«Ճշմարիտ քրիստոնյա դառնալու իմ ճանապարհը»

«Ճշմարիտ քրիստոնյա դառնալու իմ ճանապարհը»

Քրիստոնյա հավատացյալի համար եկեղեցին և հոգևորականը բացառիկ դեր և նշանակություն  ունեն, հատկապես, ազգապահպանման և հավատքի մեջ անսասան մնալու համար։ Հայ Առաքելական եկեղեցին մեր հավատքի հիմքն է, իսկ հոգևորականը՝ միջնորդ մարդ-Աստված հարաբերության մեջ։ Հոգևորականը նաև ուսուցիչ է, սակայն որքանով էլ ուսուցիչը լավը լինի, միևնույնն է, աշակերտը պետք է զբաղվի ինքնակրթությամբ: Եկեղեցու աղոթքին և խոստովանությանը պիտի հաջորդի ինքնամաքրման ընթացքը: Այս մտքերի հեղինակը ես չեմ, այլ Հունահայոց թեմի մեր փոխատենապետը՝ Պետրոս Հովսեփյանը, ով  արդեն 10 տարի է՝ ապրում է Հունաստանում։
 

  «17 տարեկան էի, երբ առաջին անգամ դուրս եկա Հայաստանից։ Օտար երկրի մեջ յուրաքանչյուր մարդ փնտրում է իրեն հարազատ մի անկյուն՝ հիշելու համար հայրենի առօրյան և շփվելու իր նմանների հետ։ Այս ամենի պակասությունն էր, որ ինձ ստիպեց հաճախել հայկական եկեղեցի։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ առաջին անգամ  հանդիպեցի հայր սուրբին, ով ինձ հրավիրեց եկեղեցի, որտեղ ես գտա  հեռվում թողած հայրենիքն  ու Աստծուն։ Ամենօրյա այցելություններս եկեղեցի և ներկա գտնվելը Պատարագներին, ինձ օրեցօր ավելի էր զորացնում և անսասան դարձնում  հավատքի մեջ։ Այս ամենից շատ չանցած՝  ցանկություն հայտնեցի մկրտվելու հայկական եկեղեցում։ Ես գիտակցում էի, որ մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ, հրաժարվել չարից ու նրա գործերից, ունենալ բավարար գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ ու ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին։ «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրաինչպես Հայրն ինձ ուղարկեցես էլ ձեզ եմ ուղարկումԳնացե՛ք ուրեմնաշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերիննրանց մկրտեցե՛ք ՀորՈրդու և Սուրբ Հոգու անունովՍովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորըինչ որ ձեզ պատվիրեցիԵվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերումմինչև աշխարհի վախճանը» (ՄատթԻԸ 18-20): Այս ամբողջ ընթացքում   ես պարբերաբար զրույցներ էի ունենում հայր սուրբի հետ և այդ հոգևոր զրույցների արդյունքում ինձ պարզ դարձավ, որ Աստծո լիարժեք խաղաղությունն ու օրհնությունները կարող եմ ունենալ միայն այն դեպքում, երբ դառնամ Նրա արժանի որդին։ Հունաստանը լինելով ուղղափառ երկիր՝  նպաստում է, որ հավատացյալը քրիստոնեական վարքագիծ դրսևորի և չշեղվի իր ճշմարիտ ուղուց, բայց, միաժամանակ, շատ կարևոր է   մշտական կապը հոգևորականի հետ, քանի որ  Եվրոպայում տարատեսակ գայթակղություններն այնքան շատ են, որ  քրիստոնյա հավատացյալին հեռացնում են թե՛ Աստծուց, թե՛ եկեղեցուց: Ինձ համար այդ կապն ապահովել է իմ հոգևոր ծնողը:  Ինձ համար շատ կարևոր է, որ քրիստոնյան իր ստացած հոգևոր սնունդը  բաժանի շրջապատին, որպեսզի այդ լույսը տարածվի ամենուր. ահա այս մտադրությամբ ես և իմ տարեկից երիտասարդները,  հայր սուրբի օրհնությամբ, նախաձեռնեցինք և ստեղծեցինք  եկեղեցու երիտասարդաց միությունը, որը երկու խնդիր է դրել իր առջև՝ Աստծո խոսքի տարածումն ու ազգապահպանության ամրապնդումը։ Օտարության մեջ միմյանց նկատմամբ  հանդուրժող և ներողամիտ լինելը շատ կարևոր է, քանի որ մենք այդ կերպ ենք ցույց տալիս մեր միասնականությունը և հզոր ուժ լինելը։ Մինչ եկեղեցու հետ կապվելը՝ ես էլ, ինչպես շատ երիտասարդներ, երևույթները գնահատում էի իմ տեսանկյունից և իրավիճակներին տալիս էի իմ գնահատականը, երբեմն չներելով և չհասկանալով դիմացինին, իսկ հիմա ես առաջնորդվում եմ Հիսուսի խոսքերով. «Այնինչ ուզում եքոր մարդիկ ձեզ անեննույնը դուք արեք նրանց» (Մատթ. 7։12)։  Մենք բոլորս պետք է սիրենք մեր դիմացինին այնպես, ինչպես Հիսուս Ինքը սիրեց մեզ և նույնը  փորձենք սովորեցնել մեր ընկերներին։ Վերջում  կցանկանայի ասել՝ Եկեղեցու երիտասարդաց միության մի մասնիկը լինելն ինձ համար շատ կարևոր էր. այն յուրատեսակ միջոց  դարձավ՝ տեսնելու ու զգալու Աստծո ներկայությունն ամենուր»։

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-12-10
×