Պարը աղոթք է շարժման մեջ...

Պարը աղոթք է շարժման մեջ...

Քրիստոնեության և տարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ զրուցակիցը տեխնիկական գիտությունների թեկնածու, հոգեբանության մագիստրոս, պարուսույց Հովան Դաշտոյանն է: Նրա հետ փորձել ենք բացահայտել պարարվեստի առանձնահատկությունները և փոխանցած հոգևոր արժեքները:
 

Հովանի խոսքով՝ պարը միայն մարմնի շարժում կամ մարզանք չէ. այն իր մեջ ամփոփում է արվեստների ողջ բազմազանությունը: Պարի մեջ երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, անգամ բանաստեղծություն կա: «Պարը արդյունավետ արտահայտչամիջոց է, որովհետև այն հույզը, որ կդժվարանաս արտահայտել բառերով, երգով, նվագարանով, վրձնահարվածով կամ մուրճ ու տաշիչով, կկարողանաս արտահայտել պարի միջոցով:  Իրականում պարի կառուցվածքը շատ խորն է և խորհրդավոր»,- նշում է Հովանը:
 

Ըստ զրուցակցիս՝ մարդկության պարային մշակույթը շատ բազմատեսակ է, և հայկական պարարվեստն էլ բացառություն չէ.  «Պարը հայ ժողովրդական կենցաղից անբաժան է եղել, մարդիկ պարի, երգ-երաժշտության օգնությամբ աշխատանքը առավել արդյունավետ ու հաճելի են դարձրել: Արդյունքում ծնվել են ամենատարբեր թեմաներով պարեր: Այն, ինչ հիմա պարում ենք բեմի վրա, իրականում նախատեսված է եղել տարբեր ծեսերի ընթացքում պարելու համար: Կոմիտասը ժամանակին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
 

Պարելու ընթացքում մարդիկ ամենատարբեր զգացողություններ են ունենում: Պարի որոշ տեսակներ կարող են փոխանցել կոնկրետ զգացողություններ և ներշնչել որոշակի արժեքներ. «Այդպիսի պարերից են ռազմապարերը (քոչարի, յարխուշտա), որոնք ֆիդայիները պարել են մարտի գնալուց առաջ, և տասը հոգով կարողացել են հաղթել հարյուրների: Այսօր էլ այդ ռազմապարերը մարտական պայքարի ոգի են արթնացնում ոչ միայն պարողների, այլև հանդիսատեսի մեջ»,- ասում է Հովանը:
 

Ժամանակակից հայ հասարակության մեջ ևս պարը յուրօրինակ տեղ է գրավում: Այսօր հայ ծնողները  մեծ տեղ են տալիս տարբեր պարերի: «Ճիշտ է՝ պարը ենթադրում է  մարզական ակտիվություն, երեխան շարժվում է, ռիթմի զգացողություն ունի, բայց պիտի հասկանալ՝ ինչ խնդիրներ ենք լուծում երեխային պարի տանելով: Ազգային ենթագիտակցական մի շերտ կա, որտեղ պահպանվում և փոխանցվում են նախնիներից եկած հիշողությունները: Պար սովորելու ընթացքում դու նաև ծանոթանում ես այդ պարի պատմությանը, հետևաբար ճանաչում պատմական Հայաստանի տարածքներն իրենց բնորոշ առանձնահատկություններով: Կուզեի՝ յուրաքանչյուր հայ մարդ յուրացնի մեր հայկական ավանդական պարարվեստը, տիրապետի գոնե մի քանի պարանմուշների: Ներկայիս սերունդն ավելի լայն հնարավորություններ ունի այդ առումով, որովհետև  ազգային երգն ու պարն արդեն մի քանի տարի է որպես ծրագրային առարկա դասավանդվում է դպրոցում»:
 

Զրուցեցինք նաև պարի և հոգևոր կյանքի առնչություններից: Ըստ Հովանի՝ եթե պարը ծառայում է ցնծության, փառաբանության, գովերգման, հոգևոր աստվածային արժեքների ներկայացմանը, այն պետք է տարածել: «Աստվածաշնչյան օրինակ ունենք. Տիրոջ Տապանակը Երուսաղեմ փոխադրելու ժամանակ Դավիթ մարգարեն, մի կողմ դնելով իր արքայական թագն ու պատմուճանը, «տավիղ էր նվագում և ամբողջ եռանդով պարում Տիրոջ առջև»՝ ի նշան փառաբանության: Այսինքն՝ եթե պարն այնքան հոգևոր լիցք ունի, որ կարող ենք դրանով փառաբանել Աստծուն, ուրեմն այն գովելի է: Պետք չէ տարանջատել քրիստոնեությունն ու հայ ավանդական պարարվեստը, որովհետև մեր եկեղեցին և մշակույթն ազգային են: Այսինքն՝ ազգային մշակույթ-ազգային եկեղեցի կապը շատ զորեղ է»,- նշում է զրուցակիցս:
 

 Ամեն պար իր խորհրդանիշն ու բացատրությունն ունի: Եվ իզուր չէ, որ հայկական պարերում որոշակի շարժումներ համարում են աստվածայինին հասնելու միջոց. «Մեր պարերում կան ուղղահայաց դեպի վեր,  դեպի տիեզերք ձգվող շարժումներ, որոնք մարդուն մտովի տանում են դեպի երկինք, դեպի վերերկրային իրողություններ: Ունենալով իր մեջ այդ ուժականությունը և շատ խորը հոգևոր լիցք՝ պարը կարող է դառնալ նաև Արարչին գտնելու միջոց:   Իսկ արդեն հորիզոնական, դեպի աջ-ձախ արվող կոնքային շարժումները  և՛ պարողին, և՛ դիտողին դրդում են գայթակղության և դառնում մերժելի քրիստոնեության տեսակետից: Այդ հորիզոնական շարժումներով մարդ մնում է երկրի վրա:
 

Մենք մի ռազմապար ունենք,  որտեղ նախանվագի ընթացքում պարողները, ձեռքերը վերևում պարզած, շարժումներ են անում, որ խորհրդանշական ձևով աղոթքի խորհուրդն ունի:  Աղոթքի տարրը, ինչքան էլ զարմանալի թվա, կա մեր ավանդական պարերի մեջ: Եվ եթե մենք պարով քաջության, անվախության հոգեվիճակներ ենք ձևավորում, ուրեմն պարն աղոթք է շարժման մեջ»:
 

Զրույցի վերջում Հովանն իր խոհերն այսպես ամփոփեց. «Պարն ինքդ քեզ, ակունքներիդ մոտենալու շատ յուրօրինակ ճանապարհ է:  Եվ բացի մեր ավանդական պարարվեստից ես խորհուրդ կտամ մեծ տեղ տալ բոլոր ազգերի ավանդական պարերին: Իմ կոչն է, որ երիտասարդները այս համաշխարհային համահարթեցման պայմաններում չկորցնեն կապն անցյալի հետ և երբեք առիթը բաց չթողնեն հաղորդակցվելու ազգային ակունքներին: Հաճախ եմ ասում, որ երանի գա այն օրը, երբ հայ մարդն այլևս կարիք չունենա իր պարը սովորելու, այսինքն՝ սերունդները, տիրապետելով այդ մշակույթին, բնականորեն փոխանցեն, ինչպես եղել է նախկինում: Փաստացի Եղեռնից հետո մենք հսկայական մշակույթ կորցրինք՝ ձեռագրեր, բարբառներ  ու հենց պարեր:  Իսկ հիմա, երբ այդ բնական կապը խզվել է, խնդիր ունենք շատ ավելի ակտիվորեն կորցրածը կամ բաց թողածը հետ բերելու: Ժամանակն է՝ շատ մեծ քայլերով գնալու դեպի մեր ազգային մշակույթն ու ինքնությունը թե՛ ազգովի, թե՛ անհատապես»:


 

Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×