«Հոգու կանչն ինձ առաջնորդեց դեպի ճեմարան, հետո էլ մի աշխարհ, որտեղ կծառայեմ իմ ժողովրդին: Դաստիարակության և եղբայրներիս օրինակով է, որ կանգնեցի այս ուղու վրա»:
Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը արդեն մի քանի շաբաթ է՝ իր հոգևոր ծառայությունն է մատուցում Արարատյան Հայրապետական թեմում: Անցած ուղու, արդեն հարազատ դարձած թեմի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք քահանայի հետ:
Եկեղեցին իմ տունն է…
Ցանկացած մարդ եկեղեցին սկսում է ճանաչել նախ ընտանիքից։ Այդպես եղել է նաև իմ պարագայում՝ ունենալով Աստծո հանդեպ երկյուղ ունեցող ընտանիք։ Այսինքն` եկեղեցին իմ տունն է դարձել դեռ մանկուց։ Յուրաքանչյուր անհատի մեջ Աստծո և եկեղեցու հանդեպ սերը ձևավորվում է ընտանիքից։ Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը եկեղեցին և ընտանիքը նմանեցնում է իրար։ Ահա այս երկու վայրերից է սկիզբ առնում դեպի Աստված ճանապարհը։ Այո՛ եկեղեցին իմ տունն է, եկեղեցին բոլորիս տունն է, և ամեն ոք պետք է իր ուժերի ներածին չափով շենացնի մեր երկնավոր Հոր տունը, մեր Սուրբ Եկեղեցին։ Եկեղեցին հայ ժողովրդի սիրտն է և այն Աստծո օրհնությամբ պետք է մշտապես բաբախի։
Բուլղարիայի թեմ…
2016 թվականին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հոգևոր ծառայության մեկնեցի Բուլղարիայի հայոց թեմ։ Ծառայությանս ընթացքում ծանոթացել և հաղորդ եմ եղել մեր փոքրիկ գաղթօջախի խնդիրներին, մտածումներին, ակնկալիքներին։ Հոգևոր հովիվի համար մեծ ուրախություն է, երբ տեսնում ես՝ ինչպիսի հավատք և նվիրում ունի մեր հայ ժողովուրդն իր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու և հայրենիքի նկատմամբ։ Ինչպես Սփյուռքի մյուս գաղթօջախներում, այնպես էլ Բուլղարիայի հայոց թեմում ևս եկեղեցիներին կից գործում էին հայկական դպրոցներ և խմբակներ։ Իսկ մենք՝ հոգևոր հովիվներս, միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հայրենակիցներին անհանգստացնող հարցերը։ Աղոթենք Տիրոջը, որ գա ժամանակ, երբ մեր ժողովուրդը չի ապրի կարոտով և չի ունենա կարոտով ապրող հարազատներ։
Քահանա դառնալու գիտակցումը…
Քահանա դառնալու գիտակցումը և պատասխանատվությունն աստիճանաբար ձևավորվել է մինչ Վազգենյան հոգևոր դպրանոցում ուսանելս՝ տեսնելով ավագ եղբայրներիս օրինակը։ Ավելի ամրապնդվեց այդ գիտակցումը ճեմարանական տարիների ընթացքում։ Արդեն ուսման ընթացքում գիտակցում ես, թե ինչպիսի քաղցր և ծանր լուծ ու պատասխանատվություն պետք է ունենաս Աստծո առջև։ Փառք եմ տալիս Տիրոջը, որ ինձ արժանացրել է Իրեն ծառայել։
Արարատյան Հայրապետական թեմում ծառայության առաջին օրը՝ 01.08.18…
Չեմ կարող ասել, որ առաջին օրը հագեցած եղել է, բայց գոհունակությամբ և սիրով կարող եմ նշել՝ ունեցել եմ դրական տպավորություն։ Պետք է ընդգծեմ, որ կարճ ժամանակում համայնքի անդամների համախմբվածությունը նկատելի էր ինձ։
Արարատյան Հայրապետական թեմ…
2018 թվականին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Բուլղարիայի հայոց թեմից տեղափոխվեցի մայր հայրենիք և նոր տնօրինությամբ նշանակվեցի Արարատյան Հայրապետական թեմ։ Գերաշնորհ Սրբազան Հոր բարձր տնօրինությամբ իմ ծառայությունն եմ բերում Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ Ի թիվս մյուս եկեղեցիների՝ ունենք հիասքանչ եկեղեցի, որը ամեն օր էլ ավելի է Աստծո օրհնությամբ զորացնում, որպեսզի մեր համայնքային հոգևոր կյանքը ավելի ամրապնդվի։
Որոշում, որ փոխեց կյանքս…
Մարդու կյանքում որոշումներ շատ են լինում։ Պատանեկան տարիներին գալիս է ժամանակ, որ պետք է անհոգ շրջանի ավարտումից հետո անցում կատարես հոգսառատ շրջան. սա է մարդկային կյանքի բնականոն ընթացքը։
Կյանքիս կարևորագույն որոշումը եղավ հոգևոր ճանապարհով ընթանալը։ Սկզբում Վազգենյան հոգևոր դպրանոցը, այնուհետ Գևորգյան հոգևոր ճեմարանը եղան այն դարբնոցները, որտեղ կերտվեց հոգևոր կյանքս։ Ուրախ եմ իմ կյանքի կարևորագույն որոշման համար, որ հիմնովին փոխեց կյանքս։ Փառք եմ տալիս Տիրոջը թե՛ դժվարությունների և թե՛ ուրախությունների համար։ Շնորհակալ եմ Աստծուց։
Լիլիանա Օսիպյան
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի