Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այս խոսքերը միշտ և ամենուրեք նշանաբան են Արթուր Խաչենցի համար, ով ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում մարտնչած քաջերից է: Նրա հետ զրույցը հետաքրքիր էր, անկեղծ ու սրտաբաց՝ լի ջերմ ու վարակիչ հայրենասիրությամբ:
«Իմ հոգին զոյգ յենարաններ ունի՝ Աստված եւ հայրենիք»:
Հաճախ զգացել եմ, թե ոնց է փամփուշտը ականջիս կողքով անցել շատ մոտիկ...Դա էլի պատճառ էր, որ հավատայի՝ մենակ չեմ, մայր ունեմ թիկունքում, վերևում՝ Աստված, Ով պաշտպանում է ինձ:
Հայրենիքն ի վերուստ մեզ տրված սուրբ պարգև է: Ինձ համար հայրենիքն իմ հարազատ, մշտավառ օջախն է, ընտանիքս, մեր երկիր-դրախտավայրը և այնտեղ ամենուր, ամեն մի քարում ապրող հույսը, հավատն ու սերը: Ես այդ ամենի համար էի կռվում: Եթե անգամ Արցախում ծնված չլինեի, միևնույն է, այն ինձ համար երազային, հրաշք մի երկիր է, որ այդքան սուրբ մարդկանց՝ իսկական հայրենասերների արյունով է պահված:
«Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»:
Ինչպես ծառը, մարդը ևս իր արմատներն ունի: Ինչպե՞ս կարող է ծառը պտուղ տալ, եթե կառչած չէ իր հողին ու արմատներին: Եթե մենք հրաժարվենք մեր գենից ու նախնիների ժառանգությունից, ինչպե՞ս կարող ենք ասել, որ հայ ենք: Պատմությունն ամենալավ ուսուցիչն է. ցավոք, մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել նրանից: Մենք մեր ունեցածը պահել, գնահատել դժվարանում ենք: Ես հայրենասիրություն ասելիս առաջին հերթին պատկերացնում եմ Նժդեհին, Անդրանիկին, մեր ֆիդայական շարժումը և այն փառահեղ էջերը, որոնցով հպարտ ասում եմ, որ հայ եմ ծնվել:
Հաճախ եմ մեջբերում Նժդեհի խոսքերը. «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր». այսօր մեր ժողովրդի մի մեծ մաս հեռացել է իր արմատներից: Ազգային արժեքների ու մշակույթի իմացությամբ և պահպանմամբ պետք է փորձենք փրկել մեր կողքիներին մեր ժամանակի սպիտակ ցեղասպանությունից: Մեր օրերում, երբ ամեն ինչ կարծես վերածվել է շահի ու նյութականի հետևից վազքի, ուզում եմ, որ մարդիկ չվաճառվեն, չվաճառեն իրենց կյանքն ու ապագան…Ուզում եմ, որ փրկենք մեր մանուկի վաղվա օրը, չվախենանք անարդարության դեմ պայքարից: Միայն այդպե՛ս կարող ենք անմար պահել մեր հերոսների հիշատակը և արժանի լինել նրանց թափած արյանը:
Ապրիլյան օրերին, առաջնագծում…
Երբեք մահից չեմ վախեցել, միշտ էլ պատրաստ էի դրան, բայց և չէի ցանկանում, որ մորս սպասումներն անկատար մնային, ուզում էի պայքարել, պատվով փակել այդ էջը և հասնել տուն, որտեղ սպասում էին ինձ: Չէի կարող նահանջել մեկ այլ պատճառով էլ. ես համարում եմ, որ միայն մեկ մարդու առաքելություն չէ, որ ունեմ ուսերիս: Միշտ հիշում եմ, որ ինձ կոչել են Արցախյան գոյամարտում զոհված հորեղբորս անունով: Եվ ես ոչ միայն պարզապես իր անունն եմ կրում, այլև իր գաղափարներով առաջնորդվում: Նույնիսկ ասում են, որ ոչ միայն արտաքնապես, այլև շարժուձևով ու արարքներով եմ իրեն նման: Երբ նոր էի վերադարձել բանակից և պատմում էի, որ զենքը քնելիս անգամ ուսիս էր, քեռիս ասաց՝ «ճիշտ քո հոպարի պես»…Եվ հիմա ոչ մի դեպքում չեմ թողնի Արցախը, հանուն մեր ազատ և խաղաղ օրերի զոհված հորեղբորս գերեզմանը: Ես ուզում եմ շարունակել իր գործը՝ համարելով, որ սրբազան պարտք ունեմ կատարելու:
«Ոչ մի դեպքում չէի զիջի իմ մարտական դիրքը»:
Երկու տարվա ընթացքում այն տուն էր դարձել ինձ համար: Ես այդ ամրոցի «արքան» էի. մշտապես աշխատում էինք այնտեղ, ամրացնում: Վերջերս մեր մարտական դիրքի վրա դիվերսիոն փորձ էր կատարվել: Հեռուստացույցով այնտեղից կադրեր էին ցուցադրում: Ես կարոտով նայում էի և զարմանում. երբեք չէի մտածի, որ կկարոտեմ, որ այնտեղ թողած ջերմ հուշեր կունենամ…Այնպիսի զգացողություն է՝ կարծես առաջնագծում տունս թողած լինեմ: Եվ իսկապես, այնտեղ հող ունեմ, գործ ունեմ կիսատ, ու երբ լարված իրավիճակ լինի, դարձյալ գնալու եմ:
Պետք է միշտ պատրաստ լինել պատերազմին: Հիշում եմ՝ երբ դիակների փոխանակում էինք կատարում, տեղս չէի գտնում, վրիժառությունը հանգիստ չէր տալիս…այդ օրվանից հետո պիտի կռվեմ ոչ միայն իմ, այլև այդ տղաների չապրած կյանքի համար…
«Եթե ապրում ես, պետք է պայքարես, այլապես արժանի չես ապրելու իրավունքը վաստակելու»:
Եթե մի քանի ժամ էլ երկարեր ապրիլյան պատերազմը, հավանաբար ես էլ կզոհվեի: Երևի դրանով չէր ավարտվում իմ առաքելությունը. հայրենիքս, մեր սրբությունները պաշտպանելու առաքելությունը, որ միշտ իմ կյանքի, իմ հոգու և սրտի մեջ է: Պայքար է ամենուր՝ թե՛ կյանքում, թե՛ պատերազմի դաշտում, և ոչ մի դեպքում չպետք է հանձնվել:
Ապրիլյան դեպքերից ուղիղ մեկ տարի անց, ապրիլի 2-ին Արցախի ՈՒՀԱ թիմով հաղթեցինք Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում: Ինձ համար մեծ ուրախություն էր դա: Եվ երբ հիշում էի, թե որտեղ էի մեկ տարի առաջ, տարբեր աշխարհներ էին պատկերանում: Մեկ՝ համազգեստով, առաջնագծում կանգնած, սպասում էի՝ գիշերը գար, գեթ հով լիներ, կամ՝ լուսնի լույսը գեղեցկություն հաղորդեր շրջակայքին, և մեկ էլ՝ Մոսկվա, շքեղ քաղաք, մեծ բեմեր, ծափեր…բայց երկու տեղում էլ պայքար և հպարտության զգացում կար...
«Չնայած դժվարություններին՝ ետ նայելիս ժպիտ է հայտնվում դեմքիս»:
Բանակային տարիները բարի ու լավ հիշողություններ, մարտական ընկերներ են տվել, որոնց հետ ամեն անգամ հիշողությունների գիրկն ենք ընկնում՝ հասկանալով, որ այդ երկու տարին այլ կյանքով ենք ապրել: Այդ տարիները նաև հասունություն և խորհելու առիթ են տվել:
«Եթե Սեր կա աշխարհում, ինչո՞ւ այն թողած՝ չարին հետևենք»:
Առանց այն էլ չարիքն աշխարհում չափազանց շատ է: Եթե կարող ենք սեր սփռել մեր շուրջը, եթե կարող ենք սատար կանգնել կողքի ընկերոջն ու հարևանին, ինչու ենք մեր ներսում չարը կուտակում և դրանով լցնում աշխարհը...
Մենք կարող ենք ընդամենը չորս պատ, տանիք ունենալ և երջանիկ լինել: Չէ՞ որ իրական երջանկությունը Աստծո ներկայությունն է մեր կյանքում:
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը