Ինա Հախնազարյանի «Կենաց Ծառը»

Ինա Հախնազարյանի «Կենաց Ծառը»

«Մեր մանկության հեքիաթները» հաղորդաշարն իմ սերնդի հետ պատահած լավագույն բաներից մեկն էր։ Երբ տարիներ առաջ ինձ ասեին, որ մի օր հարցազրույց եմ վարելու մանկությանս ամենապայծառ հերոսներից մեկի հետ, ես, հավանաբար, չէի էլ պատկերացնի՝ ինչպես է դա լինելու։ Իսկ հիմա հենց թատրոնի փորձասենյակում հանդիպել եմ այդ հերոսներից մեկին փայլուն կերպով կերտած, դերասանուհի Ինա Հախնազարյանին՝ զրուցելու և նրա մտքերով «Կենաց Ծառը» կազմելու համար։ Տիկնիկավարի մասնագիտության, դերասանական արվեստի, մնջախաղի թատրոնի մասին խոսելիս Ինան լուսավորվում է, փայլում



Երբ ես ծնվեցի,  ամառային արևոտ օր էր։ Պապիկս էր միշտ պատմում իմ և իր առաջին հանդիպումից. «Երբ քեզ տեսա առաջին անգամ, մտախոհ հայացքով ինձ նայեցիր, ու ես սիրեցի քեզ»,- ասում էր նա։ Ողջ մանկությունս հենց նրա հետ է կապված. իր դերը շատ մեծ է եղել իմ կյանքում։ Վաստակավոր թարգմանիչ էր, մեծ գրադարան ուներ, և հաճախ հենց իր գրքերն էի կարդում։ Ընթերցելիս նկատում էի, որ գրքերում ընդգծած տողեր կան. մի անգամ հարցրի՝ ինչու է ընդգծում, խորհուրդ տվեց, որ ինքս էլ այդպես անեմ՝ ինձ հոգեհարազատ տողերը ընդգծեմ, որովհետև դրանք հետագայում պիտի իմ աշխարհայացքը ձևավորեն։
Այդ սովորությունը մինչև հիմա պահպանվել է։
 

Մանկությունս համընկել է մութ ու ցուրտ տարիների հետ, որոնք լուսավոր էին ինձ համար և լի էին չարաճճիություններով։ Լուսավոր էր մեր բակը, մեր այգին, որտեղ ես մեծացել եմ, սիրել հողերով խաղալ, քաղել այնտեղ աճող ելակները և ուտել դրանք առանց լվանալու... (ժպտում է,-հեղ.)։
 

Հայրս մահացավ, երբ ես երկու տարեկան էի։ Բայց իր և իմ կապն այնքան ուժեղ էր, որ ես նույնիսկ որոշ դրվագներ եմ հիշում մեր օրերից։ Հայրիկիս մասին իմ պատկերացումներն ամբողջացվել են նաև հարազատներիս պատմությունների միջոցով։ Բայց դեռ մանկուց ինձ տանջում էր հարցը՝ ինչու այդպես պատահեց։ Մի անգամ պապիկս ասաց, որ Աստված լավ մարդկանց Իր մոտ է տանում։ Ես սկսեցի մտածել՝ Աստծուն օգնական էր պետք, և Նա տարավ իմ հորը։  Մինչև հիմա հավատացած եմ, որ երկնքում հանդիպելու եմ նրան:
 

Երևակայական թռիքչներն ու այն աշխարհըորտեղ ապրում էի, մանկությանս հրաշքն եմ համարում։ Մաքուր էր այդ աշխարհը, միամիտ: Հիշում եմ՝ տիկնիկներով խաղալիս էլ լուռ էի խաղում, երկխոսությունները մտքումս էի պահում. այդպես ես պաշտպանում էի իմ աշխարհն ուրիշներից։ Միշտ եմ սիրել լռությունը։ Դա էլ, հավանաբար, պայմանավորել է մասնագիտությանս ընտրությունը։ Մնջախաղում, ոչ վերբալ շփման մեջ ինֆորմացիան և դրա փոխանցումն ավելի տպավորիչ ու ազդեցիկ է դառնում։
 

