«Դասավանդիր Հայաստան» երկամյա ծրագրի շրջանակում Մարիամ Մարիկյանն արդեն մեկ տարի է՝ դասավանդում է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցում. եկեղեցու պատմության ուսուցչուհի է:
Առարկայի ընտրության, դպրոցի և եկեղեցու կապի, առարկայի առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մարիամի հետ:
-Մարիամ, ինչո՞վ էր պայմանավորված առարկայի ընտրությունը: Ինչու՞ հենց Հայոց եկեղեցու պատմություն:
- Մասնագիտությամբ աստվածաբան եմ: Երևի պիտի պատմեմ՝ ինչու հենց աստվածաբան: Ասեմ՝ լավ մտածված: Մեծ պապիկս շուշտակ վարդապետ էր ու առիթը բաց չէի թողնում նրա հետ խոսել Աստծուց, Հայ եկեղեցուց. աստվածաշնչյան հարցերիս պատասխանող կար ու ինձ քրիստոնյա մեծացնողներ կային: Ուստի կյանքիս ամենամեծ ու ճիշտ քայլերից էր դիմել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ, ավարտել և դպրոցում դասավանդել ամենաբարդ առարկաներից մեկը՝ Հայոց եկեղեցու պատմություն:
-Ի՞նչ դեր ունի եկեղեցին հենց քո կյանքում:
-Եկեղեցին ես եմ, ընտանիքս, իմ կյանքում գոյություն ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ ու ՍԵՐԸ` աշխարհի ամենասիրունն ու անուշը։
-Կնշես հատկապես ի՞նչն է գրավում երեխաներին առարկայի դասավանդման մեջ:
-Հետաքրքրությունը աշխարհի, Աստծո, մարդու հանդեպ։ Անթիվ հարցեր, առաջարկներ։ Շատ են սիրում դասերն անցկացնել խաղերի, դերախաղի, բանավեճի տեսքով։
- Որո՞նք են երեխաների կողմից ամենից շատ հնչող հարցերը:
-Ահ, դժվար հարց էր։
Ինչու՞ Աստված ստեղծեց աշխարհը կամ ինչու՞ ավելի շուտ չի ստեղծել։
Ինչու՞ առաջինը տղամարդը ստեղծվեց, ոչ թե կինը։
Եթե սեր լինի, ուրիշ ոչինչ չլինի, ամեն ինչ լա՞վ կլինի։
- Մարիամ, ինչ եք կարծում որքանո՞վ է առարկայի դասավանդելը նպաստում եկեղեցու հանդեպ սիրո ու հավատի ամրապնդմանը:
- Ամեն առումով օգնում է։ Դասերի ընթացքում ունեն հնարավորություն ազատ արտահայտվել, «բողոքել», չհամաձայնել, արտահայտել սեփական կարծիքը։ Ու իրենց հարցերի պատասխաններն ստանալուց հետո ուզում են ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Տարբեր առաջարկություններ են անում. անցած ուսումնական տարում նախաձեռնեցին 40 աշակերտի մկրտություն, ուխտագնացություններ են կազմակերպում, գյուղի եկեղեցու տարածքն են խնամում, հոգևորականների հետ կապ են ստեղծում։ Հավատն իրենց մեջ ծնված օրից կա. հավատ կյանքի, ապրելու, մարդկանց ու Աստծո հանդեպ։
-Մեծ պատասխանատվություն ես հանձն առել. ո՞րն է իրական քրիստոնյա դառնալու ճանապարհին քո ամենամեծ խորհուրդը, որ տալիս ես աշակերտներիդ:
- Շատ սիրել իրար։
-Կցանկանամ, որ բոլորը գիտակցեն…
- Գիտակցեն, որ իրենք կրում են Աստծուն ու Աստծուց բխող ամեն լավ բան իրենց մեջ։ Ու պիտի արժանի լինեն այդ շնորհներին։
Լիլիանա Օսիպյան