Հավատը` միմյանց օգնելու և աջակցելու արվեստ

Հավատը` միմյանց օգնելու և աջակցելու արվեստ

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի հետ:


Դուք և Ձեր ամուսինը ստեղծել եք երիտասարդական կազմակերպություն, որն արդեն երկարամյա պատմություն ունի: Ինչպե՞ս ծագեց գաղափարն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:


Այնպես է ստացվել, որ հասարակական գործունեության առումով ակտիվ երկու մարդիկ գտել են միմյանց, և երեխաների ծնվելուց հետո մեր ընտանիքը դարձել է գերակտիվ: Տարիներ առաջ ամուսնուս նախաձեռնությամբ ստեղծվեց Երիտասարդական ակումբների դաշնությունը, որն այսօր Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկն է: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր երիտասարդներ մասնակցում են տեղական և միջազգային բազմաթիվ ուսուցողական և փոխանակման ծրագրերի: 1999 թվականից մինչ օրս կազմակերպությունն ակտիվորեն գործում է և ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքները: Իսկ ես այդ կազմակերպության ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկն եմ և առաջին օրից մասնակցում եմ տեղի ունեցող յուրաքանչյուր նախաձեռնության կամ ծրագրի մշակմանը: Հիմնական գաղափարախոսն ու շարժիչ ուժն, իհարկե, Ատոմն է, իսկ իրագործման գործընթացում ես աջակցում եմ, ինչպես նաև մտածում եմ, թե ինչպես հրապարակայնացնել կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում:


Կազմակերպվող տոնակատարությունների շարքում կան նաև եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ՝ Ս. Սարգսի, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի առիթով: Ինչո՞ւ եկեղեցական տոներն էլ ընդգրկեցիք Ձեր ցուցակում:


Մի քանի տարի առաջ կազմակերպության նախագահության և քարտուղարության ժողովներից մեկի ժամանակ քննարկում էինք, թե ինչպես երիտասարդներին հեռու պահել աղանդավորական խմբերից: Փորձեցինք փոքրիկ հարցումներ անցկացնել՝ հասկանալու իրավիճակը, և պարզվեց, որ երիտասարդության որոշ հատված անտարբեր է քրիստոնեական դաստիարակության նկատմամբ, իսկ եկեղեցի գնում է, որովհետև ծնողներից սովորել է, որ մոմ վառելու, ապաշխարհելու համար պետք է գնալ եկեղեցի: Հնչեցին նաև կարծիքներ, որ աղանդավորները հասկանալի լեզվով են բացատրում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին գրաբարով է հնչեցնում աղոթքները, և դա է պատճառը, որ շատերը չեն հասկանում, և ուրեմն իրենց սրտում չեն կրում դրանք: Եվ մեր վերլուծությունների արդյունքում որոշեցինք, որ քանի որ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, մեր առջև խնդիր պետք է դնենք նաև երիտասարդներին եկեղեցուն մոտեցնելը: Եվ դա էր պատճառը, որ սկսեցինք ուսումնասիրել եկեղեցական տոները, հետո տեսնել, թե հայ ժողովրդի մշակույթում ոչ-եկեղեցական, ազգային տոները որոնք են, ու սկսեցինք դրանց համատեղ պատկերը ստանալ: Առաջինը մտածեցինք «Վարդավառ» միջազգային փառատոնը, որտեղ ազգային և եկեղեցական բոլոր բաղադրիչները պահպանեցինք: Ըստ էության, հիմա պետք է գաղտնիք բացահայտեմ. ծրագիրը որպես այդպիսին Ատոմի գլխում էր ծնվել և իմ ծննդյան օրվա նվեր մատուցվեց, որովհետև Վարդավառի հիմնական կերպարն Աստղիկ դիցուհին է: Միջոցառումը կազմակերպում ենք Գառնիում և Գեղարդում, համապատասխանաբար՝ Գառնիում ազգային տոնակատարության վրա է շեշտադրում կատարվում, իսկ Գեղարդավանքում տեղի է ունենում երիտասարդների օրհնության կարգ, օրվա խորհուրդն է ներկայացվում, մատաղի արարողություն է կատարվում: Հենց սկզբից այս ծրագիրը հաջողվեց և երբ ամփոփում էինք արդյունքները, հասկացանք, որ երիտասարդները մեծ սիրով էին ընդգրկվել կազմակերպչական խմբում, մասնակիցները ոգևորված էին, շատերը չգիտեին, որ Հայաստանում Պայծառակերպության տոն կա: Այսպիսով, նման նախաձեռնությունները դարձան վարակիչ: Մյուս միջոցառումը, որն էլի ավանդական է դարձել, Ս. Սարգսի տոնն է, որտեղ էլի օրվա խորհուրդն է ներկայացվում երիտասարդներին, մշակութային միջոցառումների շարքում նաև հատուկ արարողակարգ ունենք, որի ընթացքում երիտասարդներն իրենց ձեռքով պատրաստում են աղի բլիթ, որն էլի ժողովրդական մշակույթի հատված է, և այն բաժանվում է երիտասարդներին:


Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին քրիստոնեական ոգով: Դրա համար գոյություն ունի՞ մեթոդիկա:


Քրիստոնեական դաստիարակությունը կարելի է սկսել մանկապարտեզից՝ մանկական Աստվածաշնչի փոքրիկ պատմությունները ներկայացնելով:


Ձեր երեխաները մասնակցո՞ւմ են Ս. Պատարագի, Ս. Հաղորդություն ստանո՞ւմ են:


Իմ երեխաները մկրտվել են Կեչառիս վանքում: Հաճախ են մասնակցում Պատարագի, հատկապես աղջիկս՝ Արինեն, ամեն կիրակի անպայման եկեղեցի է այցելում:


Ինչի՞ց է սկսվում հավատքը:


Եթե հավատում ենք Աստծուն, ապա ընդունում ենք Տիրոջ շնորհն ու օրհնությունը: Հավատը վստահություն է, հանդուրժողականություն, ներդաշնակություն, հավատը միմյանց օգնելու և աջակցելու արվեստ է:


Ե՞րբ պետք է երեխային առաջին անգամ տանել եկեղեցի:


Կարծում եմ, որ սահմանափակում պետք չէ դնել, ծնողը պետք է որոշում կայացնի: Ես երկու ամսականից երեխաներիս տարել եմ եկեղեցի: Դեռ փոքրուց երեխան պետք է մասնակից դառնա եկեղեցական արարողակարգին:


Լինելով բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ՝ երբևէ անդրադարձել ե՞ք հոգևոր թեմային:


Քանի որ իմ ատենախոսության թեման «Հեռուստածրագրերի տիպաբանությունը» (հեռուստատեսությունը հասարակական նոր հարաբերությունների ձևավորման պայմաններում)  էր, ուսումնասիրության առանցքում տիպերի էի բաժանում հեռուստածրագրերն ու հաղորդումներն՝ ըստ թեմատիկ ուղղվածության, անդրադարձ եմ կատարել նաև հոգևոր և կրոնական հաղորդումներին, որոնք հիմնականում հեռարձակվում են «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում: Այսօր իմ ուսանողները, ովքեր թեզ կամ ավարտական աշխատանք են գրում, հատկապես մագիստրատուրայում, որտեղ հանրային կապեր են ուսումնասիրում, անդրադարձ են կատարում եկեղեցու, հոգևորականի իմիջի ձևավորման առանձնահատկություններին և հանրային ընկալմանը:


Ի՞նչ միջոցառումեր կառաջարկեք անցկացնել, որն ըստ Ձեզ, երեխաներին հոգևոր սնունդ կտա:


Քրիստոնեական դաստիարակության համար կարևոր է, որ կարողանանք յուրաքանչյուր տարիքային խմբի ուսուցանել մատչելի կերպով ՝ համապատասխան իր լեզվամտածողության: Այստեղ կարևոր չէ, թե ինչպիսի միջոցառում կարելի է կազմակերպել, կարևորն ինչ-որ բան անելն է՝ լինի մշակութային, ուսուցողական բնույթի, ֆլեշմոբ կամ այլ բան, կարևոր է հետաքրքիր, ուսանելի, հիշարժան և առանձնահատուկ միջոցառում կազմակերպել:

 

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

  • 2021-12-10
×