Վերոնիկա Բարսեղյանի «Կենաց Ծառը»

Վերոնիկա Բարսեղյանի «Կենաց Ծառը»

Ասում են՝ մարդիկ երկու մեծ խմբի են բաժանվում՝ սպառողների և ստեղծողների: Ստեղծողները նրանք են, ովքեր ավելացնում են աշխարհի լույսը. արարումը նրանց ապրելու կերպն է:  Վերոնիկա Բարսեղյանն ստեղծողներից է, մեկը, ում ձեռքերում կավը շնչավորվում է, դառնում է կիրառելի, դառնում է գեղեցկություն: Խեցեգործության արվեստը Վերոնիկայի ստեղծելու ուղին է: «Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում նա խոսել է այդ ուղուց, դրա ընտրությունից և իր կյանքի առանցքը կազմող մյուս կարևոր երևույթներից:
Մեր զրույցի լավագույն հատվածները՝ ստորև.



Երբ ես ծնվեցի, աչքերս ժպտացին (ժպտում է,-հեղ.):
 

Տունն ու միջավայրըորտեղ ապրել ու մեծացել եմ, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա, բայց առավել կարևորում եմ մեր ամառանոցում անցկացրած օրերս։ Հենց այնտեղ եմ հասկացել, որ պիտի արվեստով և ինչ-որ լուսավոր բանով զբաղվեմ: Ինձ հատկապես մի դեպք է տպավորել. երբ դեռ երեխա էի, մի անգամ մեր ամառանոցից շատ ուշ ժամի դուրս      եկա ու տեսա լուսատիտիկների լույսը… Հալվեցի: Շատ, շա՜տ սիրուն տեսարան էր: Այդ ժամանակվանից էլ ներսումս սկսեց ձևավորվել գիտակցությունը, որ պիտի ամենուր լուսավորը փնտրեմ:
 

Չեմ պատկերացնում ավելի կատարյալ կամ գեղեցիկ բան, քան բնության հետ շփումն է: Սա պարզապես ինչ-որ ծեծված միտք չէ, հակառակը, հենց այդ շփումն է եղել իմ մանկության հրաշքը: Չեմ պատկերացնում՝ ուրիշ որտեղ մարդը կարող է իրեն այդքան հանգիստ ու ներդաշնակ զգալ։ Հրաշք եմ համարում նաև այն, որ գտել եմ ինձ ու սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ։
 

Լավագույն դասըոր քաղել եմ ծնողներիցս,  շատ ազնիվ լինելն է։ Շրջապատումս մշտապես զարմացել են՝ ինչու եմ ես այսքան անկեղծ, պարզ. ինքս էլ եմ մտածել այդ հարցի շուրջ ու հասկացել՝ ինչու։ Ինչպե՞ս չլինել այդպիսին, երբ մեծանում ես մի ընտանիքում, որտեղ բոլորն ազնիվ են։ Եվ բավական չէ՝ ազնիվ են, չեն էլ զգուշացնում, որ աշխարհում ոչ բոլորն են այդքան ազնիվ (ծիծաղում է,-հեղ.)։


Երբ երեխա էիԱստված մեկն էրով  ինձ չէր կարող տեսնել, երբ մտնում էի սեղանի տակ։ Որովհետև Նա երկնքում էր, ես՝ սեղանի տակ: Ամենածիծաղելին, որ մինչև սեղանի տակ մտնելը, ես արդեն իսկ ինձ «թաքցնող» առաստաղի տակ էի, բայց չգիտեմ՝ ինչու հավատացած էի, որ տունը տեսանելի է, սեղանի տակը՝ ոչ (ծիծաղում է,-հեղ.):
Հիմա Աստված լույս է, չքնաղ հրաշք, գանձ… Ես ինձ իսկապես գտել եմ քրիստոնեության մեջ։ Խաղաղ եմ։ Պատահական չէր նաև, որ վերջերս ծննդյանս օրը նշեցի Տաթևում, Հայր Միքայելի հետ:
 

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդը  գեղանկարիչ Գոռ Պետրոսյանն է: Ակադեմիայում ուսանելուս տարիներին նա ինձ գծագրություն էր դասավանդում: Նկարելիս մարդն իսկապես վերանում է աշխարհից, դառնում է առավել բաց, ուշադրությունն այլ կերպ է աշխատում։ Հենց նկարելու ընթացում են Գոռից ստացած հոգևոր դասերը դիպչել սրտիս: Նա է իր ուշադրությամբ և իմաստությամբ առաջնորդել ինձ, երբ երեխա էի հավատքիս մեջ, և շատ հեշտ էր շեղվելը, հետդարձ ապրելը: Մինչ այդ ես չէի գնում պատարագների, երբևէ չէի ընթերցել Սուրբ Գիրքը: Այսինքն գիտակից հավատավոր չէի: Պաշտել եմ խաչը՝ չկարողանալով տասը րոպե խոսել այդ խաչից: Շատ կարևոր է, որ դու ոչ միայն պարզապես հավատաս, այլ կարողանաս ասել՝ ինչին ես հավատում, ինքդ կարողանաս քննել, համոզվել, որ ամուր լինես հավատքիդ մեջ։
 