Ներկայացման ժամանակ կարևորում եմ էմոցիոնալ դաշտի ստեղծումը։  Այդպես ձևավորվում է մթնոլորտ, հանդիսատեսի հետ կապ, ինչը գերբնական բան է։ Այն կայանում է միայն շատ անկեղծ լինելու դեպքում։ Զգայական դաշտիս ձևավորման համար հենց հայրիկիս եմ շնորհակալ։  
 

Դերասանի մասնագիտությունը ենթադրում էոր  դու շատ տարբեր դիմակներ պիտի կրես։ Դա բերում է նրան, որ ուզում ես կյանքում անդիմակ լինել, ոչ մի կերպարի մեջ չլինել։ Իհարկե, այդպես դու պակաս պատշպանված ես դառնում, բայց ես ընտրել եմ ուժեղ լինելը (ժպտում է,-հեղ)։
 

Մշտապես վախեցել եմ սխալվելուց,  ու թեև մայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով, որոշումներ կայացրել եմ ինքս։ Սկզբում բարդ էր այդպես ապրելը, սխալվելու մտավախությունս մեծ էր։ Բայց երբ սխալվեցի, հասկացա՝ դա նույնպես պետք է մարդուն ։ Այսօր շնորհակալ եմ մայրիկիս՝ ինձ ազատ և ինքնուրույն մեծացնելու համար։
 

Հոգևոր կյանքիս զարգացման վրա  ոչ միայն պապիկս է մեծ ազդեցություն ունեցել, այլ նաև իմ մեծագույն ուսուցիչները՝ Ռուբեն Բաբայանը, ժիրայր Դադասյանը... Ամեն ինչ, իհարկե,  պապիկից է սկսել։ Պարոն Բաբայանն ասում է՝ մարդն ինքն է ընտրում իր ուսուցիչներին։ Ես նրանց ընտրել եմ և մինչև հիմա նրանցից սովորում եմ։ Սովորում եմ նաև իմ ուսանողներից. դասավանդելիս ճանաչում ես ինքդ քեզ։
 

Չլինել միջակություն, մշտապես ձգտել կատարելության՝ ստացածս լավագույն դասերից մեկն իմ մյուս ուսուցչից՝ Ժիրայր Դադասյանից։ Եթե դու ազնիվ ես՝ դու գեղեցիկ ես, որովհետև ազնիվը գեղեցիկ է, գեղեցիկը՝ ազնիվ՝ հաճախ ասում է նա։
 

Ես երջանիկ մարդ եմ. շատ ուսուցիչներ եմ ունեցել։
 

Ինձ համար կարևոր է զբաղվել սիրած գործով։  Սիրում եմ իմ մասնագիտությունը։ Թատրոն մուտք գործելուց առաջ մեզ ասում էին՝ այն ձեր երկրորդ տունն է լինելու։ Բայց դարձավ ոչ թե երկրորդն, այլ առաջինը։ Մուտքը եղավ, ելքը՝ ոչ (ժպտում է,-հեղ.)։
 

Մնջախաղը սեր էր առաջին հայացքից։ Եկա թատրոն, տեսա ներկայացումն ու սիրահարվեցի։ Իսկ տիկինիկային թատրոնը կամաց-կամաց եմ սիրել. հիմա այն անվերջ մեծ սեր է, հավերժ սեր։
 

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն  իմ աղջիկն է և մասնագիտությանս մեջ ինձ գտած լինելը։
 

Հավատը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ և լավատեսությունն  այն երեք երևույթներն են, որոնց վրա հիմնված է իմ կյանքը։
 

Ես ջնջում եմ այնինչն ինձ ցավ է պատճառում. հիշաչար չեմ։
 

Երկիր մոլորակը բարին է պտտում, որովհետև այն ուժ է, հզոր ուժ, որն անընդատ պայքարի մեջ է, որ մոլորակի պտույտը կայանա։ Ես ուզում եմ լինել այդ ուժի մասնիկը (ժպտում է,-հեղ.)։
 

