Մելքիսեդեկի կոչումը.Խոսքի, երգի և աղոթքի թևերով

Մելքիսեդեկի կոչումը.Խոսքի, երգի և աղոթքի թևերով

Մեր զրուցակիցը Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ  Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Թովմա քահանա Անդրեասյանն է: Նա նաև ռեժիսոր է, բանաստեղծ, երաժիշտ, ՀՀ գրողների միության անդամ: Ծնվել և մեծացել է Երևանում: Հոգևոր ծառայությունը զուգորդում է ստեղծագործական գործունեության հետ: 
 
 
Խեչանանց Խեչանի տոհմի ստեղծագործ շառավիղը

 
- Տե՛ր հայր, տարբեր  ասպարեզներում բազմաժանր գործունեություն եք  ծավալել: Գաղտնիքը նախնյաց արմատներո՞ւմ փնտրել:
- Մորս ընտանիքը 1895 թ. կոտորածի ժամանակ Տրապիզոնից տեղափոխվել է Բաթում: Հայրական տատս գյումրեցի էր, պապս` Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի Խեչանանց Խեչանի տոհմի մեծահարուստներից: Մեր իսկական ազգանունը Կոշեցյան է: Հեղափոխությունից հետո Անդրեաս Կոշեցյանի որդիները նրա ողջ ունեցվածքը հանձնել են սովետական պետությանը, ազգանունները փոխել Անդրեասյան: Մեծացել եմ բժիշկների ընտանիքում: Ծնողներիս կամքով սովորել և ավարտել եմ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: Նախնական կրթությունս հետագայում ինձ օգնեց և՛ մասնագիտության ընտրության, և՛ տաղաչափության ու կոմպոզիցիայի գծով խորանալու հարցերում: Այնուհետև ընդունվել և ավարտել եմ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Շատ բան եմ սովորել լուսահոգի Լուիզա Սամվելյանից, Ժիրայր Ավետիսյանից, Յուրի Երզնկյանից: Որպես ազատ ունկնդիր սովորել եմ նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 
 
 
- Հենրիկ Մալյանի ղեկավարած կինոդերասանի թատրոն-ստուդիայում, Փոսի թատրոնում` դերասան, երաժիշտ, Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում` կիթառահար« այնուհետև` հեռուստատեսային գործունեություն.  հաճախ եք փոխել աշխատանքը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Ստեղծագործական մասնագիտության ունենալու պարագայում դա օրինաչափ է: Եթե դրան ավելացնենք 80–ականների դժվարությունները, կարծում եմ` մեկնաբանության կարիք չի լինի: Յուրաքանչյուր մարդ երիտասարդ տարիքում որոնումների փուլով է անցնում: Դա նման է թռիչքի մեկնարկի: Բայց նաև ժամանակաշրջանն այնպիսին էր, որ երկիրը զարթոնք էր ապրում: Իմ հեղինակած թե՛ հեռուստառադիոհաղորդումներում, թե՛ երաժշտարվեստի ու պոեզիայի ասպարեզում գերիշխող թեման հոգեբարոյական-մշակութային արժեքներն էին և հայ մարդը: Տասնյակից ավելի տարիների ընթացքում կյանքի եմ կոչել «Պատմության և մշակույթի հուշարձաններ», «Շեմին», «Քսաներորդ դարի դիրիժորները», «Հեռուստաայբբենարան», «Սովորում ենք հայերեն», «Ոգու կանչ» և այլ հաղորդումներ, հեռուստաֆիլմեր: Նաև հասցրել եմ հեռուստառադիոբեմադրություններ անել: Բեմադրել եմ Կառլո Գոցիի «Ագռավը», որը ներկա պահին «Հեռուստաթատրոն»-ի միակ պահպանված երաժշտական ներկայացումն է: 

 
- Ինչպե՞ս պատահեց, որ հանրության կողմից սիրված և ընդունված երգերի մի ստվար մասի խոսքերի, որոշ դեպքերում` երաժշտության հեղինակը դարձաք: 
- Դա իմ անելիքն է այս աշխարհում, մի հանգրվան` գեղեցիկն ու բարին փնտրելու ճանապարհին, հոգևոր հաց, որով սնվում ես և սնում մարդկանց: Կոմպոզիտորներ Արթուր Գրիգորյանի, Արմեն Սմբատյանի, Էդգար Գյանջումյանի և այլոց հետ համագործակցության արդյունքում են ստեղծվել «Նոր տարի», «Բախտը քո», «Բարին կհաղթի», «Հայ գարուններ», «Հայ իմ աշխարհ» և բազմաթիվ այլ երգեր: 90-ականներին երկու երգի տեքստ գրել եմ Միշել Լեգրանի համար: Դեռևս խորհրդային տարիներին աշխատել եմ Գեորգի Մինասյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Զարուհի Տոնիկյանի, Էռնա Յուզբաշյանի, Սյուզան Մարգարյանի, ավելի ուշ` Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Արթուր Իսպիրյանի, Ալլա Լևոնյանի և այլ կատարողների հետ: Պետք է խոստովանեմ, որ հաճախ խոսքերը միանգամից են ծնվել: Երբեմն էլ իմ մտքում եղածն եմ հանձնել թղթին, որն ապրված զգացողությունների վերարտադրություն է: Ներկայումս զբաղված եմ բանաստեղծություններիս յոթերորդ գրքի տպագրությամբ: 
 
 
 
Երբ փնտրում ես  խաղաղություն և սեր
 
 
-Ստեղծագործական ամենածաղկուն շրջանում ինչո՞ւ որոշեցիք հոգևորական դառնալ: 
- Ես եկեղեցի չեմ գնացել, որովհետև կոմունիստների ընտանիքում եմ մեծացել: 90-ականների վերջին եկավ մի պահ, երբ հոգևոր, բարոյական, մշակութային լուրջ հաղորդումները փոխարինվում էին ժամանցայինով, քանի որ դրանց նկատմամբ կար հանրային պահանջ: Ես հասկացա, որ այլևս անելիք չունեմ հեռուստատեսությունում: Ինչ-որ տեղ նաև հոգնած էի: Ինձ նոր ասպարեզ էր պետք, որպեսզի իմ ներսում կուտակվածը ի բարին գործի դնեի: Իսկ այդ ասպարեզը եկեղեցին էր: Դա էր իմ վճիռը և այն անբեկանելի էր: 
 
 
- Անդրադառնանք հոգևոր ծառայության տարիներին: 
- 2002 թ. ընդունվեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարան և երկու տարի անց ավարտեցի այն: Քահանա ձեռնադրվելուց հետո ծառայեցի Արարատյան Հայրապետական թեմի Դալար գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում, այնուհետև մեկնեցի ՌԴ Ադիգեայի Հանրապետություն` ծառայելու որպես տեղի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ: Ինձ հաջողվեց որոշ չափով համախմբել տեղի հայկական համայնքի հավատացյալներին: Մայկոպում ավելի հեշտ էր ծառայելը` շնորհիվ այնտեղ հաստատված ջավախահայերի և Հայաստանից գաղթածների: 2010 թ. վերադարձա Երևան, ծառայեցի նախ` Սբ. Երրորդություն, Նոր Նորքի Սբ. Սարգիս և վերջին չորս ու կես տարիներին` Նորք-Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցիներում:
Քահանայական ծառայությունից զատ՝ ես նաև Երիտասարդաց միության պատասխանատուն եմ: Մենք միջոցառումների ցանկ ունենք, որը ներառում է ուխտագնացություններ, հանդիպումներ և այցելություններ: 
 
 

Ընտանիք, որտեղ բոլորը երաժիշտ են
 
 
«Դու կհագնես հարսի քո շորը,
Ես կբացեմ սպասված մի դուռ,
Ներս կմտնի մեր թագավորը:
Ու կնստենք ճամփի դիմաց…»:
 
 
- Ե՞րբ և ինչպե՞ս եկավ նա, ում նվիրեցիք այդ տողերը: 
- 1985 թ. էր: Փոսի թատրոնում էի աշխատում: Մի օր պատահմամբ հանդիպեցի Ռուզան անունով գործընկերոջս, ով իր ամուսնու և ընկերուհու` Անահիտի հետ անցնում էր Հանրապետության հրապարակով: Հրավիրեց տուն: Պարզվեց` Անահիտը դաշնակահարուհի և երգչուհի էր: Այդ օրը բաժանվեցինք ու մոռացանք միմյանց: Տարիներ անց նորից հանդիպեցինք: Անահիտը դարձավ իմ երգերի կատարողը: Այդ ընթացքում սիրահարվեցինք, ամուսնացանք: 1990 թ. պսակադրվեցինք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում: Երկու դուստրերս ևս երաժիշտ են: Մենք լրացնում ենք միմյանց` թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումով: Աստծո կամքն ու ողորմածությունը մշտապես իմ ընտանիքի հետ են:

 

 
Հոգևորն ու ստեղծագործականը` մեկտեղ

 
-Ինչպե՞ս են միմյանց հետ ապրում տեր Թովման և Վահան Անդրեասյան բանաստեղծն ու երաժիշտը: 
- Չկա երկու անձ. իմ ստեղծագործական գործունեությունը քահանայական ծառայության բաղկացուցիչ մասն է: Ստեղծել եմ եկեղեցական տոներին նվիրված տարբեր մեղեդիներ, Գրիգոր Լուսավորչին նվիրված երգչախմբային գործեր, մշակել եմ Ներսես Շնորհալու ԲՁ կանոնագլուխը` երգեհոնի համար:

 
- Մուտք ենք գործել 2018 թվական: Ձեր բարեմաղթանքը:
- Ամենակարևորը` երբեք չկորցնենք Աստծո նկատմամբ հավատը, բոլոր իրադրություններում սիրենք և ներենք միմյանց: 
 
 
Պատրաստեց  Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ
  • 2021-12-10
×