Մարինե Մարգարյանի «Կենաց Ծառը»

Մարինե Մարգարյանի «Կենաց Ծառը»

Աշնանային արևոտ կեսօր է։ Մտնում ես Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և նախասրահում սպասումմաեստրո Տիգրան Հեքեքյանի տիկնոջ՝ դաշնակահարուհի Մարինե Մարգարյանի հետ պիտի զրուցեմ։ Գալիս է։ Երկու բան անմիջապես եմ նկատում՝ կիրթ ու երգեցիկ խոսքն ու ներսից եկող խաղաղությունը։ Երկար զրուցում ենք զրույցի ընթացքում այնքան եմ ժպտում՝ դեմքիս մկանները սկսում են ցավել։ Մի քանի կարևոր դաս եմ առնում․․․ Հետո անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հասնելու համակարգչին, որ զրույցն ամփոփեմ՝ կազմելով Մարինեի «Կենաց Ծառը»։


Իմ ծննդյան պահից հիշողություններ 
իհարկե,  չունեմ, փոխարենը  հիշում եմ քրոջս ծնունդը․ ես երկու տարեկան էի, երբ նա լույս աշխարհ եկավ։ Այդ տարիքից ևս սովորաբար հիշողություններ չեն պահպանվում, բայց ես շատ վառ եմ հիշում օրը, երբ նրան տուն բերեցին․ կանաչ շուրթեր ուներ (ծիծաղում է-հեղ․), ուզում էի մոտենալ նրան, բայց մեծերով էր շրջապատված, չէր ստացվում։ Սիրով ու խաղաղությամբ լի էր մանկությունս: Մեր ընտանիքը ճիշտ հիմքերի վրա է ստեղծված․ հիմա առավել լիարժեք ու խորն եմ հասկանում, գնահատում դա:


Ծնողներս խոսքով դաստիարակող չէին, անընդհատ ինչ-որ բաներ չէին բացատրում, այլ իրենց սեփական օրինակն էին տալիս` տանը ստեղծած մթնոլորտով, այնտեղ եղած բարությամբ ու բնականությամբ։ Մանկության տարիներին ապրած այդ ամենը դառնում է դրական էներգիայի աղբյուր, որից հետագայում անընդհատ սնվում ես, պաշար, որից այլ մարդկանց ես բաժին հանում։ Այսօր էլ ծնողներիս մոտ գնալը կարծես առողջարան լինի հոգեկան աշխարհիս համար (ժպտում է,-հեղ․)։
 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ իմ մուտքով սկսվեց կյանքիս ամենահրաշալի շրջաններից մեկը։ Ընդունվեցի, երբ այնքան էլ փոքր չէի․ խաղաղության մասին երգ էի գրել, առաջարկեցին ցույց տալ այն մաեստրո Հեքեքյանին։ Հանդիպեցինք, երգը տվեցի, հարցրեց՝ ինչու՞ չես գալիս երգելու մեզ մոտ, ասացի՝ ես զբաղված եմ, դաշնակահարուհի եմ (ծիծաղում է,-հեղ․)։ Բայց հետո խաղաղության մասին երգերի մրցույթ կայացավ, իմ երգն էլ մասնակցեց դրան, եկա երգչախումբ և այս անգամ մնացի։ Դրանից մի քանի ամիս անց, մեկնեցինք մեր առաջին շրջագայությանը, որը հիսուն օր պիտի տևեր․ ես այն կոչում եմ «Հիսուն օր՝ աշխարհի շուրջ» (ժպտում է,-հեղ․)։ Շրջագայության շրջանակներում ԱՄՆ-ում մրցույթի մասնակցեցինք և ոսկե մեդալ շահեցինք։ Երբ կարդացին մեր երգչախմբի անունը, վազեցինք դեպի մաեստրոն։ Թեև հետո շատ եմ ապրել երջանկության պահեր, բայց այդ հաղթանակն ու այդ օրվա ապրածը երջանկության գագաթնակետն է ինձ համար մինչև հիմա։
 

Ինչին սովորում ես, թվում է՝ սովորական, միայն երբ կորցնում ես,  հասկանում ես`ունենալն ինքնին հրաշք էր։ Շատ շուտ եմ հանգել այս մտքին և փորձում եմ կյանքումս եղած բոլոր հրաշքներն արժանի կերպով գնահատել։ Եվ, այնուամենայնիվ, բոլոր մյուս հրաշքների կողքին, երաժշտության չափ հրաշք չկա։ Յոհան Սեբաստիան Բախն ամենավերևում է։ Նրա մասին մտածելիս հիշում եմ Մաշտոցին, Մենդելեևին, ովքեր երազով են ստեղծել ամենակարևորը․ Բախը, հավանաբար, իր ողջ կյանքն է «երազում» ապրել։ Նրա երաժշտությունը վերերկրային է, վերժամանակյա, ինքնաբավ է և քո մասնակցության կարիքն իսկ չունի․ նույնիսկ եթե վատ կատարես այն, մեկ է՝ կարող է կատարյալ հնչել։
 

Ես մեծացել եմ աթեիստական միջավայրում։  Հիշում եմ՝ ինչ-որ պահից հանկարծ սկսեցին խոսակցություններ տարածվել Աստծո մասին։ Եկա տուն ու մայրիկիս հարցրի՝ Աստված չկա, չէ՞։ Չէի ուզում՝ լիներ, որովհետև լինելը նշանակում էր, որ ամեն մեկս պատասխանատվություն ունենք, մեզնից շատ բան է ակնկալվում։ Որքան հեշտ է ասել՝ Աստված չկա, ու շարունակել ապրել... Հետո տեղի ունեցավ 88-ի երկրաշարժը․ էպիկենտրոնում հարազատներ ունեինք, երեք օր լուր չկար տատիկից ու պապիկից։ Տասը տարեկան էի այդ ժամանակ, հիշում եմ՝ ինչպես հավատը եկավ ու շոշափելի, ասես նյութեղեն կերպով լցվեց ներսս՝ որպես գիտելիք, իմացություն, իրողություն։ Սկսեցի աղոթել․ խոսել Աստծո հետ։ Տպավորություն ունեմ՝ ասես այդ տարի Հավատն առ Աստված պարզապես իջավ մեր երկիր, և ով կարողացավ՝ իր մասը վերցրեց, իրենը դարձրեց, ու ես այդ երջանիկներից մեկն եղա։
 

Բայց ինչպե՞ս բանաձևել Աստծուն։  Նույնիսկ սեփական կյանքը, սերը, քեզ խելոք մարդու տեղ դրած բանաձևելը բարդ է, գրեթե անհնար, իսկ ինչպե՞ս խոսել Աստծո մասին։ Ասում են՝ վերին է, քեզնից վեր է, շուրջդ է, ներսումդ է, ամենուր է։ Ինքս մի քանի անգամ ունեցել եմ այդ զգացումը, թվում է՝ նույնիսկ ձայնն եմ լսել․ երբ գլխիդ մեջ հազարավոր մտքեր են վազում, մեկ էլ  հանկարծ լսում ես մի միտք, որն ուրիշ է՝ սեփական մտքերիցդ տարբեր, հատու, որոշակի, ծանրակշիռ․․․
 

Հոգևորի դաշտում կան և գործում են օրենքներ, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, բայց դրանք աշխատում են ֆիզիկական օրենքների ճշգրտությամբ։ Իմ համոզմամբ՝ Աստված չի տալիս կամ վերցնում, չի էլ պատժում, այլ ինքդ ես ընտրածդ ուղով, կերպով ու տեսակով հանգում այն ամենին, ինչ ունես այս պահին, հասնում այն իրավիճակին, որը ստացել ես քո իսկ ձեռքերով: Թակում ես՝ բացվում է, փնտրում ես՝ գտնում ես։ Օրենքները մեզնից անկախ են գործում։ Կուզեի դրանց մասին ավելի շատ բան իմանալ (ժպտում է,-հեղ․):
 

Իմ կյանքի մեծագույն ուսուցիչը Տիգրան Հեքեքյանն է։  Ուսուցանելը նրա կոչումն է, բայց միայն երգել չէ, որ սովորեցնում է։ Նա շերտեր է լցնում, ու թեև իր աշակերտներից ամեն մեկը մնում է այնպիսին, ինչպիսին կա, բայց մի նշանակալից բան անպայման վերցնում են՝ դառնալով կիրթ, կարգապահ, հայրենասեր ու մարդասեր։ Մենք մեր գործում ամենաշատը դա ենք կարևորում՝ այն արժեքների փոխանցումը սերունդներին, որոնք չափազանց անհրաժեշտ են մեր հանրությանը։
 

