«Կանա» ուսումնական կենտրոնը հարցազրույց է վարել կլինիկական հոգեբան Եվա Օհանյանի հետ:
Կա՞ հստակ ուսումնասիրություն, որն, օրինակ,ապացուցում է, որ հավատալիս մարդու օրգանիզմում պրոցեսներ են տեղի ունենում, և դա նպաստում է հիվանդության բարելավմանը:
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն երջանկության հորմոններ, որոնք կոչվում են էնդորֆիններ. սրանք կարտադրվեն այն ժամանակ, երբ մարդը ենթագիտակցորեն՝ ոչ գիտակցական մակարդակով, կհավատա, որ ինքը կբուժվի, կամ ամեն ինչ լավ կլինի:Այս դեպքում հավատը կբերի հանգստության, մարդը շատ չի մտածի, չի կենտրոնանա հիվանդության և այլ դժվարությունների վրա: Կան մարդիկ, որոնք ամեն կիրակի գնում են եկեղեցի, մոմ վառում, սա վատ չէ, բայց կրկնում եմ, պետք է վստահությունը և հավատը հստակ լինեն: Այն մարդիկ, ովքեր հավատում են վաղվա օրվան, կյանքի իմաստ ունեն:
Ձեր պրակտիկայում եղե՞լ է այնպիսի դեպք, երբ հիվանդն այնպիսի վիճակում է եղել, որ այլ ելք չտեսնելով՝ խորհուրդ եք տվել գնալ եկեղեցի:
Այո՛, շատ հաճախ եմ խորհուրդ տալիս, բայց ոչ բոլորին: Երբ տեսնում եմ, որ այդ մարդը պոտենցիալ ունի, ուղղորդում եմ նրան, քանի որ նրա մեջ այդ կայծը կա, նրան կարելի է խորհուրդ տալ, ծանոթացնել քահանայի հետ, ով իր հերթին կօգնի և վատ վիճակից կհանի: Իսկ կան մարդիկ, ովքեր ընդունակ չեն քեզ լսել: Ունենք ՁԻԱՀ-ով, թոքախտով հիվանդ, անդունդի եզրին հայտնված մարդիկ, ում ուղղորդում ենք դեպի եկեղեցի:
Ինչպե՞ս է հոգևոր երաժշտությունն ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա:
Ըստ իս ընդհանրապես յուրաքանչյուր երաժշտություն հրաշալի թերապիա է: Երբ առաջին անգամ գնացի պատարագի, ոչինչ չէի հասկանում, ինձ ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայի, և որ ամենակարևորն էր՝ զգայի: Իսկ երբ մարդը դրա մեջ է, զգում է ամբողջ բջիջներով, այն անպայման օգուտ կտա: Նույն ինքը՝ «Տեր ողորմյա»-ն, այն կարող է հրաշքներ գործել: Ես նույնիսկ կարդացել եմ, որ այն, ինչ կատարվում է պատարագների ժամանակ՝ հոգևոր երաժշտություն լսելիս, ազդում է բջջային մակարդակով, օրգանիզմում դրական շատ փոփոխություններ են լինում:
Իսկ եթե մարդիկ էքզիստենցիալ դատարկությունը լցնում են, օրինակ, աղանդների միջոցով, ի՞նչ եք անում այս դեպքում:
Աղանդները շատ վտանգավոր են, քանի որ առողջ չեն: Այո, կարող է հիվանդը կյանքի իմաստ փնտրել սրա մեջ՝ ծանոթ չլինելով, օրինակ, Առաքելական եկեղեցուն: Բայց այս դեպքում չպետք է մոռանալ, որ աղանդներն ուղղակի մարքեթինգ են, լավ պլանավորված բիզնես: Իսկ պատարագի գալիս ենք առանց որևէ պարտավորության և գնում ենք թեթևացած:
Թմրամոլների համար նախատեսված կլինիկաներում շատ եմ հանդիպել դեպքեր, երբ գալիս են աղանդավորներ և օգտվում են հիվանդի վատ վիճակից և այսպես ասած խփում են նրա թույլ տեղերին, կամ սկսում են շողոքորթել և քաշել դեպի իրենց, իսկ այդ վիճակում հայտնված մարդը հաստատ հեշտությամբ կգնա նրանց հետևից: Այդ իսկ պատճառով հենց այստեղ է, որ փորձում ենք եկեղեցու հետ կապն ամրացնել: Եվ ես տեսնում եմ, որ այսօր քահանաները շատ լավ են աշխատում այդ ուղղությամբ:
Կա մի այսպիսի արտահայտություն. «Երջանիկ լինելու համար պետք է ամեն ինչին թեթև նայել» .ի՞նչ կասեք այս մասին:
Համաձայն եմ դրա հետ, չեմ ասում, թե պետք է թեթևամիտ լինել, բայց երբ թեթև ես նայում, խնդիրների կողքով ավելի հեշտ ես անցնոմ, դրանք ավելի փոքր են թվում: Եվ չպետք է մոռանալ, որ մարդու կյանքում ճգնաժամերը բնական են, նույնիսկ դրանց մեջ պետք է լավը գտնել, քանի որ եթե կենտրոնացար բացասականի վրա, գնացիր դրա հետևից, իհարկե անհավատ կդառնաս: Պետք է ուղղակի միշտ հավատալ, որ վերևից ինչ-որ մեկը քեզ կօգնի ու լուծում կտա:
Ձեր ֆեյսբուքյան պրոֆիլում հանդիպեցի այսպիսի արտահայտության. «Քո շրջապատը քո հայելին է, ինչպիսին դու ես, այդպիսի մարդիկ էլ կշրջապատեն քեզ»: Ձեզ ինչպիսի՞ մարդիկ են շրաջապատում:
Ես էլ միշտ այսպիսին չեմ եղել, աշխատել եմ ինձ վրա, ինձ մոտ էլ են եղել տագնապային իրավիճակներ և ինձ շրջապատել են տագնապային մարդիկ: Իսկ հիմա բոլորը դրական են, նույնիսկ նախկին տագնապային ընկերները: Դու քո կողմն ես քաշում քո հոգեվիճակին մոտ գտնվող մարդկանց, նրանք քո արտացոլումն են:
Նելլի Թառփոշյան