Մելքիսեդեկի կոչումը. Քրիստոնեությունն ինձ համար կենսակերպ է

Մելքիսեդեկի կոչումը. Քրիստոնեությունն ինձ համար կենսակերպ է

Մեր զրուցակիցն է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

 

Տերն անպայման հավատում է քո երազանքին

 

Տե՛ր հայր, յուրաքանչյուրս մեր սրտում ունենք մեր մանկության պատկերը: Ինչպիսի՞ն է այն Ձեզ համար:

-Ծնվել եմ 1975 թ., մեծացել Նոր Արեշ թաղամասում` մանկավարժների ընտանիքում: Ինչպես բոլոր երեխաները, ես էլ կռվարար էի, չարաճճի: Մեր ընտանիքը շատերից տարբերվող մի ավանդույթ ուներ` ճաշելուց առաջ խաչակնքել, աղոթել և Տիրոջ ողորմությունը խնդրել: Քրիստոնեական այս և այլ արժեքներ ժառանգել էինք պապիս մեծ հորից` մշեցի Ալեքսանդրից, ով քահանա էր եղել: Դպրոցական տարիներից մի դրվագ եմ հիշում. վեցերորդ դասարանում դասղեկս հարցրեց, թե ինչ եմ ուզում դառնալ, ասացի` քահանա, բարկացավ և ինձ դասարանից դուրս արեց: Գուցե պետք էր, որ այդ պահին նա ինձ հավատար, որովհետև հավատը թևեր է տալիս և օգնում գնալ երազանքի հետևից: Այդպես մենք Տիրոջ օրինակին ենք հետևում: Եթե ազնիվ ես, շիտակ, եթե հավատում ես, Աստված անպայման հավատում է քեզ, քո երազանքին: Տարիներ անց, երբ կրկին հանդիպեցինք, իմ սիրելի դասղեկն ասաց. «Դասարանի ամենալավ աշակերտն էիր»:

 

Հասկանալ, ընդունել և ապրել

 

Հեշտությա՞մբ իրականացավ Ձեր երազանքը: 

-Այն հրաշալի միջավայրը, որ կար Վազգենյան դպրանոցում, հետո` Գևորգյան ճեմարանում, օգնում էր հաղթահարել դժվարությունները: Ժամանակ պահանջվեց, որ  հղկվեի. կարծես «չտաշած քար» լինեի, բայց աստիճանաբար սկսեցի գիտակցել հոգևորական լինելու պատասխանատվությունը և ապրել դրանով: Ամեն իրավիճակում, երբ ուսուցիչներս կողքիս էին, ինձ ուժեղ էի զգում, նաև օրինակ վերցնում նրանցից:

 

Ճանաչելով` ճանաչեցնել

 

Անդրադառնանք հոգևոր ծառայության տարիներին:

- Ճեմարանն ավարտելուց հետո ձեռնադրվեցի սարկավագ, ապա` ամուսնացյալ քահանա: Թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն էի: Տարբեր ժամանակահատվածներում, որպես խորհրդակատար քահանա` ծառայել եմ առաջնորդանիստ Սբ. Սարգիս, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներում: Տարիներ առաջ ստեղծել եմ Սբ. Զորավորի Երիտասարդաց միությունը և եղել այդ միության հոգևոր պատասխանատուն:

2003-2006 թթ. ծառայել եմ Եգիպտոսի Հայոց թեմում` որպես Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ: Հարկ է նշել, որ ազգային ինքնության առումով կուռ համայնք ունենք: Հայապահպանության գործոնը մեծապես բաժին է ընկնում եկեղեցուն, որի հոգածության ներքո կան դպրոցներ, մանկապարտեզներ, ընտանիքներ, Երիտասարդաց միություններ, ծխական խորհուրդներ: Այլ կերպ ասած` հայկական եկեղեցին բնականոն հոգևոր կյանքով է ապրել և ապրում: Ինձ այլ բան չէր մնում անելու, քան ջանալ, որ այդ կյանքը աշխուժանա:

 

Տե՛ր հայր, վերջին մեկուկես տարում Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին  եկեղեցիների հոգևոր հովիվն եք: Ի՞նչ է ուզում այսօր այստեղ` Երևանի սրտում աղոթող հավատացյալը:

- Քրիստոսին, միշտ` Քրիստոսին: Հավատացյալը եկեղեցուց տանելու ուրիշ բան չունի: Երբ կարողանա եկեղեցուց վերցնել Քրիստոսին, իր սրտի մեջ դնել, Նրանով մաքրագործվել, մխիթարվել, հավատալ, սիրել, իր աղոթքը բարձրացնել առ Աստված, ուրեմն հոգևորականներիս առաքելությունն իրականացված է: Մենք կոչված ենք Քրիստոսին ճանաչելով` ճանաչեցնել ժողովրդին: Տիրոջ ողորմությամբ եկեղեցում մատուցում ենք Սուրբ Պատարագ, բժշկության կարգ,  ժամերգություն, քարոզ... և միշտ եկեղեցին լեցուն է հավատացյալներով: Բացի այդ քահանային դիմելու, նրա զորակցությունը հայցելու հնարավորություն կա: Ծառայության ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ մարդու հոգևոր պահանջներն ավելացել են, ինչի համար շատ ուրախ եմ: Եվ թյուր է այն ըմբռնումը, թե մերօրյա տեղեկատվական այս հորձանուտում այլ արժեքներն են արդիական:  Հոգևոր դաստիարակությունը հնարավորություն է տալիս ընտրել` որ ինֆորմացիան է քեզ պիտանի,  իսկ որը՝ ոչ: Եվ այս դաստիարակությունը սկսվում է  ընտանիքից:

 

Զոհաբերություն հանուն...

 

Ինչպիսի՞ն պետք է լինի օրինակելի հայ ընտանիքը:

-Ինձ համար հայ ընտանիքը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Ընտանիք, երբ այր ու կին Տիրոջ խորանի առջև խոսք են տալիս մեկ մարմին լինելով՝ շարունակել իրենց կյանքի ճանապարհը: Ընտանիքն ըստ իս զոհաբերության խորհուրդ ունի: Ինչպես Քրիստոս զոհաբերվեց հանուն Իր Հարսի` Եկեղեցու, այնպես էլ ընտանիքում պետք է լինի զոհաբերություն մեկը մյուսի «ես»-ին` հանուն մեկ «ես»-ի, որպեսզի ընտանիքն ամուր լինի, միաբան, որպեսզի երեխաները կարողանան մեծանալ հոգևոր և աղոթական միջավայրում, որպեսզի ազատ լինեն իրենց ընտրության մեջ, և այդ ընտրությունը լինի Քրիստոս: Շնորհակալ եմ Աստծուն, որ երկու զավակներս և կինս  այս արժեհամակարգի կրողն են, իմ հոգևոր ընթացքի անբաժան ուղեկիցը:  Ինձ համար քրիստոնեությունը նախևառաջ կենսակերպ է, կենցաղավարություն, որով ես ապրում եմ ամեն վայրկյան:

 

Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 0201-12-10
×