Արժանապատիվ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանին շատերն են սիրում, քանի որ կարողանում է իսկապես սիրել և իր նվիրյալ գործունեությամբ Հայ Առաքելական եկեղեցուն բազում հետևորդներ է պարգևել:
Տեր հայր, հիշո՞ւմ եք Ձեր առաջին աղոթքը:
Աղոթել սկսել եմ փոքրուց: Մայրս քահանայի զավակ էր: Հայրս էլ հավատք ուներ: Նա ինձ պատմում էր, թե ինչպես էին որբանոցում աղոթում, և սովորեցնում էր աղոթել: 14-15 տարեկան էի, երբ սկսեցի հաճախել մեր տան մոտ գտնվող մի ամերիկյան բողոքական եկեղեցի: Անոր երիտասարդաց միության մեջ աղոթում էինք: 15 տարեկան էի, երբ առաջին անգամ կրոնական փորձառություն ունեցա: Ամերիկացի բողոքական ընկերս ինձ տարավ ամերիկացի հայտնի մի քարոզչի`Բիլի Գրեյնին լսելու: Այդ քարոզիչն ինձ վրա շատ ազդեց: Ըստ իրենց ընդունված ձևի` Հիսուսին հավատացողները ձեռք էին բարձրացնում: Մինչև այդ պահը չգիտեի`Հիսուսին հավատում եմ թե ոչ, բայց ձեռքս բարձրացրեցի: Հետո, իրենց կյանքն Աստծուն տալ ցանկացողներն առաջ էին գնում: Ես էլ ելա, որ առաջ գնամ, բայց բողոքական բարեկամս ինձ ասաց. «Խենթ մի՛ եղիր, ինձ ամաչեցնում ես»: Առաջ չգնացի, բայց այդ իրիկուն աղոթեցի: Ինձ մեղադրում էի, որ վախկոտ եմ: Ուրեմն, առաջին անգամն էր, որ աղոթեցի, իսկ դրանից հետո հոգևոր կյանքս ելևէջներ ունեցավ: Հիմա Աստծուն դիմում եմ որպես բարեկամի, սիրում եմ աղոթել: Երբ առավոտյան արթնանում եմ, նախ` Աստծուն փառաբանում եմ, երկրորդ` շնորհակալություն եմ հայտնում, երրորդն ապաշխարական աղոթք է: Այսինքն` ես արժանի չեմ այն բոլոր պարգևներին, որ Աստված տվել է: Հետո հիշում եմ այն վայրերը, որոնք Աստծո ներկայության կարիքը ունեն. Սիրիա, Իրաք: Վերջում աղոթում եմ, որ ավելի լավ քահանա, ավելի լավ մարդ լինեմ: Աստված պատասխանում է, եթե լսում ես: Ես միշտ ասում եմ, որ Նա մեր կողքին է, բայց մենք հաճախ Իր կողքին չենք: Սիրում եմ առանձնանալ և Աստծո ներկայությունը զգալ: Ինձ համար աղոթքը դա է:
Ձեր հայրը դե՞մ էր, որ հոգևորական դառնաք:
Հայրս որբ էր, և երբեմն էլ Աստծո դեմ գանգատ ուներ, թե ինչու թույլ տվեց, որ թուրքերն իր ծնողներին սպանեն: Բայց հիշում եմ, որ մի առիթով ասաց. «Տղա՛ս, ես Աստծուն հավատում եմ, միայն բարկացել եմ Իր վրա»: Երբ որոշեցի եկեղեցական դառնսլ, պիտի գնայի սովորելու Անթիլիասում, որը նախկինում ամերիկյան որբանոց էր: Հայրս դեմ էր, որովհետև 25 տարի հետո իր 18 տարեկան տղան ետ էր գնում այն նույն տեղը, որտեղից ինքը 18 տարեկանում ձերբազատվել էր: Բայց հետո ոչ միայն հաշտվեց, այլև հպարտ էր, որ քահանա դարձա:
Ինչպե՞ս որոշեցիք հոգևորական դառնալ:
Մեր օտարազգի քարոզիչն աշխատել էր Գյումրիի որբանոցում, շատ հարցեր էր ինձ տալիս Հայ Եկեղեցու մասին, որոնց պատասխանը չունեի: Եվ որպեսզի տգետ չերևայի, սկսեցի ուսումնասիրել: Մի անգամ այդ մարդն ինձ ասաց, որ կարող եմ լավ քահանա լինել Հայ Եկեղեցու համար: Ես բնավ այդպիսի մտադրություն չունեի: Հետո այդ ամերիկյան եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ ընտրվեցի և տարվա մեջ մի կիրակի պիտի քարոզեի: Շատ ուրախացա, բայց մտածեցի, որ կեղծավոր եմ, քանի որ իմ եկեղեցին չեմ գնում: Հրաժարվեցի այն պատրվակով, որ ուրիշ եկեղեցու եմ պատկանում և չեմ կարող բացակայել: Նա էլ ասաց, որ իրենց պատճառով չբացակայեմ: 65 տարի առաջ էր, երբ որոշեցի ամեն կիրակի գնալ Հայ Առաքելական եկեղեցի: Այս ընթացքում միայն 15-16 անգամ եմ բացակայել` հիվանդության կամ ճամփորդության պատճառով: Մեր եկեղեցու քահանան ինձ առաջարկեց սեղանին ծառայել, քանի որ ամեն կիրակի գնում էի, հետո ընդունվեցի երգչախումբ: Եվ հետո երիտասարդաց միություն ստեղծեցինք: Հայ երիտասարդներից ոմանք ասացին, որ կարող եմ լավ քահանա լինել: Իսկ ես ցանկանում էի դառնալ պատմության ուսուցիչ, իրավաբան կամ բռնցքամարտիկ: Մի օր մեր եկեղեցու խորհրդի անդամներից մեկն ինձ մոտեցավ և ասաց, որ լսել է, թե ցանկանում եմ քահանա լինել: Առաջին պահին ինձ մեղադրեցի, որ շատ եմ խոսում, բայց ասացի՝ այո: Ես հավատում եմ, որ դա Աստծո ներշնչումն էր: Երիտասարդն ինձ խորհուրդ տվեց եպիսկոպոսին նամակ գրել: Մեր թեմի առաջնորդը` Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, իմ նամակին պատասխանեց 10 օրից: Նրա հետ մեր տուն եկան Տ. Շնորհք վարդապետ Գալուստյանը, Տ. Թորգոմ վարդապետ Մանուկյանը: Տ. Տիրան արքեպիսկոպոսն անթերի անգլերեն էր խոսում. դա ինձ զարմացրեց: Նա ուսյալ եկեղեցական էր, շատ ցանկացա նրան նմանվել: Տ. Տիրան արքեպիսկոպոսի ներկայությունը կնքեց քահանա լինելու իմ ցանկությունը: Նա ինձ ներշնեց: Նա ազատական էր, հավատում էր, որ եկեղեցին պիտի ժամանակի հետ համընթաց լինի: Այսինքն` չենք կարող 21-րդ դարում աշխատել նույն կերպ, ինչպես միջնադարում: Նա նաև ժողովրդավարական էր, հավատում էր, որ եկեղեցու բուն կառուցվածքը հիմնված է ժողովրդի վրա:
Ի՞նչն եք համարում կարևոր հոգևորականի համար:
Նախ, հոգևորականը պիտի մտահոգված լինի իր ժողովրդով, ամեն բանից առաջ նա հովիվ է: Պիտի մտածի, որ ավելի կարևոր է անհատի առողջ հոգևոր աճը, զարգացումը, քան տվյալ կանոնի գործադրությունը: Կարևոր է եկեղեցականի բազմակողմանի կրթությունը, որի միջոցով նա նաև վայելում է ժողովրդի հարգանքը: Ուսումը նաև խոնարհություն է պահանջում:
Երկար տարիներ ղեկավարել եք Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց շարժումը:
Երբ 2000թ. եկա Հայաստան, մտածում էի` ինչ պիտի անեմ էստեղ, քանի որ ԱՄՆ Արևելյան թեմի քահանա եմ: Նպատակս էր մնալ 3-4 տարի, հետո վերադառնալ: Որպես խորհրդատու մասնակցեցի քրիստոնեության 1700-ամյակին նվիրված երթին, նաև քայլեցի Խոր Վիրապից Էջմիածին: Գարեգին Բ կաթողիկոսի օրոք կար Ս. Սարգսի անունը կրող հայ երիտասարդաց միություն, որը մի քանի տեղ մասնաճյուղեր էր ունեցել, բայց այդ ժամանակ գործում էր միայն Ս. Սարգիս եկեղեցում: Տ. Նավասարդ սրբազանին հայտնեցի բոլոր եկեղեցիներից երիտասարդներ հավաքելու և միավորում ունենալու ցանկությանս մասին: Սրբազանի արտոնությամբ և օրհնությամբ սկսեցինք շարժման գործունեությունը, որը հետզհետե զարգացավ, տևեց մոտ 7-8 տարի: Հետո զանազան եկեղեցիների երիտասարդաց միություններն ավելի զորացան: Շարժումը կենտրոնացավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Հիմա այն լավ կազմակերպված է: Առաջնորդ Սրբազան հայրը շատ կարևորություն է տալիս երիտասարդների գործունեությանը, ինչը շատ լավ է: Ես պատրաստ եմ կարողությանս չափով աջակցել Հայ եկեղեցուն:
Ներկայումս Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի միջոցով իրականացնում ենք ամուսնությանը, մկրտությանը և մանուկների քրիստոնեական դաստիարակությանն ուղղված դասընթացներ:
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
Հիմա շատերն ասում են, որ թե իրենց ներշնչել եմ: Ես հավատում եմ, որ Աստված մարդու մեջ շնորհք է դնում, որը մեր անձից ավելի մեծ է: Նախքան քարոզելս աղոթում եմ. «Տե՛ր, ինձ ուժ տուր, որ քեզ պես քարոզեմ»: Եվ միշտ մտածում եմ, թե եթե Հիսուս Քրիստոս ներկա լիներ, ինչ պիտի ասեր այսինչ կետի առումով: Ներշնչանքն Աստծուց է գալիս, բայց մենք մեզ պիտի բանանք դրա համար: Եկեղեցականը պիտի Հիսուսի պես մտածի: Դժվար է, բայց գոնե պիտի ջանանք: Երբ անկեղծ ես ինքդ քեզ հետ՝ կստացվի:
Լրացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:
Ես որպես քրիստոնյա` հավատում եմ հաշտությանը: Հայրս թուրքերին ատում էր սակայն մի անգամ ասաց. «Տղա՛ս, ամեն հայ լավը չէ, ամեն թուրք վատը չէ»: Եվ ես դա հասկացել եմ: Մենք Հրանտ Դինքի նման պիտի լինենք. նա քրիստոսանման հայ էր: Թուրք ազգայնականները նրան սպանեցին, որովհետև վրեժ ունեին: Երկուստեք պիտի գտնենք մարդկանց, որպեսզի խոսենք հաշտության մասին, և կան այդպիսի թուրքեր: Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ղարաբաղը զարգացնենք:
Հարցազրույցը՝ Մարիամ Միրզոյանի
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