«Մենք կյանքի ընթացքում ապրում ենք այնքան, ինչքան սիրում ենք»

«Մենք կյանքի ընթացքում ապրում ենք այնքան, ինչքան սիրում ենք»

Աստվածային մեծագույն պատվիրանի, իր կյանքում հավատքի դերի ու նշանակության մասին «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցերին պատասխանում է երգիչ Էրիկը:


«Ստեղծագործող մարդու տաղանդն ի վերուստ է տրված, և Ով տվել է այն, Նա էլ օգնում է: Մարդու հոգին այդ րոպեին այլ է դառնում, ավելի զգայուն, ամեն ինչ ավելի խորքից է գալիս, իսկ ամենախորքում հենց հավատքն է. եթե հավատք կա, շատ ավելի խորը ստեղծագործություններ կծնվեն», - ասում է նա:
 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվիր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Ի՞նչ դեր ունի հավատքը քո կյանքում:
Կարծում եմ, որ եթե չհավատայի, չսիրեի, չզգայի Աստծո ներկայությունը, չգիտեմ, թե այսօր ուր հասած կլինեի, գուցեև ընդհանրապես ոչնչի հասած չլինեի: Հայաստանում ապրելիս ես շատ դժվարությունների միջով եմ անցել, ընկեր էլ չեմ ունեցել, և իմ միակ օգնականը եղել է հենց վերևից ուղարկված ուժը, որով ես առաջնորդվել եմ, որն իմ մեջ կոփել է մարդու, ով արգելքները հաղթահարելով՝ կարող է առաջ գնալ: Ծանր և հուսահատ պահերին, երբ թվում է, թե այլևս ելք չկա, երբ մտածում ես նահանջել, ինչ-որ ուժ ես զգում, ինչ-որ բան քեզ տանում է առաջ, օգնում թիկունքից: Ես զգացել եմ Աստծո, ինձ օգնող հրեշտակների ներկայությունը:


Պատվիրաններ կան, որոնցով մշտապես առաջնորդվում եմ: Փորձում եմ չխախտել հատկապես տասը պատվիրանները: Չեմ կարող ասել, որ քրիստոնեական շատ գրքեր եմ կարդացել, պարզապես կյանքի փորձով հասկացել եմ, որ ուզում եմ ապրել քրիստոնեական ճշմարտությամբ, ուզում եմ իսկական քրիստոնյա լինել: Աստծուն հանդիպելու համար պետք է ոչ միայն կարդալ, այլև ապրել այնպես, ինչպես Նա է ցանկանում: Իսկ Աստված մեզանից անհնարինը կամ շատ բան չի պահանջում: Նա ամեն ինչ արել է, Իր Որդուն է ուղարկել մեզ համար և, ամենակարևորը, Որդու կյանքը տվել մեզ համար, և մենք պետք է դա հիշենք: Սիրում եմ Աստծուն և ինձ Նրա որդիներից մեկն եմ համարում: Երբեք չեմ ասի, թե մեղք չեմ գործում, ես մարդ եմ, ով, միանշանակ, մեղավոր է, բայց գոնե փորձում եմ այսօրվա սխալս վաղը չկրկնել, նաև կողքինիս սխալը չկրկնել: Ինձ թվում է, թե եթե բոլորն այդպես մտածեն, թե՛ մեր սխալները, թե՛ մեղքերը կպակասեն:


Ասում են` եկեղեցին մարդու և Աստծո հանդիպավայրն է: Երբևէ «հանդիպե՞լ» եք Աստծուն: Ի՞նչը կարող է Ձեզ առաջնորդել եկեղեցի:
Եկեղեցում ես ինձ այլ կերպ եմ զգում, դա միակ տեղն է, որտեղ չես կարող ստել, որտեղ, ամենակարևորն այն է, որ անկեղծ ես ինքդ քեզ հետ: Դու այնտեղից այլ կերպ ես դուրս գալիս, մաքրված, մարդ, ով վերջապես խոսեց ինքն իր հետ, կիսվեց իր ամենամոտ «ընկերոջ», հոր`Աստծո հետ:
Ես եղել եմ եկեղեցում թե՛ ինձ համար դժվար պահին, թե՛ շնորհակալություն հայտնելու համար: Չէ՞ որ միշտ խնդրողի դերում չես կարող լինել, պետք է նաև շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ քեզ հետ կատարվում է: Նույնիսկ շատ բաներ կան, որ դու չես էլ խնդրել, բայց շնորհվել է: Պետք է գիտակցել, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում. վերևից ինչ-որ ուժ ցանկացել է, որ այդպես լինի:
Ցանկացած լավ իրադարձություն, լավ բան իմ կյանքում ինձ թվում է կարևոր հանդիպում Աստծո հետ, հանդիպում նաև այն ժամանակ, երբ Նա մեզ դուրս է բերում դժվարին իրավիճակներից: Սովորաբար փոքր տարիքից մեզ Քրիստոսի ինչ-որ նկարներ են ցույց տալիս. յուրաքանչյուրը Նրան ուրույն ձևով է պատկերացնում: Ինձ թվում է, թե Նա և՛ կոնկրետ ինչ-որ մեկին նման չէ, և բոլորիս է նման. ցանկացած մարդ իր և դիմացինի մեջ կարող է տեսնել Նրան: Ի վերջո, կարևորն Իր ներկայությունն է, որ միշտ պետք է հիշենք:
 