Ես սիրում եմ մարդկանց, մարդուն՝ անկախ իր թերություններից։  Կար ժամանակ, երբ ինձնից հեռացնում էի անհավատ մարդկանց, հիմա այդպես չեմ վարվում: Հակառակը, փորձում եմ իրենց վրա փոքր կաթիլներով ներազդել՝ ոչ թե ինչ-որ բան քարոզելով, այլ իմ օրինակը բերելով՝ ինչպիսին էի ես առանց հավատի և ինչպիսին եմ հիմա: Իրենք էլ փորձում են ինձ վրա ներազդել, իրենց աշխարհայացքը տարածել: Բնական գործընթաց է, կարծում եմ:
 

Երկիր մոլորակը պտտում են  և՛ լավ երևույթները, և՛ վատ երևույթները։ Չեմ կարող ասել, որ  միայն լավն է աշխարհն առաջ տանում. դա հակասում է հավասարակշռությանը։ Երկուսի՝ բարու և չարի միաձուլումն է, որ պտտում է մոլորակը։
 

Հուսահատության պահերին  լաց եմ լինում, ուրիշ ի՞նչ պիտի անեմ (ժպտում է,-հեղ.)։ Լացում և էներգիա եմ հավաքում։ Արցունքների միջոցով դատարկվում ես հուսահատությունից և ամեն նորի համար տեղ ես ազատում՝ այսպիսով ոտքի կանգնելով։ Միշտ փորձում եմ նաև հուսահատությունից քաղել դրանում թաքնված խորհուրդը։


Կյանքիս մեծագույն դժավարությունը հաղթահարելիս սովորեցիոր  ես շատ ավելի ուժեղ եմ, քան ինձ թվում էր, շատ ավելի։ Ամեն նոր դժվարությանը հանդիպելիս կարծում ես՝ այլևս չես լինի, ոտքի չես կանգնի, բայց երբ հաղթահարում ես այն, հասկանում ես, որ ավելի ամուր ես կանգնած։
 

Օրս «Հայր մեր»-ով եմ ամփոփում։  Օրվա ավարտին, հիշողությունս կենտրոնացնելով, փորձում եմ ժամ առ ժամ մտաբերել՝ ինչ եմ արել։ Այդպես օրդ շատ բեղուն է անցնում, երբ գիտես, որ վերջում ինքդ քեզ հաշվետու պիտի լինես՝ ինչ ես արել. ինքդ քեզ անգործ չես թողնում, որ արածդ գործը հիշես օրվա ավարտին։
 

Մարդը մահանում էերբ  ձանձրանում է ու դառնում է ալարկոտ։
 

Ծուլանալիս ինքս ինձ հետ եմ խոսում,  նախատում եմ (ժպտում է,-հեղ.): Հետո անմիջապես փորձում եմ գործելու մոտիվացիա գտնել: Օրինակ, հիշում եմ, որ վառարանը միացրել եմ, ժամանակն է անջատելու և տեսնելու ներսի կախարդանքը՝ ի վերջո ինչ է ստացվել կավի իմ կտորից: Կամ որոշում եմ, որ վառարանը միացնելու ճիշտ ժամանակն է:
 

Կյանքը լիարժեք էերբ  քո սիրած գործով ես զբաղվում, շրջապատված ես հարազատ մարդկանցով, և նրանք առողջ են. չես նեղսրտում, որ հիվանդ մարդ ունես կողքիդ։
 

Կան բաներորոնք կուզեի ինձնից հետո թողնել այս աշխարհում, բայց փորձում եմ չմտածել այդ մասին, որովհետև մտածելը կդարձնի կեղծ այն, ինչը հավանականություն ունի մնալու ինձնից հետո։ Նպատակը թողնելը չէ, անելն է։
 