Մարդ արարածը ծույլ է, աշակերտներիս էլ եմ դա ասում՝ չկարծեք, թե նորմալ չէ, որ չեք ուզում պարապել, աշխատել։ Աննորմալ է հակառակը՝ պատրաստ լինել ժամեր շարունակ նստել գործիքի առաջ։ Բայց թե անում ես մի բան՝ գտիր ձևը դա սիրելու։ Երեխաներիցս երեքն այսօր երաժշտական կրթություն են ստանում․ չէինք կարող նրանց չբերել մի աշխարհ, որտեղ մենք տեսնում ենք կյանքի իմաստը։ Սեփական գործը սիրելու մասին համոզմունքս նրանց ևս հաճախ եմ հիշեցնում։
 

«Պետք է»-ն ինձ համար, իմ կյանքի ու գործունեության համար հիմք է։ Մշտապես իմ աչքի առաջ է՝ ինչ պիտի անեմ մյուսների համար, ինքս ինձ համար, որոնք են այն նշաձողերը, որոնց պիտի ձգտել ու հասնել։ Ուրախություն է զարգացումն..... աճը տեսնելը. շրջապատող աշխարհի, մարդկության, հարազատներիդ և, անշուշտ, սեփական ձևափոխումը, ձգտումն ու ինքնահայտանաբերումը մի նոր մակարդակում, լինի որպես մասնագետ, մանկավարժ, թե անհատ: Որպես մարդ՝ չգիտեմ, դա նույնպես խիստ լուրջ աշխատանք է, որը յուրաքանչյուրս պարտավոր ենք կատարել, որ կատարելագործվենք․ այլ ելք չկա։ Դա է ուղին․ չես կարող տեղում կանգնել, կանգնեցիր՝ հետ ես գնում։
 

Եթե երաժշտությունն ինչ-որ կերպ դուրս գա իմ կյանքից՝  կկորչեմ, չեմ լինի, չգիտեմ էլ՝ ինչ կմնա տակը, ով կմնա, ես՝ ես չեմ լինի այլևս: Երաժշտությունն ու ընտանիքս իմ կյանքի մյուս կարևորագույն հիմքերն են։ Հերթականություն սահմանել անկարող եմ։ Դրանցով էլ պայմանավորված է չընդհատվող վազքը, որն ինձ ուրախացնում է։ Հիմնական հարցը, որ լսում եմ՝ ինչպե՞ս ես այդքանը հասցնում. ոչինչ էլ չե՛մ հասցնի, եթե չուզելով անեմ։ Երեխաներիս էլ նույնն եմ փորձում սովորեցնել՝ չես կարող առանց սիրելու հաջողել: Սիրիր այն, ինչ անցնում ես, ցանկացիր անել հենց դա: Գտիր՝ ինչն է քեզ հաճելի։ Ինչ-որ աստիճանի դժվարությամբ հասնելուց հետո, նոր հորիզոն է բացվում: Պիտի պատրաստ լինես, որ անընդհատ բարձրանալու ես, ոչ թե վերջապես ինչ-որ տեղ հասնելու համար, այլ իմանալու՝ հետո ուր պիտի գնաս: Ջանա վայելել այդ ամբողջ ընթացքը։
 

Սերը նույնպես աշխատանք է։
 

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորեցի, որ ես ուժեղ եմ ու շատ ուրախացա՝ դա հասկանալով։ Վստահ չեմ, որ միշտ եմ ուժեղ, բայց այն պահին, երբ ինձ թույլ եմ կարծում, հիշում եմ՝ դժվարությունը ոչինչ է մարդու համար. Աստված մեզ շա՛տ կատարյալ է ստեղծել։
 

