Արամ Փախչանյանի «Կենաց Ծառը»

Արամ Փախչանյանի «Կենաց Ծառը»

Երբ տարիներ առաջ հիմնադրվեց «Այբ» դպրոցն, այն նոր գույն, որակ և մշակույթ բերեց մեր իրականություն՝ կոտրելով կրթության վերաբերյալ եղած բազում կարծրատիպեր: Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Դրա հետևում մի մեծ համայնք է՝ կազմված ստեղծագործ ու եռանդուն մարդկանցից:
Օրերս հանդիպեցի Արամ Փախչանյանին՝ «
Այբ» դպրոցի հիմնադիրներից մեկին, ով նաև դպրոցի տնօրենն է, արդյունքը՝ Արամի «Կենած Ծառն» է: «Երեխաների սերը շատ մեծ երջանկության աղբյուր է»,- փաստում է Արամը Փախչանյանը…Երջանկության և կյանքի մյուս կարևոր բաղադրիչների մասին նրա խոհերը կարդացեք ստորև.


Երբ ես ծնվեցիդա երեք կողմերի որոշում էր։ Առաջինն իմ սեփական որոշումն էր, կյանքիս առաջին որոշումը. բժիշկներն էլ կփաստեն՝ առանց երեխայի ցանկության նա չի կարող ծնվել։ Երկրորդը մայրիկիս որոշումն էր, որովհետև երեխան չի կարող ծնվել՝ առանց մոր ցանկության։ Երրորդն Աստծո որոշումն էր. Նա ինձ հոգի տվեց, որպեսզի կարողանամ ապրել։ Բնական է՝ ծնվելիս տխուր մտքեր եմ ունեցել (ժպտում է,-հեղ.)։ Ցավոտ, ծանր ու սթրեսային է ծնվելը. քեզ համար ամենաիդեալական վիճակից ընկնում ես իրականության մեջ ու կյանքիդ առաջին սթրեսն ապրում, որը շատ կարևոր է։ Որովհետև մարդը ստեղծված է երջանիկ լինելու համար, դա հոգու այնպիսի վիճակ է, որին միշտ ձգտում ես։ Սակայն հնարավոր չէ զգալ երջանկությունը, երբ դու չգիտես՝ ինչ է զայրույթը, ինչ է դժգոհությունը, ինչ է այն հոգեվիճակը, երբ դու չես կարող և չես ցանկանում ինչ-որ մի իրողության հետ համակերպվել։ Այդ ժամանակ ես երջանկության վիճակից դուրս գալիս, մտնում պայքարի, գործելու վիճակի մեջ: Իսկ մեծ կամ փոքր նպատակներին հասնելիս նորից երջանկություն ես ապրում։
 

Միշտ կարևոր է հիմքը՝ որտեղից  ես դու սկիզբ առել։  Ես մեծացել եմ հայրիկիս մեծ ընտանիքում, մեծ տան մեջ, և դա բավականին ուժեղ ազդեցություն է ունեցել իմ մտածողության ու աշխարհընկալման վրա։ Մեծացել եմ ոչ թե բակում, այլ այգում՝ շփվելով եղբորս, քրոջս հետ։ Այստեղ եմ առել կյանքիս առաջին դասերն ու փորձությունները:
Հիշում եմ հայրիկիս անվերջ բարությունն ու ազնվությունը: Ապշեցնող ազնիվ էր: Ինձ տպավորել է նաև մայրիկիս պատասխանատվությունն ու ներքին ամրությունը:  Զարմանալի ամուր մարդ էր և մինչև հիմա այդպիսին է։ Եվ երկուսն էլ խորը իմաստության տեր մարդիկ էին, նույնիսկ երիտասարդ տարիքում: Շատ բաներ հենց ծնողներիցս եմ սովորել:
 

Երեխա ժամանակ Աստված Նա էր, ում հետ զրուցում էի, երբ մեջս մահվան վախն էր ի հայտ գալիս։ Ես դեռ այն ժամանակ հասկացել էի, որ կա մահ. մարդիկ երկար չեն ապրում, և ես էլ մի օր մահանալու եմ։ Ինձ թվում էր՝այդ օրը շատ շուտ է գալու. չէի հավատում, որ կմեծանամ, հասուն անձնավորություն կդառնամ։ Մահը շատ մոտալուտ էր թվում, ուստի խոսում էի Աստծո հետ՝ փորձելով հասկանալ այս ամենի իմաստը. ինչո՞ւ եմ ես ծնվել։ Դժվար խոսակցություն էր (ժպտում է,-հեղ.), քիչ տեղեկություն ունեի Իր մասին, Իր փոխարեն Իր մտքերն ինձ վերադարձնելիս հաճախ խճճվում էի։ Հայրիկս ինձ եկեղեցիներ էր տանում, ու ես գիտակցում էի, որ դրանում կարևոր մի բան կա, կարծում էի՝ մեծերը գիտեն այդ կարևոր բանն ու մի օր ինձ կպատմեն, սպասում էի այդ օրվան։ Բայց դա այդպես էլ չեղավ․ ես ինքս եկա հավատքի։
 

