Հոգետնից հնչող խոհեր

Հոգետնից հնչող խոհեր

Կան վայրեր, ուր մենք վերադառնում ենք՝  որքան էլ հեռու գնացած լինենք, որքան էլ վերադարձի ճանապարհը մոռացած կամ կորցրած լինենք: Վերջերս վերադարձել էի մի տուն, ուր վաղուց չէի եղել: Այդ տանն ապրում է հայերենը: Այդ տանն ապրում է հոգին: Այդ տանն ապրում է նաև Իշխան Բադալյանը: Նա բանաստեղծում է և բանաստեղծությունները կոչում է գիր: Գրերի մի մասն արդեն լույս է տեսել «Ղողանջ օրհներգության» անունը կրող գրքում:

Իշխան Բադալյանին հյուր լինելուս ընթացքում զրուցեցինք, հնչեցին խոհեր, և ես՝ որպես վավերագրությանն անհույս սիրահարված մարդ, դրանք պահպանեցի, որպեսզի այդ խոհերը հնչեն նաև ընթերցողների համար…


Կա մարմնական ծնունդ, և կա հոգու ծնունդ: Յուրաքանչյուր մարդու կյանքում կատարվում են բեկումնային իրադարձություններ, երբ «Աստված» բառն, անկախ մարդուց, դադարում է պարզապես բառ լինելուց, դառնում է կենդանի: Երբ մարդը հիվանդանում է ինչ-որ ծանր հիվանդությամբ, մահվան եզրին է լինում կամ պարզապես ինչ-որ արտառոց բան է կատարվում նրա հետ, այդժամ Աստված ցույց է տալիս Իր ներկայությունը՝ որպես Փրկիչ, որպես հոգու ազատարար: Դրանից հետո մարդն ակամա սկսում է ուշադրությունը կենտրոնացնել իր ներաշխարհին: Ու կատարվում է հոգու ծնունդը: Այսպիսով կա արտաքին աշխարհ, որը շեղողն է, և կա իսկականը՝ ներսի աշխարհը:

Մարդը տիեզերքի մանրակերտն է, և տարբեր տիեզերական շերտեր է կրում իր մեջ: Մարդու ամեն բջիջն ու հյուլեն մեծացնելիս կարող ենք տիեզերք գտնել: Այդ պատճառով է մարդն ամբողջի մի մասնիկը:  Երբ մարդը կտրվում է ամբողջից, սկսում է սարքել իր համար ինչ-որ պատկերային աշխարհ ու այդ աշխարհի մեջ իրեն թագավոր է կարգում: Եվ երբ այդ սարքված աշխարհը կործանվում է, մարդը միանում է ամբողջին, սա նույնպես բեկումնային պահ է, որն ամբողջ մտածողությունն է փոխում:

Երբ մարդը մեկ է դառնում ամբողջի հետ, այդ ժամանակ է կենդանի Աստծո էությունը, սերը, լույսը, խաղաղությունը, զվարթությունը, պայծառությունն սկսում առաջնորդել նրան, ու մարդը դառնում է երկրի մեջ քայլող երկնքի բնակիչ, ինչպես Քրիստոս է:

Պատերազմները, բնական աղետներն և հազար ու մի տարաձայնությունները, որոնք կան մեր իրականությունում, այն բանի հետևանք են, որ մարդիկ իրար հանդեպ սեր ու լույս չունեն, չեն կարողանում լսել, համբերել, իրար ներել: Դա էլ գիտակցության պակասից է գալիս. մարդն ինքը չի հասկանում՝ իր ներաշխարհում ովքեր են ապրում: Մարդը երբեք մենակ չէ, նրա մեջ տարբեր զորություններ ու էություններ կան. նա այդ ամենի մարմնատունն է ու իր մեջ կրում է և՛ ոգեղեն ու ցածր շերտեր, և՛ հոգու շերտեր:

Հեղափոխությամբ չէ, որ պիտի լավացնենք մեր կյանքի որակը, դա խաբկանք է: Աշխարհի մեջ չկա ազատություն. ազատությունը ներսի որակ է: Մարդիկ դարերով ազատության ու անկախության համար են պայքարել ու պատերազմել: Բայց դա սխալ մոտեցում է:
Ումի՞ց պիտի ազատվես այս աշխարհի մեջ, ումի՞ց անկախանաս, ինչի՞ համար անկախանաս ու ազատ լինես ա՛յս աշխարհում:

Աշխարհը շուռ է եկած. ներքևը վերև են արել, վերևը՝ ներքը: Աշխարհի իշխանը գերություն է բերել մարդկանց, ազատություն չի տալիս, ոգեղեն զնդանում է պահում մարդուն: Դրա համար են մարդիկ տառապում, լալիս, մեկը մյուսին քարկոծում, փնովում, հազար ու մի տարաձայնությունների պատճառ դառնում, որովհետև նույնը պատերազմն ընթանում է մարդու ներսում: Եվ մարդը պիտի անցնի այդ պատերազմների միջով, որպեսզի այլևս չհուսահատվի, չվհատվի:

Մարմինն անոթ է, որը պիտի անընդհատ դատարկ պահել, որպեսզի կյանքի գետը երկնքից հոսի դրա մեջ, որպեսզի կարողանաս գետին կից կյանքով ապրել: Կգա ժամանակ, երբ մարդը կազատվի հնից: Երբ կդադարեն մտքի պատուհանները բացվել վախի ազդակների առաջ, որովհետև դա է մարդու թշնամին: Այն գալիս է ու տագնապ է բերում տանդ մեջ: Պիտի հասկանաս, որ դա որոմն է. այգուդ մեջ որոմ կա, արմատախիլ արա այն, հանիր: Սա է ընթացքը հոգու: Պատերազմը պիտի տաս քո ներսում: Իմանաս՝ ինչն է քեզ խանգարում, ինչն է քեզ լարում ու տագնապ բերում: Դա մի ուժ է, որը չի երևում դրսից: Պիտի անկեղծ լինես ու տեսնես՝ ինչն է քեզ խանգարում քո ներսում, ոչ թե դրսինն առաջ բերես՝ որպես քավության նոխազ: Փորձիչը քո ներսում է:

Փոսի, մահվան գուբի մեջ էլ պիտի հիշես, որ մենակ չես: Աստված քեզ հետ է, երկնքի կենդանի զորությունը հետդ է: Աստվածաշնչում էլ այդ մասին պատմող բազմաթիվ պատմություններ կան: Բայց մենք ինչպե՞ս ենք այն ընթերցում… գեղարվեստական գրքի պես, դրա համար ենք ասում՝ մարդու գրված է, սարքված է: Բայց երբ ներսի աչքով ես կարդում, հասկ ես դառնում՝ հասկանում ես, թե ինչը ինչի համար է ասվում:

Քրիստոս եկավ աշխարհ ու ասաց՝  Ես եմ ճանապարհը, որպեսզի ցույց տա, որ մենք եկել ենք մի վայր, որտեղից պիտի հետ վերադառնանք դեպի տուն: Որովհետև Հայրը սպասում է յուրաքանչյուրիս վերադարձին:

Ո՞վ է մարդը, ո՞վ ունի այս հարցի պատասխանն իր ներսում: Մարդը հոգի է, որի ժամանակավոր կացարանը մարմինն է: Ամբողջից կտրված ու աշխարհ եկած հոգին ողջ կյանքում ջանում է վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է ու միավորվել ամբողջին: Սա ճանապարհ է, որն ամեն մարդ անցնում է: Եվ այդ ճանապարհը տառապանքի ճանապարհ է, քան դեռ չես անցել քո ոգեղեն դաշտերի միջով ու չես կարողացել ներսիդ բոլոր զորությունների կառավարումը քո ձեռքը վերցնել:

Մարդուն թվում է՝ կարևորն ինքն է, որովհետև միշտ ինքն է երևում, իսկ Աստված ոչ մի ժամանակ չի երևում: Մարդն իր տեսածն է համարում կյանքը, բայց Քրիստոս այլ դաս էր տալիս, ասում էր՝ աչքի տեսածով մի դատեք:

Հոգուն չես կարող սնել մարմնի կերակուրով, հոգին Աստծո կենդանի Էությամբ կարող է սնվել: Այսօր Նա գալիս է, բացում է դուռն ու ասում՝ դուրս եկեք խավարից, ճախրեք: Բայց մարդիկ կուրանում են այդ լույսից. միշտ այդպես է լինում, երբ խավարից հետո նայում ես լույսին: Մարդը սովոր է հնին, բայց երկնքի դռները բացվում են նորից ու ազատություն բերում:

Աստվածաշունչն այսօր ամենատարածված գիրքն է, թարգմանված է բոլոր լեզուներով, բայց ո՞վ է ապրու՛մ այդ գիրքը: Սա է հարցը: Իմանալն իմաստնանալ չէ: Կան բաներ, որոնք չպետք է անընդհատ ասվեն, բայց քանի որ մենք միայն լսող ենք, ապրող չենք, ընդամենը լսում ու առաջ ենք անցնում, նույն բաներն անընդհատ շեշտելու անհրաժեշտություն է ստեղծվում:

Սա է աշխարհը, տես՝ ինչ է կատարվում յուրաքանչյուրի ներսում՝ ոչ սեր կա, ոչ լույս, ոչ ներողամտություն, ոչ համբերատարություն, ոչ ուրախություն ու զվարթություն:
Ամենուրեք նույն մահն է, նույն վհատությունն ու հուսահատությունը, միևնույն հիվանդությունները, նույն տարաձայնությունը: Մի՞թե Փրկիչը չկա: Փրկիչը կա, մենք չկանք: Մենք չկանք Փրկչի մեջ: Այդ է պատճառը, որ երբ մարդկանց հարցնում ես՝ ի՞նչ կա, ասում են՝ բան չկա: Ինչպե՞ս կարող է Բանը չլինել, երբ ամենը Բանով է: Իսկ Աստված սպասում է մարդուն, մարդու վերադարձին դեպի Հոր տուն: Պարզապես մեզ համար ամեն ինչ կարևոր է, բացի այն ձայնից, որ ասում է՝ զավակներս, արթնացեք: Արթնացեք:

Հոգու ամեն մի ապրում, ներքին ուրախության ու ցնծության ամեն պահը հրաշք է: Հրաշք է, երբ տեսնում ես՝ որքան գթառատ ու ներողամիտ է Աստված: Երբ տեսնում ես, ինչպես է Նա զգուշացնում չանել այդ բանը, բայց դու մարդկայինորեն անում ու սխալվում ես, ինչպես է քեզ խրատում, որքան մեծահոգաբար: Աստծո սերը մահ չունի: Նա է հոգիներին կյանք տալիս, հոսեցնում կյանքի գետը, սերը, լույսը…


Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×