Qahana.am կայքն սկսում է հրապարակել հարցազրույցների նոր շարք՝ «Կենաց Ծառը» խորագրով: Վերջինիս շրջանակներում կներկայացվեն ամենատարբեր մարդկանց խոհերը կյանքի զանազան դրսևորումների վերաբերյալ:
Շարքի բացումն արել ենք առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
Երբ ծնվեցի, առաջին գիտակից միտքը հետևյալն էր. ես մենակ եմ և ինձ շրջապատող աշխարհում շատ բաներ կան, որոնցից պիտի զգուշանամ, բայց չգիտեի, թե հենց ինչից էր պետք զգուշանալ:
Տանը, որտեղ անցել է իմ մանկությունը, կային պարտականություններ՝ դասերը սովորել, գիրք կարդալ, խելոք լինել, ծնողներին լսել: Միշտ սիրել եմ մենակ լինել, և տունն այն վայրն էր, ուր կարող էի դա ինձ թույլ տալ և հանգիստ լինել, ինքս ինձ հետ լինել…
Երբ երեխա էի, Աստված Նա էր, ում ինչ խնդրում էի՝ կատարում էր:
Տանը մի սրբապատկեր ունեինք, պարզապես շատ հին նկար էր, որևէ մշակութային արժեք չէր ներկայացնում: Պահարանը, որի վրա այն դրված էր, մի անգամ այրվեց շուռ եկած մոմի հետևանքով: Դրա ամբողջ մակերեսն այրվել էր, սակայն սրբապատկերն անվնաս էր մնացել: Այդ օրվանից նկարն ինձ համար դարձավ հրաշքի վկայություն:
Այսօր հրաշք եմ համարում այն, երբ կարողանում եմ տեսնել ինձ շրջապատող գեղեցկությունը, երբ կարողանում եմ մարդու մեջ Մարդուն տեսնել ու նկատել բնության գեղեցկությունը:
Հոգևոր կյանքիս վրա մեծ հետք թողած մարդն առաջին հերթին Քրիստոս է: Մանկության տարիներին Նա պարզապես Աստված էր, բայց ճեմարանում ուսանելուս տարիներին, երբ մանրամասնորեն ուսումնասիրեցի Սուրբ Գիրքը, Քրիստոսին ճանաչեցի որպես Մարդու… Աստծո, Ով մարդացել է: Նրա՝ առանց պայմանի ու առանց պատճառի սերն իմ ու մարդկանց հանդեպ փոխել է կյանքս ու արժեհամակարգիս մեջ կարևոր մաս դարձել:
Ծառայությունը, հայ մարդը և ժամանակն այն երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը:
Օրս սկսվում է առավոտյան երեխաներին դպրոց տանելով, որը միակ հնարավորությունն է իրենց հետ մի քիչ ավելի երկար զրուցել: Զրուցում ենք գրքերից, որոնք իրենք կարդում են… Իսկ օրը չի ավարտվում, մանավանդ երբ գիտես, որ շատ կիսատ գործեր են մնացել, կարծես չես ուզում, որ օրն ավարտվի: Սակայն, ըստ էության, օրս ավարտվում է Ավետարան կարդալով, իսկ Ավետարանի ընթերցանությամբ նոր իրականություն է սկսվում։
Հուսահատության պահերին նախ փորձում եմ ինքս ինձ վստահեցնել, որ կարող եմ այդ վիճակից դուրս գալ: Նույնիսկ եթե հուսահատությունից դուրս գալու ճանապարհներն այդ պահին անհասանելի և վերացական են թվում. դրանք կան:
Կարևորը մի պահ դադար տալն է:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք է համառ լինել: Կյանքը լիարժեք է, երբ… ազատ ես: Բայց ազատ ես ոչ թե ինչ-որ բաներից, այլ հանուն ինչ-որ բաների. ազատ ես ստեղծագործել, ազատ ես բարի գործ անել:
Մարդը սկսում է մահանալ, երբ ոչինչ չի անում: Մահվան մասին մտածելիս առաջին զգացողությունը, բնականաաբար, վախն է, որն իր բնույթով սթափեցնող է. քանի դեռ ապրելու հնարավորություն կա, պիտի ապրես ճիշտ կյանքով՝ վերանայելով ու արժևորելով այն: Հաճախ եմ գալիս եզրակացության, որ հենց մահն է իմասավորում մեր կյանքը:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ քարոզ կամ հոդված եմ գրում, ստեղծագործում եմ:
Երազում եմ այնպիսի աշխարհի մասին, ուր ոչ մի երեխա իրեն դժբախտ չի զգում:
Սևանի Սուրբ առաքելոց վանքն իմ կյանքի սերն է: Կյանքիս գլխավոր ձեռքբերումը
քահանայական կոչումն է, կորուստը՝ երկու ընկերներիս մահը:
Ինձ երջանիկ եմ զգում, երբ հասցնում եմ անել այն, ինչ պլանավորում եմ և երբ կարողանում եմ ինչ-որ մեկի ժպիտի պատճառը դառնալ: Կատարյալ երջանիկ եմ զգացել, երբ ծնվեց առաջին որդիս և երբ ձեռնադրվեցի սարկավագ:
Հոգևորականի ուղին ընտրելիս վստահ էի, որ պիտի կարողանամ մարդկանց սրտերին հասցնել այն իրողությունը, թե որքան է Աստված մեզ սիրում:
Ամենադժվարն այս գործում մարդկանց սրտերի հետ խոսելն է:
Մարդիկ հաճախ են բողոքում, որ կատարելության հասնել հնարավոր չէ, սակայն դա այդպես չէ: Տալով մեզ կատարյալ լինելու պատվիրան՝ Քրիստոս մեզ սովորեցրեց, որ կարևորը ձգտումն է: Նա մեզ չէր տա մի պատգամ, որը հնարավոր չէ կատարել:
Կատարելությունը հենց ձգտման մեջ է, այն մի ճանապարհ է, երբ ամեն ինչ վերցնում ես Աստծո ձեռքից: Կարևոր չէ՝ կհասնես ի վերջո, թե ոչ, կարևորը ճանապարհին լինելն է:
Կուզեի հնարավորություն ունենալ զրուցել Գարեգին Ա կաթողիկոսի հետ, թեև ունեցել եմ նման երջանկություն, սակայն շատ կարճ: Կուզեի շատ ավելի երկար զրուցել: Կհարցնեի իր կարծիքը, թե որպես հոգևորական որտե՞ղ եմ թերանում: Շատ կարևոր կլիներ լսել նրա կարծիքը:
«Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» միտքն ամենահաճախն եմ մտաբերում Սուրբ Գրքից: Իսկ ամենասիրելի աստվածաշնչյան պատմությունն «Անառակ որդու վերադարձը» առակն է, քանզի դրանում առկա բոլոր կերպարները խտացված են մեկ մարդու մեջ: Մարդը կարող էլ լինել մեծամիտ ու ամբարտավան, հետո հասնել թշվառության, և կարողանալ լինել նաև համբերատար ու ներողամիտ «հայր»՝ սեփական անձի և այլոց հանդեպ:
Եթե Քրիստոս հիմա գար աշխարհ… այս միտքն ինձ առաջին հերթին ժպիտ է պարգևում: Առաջին բանը, որ կարող եմ անել` ժպտալն է: Եթե նման բան լինի՝ միայն ուրախ կլինեմ ու չեմ մտածի, որ մեղավոր եմ, ինչպե՞ս եմ կանգնելու Քրիստոսի առաջ: Կարևորն այն է, որ Նա կա:
Հեղինակ՝ Ա. Պողոսյան