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդիկ  իմ ուսումնական ընկերներն են եղել, փոքր եղբայրս, ով զարմանալիորեն կարողացել է ինձ հուզող հարցերից շատերի պատասխանները տալ։ Բայց ես հասակակիցներիս հետ միասին մշտապես զգացել եմ ավագ ընկերոջ կարիքն ու անհրաժեշտությունը: Ուստի երբ հիմնում էինք «Այբ»-ը, ի սկզբանե կարևորեցինք այն փաստը, որ մեր ցանկացած շրջանավարտ՝ անկախ իր համոզմունքներից, հավատ ունենալ-չունենալուց, ունենա ավագ ընկեր (մենք նրանց մենթոր ենք կոչում), մի մարդ, ով պատրաստ կլինի աշակերտի հետ տարատեսակ հարցերի շուրջ քննարկումներ տանել, աջակցել:
 

Առանց հոգևոր կրթության , կրթությունը, լայն իմաստով, հնարավոր չէ։ Հոգևոր կրթություն ասելով նկատի չունեմ դեպի հավատ ուղղորդումը, այլ երեխային հոգու ամրություն հաղորդելը, մղել երեխային հոգու մաքրության ճանապարհով ընթանալուն, որպեսզի նա նախ և առաջ իր խղճի առաջ պատասխանատու լինի:
 

Ինձ շրջապատող ամեն բան հրաշք եմ համարում ։ Աշխարհի, հսկայական տիեզերքի գոյությունն ինձ համար անհնարին հրաշք է: Կրթությամբ ֆիզիկոս եմ, երիտասարդ տարիներիս ուսումնասիրել եմ տիեզերքի կառուցվածքը, մինչև հիմա կարդում եմ կոսմոլոգիական հոդվածներ, և գնալով գիտակցում եմ, որ գիտության մարդիկ պիտի հետվերադարձ ունենան, հասկանան՝ այլևս չենք կարող վստահել զու՛տ բանականությանը, զու՛տ տրամաբանական մտածողությանը՝ իմաստներ փնտրելու հարցում։ Պիտի համակերպվենք, որ բանականությունն ունակ չէ տալ բոլոր հարցերի պատասխանները, ուստի պիտի հանդարտվենք և դրանք այլ տեղում փնտրենք, օրինակ՝ մեր ներսում:
 

Երեք երևույթներից առաջինը, որի վրա հիմնված է իմ կյանքը,  հավատքս է, առանց որի դժվար երկար գոյատևեի: Երկրորդն՝ ընտանիքս է. երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր պատրաստ են եղել իրենց ստեղծած ընտանիքը կործանելուն։ Եթե մարդու մեջ չկա ընտանիքի արժևորումը մինչև ընտանիք կազմելը, նա սխալ ընտրություն կանի։ Փոխարենը, երբ երկու մարդ հանդիպում են իրար, որոնցից յուրաքանչյուրի համար ընտանիքն արժեք է, իրենք ճիշտ ընտրություն են կայացնում։ Եթե մենք ուզում ենք ունենալ երջանիկ երեխաներ, ովքեր իրենց հերթին երջանիկ ընտանիք կկազմեն՝մեր իսկ ընտանիքի ներսում պիտի արժեքներն ամուր պահենք։ Դա նշանակում է, որ ծնողներից որևէ մեկի կողմից չպիտի արվի մի քայլ, որը կարող է արժեզրկել ընտանիքն՝ առաջին հերթին երեխաների աչքում։Երեխաների համար ընտանիքը պիտի մնա սրբավայր, որտեղ ծնողների մեջ կա բացարձակ ներդաշնակություն։ Եվ ես չեմ ասում, որ մարդիկ չպիտի գժտվեն։ Կարող են վիճել նույնիսկ երեխաների ներկայությամբ, բայց վեճը պիտի լինի հարգալից, այն իր մեջ իմաստ պիտի պարունակի և նպատակ ունենա ամրացնելու ընտանիքը, ոչ թե կործանելու այն:
 

Ընկերություն՝ հիմնված բացարձակ վստահության վրա։  Սա է այն երրորդ երևույթն, ինչի վրա հիմնված է կյանքս: Ընկերոջդ պիտի՛ վստահես. թող քեզ խաբի, ոչինչ: Խաբում է, որովհետև թույլ է, պիտի ներես իր մեղքը: Ես երբեք տրամաբանությամբ չեմ առաջնորդվել ընկեր ընտրել. ընտրությունն արել է խիղճս, հոգիս… Ընկերներս շատ են, մտերիմ ընկերներս՝ քիչ։ Վերջիններս նրանք են, որոնց աջակցությունը կարող եմ անվերապահորեն ակնկալել միշտ, և որոնց աջակցությունից  գրեթե երբեք չեմ օգտվում։ Միշտ փորձել եմ ինքնուրույն հաղթահարել խնդիրներս, որպեսզի չծանրաբեռնեմ նրանց։ Ընկերոջ հետ հարաբերոթյունը չի կարելի շահագործել, հենց այն պատճառով, որ ընկերդ պատրաստակամ է. պետք չէ իրեն հավելյալ փորձության ենթարկել:
 

Երեխաներս ինձ համար մշտնջենական երջանկության աղբյուր են (ժպտում է,-հեղ.)։
 

Հուսահատվելիս աղոթում եմ. դա շատ է օգնում։ Հուսահատությունը մեղք է, մե՛ծ մեղք, ուստի առաջինը մեղքդ պիտի խոստովանես։ Պիտի ընդունես հուսահատությունդ, ճանաչես այն։
Հուսահատությունը ոչինչ չանելդ արդարացնելու համար գոյություն ունեցող իրավիճակ է, որով խուսափում ես ինքդ քեզ փորձելուց, վերլուծելուց: Այն թակարդ է, որում կարելի է որոշ ժամանակ մնալ՝ հասկանալու համար դրա ողջ դառնությունն ու անիմաստությունը։ Ես հազվագյուտ եմ հայտնվում հուսահատության մեջ: Հատկապես տնօրեն լինելով ես իրավունք չունեմ հուսահատվելու։ Դպրոցը հեշտ տեղ չէ, մեծ պատասխանատվություն է, և, գիտե՞ք, հուսահատ տնօրենը ոչ մեկին պետք չէ (ժպտում է,-հեղ.):
 

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցիոր պետք է ամուր լինես, ամեն դեպքում ամուր լինես։ Չպետք է քեզ թույլ տաս կաշկանդվել՝ սեփական ուժերին չվստահելու պատճառով։ Գալիս է ժամանակը, երբ ուժերդ փորձվում են, և անհրաժեշտ է լինում որոշում կայացնել ու պատասխանատվություն կրել որոշմանդ համար։ Որոշում կայացնելուց հետո էլ կարող ես կասկածել. կասկածը ոչ ոք չի բացառում, բնական և շատ առողջ բան է։ Ինքս փոքր հարցերում վախ ու կասկածներ միշտ ունենում եմ, մեծ հարցերում՝ ինձ թույլ չեմ տալիս:
 

Չկա մի բանոր կուզեի թողնել ինձնից հետ աշխարհում։  Ես դրա կարիքը չունեմ։ Թող ուրիշները վերցնեն այն, ինչ ես սարքել եմ, և ավելի լավը դարձնեն այն։ Մնայուն է այն, ինչ պատականում է ապրողին: Մահացած մարդուն պատականողը մնայուն չէ։
 

Դպրոցը պիտի լինի այնպիսինոր տնօրնի փոփոխությունը կորուստ չլինի դրա համար, այլ ով էլ լինի տնօրենը, դպրոցն առաջընթաց ապրի։ Նպատակս այն է, որ ինձ փոխարինողը լինի մեկն, ումով դպրոցը կհարստա։ Իմ գործում ամենաբարդը մարդ մնալն է։ Տնօրենն առաջին հերթին մարդ է, իրական մարդ՝ իր սիրով, անմիջականությամբ, նվիրվածությամբ: Այս կերպ լինելը դժվար է. մերկանում ես որպես մարդ։ Բայց մենք փորձում ենք ազնիվ լինել, դա շատ կարևոր է. երբ սկսում ես խաբել, ստել, ձևացնել, երբ իրականը ձևականով ես փոխարինում, կորցնում ես երեխաների վստահությունը. թե երեխաների վստահությունը կորսվեց՝ հոգևոր զարգացումը կանգ է առնում:
 

Ես ունեմ խորը համոզմունքոր  արժեքը ձեռք է բերվում միայն կորուստի միջոցով։ Մեզ համար արժեք է այն, ինչի դիմաց վճարել ենք, վճարել ենք կարևոր բանով։ Արժեք ունենալու համար որևէ բան պիտի զոհաբերես, կամ տանջվես, փորձվես. այլ ճանապարհ չկա, արժեքը մի բան է, որի համար պատրաստ ես գին վճարել։ Դու՝ լայն իմաստով, որովհետև դու մենակ չես, քո ազգի մաս ես, և արժեք է քո երկիրը, որովհետև նախնիներդ գին են վճարել դրա համար։
 

Հիմա շատ բեկումնային իրավիճակում ենքկանգնած ենք մեծ փոփոխությունների առաջ, և այդ է պատճառը, որ շատ խոցելի ենք։ Միշտ այդպես է, երբ գնում ես դեպի փոփոխությունները։ Հոգևոր ամրություն է մեզ պետք, համախմբավածություն՝ ամեն դեպքում։ Ամենավտանգավոր բանը պառակտումն է։ Մենք կարող ենք ունենալ անհամաձայնություններ, բայց պիտի համախմբված մնանք կարևորագույն արժեքների շուրջ:
 

Մարդը սկսում է մահանալերբ  դադարում է զարգանալուց:
 

Կյանքը լիարժեք էերբ  իմաստ ունի։
 

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում  երեխաներիս համբուրելիս, երբ մի գործ եմ անում, որում անձնվիրություն կա։ Երբ աղոթում եմ, երբ որակյալ երաժշտություն եմ լսում: Բախը շատ է Աստծուն մոտեցնում։ Աստծուն մոտ եմ զգում որոշ գրքեր կարդալիս, շատ խորամուխ գրքեր։ Այն ամենը, որոնք քեզ տանում են հոգևոր դաշտ, կտրվում են հողից, փոշուց, անցողիկ իրականությունից, մոտեցնում են Աստծուն։
 

Քրիստոսից երկու հազար տարի անց,  Քրիստոս կա և սիրված է շատերի կողմից։ Ես հավատացի Աստծուն, երբ սիրեցի, երբ սիրեցի Քրիստոսին։ Աստվածաշունչը վերընթերցելիս մի օր հասկացա, որ ներսումս մեծ սեր է ծնվել, սեր, որը նախկինում երբևէ չեմ զգացել։ Յուրաքանչյուրիս ներսում ապրող այդ սերը միավորվելով շատ բան է այս աշխարհում ձևավորում, ստեղծում, ծնում։ Թե այդ սերը չլիներ՝ դժոխքում կլինեինք։
 

Դրախտնիմ պատկերացմամբ, լույս է և երանություն,  որտեղ դու այլևս չունես կասկած, ունես հանգստություն, երանության զգացողություն, Աստծո հետ անվերջ մտերմություն: Դա երազանք է, որն իմաստավորում է կյանքը։ Թե այն չլիներ՝ ինչու պիտի անընդհատ ձգտեինք ինքնազարգացման, կայացման, կատարելագործման։ Չեմ կարծում, որ կա բացարձակ իմաստով դժոխք, բայց կա դրախտից հեռու լինելը։ Դժոխքը դրախտից հեռու լինելն է: Չկա մի տեղ, որտեղից կարելի է բացարձակապես չտեսնել Աստծո լույսը, անգամ դժոխքում դա հնարավոր չէ։
 

Քրիստոսի՝  Երուսաղեմ մտնելու դրվագն  եմ առանձնացնում Աստվածաշնչից: Խորը խորհուրդ ունի՝ մարդկանց հոգևոր աչքերը բացվեցին, նրանք տեսան Աստծուն, ընդունեցին, բայց հետո էլի վերադարձան իրենց կյանքին՝ կորցնելով հոգևոր հայացքը։ Մերժեցին Աստծուն, որին ընդամենը մեկ շաբաթ էին ճանաչում։ Ինչո՞ւ, որովհետև իրենք ակնկալում էին հաղթողի, փնտրում էին մեկին, ով իրենց կազատի թշնամական լծից: Այս դրվագն ուսուցանում է նաև ակնկալիքներով չառաջնորդվել:
 

Եթե Քրիստոս հիմա գար աշխարհ,  Իրեն պետք կլիներ գտնել։ Եթե նորից գար, երևի թե կլիներ մեզ նման մեկը, և մենք կարիք կունենայինք նախ Իրեն գտնելու, ճանաչելու։ Համոզված եմ՝ քչերը կճանաչեին: Եթե ինքս ճանաչեի՝ թախանձագին կխնդրեի հնարավորություն տալ իրեն աշակերտելու և գնալ Իր հետից գնալու՝ ուր տաներ։

 

Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×