Տարիներ առաջ, երբ Խնկո-Ապոր անվան գրադարանում տարբեր գրական միջոցառումների էի մասնակցում, լսեցի Անուշի ձայնը և երբեք չմոռացա այն։ Անուշն ասմունքում էր, կարդում էր ինչ-որ բաներ, և նրա ձայնը հմայում էր ունկնդրին․ դրանում ինչ-որ վերերկրային խաղաղություն ու ներդաշնակություն կար։ Ավելի ուշ, Անուշն ինձ հրավիրեց իր մոնոներկայացմանը, այստեղ էլ հիացրեց իր դերասանական խաղով։
Մասնագիտությամբ գրքագետ, դերասանուհի ու նաև հաղորդավար Անուշ Գալստյանն այսօր ամենակարևոր գործով է զբաղված՝ մեծացնում է իր առաջնակին։ «Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Անուշի հետ զրուցել ենք իր կյանքի կարևորագույն երևույթներից և ոչ միայն․․․ Զրույցի լավագույն հատվածները՝ ստորև․
Երբ ես ծնվեցի այս հողագնդում, ես լալիս էի, աշխարհը՝ խնդում, այնպես ապրեի, որ երբ գնայի, աշխարհը լացեր, իսկ ես խնդայի։ Այսպես Գևորգ Էմինն է ասել, բայց ինձ շատ հարազատ միտք է։
Տունն այն բուխարին է, որտեղ մարդիկ վառվում են, որպեսզի իրար ջերմացնեն, և մեր տանը միշտ շատ է եղել այդ ջերմ մթնոլորտը՝ հայրիկիս կողմից մորս սատարելը, մայրիկիս կողմից՝ հորս․․․ Մայրս խիստ էր մեզ հետ, հայրս՝ անսահման ազնիվ ու բարի։ Ընտանիքում երեք քույր ենք, ես փոքրն եմ։
Երբ փոքր էինք, Աստված մի պապիկ էր, ով մեզ մենակ չէր թողնում դժվար պահերին, խնդիրների ժամանակ, ու մենք էլ կատարում էինք իր խրատներն ու պատվիրանները, որպեսզի մենք էլ իրեն մենակ չթողնեինք (ժպտում է,-հեղ․)։ Մինչև հիմա Նա միակն է, ով մեզ երբե՛ք մենակ չի թողնում։
Աստված կատարյալ սեր է։
Ինչ վերցնում ես մանկությունից, տանում ես մինչև խոր ծերություն։ Մանկության իմ բոլոր հիշողություններն ու հուշերը ընտանեկան պարարտ հողում են ծնվել և հիմա էլ անընդհատ սնուցում են ինձ էներգիայով։ Մանկությանս ամենավառ հիշողությունը գյուղի հոտն է, որը պաշտում եմ։ Որովհետև մանկությանս ամառները հենց գյուղում են անցել։ Այդ տարիներից պահպանված շատ կաևոր ավանդույթ ունենք՝ միասին նստել սեղանի շուրջ ու հերթով քննարկել մեր օրը։ Մինչև այժմ մայրս ինչ-որ ֆանտաստիկ իմաստնությամբ պահպանել է այդ ավանդույթը։ Ինչո՞ւ ֆանտաստիկ, որովհետև մեր ժամանակներում բոլորս զբաղված ենք, անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, բայց չգիտեմ՝ ինչպես, մեր տանն այդ ավանդույթը շարունակվում է նույնիսկ հիմա (ժպտում է,-հեղ․)։
Այսօր և ընդհանրապես հրաշք եմ համարում մայրությունը, մայրության շնորհը։
Երբ Վիլիամ Սարոյան էի կարդում, հասկացա, որ ծնողներիցս ստացած դասերը մեծ մասամբ համընկնում են Սարոյանի փոխանցած դասերի հետ։ Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս, ազնիվ լինելն է ու պատասխանատվություն կրելը։ Պատասխանատվություն՝ բառի, արած գործի, ամեն ինչի հանդեպ։
Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած երկու ուսուցիչ ունեմ՝ Կոմիտասն ու Նարեկացին։ Ւրենց ստեղծածն աստվածային մի բան է։ Դա այն արժեքն է, որի հետ առնչվելիս փշաքաղվում եմ, զարմանում եմ, զարգանում եմ, լցվում ու չեմ դատարկվում։ Հիմա էլ փորձում եմ երեխայիս մատուցել նրանց թողած ժառանգությունը։ Միգուցե կյանքի ինչ-որ շրջանում նա չկիրառի դա, չհիշի, բայց հաստատ զգացվելու է, որ նա իր մեջ կրում է Նարեկացուց ու Կոմիտասից գոնե մի շտրիխ։
Ինչ-որ պահից հասկացա, որ բեմն ինձ չի հերքում, և ավելի շատ եմ ուզում լինել բեմում։ Ուսանողական տարիներին, գրքագետի մասնագիտությունը յուրացնելուն զուգահեռ, զբաղվում էի նաև բեմական գործունեությամբ։ Հետագայում մտա թատրոն և հեռուսատեսություն։ Թատերական ոլորտ մտնելուց առաջ երազում էի՝ մուտքս բարդ գործով լինի, որ ստուգեմ աշխատասիրությանս ու կամքիս մեծությունը։ Եվ այնպես ստացվեց, որ թատերական կյանքս սկսվեց մոնոներկայացումներով, ինչն ամենաբարդն է սկսնակի համար․ չէ՞ որ մենակ ես բեմում։ Իսկ մնջախաղի աշխարհը բացահայտելուց հետո հասկացա` սա էլ իր բարդությունն ու հետաքրքրությունն ունի․ առանց խոսելու ամբողջ մարմնով դառնում ես այն, ինչ պետք է։ Ուսուցիչս՝ Ժիրայր Դադասյանը, միշտ մեջբերում էր Ռ․ Բախի խոսքերը՝ ձեր մարմինը ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը։
Ամեն ինչում բարդ է սկիզբը, բայց եթե ունես աշխատասիրություն, սեր և պատասխանատվություն, հաստատ կհասնես վարպետության տարբեր աստիճանների։ Ցանկացած ոլորտ սա է պահանջում՝ գնալ առաջ, չդոփել տեղում, չճահճանալ։
Բեմում շատ կարևոր է հանդիսատեսին համոզելը, կերպարը ճիշտ կերտելը, դերասանի տաղանդը և ինտելեկտը։ Եվ եթե քո ներսում չունես այն գունապնակը, ինչ որ պետք է դերասանին, դու չես կարող հետաքրքրել հանդիսատեսին։ Պիտի ունենաս ու գույները միջիցդ հանես, ճաշակով և գեղագիտորեն համադրես իրար հետ։ Այսօր մենք շատ ենք տեսնում ոչ էսթետիկ կերպարներ, մատուցում։ Շատ կարևոր է, որ արվեստը մի քիչ վեր լինի իրականությունից և կարողանա իր հետևից տանել մարդկանց, գեղագիտությամբ համեմի նրանց կյանքը։
Երեք երևույթ, ինչի վրա հիմնված է կյանքս՝ ընտանիք, ստեղծագործական կյանք, որն ինձ առավել լիարժեք է դարձնում, և բնություն․ պաշտում եմ բնությունը։
Օրս սկսվում է բալիկիս՝ «արթնացիր, մամա, լուսը բացվել է» արտահայտությամբ, աքլորականչի պես մի բան է (ժպտում է,-հեղ․)։ Հետո գիտակցում եմ, որ այդ առավոտն այլևս չի կրկնվելու․ աշխարհի բոլոր առավոտներն անվերադարձ են․․․ Օրս ավարտվում է այն վերլուծելով, հասկանալով՝ ինչ եմ հասցրել անել, ինչպես եմ հասցրել անել։ Երբեք չեմ ափսոսում որևէ բանի համար․ գիտեմ՝ ամեն ինչ դեպի բարին է գնում, ամեն ինչ փորձառության համար է, նույնիսկ վատը պատահում է, որ կամք դրսևորեմ, զարգացնեմ այն։
