Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:
-Աստվածամայրը համաքրիստոնեական սուրբ է: Քրիստոնեական ավանդական երեք եկեղեցիների մեջ՝ առաքելական, օրթոդոքս և կաթոլիկ, Աստվածամայրը մեծ հարգանք է վայելում, ինչը պայմանավորված է Աստծո մայր լինելու հատկանիշով: Եվ, բնականորեն, երբ Աստված իբրև մարդ ծնվում է կնոջից, այս սուրբ հանգամանքն արդեն տարածվում է բոլոր կանանց վրա: Յուրաքանչյուր կին պարտավոր է մայրանալու նախաշեմին, ինը ամիսների ընթացքում կամ զավակի ծնվելուց հետո անպայմանորեն այն համոզումն ունենալ, որ իրենից ծնվում է աստվածային մի շող: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ցույց է տալիս, թե կնոջն է տրվել Աստծո ստեղծագործությունը շարունակելու շնորհը: Ներկա հասարակության պայմաններում կինը մեծ պատասխանատվությամբ պիտի կրի մայրանալու մենաշնորհը, քանզի միայն նա կարող է մարդ ծնել:
-Պարոն Գաբուջյան, ո՞րն է Մարիամ Աստվածածնի՝ Տիրոջ մայր ու Տիրոջ աղախին լինելու գաղտնիքը:
-Բնականաբար Մարիամը տարբերվում է մյուս մայրերից, որովհետև նա հստակ գիտակցությամբ էր անդրադառնում այն հանգամանքին, որ իրենից ծնվածն Աստծո Որդին է, և, հետևաբար, ինքը Նրա աղախինն է: Աղախին լինելը մենք տեսնում ենք այն վերաբերմունքի մեջ, որ նա ուներ Հիսուսի հանդեպ պատանեկության, երիտասարդության և հետագա տարիներին՝ շաղախված մայրական հոգատարությամբ: Աստվածածինը հստակ գիտակցությամբ էր մոտենում Տիրոջից իրեն տրված պատասխանատվությանը: Նա գիտեր, թե Ո՛վ է իր միածին զավակը, ինչը երևում է օրինակ՝ Երուսաղեմում պատանի Հիսուսի կորելու և գտնվելու պատմությամբ կամ Կանայի հարսանիքի ժամանակ Մարիամի՝ Հիսուսին ուղղված բառերով՝ գինի չունեն, ինչն ամեն մայր չի կարող ասել իր որդուն: Նա գիտեր՝ Որդին աստվածային հրաշագործությամբ կարող էր մարդկանց օգնել:
Այստեղ ես կցանկանայի մեջբերել Աստվածամոր գոհաբանական աղոթքը, որն իր թաքնված խորհրդով քրիստոնյաներին դեռ շատ բան պիտի սովորեցնի: Ես կարող եմ ասել՝ սա «հեղափոխական փաստաթուղթ» է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես Աստծուն ապավինելու միջոցով հնարավոր է հասնել քաղաքական, տնտեսական և բարոյական հեղաշրջման. «Մարիամն ասաց. «Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է իմ Փրկիչ Աստծով, որովհետև Նա տեսավ հեզությունն իր աղախնի: Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ, քանզի հզոր Աստվածն ինձ համար մեծամեծ գործեր արեց. սուրբ է անունը Նրա: Նա ցույց տվեց զորությունն իր հզոր բազկով, ոչնչացրեց հպարտներին իրենց բոլոր խորհուրդներով: Արքաներին գահազրկեց, խոնարհներին վեր բարձրացրեց: Քաղցածներին նա լիացրեց բարիքներով, հարուստներին դատարկաձեռն արձակեց: Պաշտպան եղավ իր ծառային՝ Իսրայելին՝ հավատարիմ մնալով իր ողորմությանը, ինչպես որ խոստացել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա զավակներին» (Ղուկաս Ա 46-55): Արժե անպայմանորեն մտածել իրեն Աստծո աղախին ու մայր համարող Մարիամի այս խոսքերի շուրջ:
-Արվեստի ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչները բոլոր ժամանակներում բազում անդրադարձներ են ունեցել Մարիամ Աստվածածնի կերպարին: Ինչո՞ւ:
-Արվեստագետներին նրա մեջ գրավում են Աստվածածին և սիրելի մայր լինելու հանգամանքները: Նա, իբրև մայր և իբրև սուրբ, մեծագույնն է, հրաշքների հրաշքն է: Դժվար թե մենք կարողանանք երբևէ պատկերացնել՝ ինչպես կարող էր Աստված կնոջից ծնվել, բայց ծնվեց: Մեր միտքն անզոր է շատ բան մարդկայնորեն ընկալելու, և մենք ուղղակի հավատում ենք դրան, և մեր հոգին փարվում է այն իրականությանը, որ կա նման բան: Մարդը վերակենդանացնում է Աստվածամոր կերպարը, իբրև հարգանքի մեծագույն նշան, նկարչության, քանդակագործության, գրականության, երաժշտության և այլ միջոցներով: Հիշենք թեկուզ մեկ օրինակ՝ մեր շարականները, որ երաժշտական գոհարներ լինելուց զատ, նաև շատ գեղեցիկ մեկնություններ են Աստվածաշնչի յուրաքանչյուր դրվագի համար: Դրանցից մեկում Աստվածամայրը նկարագրվում է իբրև Ուխտի Տապանակ, որ Աստծո հրամանով հրեա ժողովուրդը պատրաստեց անապատային իր դեգերումների ընթացքում՝ մինչև խոստացված երկիր հասնելը՝ իբրև Աստծո հովանավորչություն: Տապանակում էր տասնաբանյա օրենքը, մի սափոր ոսկի մանանա և Ահարոնի ծաղկյալ գավազանը, այսինքն՝ դրանում առկա էին մարդու մարմնի, մտքի և հոգու խորհրդանիշերը, որոնք Աստծո կողմից տրված են իբրև առաջնորդություն: Շարականագիրը, Մարիամին համարելով Նոր Ուխտի տապանակ, մատնանշում է իննամսյա ժամանակով նույն խորհրդանիշերի՝ նրա ներսում պատսպարվելը, որ հետո պիտի թանձրանային Աստծո պատկերով, մարմնացած քահանայությամբ և նոր օրենքով:
-Ինչո՞ւ են մարդիկ այդքան հաճախ դիմում Աստվածամոր բարեխոսությանը:
-Մենք՝ իբրև մարդ, բնականորեն քաջություն ու համարձակություն չունենք Աստծուն ուղղակի դիմելու և ճանապարհներ ենք որոնում, որ մեկը մեզ դեպի Աստված առաջնորդի: Իսկ այդ մեկն առաջին հերթին Աստվածամայրն է՝ իր մեծագույն բարեխոսություններով: Նա այն ուժն է, որ ամեն անգամ, երբ անդրադառնում ենք մեր մեղքերին և գլխիկոր չենք համարձակվում աջ ու ձախ նայել, մեզ վեր է բարձրացնում և մեր աչքերը սևեռում Աստծո բարեգութ հայացքին: Պատահական չէ, որ հայկական բոլոր եկեղեցիների Սուրբ խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով՝ մանուկ Հիսուսը գրկին:
-Եվ վերջում մի փոքրիկ անդրադարձ Մարիամի վերափոխման իրողությանը. արդյո՞ք առանց դրա կիսատ կլիներ նրա՝ Աստվածամայր լինելու առաքելությունը:
-Երբ Մարիամը ծնեց Հիսուսին, Աստծո Խոսքը մարդացավ նրանից, դա արդեն իսկ ամենամեծ կատարելությունն է: Ավետումը հենց ինքնին կատարելության ազդակն է, որի լրումը մեր Տիրոջ Ծնունդն է: Ուստի Աստվածամայրը հավիտենական է, նրա կերպարը, իբրև նվիրական տաճար, չի կործանվում: Ճիշտ է, ինչ Աստծուց եկել է, Աստծուն էլ պիտի վերադառնա, ինչպես մեր հոգիները, բայց Աստվածամոր կերպարը տարբերվում է. նա ֆիզիկապես մահացավ, բայց աստվածային հրաշագործությամբ վերափոխվեց Աստծու մոտ: Տիրոջ հովանու ներքո էլ Մարիամը հովանի է դառնում բոլորիս:
Զրուցեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