«Միշտ ասում եմ, որ աշխարհը փրկելու է ոչ թե գեղեցկությունն, ինչպես ընդունված է ասել, այլ սերը, որովհետև իմ աշխարհը, որը փլուզման եզրին էր, փրկել է հենց սերը:
Սերն է պտտում մոլորակը: Ինչքան էլ այսօր տեսնում ենք ատելության կուտակումն աշխարհում, մարդկանց միջև, ժողովուրդների մեջ, միևնույնն է, ինչ-որ մի տեղ սիրո անշահախնդիր դրսևորում է լինում, և կյանքն էլի շարունակվում է բոլորիս համար: Չլինի սերը, ոչինչ էլ չի ստացվի…»,- ասում է Նարինե Մանուկյանը: Նարինեն «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիրն է: Կազմակերպությունը զբաղվում է մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների աջակցությամբ:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Նարինեն խոսել է այն ամենակարևոր դեմքերից ու դիպվածներից, որոնք ձևավորել են իրեն ու այն հայացքը, որով նա նայում է աշխարհին, մարդկանց: Զրույցի լավագույն հատվածները ներկայացնում ենք ստորև.
Երբ ես ծնվեցի, ամեն ինչ արդեն իսկ կանխորոշված էր: Կարծում եմ՝ ամեն մարդ իր ճակատագրով է ծնվում, իհարկե, մենք բոլորս մեր ճակատագրի տերն ենք, որովհետև կյանքը մարդուն բազում հնարավորություններ ու նոր շանսեր է տալիս: Մարդիկ կան, ովքեր դրանցից չեն օգտվում և ունեցած բոլոր անհաջողությունների պատճառը գտնում են ուրիշների, հանգամանքների մեջ: Ես այդ տեսակը չեմ և ուրախ եմ, որ այդպես է (ժպտում է,-հեղ.):
Մեր տունը և այն միջավայրը, որտեղ անցել է իմ մանկությունը լավագույնն էր, որ մարդը կարող է ունենալ: Տան անդամների միջև ընկերություն կար, ինչն, իմ պատկերացմամբ, ամենակարևորն է, որովհետև եթե ամուսինների միջև, ծնողների ու երեխաների միջև չկա այդ որակյալ ընկերությունը՝ շատ դժվար է լինում հաղթահարել նույնիսկ ամենաաննշան կենցաղային խնդիրները: Իսկ մեր ընտանիքում այդ ընկերությունը կար…
Ընտանիքս է ինձ սովորեցրել պայքարել ու երբեք չհանձնվել, չտրտնջալ, բացասական էներգիա չկուտակել: Եվ մի կարևոր բան էլ. տեսել եմ՝ ինչքան ազնիվ են աշխատել ծնողներս: Հայրս եղել է ուժային կառույցի սպա, և շատ հնարավորություններ են եղել կյանքում անարդար ուղով գումար աշխատելու, բայց երբևէ մեր տուն այդ ճանապարհով գումար չի մտել, և մենք էլ դա ենք տեսել ու սովորել: Մենք սեփական տանն էինք ապրում և մեր տան դրսի դուռը մշտապես բաց էր, անգամ գիշերը: Այս ժամանակներում, երբ նույնիսկ բարեկամների միջև վստահություն չկա, մենք հանգիստ ենք ապրել:
Փոքր հասակից ապավինել եմ Աստծուն, և այդ իմաստով ոչինչ չի փոխվել իմ կյանքում: Մեծանալիս, նոր մարտահրավերներ ունենալիս և դրանք ինքնուրույն հաղթահարելիս Աստված է եղել իմ ապավենը:
Հոգևոր կյանքիս ձևավորման վրա մեծապես ազդել են ծնողներս, մայրական կողմից տատիկս, ում հետ ապրել եմ դպրոցական տարիներիս… Բայց, ի վերջո, գալիս է մի պահ, երբ դու ինքդ ես կանգնում ընտրության առաջ՝ ինչ ուղով շարունակել կյանքդ, ինչպես դուրս գալ բարդ իրավիճակից: Ինքդ քեզ կոփում ես, ընտրում ես քո ուղին ու քո մեջ դաստիարակում ես հոգևոր արժեքներ. այդ ժամանակ ես կայանում: Հոգևոր արժեքներիս ձևավորման գործում չեմ կարող չընդգծել նաև ամուսնուս դերը. մենք, անկախ մեզնից, լինելով շատ երիտասարդ, միասին հաղթհարել ենք շատ լուրջ խնդիրներ, ձեռք ենք բերել նոր արժեքներ: Այսպես է, հոգևոր աճը երբեք կանգ չի առնում, այն ամբողջ կյանքի համար է:
Սերը, իմ ընտանիքն ու աշխատանքն են այն երեք երևույթները, որոնց վրա հիմված է իմ կյանքը: Այն սիրո, որը ոչ թե պարզապես զգացմունք է, այլ առանց նախապայմանների դրսևորվող երևույթ՝ ունակ անձնազոհության: Եվ աշխատանքս նույնպես հիմք է, որովհետև այն առաքելության պես մի բան է ինձ համար, և դա չեմ կարող զանտել իմ ընտանիքից, հավասարապես կարևոր են:
Օրս սկսվում է շատ դրական. մեծ տղայիս ճանապարհում եմ դպրոց, ապա փոքր տղաս է արթնանում. նա անսահման դրական էներգիայով մարդուկ է, իր հետ անհնար է անտրամադիր մնալ կամ լուրջ լինել: Տղաս ծնվել է, որպեսզի փոխի մարդկանց տրամադրությունը, և դա միայն ես չէ, որ ասում եմ: Նա դրական էներգիայի կուտակում է, ով իրեն գրկում է, մոռանում է աշխարհում ամեն ինչ (ժպտում է,-հեղ.): Օրս ավարտվում է կրկին ընտանիքիս հետ: Անպայման փորձում եմ քնելուց առաջ ամփոփել՝ ինչ արեցի այսօր, և գրի առնել հաջորդ օրվա անելիքներս:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս, սովորեցի, որ երջանկությունը մեր մեջ է: Ամեն մարդու կյանքում լինում են շատ ծանր պահեր, բայց և՛ երջանկությունը, և՛ դժբախտությունը մեր մեջ է: Եթե ուզում ես լինել երջանիկ՝ կլինես, չես ուզում՝ հազար ու մի պատճառ կարելի է գտնել չլինելու:
Մարդը սկսում է մահանալ, երբ կորցնում է անշահախնդիր սիրելու ունակությունը:
Երբ գալիս է պահն, ու դու հասկանում ես, որ ամեն ինչում շահ ես որոնում, ամեն ինչը սկսվում և հանգում է գումարին, երբ դու հոգևոր վիճակից անցնում ես հողեղեն վիճակի, սկսում ես մահանալ, որովհետև այլևս չկա որևէ բան՝ քեզ երկրից կտրող, վեհացնող, ուրախացնող. դու դառնում ես շոշափելի: Իսկ հենց դառնում ենք շատ շոշափելի, սկսում ենք մահանալ:
Ինձնից հետո կուզեի թողնել թեկուզ մի կաթիլ բարություն, որը կցրեր մարդկանց մեջ խրոնիկ հիվանդության պես բույն դրած չարությունը: Եվ կուզենայի այն արժեքները, որոնք ձեռք եմ բերել շատ դժվարությունների հանդիպելով, իմ երեխաներն առանց դրանց բախվելու ունենան:
Հուսահատության պահերին երեխաներիս հետ եմ ժամանակ անցկացնում. դա է ելքը՝ տեսնել կյանքի վաղվա օրը դրական լույսի մեջ, մանավանդ, երբ քո ձեռքով ես կերտել ընտանիքիդ երջանկությունը, ոչ թե այն քեզ պարզապես տրվել է: Այսպես եմ խոսափում հուսահատությունից և մյուս բացասական երևույթներից:
Յուրաքանչյուր կին իրեն ամենաշատը Աստծուն մոտ է զգում, երբ երեխայի է սպասում: Այդ իրական երջանկությունը միայն կանանց է տրված՝ զգալ, թե ինչպես է քո մեջ կյանք զարգանում. այդ զգացողությունը ուրիշ ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել, ամենակարևոր զգացողությունն է:
Դժվար է անընդհատ տեսնել մարդկանց, ովքեր շատ ծանր իրավիճակում են. ամեն անգամ, երբ ասում եմ՝ սա վերջն էր, Աստված ինձ ցույց է տալիս, որ կան ավելի բարդ իրավիճակներ: Ցավում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ իրենք են մեղավոր դրանում: Նույնիսկ երբ ուզում ես օգնել, ցույց տալ, որ իրենց պետք է կարթ՝ ձուկ որսալու համար, ոչ թե անընդհատ ծեծել դռներն ու մթերք խնդրել սեփական երեխաների համար, հեռանում են՝ որոշելով շարունակել մթերք փնտրել: Ազդվում եմ, երբ տեսնում եմ, որ մարդն իր կյանքի տերն է, բայց սխալ ընտրություններ է անում, երբ տեսնում եմ, որ խնդրով երեխաների մայրերը իրենք են նախընտրում մնալ ճահճի մեջ ու երեխաներին չապահովել լիարժեք կյանքով ապրելու հնարավորությամբ: Իհարկե, արդեն իսկ լավ է, որ երեխան ընտանիքում է մեծանում և ոչ մանկատանը, բայց ամեն երեխա, անկախ իր ֆիզիկական ու մտավոր խնդիրներից, արժանի է լինել երջանիկ, իսկ երջանկությունը միակ բանն է, որ ծնողները կարող են տալ իրենց երեխաներին:
Կյանքիս մեծագույն ձեռքբերումն իմ ընտանիքն է, որովհետև ես ու ամուսինս մեր ձեռքերով ենք ընտանիքը ընտանիք դարձրել՝ ծանր մարտահրավերներ ունենալով և դրանք հաղթահարելով: Ամենամեծ կորուստը մորս կորուստն է. շատ երիտասարդ տարիքում կորցրինք նրան: Մինչև այսօր դա իմ ամենամեծ վերքն է, որը երբեք չի դադարում արնահոսել, սուտ է, որ ասում են՝ ժամանակը բուժում է:
Մայրս է այն մարդը, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Ինչքան անցնում են տարիները, այնքան ավելի շատ եմ կարոտում նրան, և նրա կարիքն է, որն ամենաշատն ունեմ իմ առօրյայում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իմ ամենասիրելին է. այնտեղ եմ ամուսնացել, այնտեղ ենք մկրտել մեր երեխաներին:
Քրիստոսից երկու հազար տարի անց, աշխարհը դարձել է ավելի դաժան: Թվում է՝ ամեն ինչ կա, որպեսզի մարդիկ ապրեն համերաշխ: Կան հնարավորություններ, տեխնոլոգիաներ, հիվանդությունները հաղթահարելու բազմաթիվ տարբերակներ, բայց օրեցօր զգալի է դառնում, որ աշխարհն ավելի դաժան է…
Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ, կհիասթափվի: Նա ինքն իրեն զոհել է, որպեսզի աշխարհն ավելի լավը դառնա, բայց եթե գա հիմա, կհասկանա, որ միգուցե շատ մեծ զոհողություն էր, որին մարդիկ արժանի չէին:
Դրախտն իմ պատկերացմամբ մի վայր է, ուր բոլորն իրար հավասար են:
Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը