություն տղամարդու՝ կինն ավելի հուզական է և շփման կարիք ունի, սիրում է խոսել, պատմել առօրյան, տպավորությունները: Փեսացուն պետք է պատրաստ լինի լսել, քննարկել, դառնալ իր սիրելի կնոջ համար լավ ընկեր:
Փեսացուն պետք է իմանա, որ կինը կարիք ունի ռոմանտիկ մթնոլորտի, որտեղ դրսևորվում է բացառիկ հարգանք կնոջ նկատմամբ:
Կնոջ համար ամենահաճելին հարաբերություններում տղամարդու նկատմամբ վստահությունն է:
Իրավիճակները, պատմությունները տարբեր են: Oրինակ, երբ ծնողները դեմ են ամուսնությանը, բայց զավակների երջանկության համար իրենց համաձայնությունը տվել են, նրանց ներքին անհանգստությունն ազդում է թե ՛ապագա ամուսինների, և թե՛ երկկողմ ծնողների պահվածքի վրա: Ինչպե՞ս ազատվել այդ անհանգստությունից:
Շատ դեպքերում ինչպես սովորական ծնող-երեխա փոխհարաբերություններում, այնպես էլ ամուսնության կայացման գործում ծնողները փորձում են առաջնորդվել իրենց սեփական ցանկություններով, արժեքներով, և ինչու չէ՝ անձնային վախերով: Ցանկացած ծնող պետք է հասկանա, որ երջանկությունն այն է, ինչ ցանկալի և հաճելի է իր երեխային:
Ըստ Ձեզ, ամուսնությունից առաջ ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերի տղայի մայրը ապագա հարսի նկատմամբ:
Մեր հասարակությունում, որպես կանոն, կապվածությունը տղա երեխայի նկատմամբ և ապագայի պլանի կերտումը՝ պայմանավորված միայն երեխայով, բավականին խորը արմատներ ունեն: Հարսն ընկալվում է կապվածության խզման և ապագա պլանի նկատմանբ վտանգ առաջացնող մի երևույթ, ինչպես նաև սեփական որդու կառավարելիության կորուստ: Եթե վերլուծում են այս ամենը և հասկանում են, որ դա ընդամենն իրենց վախն է և պայմանավորված չէ հարսնացուի անձով, կարողանում են ճիշտ հարաբերություններ կառուցել հարսնացուի հետ: Միշտ էլ ջերմ և անկեղծ հարաբերություններն ամենաարդյունավետն են, իսկ եթե դրան էլ ավելանում է այն զգացումը, որ հարսնացուն իր սիրելի որդու սիրելին է և ապագա թոռների մայրը, ստացվում է հրաշալի:
Նախքան ամուսնությունը հիմնականում աղջկա մայրն է անհանգիստ լինում՝ մտածելով, թե դեռ վաղ է, գուցե դուստրը դեռ պատրաստ չէ ամուսնության: Ո՞ր հարցերի շուրջ, ինչպիսի՞ մոտեցմամբ է մայրը պարտավոր զրուցել:
Ամուսնությունը հոգեբանական երևույթ է, որով տեղի է ունենում զավակի անկախացում և հեռացում հայրական տանից: Ամուսնության նախապատրաստվելը և ապագա կին կամ մայր դառնալը սկսվում է երեխայի ավելի վաղ տարիքից: Զարգացման շրջափուլերում աղջիկն արդեն իսկ տեսնում և ընդօրինակում է մորը, ծնողների ամուսնական փոխհարաբերությունները, փոխըմբռնումը, զիջելու կամ սեփական կարծիքը հաստատելու ձևերը, կոնֆլիկտային իրավիճակները լուծելու ուղիները և այլն: Բացի դրանից, կարևոր է նաև անձնային հասունության չափանիշը: Լավագույնը, որ մայրը կարող է անել՝ սեփական օրինակն է և օգնելը, որպեսզի աղջիկն ավելի հեշտ հարմարվի իր կանացի սոցիալական դերին, նախապատրաստվի նոր կանոնների և արժեքների ընդունմանը, նոր մարդկանց հետ՝ սկեսրայր, սկեսուր, տալ, տեգր. հարաբերությունների կառուցմանը:
«Նախաամուսնական վախ» հասկացողությունը վերաբերում է և՛ զույգերին, և՛ նրանց ծնողներին. Ո՞րն է դրա հաղթահարման լավագույն տարբերակը:
Նախաամուսնական վախը պայմանավորված է կյանքի շրջադարձային փոփոխությամբ: Ամուսնությունն այն իրադարձությունն է մարդու կյանքում, որը փոխում է սոցիումում և՛ մարդու կարգավիճակը և՛ առաջադրվող դերերի համակարգը: Մարդու հոգեկան աշխարհում մեկ այլ մարդու հետ կապի հաստատումը կամ խզումն ամենահիմնարար փոփոխություններ և հետևանքներ առաջացնող երևույթներն են: Նախաամուսնական վախերից են պատասխանատվության ստանձնումից խուսափումը, ազատության սահմանափակումը, միջանձնային հարաբերություններում ինքնադրսևորման անկարողությունը, ինչպես նաև ամուսնության նկատմամբ անհատական դիրքորոշումները, որոնք պայմանավորված են շրջապատող մարդկանց ամուսնության անհաջող փորձով, սեփական ծնողների ամուսնական կոնֆլիկտներով և այլն:
Շատ կարևոր է քննարկել վախերի հիմքերը, գտնել հնարավոր լուծումներ, հասկանալ, որ ցանկացած նոր իրավիճակում մարդը ունենում է նոր փորձ և անձնային հասունացում:
Հաղթահարման լավագույն տարբերակներից է նաև բացահայտել ամենահաճելի սպասումներն ամուսնությունից, ուսումնասիրել հաջող ամուսնությունները, հիմնվել միայն դրական փորձի վրա:
Պատրաստեց Նարե Ոսկանյանը