Ոչ մի բան դժվար չէերբ սիրում ես։
 

Մշտապես սիրել եմ արվեստը, ուսումնասիրել նկարիչներին, դիտել քանդակագործների աշխատանքները, բայց խեցեգործության հանդեպ սերը շատ ավելի ուշ է եկել։ Երբևէ չեմ կարծել, որ կարող եմ իմ ձեռքերով անել մի բան, որն իրենից արժեք ներկայացնի։ Բայց հենց խեցեգործության շնորհիվ ինքս ինձ գտա: Հիմա ինձ իսկապես երջանկացնում է այն, որ կավի անձև կտորից մեկ ժամվա ընթացքում ինչ-որ բան կարող եմ արարել: Սիրում եմ, երբ ձեռքերս ջերմացնում են կավը: Մասնագիտությունս ընտրել եմ առանց սրա մասին իմանալու, և իսկապես օրհնություն է չիմանալով այդքան ճիշտ որոշում կայացնելը։
 

Հիմա փնտրտուքների փուլում եմ,  մի քիչ դատարկված, որովհետև վերջերս ավարտեցի ինձ համար շատ կարևոր մի նախագիծ։ «Լույսի հիշողությունը»՝ այսպես էի անվանել այն: Նախագծի շրջանակներում կավից պատրաստել էի մարջաններ՝ կազմելով նաև ծավալուն վերլուծություն դրանց անհետացման վտանգի մասին: Մաջանները ջրային աշխարհի համար նույնն են, ինչ ծառերը՝ ցամաքում: Ես մարջաններ սկսել էի պատրաստել մինչև սրա մասին իմանալս: Հետո մի վավերագրական ֆիլմ նայեցի, տեսա՝ ինչ անհավանական գեղեցիկ են մարջանները: Պարզեցի նաև, որ վերջին քսան տարում իրենց հիսուն տոկոսը վերացել է գլոբալ տաքացման հետևանքով։ Հիշում եմ՝ ինչքան էի հուզվել. որևէ այլ ֆիլմ ինձ երբևէ այդքան չի հուզել։ Այդպես ծնվեց մարջանների շարքս. «Լույսի հիշողությունը» անվանում էլ խորհրդանշում է այն, որ մարջանները լույս են, որոնք գնալով մարում են՝ թողնելով միայն հիշողություն իրենց մասին: Այս նախագծով նպատակ ունեի նաև իրազեկելու մարդկանց՝ ինչ կարող ենք մե՛նք անել, որ կանխենք մարջանների ամբողջական անհետացումը:


Խեցեգործությունն ինքնասածի կին է, շա՜տ ինքնասածի։ Երբեք չես իմանա՝ վառարանից ինչ դուրս կգա, արածդ աշխատանքն ի վերջ ինչի կվերածվի: Չես իմանա՝ ինչ կփչի մտքին:
Թեև կավի հետ շատ աշխատելով (կնոջդ հետ շատ ապրելով (ծիծաղում է,-հեղ.)` բռնում ես դրա բնավորության նուրբ մասերը: Ինձ ներշնչում ու ոգևորում է այն, որ այս գործում անընդհատ բացահայտելու դռներ կան, որոնք դեպի նոր աշխարհներ են տանում:
 

Կուզեի հանդիպել մի իմաստուն  ծեր պապիկի՝ բոլորովին պատահական կերպով, ով ինձ հետ անընդհատ կխոսեր և խորհուրդներ կտար:
 

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում  կիսաքանդ եկեղեցիներ այցելելիս։ Անպայման մենակ, ոչ խմբով: Կիսավեր եկեղեցիներում ավելի լավ եմ կենտրոնանում և հին պատերի ներսում ավելի շատ եմ զգում Աստծո ներկայությունը։
 

Ոսկե կանոնը շատ մարդասիրական է և հեշտ կիրառելի. ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կուզեիր՝ քեզ հետ վարվեն: Եվ, իսկապես, արածդ, տվածդ հետ է գալիս: Պարտադիր չէ քրիստոնյա լինել այս կանոնը կյանքի կոչելու, դրանով առաջնորդվելու համար։
 

Դրախտն իմ պատկերացմամբ  տեղ է, որտեղ որքան ուզես՝ ջնարակ կա։ Անվերջ քանակությամբ ջնարակ (ժպտում է,-հեղ.)։
 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  կասեմ՝ բարև (ժպտում է,-հեղ.)։ Իսկ թե լուրջ՝ լույսը կշատանա աշխարհում։ Չեմ կարծում, որ հնարավոր է՝ աշխարհում միայն լավն ու բարին մնա, և այդպես, հավանաբար, հետաքրքիր էլ չի լինի։ Դրախտում է միայն բացարձակ լավը, լույսը, անվերջ ջնարակը։ Իսկ այս աշխարհում անվերջ ջնարակի համար շատ աշխատել և տանջվել է պետք. իսկ հետո, դրախտում կլինի շա՜տ ջնարակ… անվճար (ծիծաղում է,-հեղ.)։

 
 

Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×