«Աստված իմ, սա իմ առաջին հարցազրույցն է Հայաստանում»,- ծիծաղելով բացականչում է Լուսինե Հովհաննիսյանը, երբ միացնում եմ ձայնագրիչս: Երևանյան գեղեցիկ երեկո է` ամառային, պարզ, լուսե: Լուսինեն մեր հանդիպումը խորհրդանշական է համարում: Առաջին անգամ հանդիպել ենք տարիներ առաջ, Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում, որտեղ Լուսինեն «Եկեղեցի և մշակույթ» խորագրով համերգ- քննարկում էր անցկացնում: Դեռ այն ժամանակ նա ինձ տպավորել էր իր հարուստ և խորը գիտելիքներով, չքնաղ ձայնով: Հիմա, տարիներ անց նորից հանդիպել ենք, որ միասին հյուսենք նրա «Կենաց Ծառը»: Լուսինեի ձեռքում իր հեղինակած պոեմներն ու բանաստեղծություններն են` երբեք չհրապարակված «Բիբլիադա» շարքը. իմ որոշ հարցերին նա հենց դրանք կարդալով է պատասխանում:
Մեր զրույցի լավագույն հատվածները ներկայացնում եմ ստորև.
Երբ ես ծնվեցի,
Հոգիս վար սուրաց հեռու-հեռավոր, մոտիկ-մոտավոր աշխարհներից…
Հոգիս` բազում տիեզերք, գահավիժեց,
ու ճանապարհին ինչ կար- չկար` հետը քարշ տվեց.
ծիրք կաթին, աստվածներ հնամենի ու էություններ, ու զորություններ, ու պետություններ...
Սուրաց` ամենն ուսին առած,
լույսն իրեն գոտի արած,
ու ճամփին ժպտաց իրեն հանդիպած մեծերին,
մի-մի աստղիկ բաշխեց հանդիպած փոքրերին:
Լույսի խաղով վար իջավ`
ստեպ-ստեպ թանձրացավ,
ծանրացավ-հապաղեց,
ու մայրս այնժամ` երկունքի ցավով բռնվեց…
1973 էր, «Արարատ-73»-ի տարին` Հայաստանի միասնականությունը խորհրդանշող տարին: Միասնության խնդիրը մեր ամենացավոտ կետն է: Առանձին, անհատական սպորտաձևերով հաճախ ենք հաղթել ու հաղթում, բայց ֆուտբոլն ու խմբային խաղի էությունն ուրիշ է…
Տունը, որտեղ ապրել եմ մանկությանս տարիներին, գիտական մթնոլորտով լի էր: Աչքս բացելուն պես` ամեն բնագավառից ինֆորմացիա եմ ստացել: Ընտանիքիս ավագները պատմում են, որ երբ 3 տարեկան եմ եղել, ականջի պոչով լսել եմ՝ ինչպես է մեծ քույրս ծավալուն մի բանաստեղծություն սովորում, ու հետո խաղալիս ինքս ամբողջությամբ վերարտադրել եմ այն: Այդպես պարզել են, որ լավ հիշողություն ունեմ ու սկսել են ինձ վաղ տարիքից կրթել: Դպրոց ընդունվելիս արդեն գիտեի տառերն ու չափազանց լավ տեղեկացված էի աշխարհագրությունից: Իհարկե, հաճելի ու հետաքրքիր էր, բայց նաև տանջալի մի բան կար դրանում. հաճախ եմ ինձ փոքր-ինչ օտարված զգացել…
Կրթության հանդեպ սերը լավագույն դասն է, որ քաղել եմ ծնողներիցս: Հայրս կենսաբան-քիմիկոս էր, աթեիստ: Մեզ շրջապատող աշխարհի, բնության մասին շատ հարցերի պատասխաններն ուներ, բայց հիշում եմ՝ մեկ-մեկ նայում էր երկնքին ու ասում. «Լավ, բայց ախր ո՞նց է ստեղծվել էս ամենը…» (ժպտում է,-հեղ.):
Խորհրդային համակարգը, հոգևորը մերժելով, դրա փոխարեն առաջարկում էր գիտություն: Կրթությունը, գիրքը պաշտամունքի առարկա էին մեր տանը: Մայրս խորաթափանց, սուր մտքի տեր մեկն է. կրթությամբ՝ պատմաբան, այն ժամանակ աշխատում էր գրադարանում, և մեր տանը գիտելիքի, գրքի ու կրթության պակաս չկար: Աստծուն փնտրել եմ ամեն տեղ ու ամեն ինչում… Կապը միշտ է եղել (հաճախ՝ երազներով), ես միշտ գիտեի, որ կա ուժ`զորություն, որ խնամում ու հոգ է տանում ամենքին ու ամեն ինչին:
Մարդկանց հետ շփվելիս ես շփվում եմ Աստծո հետ: Կյանքում մեզ հանդիպած մարդկանց հետ մենք, թերևս, միայն որոշ չափով ենք շփվում` այսինքն, առնչվում ենք նրանց կուտակած ինֆորմացիոն բազային, իսկ ողջ մնացյալն Աստված է`անհայտը: Եվ ցանկացած մարդու հետ շփումն Աստծո կանչի պես մի բան կարող ես համարել:
Այն, ինչի կարիքն իրոք ունես` տրվում է Աստծով: Երբ երաժշտական կրթությունս շարունակել չհաջողվեց, ընտրեցի բժշկությունը: Ապա տեղափոխվեցի Ֆրանսիա՝ ուսումս այնտեղ շարունակելու: Ուղեղի հետազոտություններով զբաղվելը նույնպես Աստծուն մոտենալու համար էր: Եվ սա էլ շատ հետաքրքիր ձևով ինձ կրկին վերադարձրեց դեպի երաժշտություն:
Աստված երաժշտության լեզվով է գրել աշխարհը: Անընդգրկելի մի ալգորիթմ է, որը ես համառորեն փորձում եմ վերծանել ու չեմ հրաժարվում դրանից: Չեմ էլ կարող ասել, թե քանի անգամ եմ հասել ծայրահեղության աստիճանի, ու ամեն անգամ ծնվել են սրանք (ցույց է տալիս ձեռքում եղած թղթերն՝ իր բանաստեղծությունները,-հեղ.): Հիմա Աստծո հետ բարդ հարաբերությունների մեջ եմ (ժպտում է,-հեղ.): Աստվածամարտ է` կենդանի կռիվ. սովորաբար, սա միանշանակ չեն ընդունում, բայց, գիտե՞ք, առանց այդ մարտերի չկան հարաբերություններ…
Հուսահատության պահերին պայքարիս ոգին ավելի է ուժեղանում: Ինձ համար բացասական ցանկացած էմոցիա հուսահատությունից գերադասելի է: Հուսահատությունը վերջն է`ինքնասպանությանը հավասար մի բան. դա նման է տաճարդ սեփական ձեռքով ավերելուն:
Կյանքիս ամեն դժվարությունից սովորել եմ. ես անընդհատ եմ սովորում, ամենքից ու ամեն ինչից՝ ծաղկից, ծառից… Բայցև, որքան առաջ եմ գնում, այնքան խաղը բարդանում է: Գիտեմ, որ հաջորդ փորձությունը նախորդից բարդ է լինելու: Դժվարություններից քաղածս դասերն, իհարկե, օգնում են, բայց վստահ եմ, որ խաղը մշտապես բարդանում է: Իսկ ես փոքրուց եմ ընտրել հենց բարդը:
Սե՛րն է պտտում Երկիր մոլորակը. կասկած իսկ չունեմ: Մնում է պարզաբանել՝ ինչ է այն: Ե՞րբ կարող ես սիրել մեկին. երբ գիտես նրան`մինչև վերջին բջիջը: Անգամ ամենավերջին անառակին ու ավազակին կարող ես սիրել, երբ գիտես նրա արարքների դրդապատճառները, նրա կյանքը, նրա ծնունդը… Երբ գիտես, առնվազն ոչինչ չի խանգարի, որ սիրես: Պարզեցված բանաձևի է նման, որը դուրս բերելն է բարդ:
Աստվածաշունչը կոթող է:
Երաժշտության մեջ ու պոեզիայում եմ Աստծուն ամենաշատը մոտ զգում` գրելիս ու երգելիս… Բարեբախտաբար, ստեղծելու, ավելի շուտ`միջնորդ լինելու
շնորհ ունեմ: Բանաստեղծություններս հստակ աղբյուր ունեն. հոսում են, երբ հասնում է պահը: Եթե չգրանցեմ` ձև ու մարմին առած բառերը կտարրալուծվեն, կամ հետո ուրիշ մարմին առած կգան…
Տե՜ր, մարգարեությունն իմ` կույրի պես խավարում Քեզ շոշափելն է,
հայտնատեսությունն իմ` երկնոլորտում զարկերակդ լսելն է.