Մարդը սկսում է մահանալերբ  ոչնչի չի հավատում, երբ իր մեջ հավատ չկա։
 

Կյանքը լիարժեք էերբ  կա իմ աղջկա ծիծաղը, երբ հարազատներս լավ են, երբ ազատ եմ։ Ազատ եմ այն ժամանակ, երբ անում եմ այն, ինչ ուզում եմ անել։ Երբ ստիպված պիտի ինչ-որ բան անեմ, կարծես բանտված լինեմ, անազատության մեջ։
 

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս ես աճեցի, ես մաքրվեցի։ Բոլոր դժվարությունները մաքրել են ինձ՝ ես դա հստակ եմ գիտակցում, որովհետև ամեն դժվարություն հաղթահարելիս մի աստիճան բարձրանում եմ։ Եթե չլինեն դժվարությունները՝ մարդը չի կայանա, և չի ձևավորվի իր տեսակը։ Դժվարություններից հետո ամեն բան վերարժևորվում է։
 

Աստծո ներկայությունը զգում եմ միշտ, բայց ամենամոտը Նրան զգում եմ ուրախանալիս։ Տխրության մեջ չէ, որ հիշում եմ Աստծուն, հակառակը, երբ ուրախ եմ, երջանիկ, անմիջապես Աստծուն եմ մտաբերում և շնորհակալության զգացումով լցվում։ Այդ ժամանակ է Նրա ներկայությունն ակնհայտ դառնում. ամեն լավ բան Աստծուն եմ վերագրում (ժպտում է,-հեղ.)։
 

Աստված էներգիայի աղբյուր է, ներդաշնակություն, կատարելություն։ Նա վերևում է, Իր հետ կապը միշտ կա, պարզապես դու քո ներսում պիտի արթնացնես Աստծուն, հաստատես քո մեջ այդ կապը։
 

Սիրած եկեղեցի ունեմ.  այն հայտնաբերել եմ, երբ գնում էինք Մարտունի՝ հյուրախաղերի։ Ճանապարհին՝ Հայրավանք գյուղում, գտանք եկեղեցին: 9-րդ դարի կառույց է, բարձրադիր գոտում, Սևանալճի ափին է գտնվում։ Երբ մտանք եկեղեցի, ինձ թվաց՝ գիշերն այստեղ հրեշտակներ են շրջում, նման մթնոլորտ ուներ (ժպտում է,-հեղ.)։
 

Դրախտն իմ պատկերացմամբ  ամեն մարդու երազների, երազանքների աշխարհն է` կառուցված հենց այդ մարդու կողմից։ Մենք անընդհատ փորձում ենք դրախտային դարձնել մեր կյանքը, ինչը միշտ չէ, որ հաջողվում է։ Իսկ երկնային դրախտն ինձ համար հանդիպումների վայր է, քեզ սիրելի, հարազատ մարդկանց հետ հանդիպելու վայր։ Դրան պիտի արժանանալ։ Մեղքը հեռացնում է մեզ Աստծուց, մեղանչելուց հետո որքան էլ զղջաս, անդունդ պիտի հաղթահարես. պիտի ձգտել մեղք չգործել։
 

Անառակ որդու վերադարձը  առակն եմ ինձ համար առանձնացնում Աստվածաշնչից։ Չեմ ուզում դրա խորհուրդը նեղացնել՝ միայն ծնող-երեխա կապի տեսանկյունից այն քննելով։ Առակը ներելու մասին է. միշտ կա վերադարձի հնարավորություն, երբ կա իրական զղջանք։
 

Քրիստոս ինձ համար մեծ հեղափոխական է, մեկը, ով փոխեց մարդկային միտքը։ Նա միշտ իդեալ է եղել ինձ համար, ով հանուն գաղափարի զոհաբերել է Իրեն։
 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  երևի կլռեմ ու կնայեմ Իրեն, ներողություն կխնդրեմ բոլորի համար։ Չգիտեմ, չեմ պատկերացնում... Կլռեմ ու կվայելեմ ներկայությունը. դա ինձ համար հեքիաթ կլինի (ժպտում է,-հեղ.):



Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×