Հուսահատությունն ավարտն է, դու չկաս՝ թե հույս չկա։  Հուսահատության չհասնելու համար ստեղծագործում էի, նվագում, երգեր գրում, աղոթում, երբ փոքր էի: Աղոթքը մնացել է... Հիմա նաև գիտելիքն է օգնության հասնում՝ կյանքի ոչ մեծ, բայց «տարողունակ» փորձից եկածը: Ծանր ու անհույս պահին պետք է փորձել հիշել այն ամբողջ լուսավորն ու դրականը, ինչի գոյությանն ու անվերապահ գերակայությանն այնքան հեշտությամբ ենք հավատում, երբ ամեն բան լավ է: Երբ խնդիր չունես, անշուշտ բարդ չէ պնդել, թե «գեղեցիկը կփրկի աշխարհը», ժպիտը կբացի դռները և այլ նման բաներ: Իսկ երբ վատ վիճակում ես, կապդ է կորչում քեզ սնուցող Բարու, դրականի, տիեզերականի հետ, որից բարի լիցքեր ես ստանում  միայն, երբ բաց ես, ժպիտով ես, երջանիկ ես: Լույսից այս հեռացումդ է, որ այդ պահի ամենամեծ, բայց հաճախ չգիտակցված կորուստն է, ցավիդ սկզբնաղբյուրը, որը գիտակցելով և շտկելով էլ պիտի բռնես «ապաքինման» ու նորոգման ուղին:
Դժվարության մեջ պարզապես պիտի հիշել՝ միևնույն է, սա էլ ես անցնելու։ Առնվազն մեկ-երկու օրինակ կյանքը քեզ տվել է, չէ՞, թե նա երբեմն որքան անսպասելի շրջադարձեր է սիրում անել․․․
 

Աստված մեզ ստեղծել է երջանիկ լինելու համար։ Մարդու բնական վիճակն առողջ, ուրախ և երջանիկ լինելն է։ Ինչո՞ւ է կարևոր երջանիկ լինելը, որովհետև երբ երջանիկ ես, սեր ու ջերմություն ես սփռում, արարում ես, ներդաշնակ ես և ճշմարիտ կապի մեջ Վերին Գոյի՝ Աստծո հետ, ով հենց ինքը Սերն ու Լույսն է։ Առանց սիրո չկա ոչինչ, իսկ սերն արդեն իսկ հարատև երջանկություն է: Երջանկություն ասելով մենք թյուրորեն պատկերացնում ենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ լավ է, այնինչ այս բառով տրված է սահմանում ոչ թե իրադրությանը , այլ մեր ինքնընկալմանը տվյալ իրադրության մեջ, տվյալ կետում ու վիճակում: Երբեք ամեն ինչ լավ չի լինում, իսկ մենք այնուամենայնիվ կարող ենք, պարտավոր ենք ապրել մեզ տրված բոլոր պահերը շնորհակալությամբ։ Երջանկությունն այն է, երբ դու քեզ լավ ես զգում նույնիսկ խնդիրներիդ մեջ: Այսինքն խնդիրների բացակայությունը չէ, որ երջանկությունն է, այլ այդ խնդիրները հաղթահարելու հաճույքն ապրելը, ունեցածովդ ուրախ ու բավարարված լինելու կարողությունը։
 

Այնքան խորը վստահություն ունեմ առ Աստված, երանի այն երբեք չկորցնեմ։  Դա միշտ համեմատում եմ մի երևույթի հետ, որն ամեն երեխայիս հետ փորձառել եմ։ Երբ նա նոր է ծնվում, շատ հաճախ է լաց լինում՝ այդ կերպ արտահայտելով կամայական անհարմարություն, ցավ։ Իսկ երբ դու նրան օգնում ես ազատվել անհարմարությունից, ցավից, աստիճանաբար սկսում է հասկանալ, որ դու ինչ էլ անում ես, ուր էլ իրեն տանում ես, իր լավի համար ես անում, ոչ վնասելու։ Այդպես երեխան սկսում է անվերապահորեն վստահել քեզ։ Այս գիտակցությունն ու զգացողությունն ունեմ Աստծո հետ հարաբերություններում (ժպտում է,-հեղ․)։
 

Կյանքը լիարժեք է, երբ  մարդն իր տեղում է, իսկ թե տեղում էլ չէ՝ գոնե գիտի՝ ուր է գնում, ձգտում է դրան։ Կյանքը լիարժեք է, երբ արարում ես, որովհետևԱստված մարդուն շնորհել է այդ ունակությունը՝ առանձնացնելով նրան կենդանիներից։
 

Մարդը սկսում է մահանալ, երբ  չարանում է։ Շատ էլ հեշտ է չարանալը․ ներսդ սառչում է: Ապրելը սիրելն է։ Եթե նույնիսկ մարդը ծայրից ծայր ճիշտ է, բայց չար է, սեր չունի, ուրեմն ինչ-որ մի լավ բան ներսում մահացել է։
 

Ոսկե կանոնը` «Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց», ինձ համար առանցքային է Աստվածաշնչում և այնքա՜ն ճիշտ։ Ու սա միայն գործողության մասին չէ, վերաբերմունքի մասին էլ է․ ինչպես դու քեզ ես ճանաչում ու հասկանում, գիտես, որ սխալական ես, այնպես էլ դիմացինի հանդեպ պիտի հանդուրժողականություն ունենաս։ Այնքան հեշտ է ասել՝ դու պիտի այսպես վարվեիր, այնպես անեիր․․․ Ինչո՞ւ ես քեզնով դատում, մի՞թե որևէ լավ բան քո արժանիքն է։ Եթե նույնիսկ քո արժանիքն ու ձեռքբերումն է, ենթադրենք՝ դիմացինդ դեռ չի հասել դրան, ինչո՞ւ ես իրեն մերժում, փակում իր առաջ դուռը, ինչո՞ւ ես մեղադրում։ Եվ կանոնը գործում է՝ երբ դու չես ընդունում դիմացինիդ, գալիս է պահը, երբ քեզ չեն ընդունում։
 

Կյանքիս գլխավոր ձեռբերումն  ընտանիքս եմ համարում։ Չեմ կարող ասել՝ մնացածը կարևոր չէ, բայց դա այն է, ինչ մնում է։ Միշտ մնում է ամենակարևորը։
 

Դաշնակահարի գործում ամենադժվարն  այն չունեցած-չգտնված ժամերն են, որոնք պիտի ստեղծագործությանը տայիր, ու չես տվել։ Ժամանակի կորուստն ամենամեծն է, որովհետև այն վերադարձնելի չէ։ Թե աշխարհի տաղանդը, սերն ու նվիրումն էլ ունենաս, դու միևնույն է սահմանափակ թվով ժամեր ունես՝ դրանք ռեալիզացնելու։ Եվ հարցը միայն ժամանակը չէ, այլ կգտնե՞ս արդյոք ներսումդ բավարար չափով կարողություն և ցանկություն՝ ամբո՛ղջ ներքինդ, կյանքդ, եռանդդ աշխատանքին նվիրելու։ Մի վարկածի համաձայն՝ Մոցարտն ու մյուս հանճարները ոչ թե միայն գերտաղանդավոր են եղել, այլ պարզապես նաև աննորմալ կերպով նվիրված են եղել իրենց աշխատանքին՝ սովորական մարդուց շատ ավելի շատ երկար ժամեր իրենց գործին հատկացնելու առումով:
 

Այն պահերին, երբ որևէ ստեղծագործություն եմ կատարում, և հանկարծ թվում է՝  երաժշտությունն ինքն իրեն է կայանում, դու ունկնդիր ես այլևս, ինչ-որ մի բան ինքնուրույն է ստեղծվում քո իսկ նվագելու ընթացում, այդ ժամանակ է, որ ամենաշատն եմ զգում Աստծո ներկայությունը։
 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ` մոտենալու իրավունք իսկ կունենա՞մ․․․ Սա է  ամենակարևոր հարցադրումը։ Երբ փոքր էի, շատ էի ուզում՝ գա, մարդիկ տեսնեն, հավատան։ Հիմա մտածում եմ՝ մեր կողքին այսօր էլ այնպիսի մեծ, կարկառուն մարդիկ են ապրում, այնքան սովորելիք կա նրանցից, բայց ակնածանքդ թույլ չի տալիս նրանց շատ մոտենալ, և այնքան բնական է փոքր, աննշան զգալդ։ Որքան ավելի բարդ է պատկերացնելը՝ ինչ կանես Քրիստոսի ներկայությամբ, Նրա կողքին։ Այստեղ եմ սկսում հասկանալ Նարեկացուն, նրա ինքնամերժման և ինքնախարազանման ողջ փիլիսոփայությունը․․․

 

Զրուցեց՝ Ա․ Պողոսյանը

  • 0021-12-10
×