ծիր կաթինը բիբիս մեջ արտացոլելն է,
տարածությունը չկորացնելն է, ծնունդ ու մահի սահմանը ջնջելն է,
պահին ձուլվելն է, ժամանակի սլացքից պոկվելն է, ժամանակից առաջ անցնելն է`
պարզապես չուշանալն է. օդում բաբախող բանն ունկնդրելն ու թղթին հանձնելն է…
Ես չեմ գոյատևի առանց ինֆորմացիայի համալրման, դրա վերլուծության ու նորացման: Խոսքս ամբողջական համակարգի մասին է, որի շնորհիվ սեփական ներաշխարհի ու շրջապատող միջավայրի վերաբերյալ առավելագույն ինֆորմացիա ես կուտակում: Դրան հետևում է ինֆորմացիայի կառավարումը: Սա միայն տաղանդի, շնորհի հարց չէ, որովհետև հզոր, բայց վատ կառավարվող ինֆորմացիոն հոսքի ներքո ուղղակի կարելի է կործանվել: Ինֆորմացիայի կառավարմանը հաջորդում է դրա կիրառումը. սա էլ կյանքիս մյուս կարևոր բաղադրիչն է` գործնական կիրառությունը:
Նյուտոնը, Գալիլեյը, Տեսլան այն մարդիկ են, որոնց հետ կուզեի զրուցելու հնար ունենալ… Օգոստոս Երևանելին, հա՛, Փոքր Մհերը նաև (ժպտում է,-հեղ.): Տեսլան չսրբացված սուրբ է. չլիներ փոփոխական հոսանքի գեներատորի գյուտը՝ մոլորակը գուցե արդեն ավերակի վերածված լիներ:
Իմ կյանքի սերը գիտությունն է, իմացությունը: Չկա իմացությունից առավել մի լույս և անգիտությունից առավել մի խավար: Եվ չես կարող իսկապես սիրել՝ առանց իմաց…
Մենք քայլող Կենաց Ծառ ենք՝ տիեզերքին համազոր, հար և նման: Մեր և տիեզերքի հիմքում միևնույն գործընթացներն են: Ամենքս էլ մի կտոր տիեզերք ենք` եզակի մանրակերտ: Սիրտը կծկվում ու թուլանում է, շնչելիս մենք ընդարձակվում ու նեղանում ենք, տիեզերքը՝ նույնպես:
Հոգևոր աճն եմ համարում իմ կյանքի գլխավոր ձեռքբերումը, որովհետև դրանից է բխում մնացյալ ամեն ինչն իմ կյանքում: Ընթացքը ծանր է ու ոչ հաճելի, բայց տված պտղի համար հաստատ արժե ջանք թափել:
Քարը ճեղքած ծիլ լինի.
աշխարհ փոխող քիչ լինի:
Տարօրինակ կարող է հնչել, բայց ես այն քչերից եմ, ով չի ուզում աշխարհը փոխել: Ես ի՛նքս եմ փոխվում…
Երանի նրանց, որ մտքով թռչել գիտեն.
խինդից չարբել ու այսօրվա ողբին վաղվա անթաց աչքով նայել,
սեփական ցավից `ալքիմիկոսի պես խինդի ոսկի արարել:
Երանի նրանց, որ վաղվա հոգսին այսօր անհոգ սրտով նայել գիտեն,
ու իրական հերոսի պես` վաղվա կռվում այսօր հաղթել:
Երանի նրանց, ում համար ուրախ կամ տխուր հուշ չէ եղածը.
հասակ առնող մանուկ, տուն, ծառ, հյուսած գորգ ու երգ է անցած-գնացածը:
Երանի նրանց, որ ժամանակի` միմիայն իրենց հայտնի միջանցքներում ազատ ելումուտ ունեն…
Երանի նրանց, որ միմիայն իրենց հայտնի աշխարհում ապրել գիտեն:
Զրուցեց՝ Ա. Պողոսյանը