«Խնդրեցեք և կտրվի» (Մատթ.7:7). ո՞րն է Ձեր խնդրանքը:
Հաճախ եմ աղոթում և ոչ միայն եկեղեցում, շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ Տեր Աստված պարգևել է: Առաջին խնդրանքս մեղքերս ներելն է: Խնդրում եմ հեռու պահել մեղքերից և փորձություններից: Խնդրում եմ, որ իմ հարազատները, ընդհանրապես մարդիկ առողջ ու երջանիկ լինեն: Դա էլ հենց ինձ երջանկություն է պարգևում: Երբեք որևէ նյութական իր չեմ խնդրել, այլ միայն ուժ` իմ նպատակներին հասնելու համար: Եվ այդ ուժը ես զգացել եմ, նպատակներս էլ մեծ մասամբ իրագործվել են: Ընդհանրապես, Աստված մեզ տալիս է հավատ, ուժ և հնարավորություն, մնացածը մեր ձեռքերում է:
 

Երբևէ հոգևոր երգեր երգե՞լ եք:
Այո, եղել են դեպքեր: Կոնսերվատորիաներում ուսանելու տարիներին մեզ դասավանդում էին նաև Կոմիտասի հոգևոր երգերը, գուցե հիմա շատերը չհիշեմ, բայց որոշ երգեր ընդմիշտ մնացել են հիշողությանս մեջ, օրինակ`«Տեր ողորմեա»-ն գիտեմ լավ: Մի անգամ, երբ Բուլղարիայի Վառնա քաղաքի հայկական եկեղեցում էի, ոչ ոք չկար, միայն ես էի և Աստված, ցանկացա երգել այն:
 

Ըստ Ձեզ`ինչի՞ պակասն ունի Հայ եկեղեցին:
Չեմ համարում, թե եկեղեցին թերի է իր առաքելության մեջ: Այսօր և միշտ Հայ եկեղեցին իր դիրքում է: Ի՞նչ պետք է անի եկեղեցին. օգնի, որպեսզի ավելի լա՞վ ապրենք. գիտեմ, որ եկեղեցին նաև օգնության ձեռք է մեկնում կարիքավորներին: Եթե որևէ բան պետք է անել, դա մենք պետք է անենք. սերը, որ տալիս է մեզ եկեղեցին, յուրաքանչյուրս մեր գործով փոխանցենք մյուսին:
Ի վերջո, հանգում ենք գերագույն պատվիրանին…


Ամենամեծ, գլխավոր նվերը, բացի մեր կյանքից, աստվածապարգև սերն է, որն իր մեջ ներառում է ամենը. սեր`Աստծո, ընկերոջ, կողակցի նկատմամբ: Իր մեջ սեր ունեցող մարդն ամեն ինչ կարող է հաղթահարել: Սերը հզոր զգացմունք է, որը կարող է այլափոխել մարդուն, ուժեղ դարձնել նրան: Չսիրող մարդը, կարծում եմ, մենակ մարդ է, իսկ մենակ մարդը չի կարող որևէ ելք գտնել. առանց սիրո ոչինչ հնարավոր չէ: Ինձ համար այն մեծ, հզոր ուժ է, որն օգնում է ապրել: Մենք կյանքի ընթացքում ապրում ենք այնքան, ինչքան սիրում ենք:


Պատկերացրեք գեղեցիկ ու լուսավոր մի շրջան. եթե բոլորս միմյանց սիրեինք, այդ շրջանը լիարժեք կլիներ, բայց միշտ գտնվում է մեկը, ով նեղացնում է դիմացինին, ով սեր չունի, և այդ շրջանն այդպես էլ կիսատ է մնում: Ի դեպ, խոսքը ոչ միայն հարազատ-բարեկամներին, այլև անծանոթներին սիրելու մասին է, իսկ այդ սերը կարող է արտահայտվել անգամ ամենապարզ ու փոքրիկ արարքներում. օրինակ`որքան հաճելի է, երբ մեկը բարևում է մյուսին. դրանով ինչ-որ բարի լիցքեր են փոխանցվում մարդուն:


Պետք է ապրել այնպես, որ չարը քիչ լինի մեր կյանքում կամ ընդհանրապես բացակայի: Այսօր աշխարհում շատ վատ երևույթներ, աղետներ են լինում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ սիրո պակասից է գալիս: Աստիճանաբար շատանում է այդ ամենը, քանի որ մարդն էլ է փոխվել, կարծես ինչ-որ բանի համար է սիրում դիմացինին, կարծես երկիր մոլորակի աուրան փոխվել է, պակասել է սիրո էներգիան: Երբ այն տեղ գտնի մեր կյանքում, ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես կարծում եմ, որ երբ մարդու նպատակները բարի են, նրա կյանքում ամեն ինչ լավ կլինի: Եվ իմ խնդրանքն է, որ միշտ բարին ու լավն արարենք:
Եվ, ի վերջո, պետք չէ վախենալ սեփական սխալն ընդունել ու ներողություն խնդրել: Կյանքը շատ կարճատև է, և պետք է ամեն դեպքում ներողամիտ ու խոնարհ լինենք միմյանց նկատմամբ, չնեղացնենք միմյանց, և, ամենակարևորը`սիրենք…

 

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

  • 2021-10-15
×