«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության դասախոս Նաիրա Ազատյանը
Նոր ամուսնացած և մայրացած կինն ի ՞նչ քայլեր պետք է անի՝ ընտանեկան հոգսերին զուգահեռ իր նպատակներն ու ցանկությունները երկրորդ պլան չմղելու համար:
Շատ հաճախ կարծում ենք, թե սթրեսը պետք է կապված լինի որևէ բացասական երևույթի հետ, բայց նորաստեղծ ընտանիքն էլ ինչ-որ տեղ դրական առումով սթրես է, որովհետև մարդիկ պետք է հարմարվեն նոր կյանքին: Եթե մարդիկ ցանկություն ունեն իրար հասկանալ, ապա անպայման այդպես էլ լինում է: Խանգարող հանգամանքներ կարող են լինել ցանկացած իրավիճակում ՝ աշխատավայրում, ընտանիքում, բայց կարևոր է դիրքորոշումը: Եթե մենք հոգեբանորեն այնքան հասուն ենք, որ ընտանիք ենք կազմում, ուրեմն պետք է պատրաստակամ լինենք որոշակի դժվարություններ հաղթահարել:
Ծննդաբերությունից հետո կինը, մայրանալով՝ նոր կարգավիճակ է ստանում և գտնվում է որոշակի հոգեվիճակում: Նրա ֆիզիոլոգիական համակարգը, զգացմունքները գտնվում են այնպիսի վիճակում, որ պետք է կնոջը աջակցել և հասկանալ: Շատ բաներ դեպրեսիվ են դառնում կնոջ համար, նա ապրում է իր երեխայով. ստեղծվում է մի նոր աշխարհ՝ կինը և երեխան: Կա նաև հակառակը, երբ կինն ուզում է ամեն ինչ հասցնել՝ աշխատանքային առաջընթաց ունենալ, ինքն իրենով զբաղվել. կան կանայք, ովքեր այդ ամենը հասցնում են: Իսկ այն կանայք, ովքեր երկրորդ պլան են մղում իրենք իրենց, ցանկալի կլիներ` չմոռանային, որ մայր լինելն, իհարկե, ի վերուստ տրված մեծ պարգև է, բայց դրա հետ մեկտեղ միևնույնն է՝ կինը մնում է կին, ով պետք է մշտապես խնամված լինի նախևառաջ իր ինքնագնահատականի համար, իսկ դրա համար պետք է կարողանալ ժամանակը ճիշտ կառավարել:
Իսկ ինչպե՞ս ճիշտ կառավարել ժամանակը, որպեսզի հարմարվելը չհանգեցնի ծուլության, ձանձրույթի, սեփական հետաքրքրությունների անտեսման:
Ծննդաբերությունից հետո կանայք շատ հաճախ որոշակի բարդույթներ են ունենում՝ կապված արտաքին տեսքի, մարմնի կառուցվածքում փոփոխությունների, ավելորդ քաշի հետ, բայց, իմ կարծիքով, այդ ամենը կարելի է հոգեբանորեն հաղթահարել, եթե փորձեն քայլեր ձեռնարկել: Շատ հաճախ կանայք կարող են նաև ծույլ լինել, հասկանալով, որ փոփոխություններ են տեղի ունեցել, ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Հաճախ խորհուրդ է տրվում այն մայրերին, ովքեր կրծքով են կերակրում երեխաներին, ում հանգստի, քնի ժամերը պետք է պահպանված լինեն, փոքրիկի քնի ընթացքում ժամանակ տրամադրել իրենց հետաքրքրություններին. կարդալ այն, ինչը նրանց դրական հույզեր կպարգևի, գնալ գեղեցկության սրահ, զբաղվել այն հետաքրքրություններով, ինչն իրենց համար կարևոր է:
Հարմարվելն ամենահեշտն է. քայլեր ձեռնարկելն է բարդ: Հաճախ կանայք մտածում են, որ լիովին զավակին նվիրվելու, սեփական անձը մոռանալու դեպքում իրենք ավելի լավ մայր կլինեն, բայց ավելի գնահատելի է, թեկուզ երեխաների կողմից, երբ մայրը տարբեր հետաքրքրություններ ունի, հաջողություն՝ աշխատանքում, այլ ոչ միայն տնային հարցերում, իսկ տնային տնտեսուհի լինելն իրականում ամենաբարդ մասնագիտությունն է. շատ ավելի հեշտ է գնալ աշխատանքի, երեկոյան վերադառնալ տուն, իսկ ամբողջ օրը տանը զբաղվել երեխաներով ՝ իհարկե, շատ դժվար է:
Կբացատրե ՞ք նոր մայրացած կնոջ հոգեբանության առանձնահատկությունները, որոնք նրան խանգարում են:
Պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակով՝ կա հետծննդային դեպրեսիա, որը որոշ մայրերի մոտ ի հայտ է գալիս հորմոնալ ֆոնի վրա. այն փոփոխվում է և ընդհանուր հոգնածություն է առաջ գալիս, կինը դառնում է շատ դյուրագրգիռ: Նրանք կարող են բռնկվել և դրա հետ մեկտեղ նաև շատ զգայուն լինել, մինչև անգամ որոշ բացասական հույզեր արտահայտել: Դա պայմանավորված է այն հոգեվիճակով, որում նրանք գտնվում են, այլ ոչ թե երեխայով կամ ամուսնով: Կա մի հետաքրքիր գործոն, որը հետին պլան է մղում ընտանիքի մյուս անդամներին. շատ հաճախ մինչև երեխայի ծնունդն ամուսինը և կինն ընկալվում են որպես ընտանիք, հարմարվում միմյանց, և երբ հայտնվում է երրորդ էակը՝ այն մեծ պարգևը, որին ևս պետք է հարմարվեն, դերերի բաժանումը դժվարանում է: Օրինակ, մայրիկին հաճախ կարող է թվալ, թե երեխայի հանդեպ հայրիկի ուշադրությունը քիչ է, բոլոր դժվարություններն իր ուսերին են, և դրանից նա դառնում է շատ դյուրագրգիռ, իսկ հայրիկին, ընդհակառակը՝ թվում է, թե մայրիկը չափից շատ ուշադրություն է դարձնում երեխային և իր հանդեպ ուշադրությունը պակասում է: Որոշ խնդիրներ են առաջանում ամուսինների միջև մինչև որոշակի շրջան, երբ լուծվում են բոլոր խնդիրները: Ուղղակի ժամանակ է պետք: Հնարավոր է, որ կինը դեպրեսիվ վիճակում չհայտնվի:
Ի ՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կանանց, ովքեր ուզում են լինել ինքնավստահ, հետաքրքիր, աշխատանքում հաջողակ և միևնույն ժամանակ՝ հոգատար կին և մայր:
Առաջին հերթին իրենք իրենց շատ սիրել և ինքնավսահ լինել, բայց դրա համար հիմք ունենալ: Հավատալ իրենց սեփական ուժերին. եթե կա նպատակ՝ դրան կարելի է հասնել ժամանակը ճիշտ կառավարելով, իսկ առանց խոչընդոտների հաղթահարման նպատակին հասնել հնարավոր չէ:
Հոգեբանական ճգնաժամ է լինում, երբ կանայք տեսնում են շատ բացթողումներ, օրինակ՝ աշխատանքային առաջընթացում. նման դեպքերում անձը բարդութավորվում և սթրեսային վիճակում է հայտնվում:
Հաղթահարման ի՞նչ եղանակներ կառաջարկեք:
Սթրեսային իրավիճակում ընտրելով առաջնայինը, այն, ինչն իր համար կարևոր է այդ պահին, տարիներ հետո կինը կարող է կրկին սթրես ապրել՝ մտածելով, թե ինչու ինքն անցյալում նման որոշում կայացրեց՝ ընտրելով ընտանիքը կամ աշխատանքային առաջընթացը: Երբ երեխաները մեծանում են, մայրիկի խնամքի կարիքն արդեն չկա, կինը հասկանում է, որ իր հետաքրքրություններն էլ չկան, իսկ երեխաներն արդեն ունեն իրենց հետաքրքրությունները: Աշխատանքային առաջընթա՞ց, թե՞ ընտանիք. բազմաթիվ օրինակներ կան, երբ մայրերը լինում են և հոյակապ մասնագետներ և ընտանիքի շատ լավ կին, մայր: Ինձ թվում է, թե այն ժամանակ, երբ ցանկացած կին լինում է լարված վիճակում, ներքին կոնֆլիկտի մեջ, չգիտի, թե ինչ ընտրություն կատարել, երբ զգացմունքները, հույզերը շատ են, ճիշտ կլինի հանգստանալ, սառը դատել, ապա՝ նոր որոշում ընդունել: Այնտեղ, որտեղ կան շատ հույզեր, որոշմանը հենց դրանք կարող են խանգարել:
Ժամանակի ճիշտ պլանավորման համար կարևոր է նաև հոգևոր բավարարվածությունը, օրինակ՝ Ս. Պատարագին մասնակցելու և Ս. Հաղորդություն ստանալու առումով:
Շատ ժամանակ կարելի է ծախսել հեռուստացույցի, տարբեր խոսակցությունների վրա, բայց այդ նույն ժամանակը կարելի է ծախսել հօգուտ իրենց և ընտանիքի: Առավել ևս, եթե երեխաները մկրտված են, շատ կարևոր է երեխային քրիստոնեական դաստիարակություն տալ, կիրակի օրերին տանել պատարագի և ոչ թե գնալ եկեղեցի տոնից տոն կամ պարզապես եկեղեցու մոտով անցնելիս: Եթե ինչ-որ մեկն ամեն կիրակի եկեղեցի չի այցելում, դա չի նշանակում, թե նա ավելի բարի չէ, քան այն մարդը, ով ամեն կիրակի է գնում. եկեղեցի հաճախելը դեռ չի ապահովում նրա հոգու մաքրությունը: Այն առաջին հերթին պետք է դրսևորվի արարքներով:
Զրուցեց Նարե Ոսկանյանը