Ամենահուսահատ մարդն իսկ հույս ունի, հույսը կույր է, հավատը՝ վարակիչ։ Հուսահատության պահերին մտաբերում եմ, որ ամեն ինչից ելք կա, հաստատ կա ելք, և պետք չէ ընտելանալ հուսահատությանը, որովհետև երբեմն հուսահատությանն այնքան են ընտելանում, որ դրանից բաժանումը շատ ցավոտ ու դժվար է լինում։
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք է համառորեն ելքեր փնտրել՝ վստահելով նաև Աստծուն ։
Երկիր մոլորակը պտտում է մեր բոլորի մտքերը, արարքները, որոնք, ի վերջո, գալիս հանդիպում են մեզ։ Ու եթե ուզում ենք լավը վերադառնա մեզ, մեր գիտակցությունից, մտքերից, արարքներից պետք է հանենք գորշ ամպիկները։
Կյանքը լիարժեք է, երբ դու ունես այն, ինչ քեզ պետք է՝ ոչ ավելին, ոչ պակաս։ Ունես այնքան, ինչքան քեզ պետք է, և գոհանում ես այդ ամենով․․․
Մարդը սկսում է մահանալ, երբ ոչ մի բան չի ստեղծում, նաև՝ երբ դադարում է զարմանալ․․․
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգացել երեխայիս ծնվելու պահին, երբ լսել եմ նրա ձայնը, ճիչը։ Այնքան հուզիչ պահ էր։ Ստեղծագործական բուռն պահերին ևս, երբ կարծում եմ՝ ինչ-որ գյուտ եմ արել, Աստծուն որոշակիորեն մոտ եմ զգում (ժպտում է,-հեղ․)։
Սիրում եմ հին ու փոքր եկեղեցիները. դրանցում ինչ-որ դատարկություն կա, որ լցված է յուրահատուկ էներգետիկայով և խաղաղությամբ։
Կուզեի ինքս ինձ հետ զրուցելու հնարավորություն ունենալ ամեն օր ու անկեղծորեն։ Միշտ չէ, որ ստացվում է ինքդ քեզ հանդիպել. դժվար է ամեն օր մենության ժամեր ունենալ և այդ ժամերին անկեղծորեն զրուցել ինքդ քեզ հետ։ Երբ քաջություն չենք ունենում անկեղծանալու, դրանով դավաճանում ենք մեզ։
Իմ կյանքի մեծագույն սերը բեմն է, բալիկս, հայրենի բնությունն ու երկինքը։
Կյանքիս գլխավոր ձեռբերումը երեխաս է և այն մարդիկ, որոնք կան իմ կյանքում, նաև՝ հաջողություններս, իսկ մեծագույն կորուստը՝ վատնված ժամանակը, բաց թողած հնարավորությունը, մարդկային կորուստը։
Դրախտն իմ պատկերացմամբ մի տեղ է, որտեղ մարդիկ շատ ավելի իմաստուն են ու մեծահոգի, և նրանց միտքն ու հոգին խաղաղ ու ներդաշնակ են տեղի բնության հետ, բնության պես․․․
Քրիստոսից երկու հազար տարի անց, որքան էլ զարմանալի է, դեռ կան հեթանոսներ, և աստիճանաբար հեռանում ենք Քրիստոսից։
«Ինչ ցանես, այն էլ կհնձես» աստվածաշնչյան պատգամն եմ ինձ համար առանձնացնում, սա մի խորհուրդ է, որն անընդհատ պետք է մտաբերել։
Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ,՝ես կհուզվեմ, կմանկանամ (լայն ժպտում է,-հեղ․)։
Զրուցեց՝ Ա․ Պողոսյանը