Սոսէ Ղազարյանի «Կենաց Ծառը»

Սոսէ Ղազարյանի «Կենաց Ծառը»

«Հավատում եմ, որ մարդը փոքր տիեզերք է, որն անսահման է: Իմ աշակերտներին էլ դա եմ սովորեցնում, որպեսզի նրանք իմանան՝  մտքի, հոգու ազատություն ունեն, և որ մարդը ստեղծագործ լինելով է անսահման»,- ասում է Սոսէն: Հենց այսպես՝ «է»-ով: Սոսի ծառի և էության միացմամբ: Սոսէ Ղազարյանը կրթությամբ աստվածաբան է, ներկայումս «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատում է որպես ուսուցիչ:
«Ընկեր Սոսէն» (ինչպես նրան երբեմն դիմում են աշակերտները) դասավանդում է «Հայոց եկեղեցու պատմություն, «Հասարակագիտություն» առարկաները, վարում է նաև արտադասարանական «Մշակութասերների ակումբ»-ը:



«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Սոսէի հետ խոսել ենք իր աշխարհից, կյանքին, մարդկանց ուղղված իր հայացքներից, հայաստանյան հեռավոր գյուղում ուսուցիչ աշխատելու դժվարություններից… Զրույցի լավագույն հատվածները ներկայացնում ենք ստորև.



Երբ ես ծնվեցի,  ուրախություն պատճառեցի բոլորին… ծնվեցի ինչ-որ մի բան լուսավորելու համար:


Մենք չենք ընտրում մեր ընտանիքը, այդպես են ասում: Բայց իմ ընտանիքն է ինձ դարձրել այն, ինչ կամ: Ընտանիքումս շատ տարբեր տեսակի մարդիկ կան.  հայրս պատմաբան է, մայրս՝ բանասեր, երեք քույր ենք, մի եղբայր, ամեն մեկը մի անհատականություն է. իրենցից շատ բան եմ սովորել: Երջանիկ ենք տարեկիցներ լինելու համար. փոքր հասակում բանակի էինք նման, իրար պաշտպանում էինք ամենուր՝ դպրոցում, բակում…


Մեր տանը  հաճախ էին մտավորականներ հավաքվում, հայրիկիս մտերիմներն էին: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դեռ մանկուց նման մարդկանց հետ շփվելու: Իրենք ինձ համար օրինակ են եղել, գիտելիքներ են փոխանցել: Այսպիսով փոքրուց հետաքրքրվել եմ պատմությամբ, արվեստով: Ինձ միշտ հետաքրքրել է հինը…երազում էի լինել Եգիպտոսում և պեղումներ կատարել այնտեղ (ծիծաղում է,-հեղ.): Հետո հասկացա, որ պետք է կրոններն ուսումնասիրել, որովհետև դրանցում կա մի բան, որը ոչ մի այլ ոլորտում չես գտնի: Այդպես ընտրեցի աստվածաբանի մասնագիտությունը, որը նաև ինքս ինձ ճանաչելու համար  օգտակար եղավ:


Հայրիկս ասում է, որ  մարդն անընդհատ պիտի կարդա: Բայց գրքերից ստացած գիտելիքից պիտի կարողանաս ճիշտ եզրահանգումներ կատարել կյանքի համար:  Անհնար ոչինչ չկա՝ ծնողներիցս քաղած լավագույն դասն է: Դա իրենք իրենց փորձով են ցույց տվել, նաև հաճախ կրկնել են. եթե մի բանի պիտի հասնես՝ կհասնես անպայմանորեն:


Մանկությանս հրաշքն  այն  անհոգությունն էր, որ կար, ամեն ինչի գեղեցիկ, դրական լինելը: Մեծանալով հասկացա, որ ինքս եմ գեղեցկություն ստեղծողն իմ կողքին: Այսօր հրաշք եմ համարում սերը, որովհետև սերն ամեն ինչի մեջ իմաստ է մտցնում, նույնիսկ ամենահասարակ բաների, ամենափոքր մասնիկների մեջ:


Աստված անդեմ  էր,  երբ երեխա էի. ես Նրան պարզապես զգում էի, գիտեի, որ երբեք Նրան չեմ կերպավորելու, գիտեի նաև, որ Նա ամենուր է, Նա լսում է…
Հիմա նույնն է, չեմ կերպավորում, բայց փորձում եմ Իր հետ կապի մեջ լինել: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ, բայց դա իմ մեղավորությունն է (ժպտում է,-հեղ.):


Ամեն ինչում դրականը տեսնելը,  բնությունն ու սերն այն երեք երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը: 


Եթե ինչ-որ կատարյալ բան կա,  ապա դա լեռներն են:


Լեռնագնացությամբ զբաղվելով, բնությանը մոտ լինելով եմ զգացել  հայրենիքիս հանդեպ սերը: Ինչքան մոտ եմ եղել բնությանը, այնքան սիրել եմ Հայաստանը: Այսպիսով սկսել եմ գրավել բոլոր հնարավոր գագաթները: Երազում եմ Արարատ բարձրանալու մասին. պլաններ կան արդեն, հուսով եմ՝ կստացվի:


Օրս սկսվում է  լուսամուտից  եղանակին հետևելով: Արևի դուրս գալու հետ արթնանում եմ: Ժպտում եմ, անցնում գործերիս: Օրս ավարտվում է մի բաժակ թեյով ու լավ մտքերով:


Երկիր մոլորակը պտտում է  կյանքը: Ուժը և կյանքը:


Պիտի ապրես այնպես, որ  երբ մահը գա, ինչն անխուսափելի է, շատ բան  հասցրած լինես: Ինձնից հետո կուզենայի թողնել իմ կյանքի օրինակը:


Մարդը սկսում է մահանալ, երբ  կորցնում է կարևորագույն արժեքները, կորցնում է հավատը, հավատքը, սերը: Երբ այդ երեքը բացակայում են, մարդը սկսում է ամեն ինչում վատը տեսնել, հոռետես դառնալ: Նման մարդն արդեն իսկ մոտ է մահվանը:


Հուսահատության պահերին  կանգ եմ առնում, փորձում եմ հասկանալ՝ ինչ կարելի է անել ցանկացած իրավիճակից ելք գտնելու համար: Գրեթե միշտ ստացվում է:


Կյանքիս մեծագույն դժվարությունը  հաղթահարելիս սովորեցի, որ պիտի լինել համառ, պիտի սիրել այն, ինչ անում ես և հասկանալ՝ ինչու ես դա անում: Այդ դեպքում, երբ «ինչու»-ի պատասխանն ունես, ցանկացած դժվարություն հաղթահարելի է:


Ուսուցչի գործում ամենաբարդը  գիտելիք փոխանցելուց բացի երեխաների ունեցած կարծրատիպերը ջարդելն է: Իսկ կարծրատիպերն իսկապես շատ են, հատկապես Երևանից հեռու ապրողների ներսում: Գյուղում ապրող երեխաները չունեն երազանքներ, նրանց առօրյան անհետաքրքիր է, չգիտեն՝ ինչու են ապրում և կարծում են, որ ոչինչ չեն կարող անել: Նրանց մեջ դրված չէ, որ իրենք հնարավորություն ունեն ստեղծելու իրենց հետաքրքրությունները: Փորձում եմ երեխաների մեջ դա ներմուծել՝ ամենափոքր բանն էլ կարողանալ օգտագործել՝ հետաքրքրություններ ստեղծելու համար: Նաև մղում եմ ստեղծագործելուն. նրանք չեն տեսնում՝ ինչքան տաղանդավոր են, իսկ ես տեսնում եմ: Սովորեցնում եմ իրենց կողքից նայել և տեսնել՝ ինչքան գեղեցիկ կարող են ապրել, ստեղծագործել:


Սերմնացանի առակն  եմ առանձնացնում Աստվածաշնչից: Բոլորս էլ ունենք հնարավորություն լավի սերմերը ցանելու, պարզապես պիտի իմանանք՝ որտեղ և ինչի համար: Կուզեի մի սերմ գցել իր ճիշտ տեղում…


Կատարյալ երջանիկ  Արցախում եմ եղել: Արցախը մեր ազատագրված հայրենիքն է, և դրանից անտեսանելի մի ուժ է գալիս մեզ վրա: Հենց այնտեղ եմ ինձ բնության լիարժեք մասնիկ զգացել:


Շուշին իմ հոգեվիճակն է , Ղազանչեցոց վանքն՝ իմ սիրելի եկեղեցին: Այնտեղի էնեգիան, մթնոլորտը որևէ այլ տեղում չեմ զգացել:


Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում  լեռան գագաթին, երբ հասկանում եմ՝ ինչ է արարել Նա մեզ համար, ինչ հրաշք է բնությունը:


Գրիգոր Նարեկացին է այն մարդն, ում հետ կուզեի հանդիպելու հնարավորություն ունենալ: Բայց, կարծում եմ, ոչինչ չէի կարողանա ասել նրան: Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն ինձ վրա ազդում է՝  ես էլ չգիտեմ, թե ինչպես: Սա մի գիրք է, որի բառերը գուցե մարդիկ չեն հասկանում, բայց դրանք իրենց անտեսանելի ազդեցությունը թողնում են ընթերցողի վրա: Անգամ եթե չենք կարդում, այլ դնում ենք մեր կողքին ու քնում:


Դրախտն իմ պատկերացմամբ  մի լուսավոր տեղ է, ուր հոգու ու մտքի հանգստություն կա:


Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  խառնաշփոթ կլինի, մարդիկ հաճելիորեն կզարմանան: Ինքս կմտածեմ՝ ես տեսա այն, ինչին մարդիկ հազարամյակներով սպասել են (ժպտում է,-հեղ.):
 

 Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×