Ժամանակի մանրադիտակ, պատահականություն, հիշողություն, փաստ, արվեստ ու վավերագրություն. լուսանկարչության այս յուրատեսակ բանաձևումների, նրբությունների և փոխանցած հոգևոր արժեքների մասին զրուցել ենք ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, ՏՏ համակարգային ադմինիստրատոր, լուսանկարիչ Տիգրան Մադոյանի հետ:
Տիգրանին առաջին անգամ լուսանկարչական սարք նվիրել է հայրը` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու առթիվ: Սովորելուն զուգահեռ զբաղվել է լուսանկարչությամբ` ժամանակի ընթացքում աստիճանաբար վարպետանալով և գտնելով այն միջավայրը, որտեղից վերցրել է կյանքն իմաստավորելու համար անհրաժեշտ հոգևոր զորություն: Տիգրանը պատմում է, որ տարիներ առաջ ընկերներից մեկի շնորհիվ հայտնվել է «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ Գագիկ Գինոսյանն ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» խմբի հետ անցկացնում էր հայկական ազգային պարերի բաց դաս: «Առաջին անգամ էի տեսնում` ինչպես իրար լրիվ անծանոթ մարդիկ ժպտացող դեմքերով պարում էին ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի տված: Այդ ժամանակ դա ինձ համար անհավատալի և չտեսնված մի բան էր: Պիտի խոստովանեմ, որ մինչ այդ միշտ մտածել էի Հայաստանը լքելու մասին և նույնիսկ քայլեր արել ուսումս արտասահմանում շարունակելու ուղղությամբ: Այդ օրվանից հետո ամեն ինչ փոխվեց, և մինչև հիմա ոչ միայն ապրում եմ Հայաստանում, այլև օրեցօր ավելի եմ կապվում մեր երկրին ու մշակույթին: Դրանում իր մեծ «մեղքն» ունի նաև ֆոտոխցիկս: Արդեն տասը տարի շարունակ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը պարտադիր ներկա եմ լինում ազգային պարերի այդ միջոցառմանը` հետս անպայման տանելով լուսանկարչական սարքը և անմահացնելով ինձ համար այդքան կարևոր դարձած այդ ուրբաթները: Ժամանակի ընթացքում սկսեցի լուսանկարել մեր մշակույթին առնչվող այլ միջոցառումներ ու համերգներ ևս` նկարածս նյութերը տեղադրելով համացանցում, որովհետև, դրանք սկսել էին հետաքրքրություն առաջացնել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Եվ պատասխանատվության զգացումից դրդված` որոշեցի իմ սիրելի գործին նոր երանգ տալ և հաճախել լուսանկարչական խմբակների: Այսօր արդեն ողջ ազատ ժամանակս տրամադրում եմ դրան»,- պատմում է Տիգրանը:
Այնուհետև զրուցեցինք լուսանկարչության առանձնահատկությունների մասին: «Արվեստի բոլոր ճյուղերում երևում է այն կերտողի մտածելակերպը, աշխարհայացքը: Լուսանկարչությունը հենց այդտեղ է առանձնանում, քանի որ բացի արվեստագետի ինչպիսին լինելը ցուցադրելուց այն նաև մարդկության պատմության մեջ թողնում է բազում արժեքավոր փաստեր և հիշողություններ»:
Հետաքրքիր էր իմանալ` ինչ է տեսնում լուսանկարչի աչքը, որ մյուսներն ի զորու չեն նկատել: «Նախ ասեմ` լուսանկարելիս միշտ հետևել եմ հետևյալ սկզբունքներին` ճիշտ պահին լինել ճիշտ տեղում, միշտ ուշադիր և պատրաստ լինել որսալու ակնթարթը, ունենալ արագ կողմնորոշվելու հատկություն, արթնացնել հնարավորինս շատ զգացմունքներ: Այս արվեստը յուրահատուկ է հենց նրանով, որ պետք է մի փոքր քեզնից ներդնես, որպեսզի նկարդ կյանքով լեցուն լինի: Ինձ համար շատ գրավիչ է ռեպորտաժային լուսանկարչությունը, որտեղ չկա արհեստականություն. դու ստվերում նկարում և փոխացնում ես այն, ինչ կատարվում է, չես խնդրում կամ ստիպում ժպտալ, արտասվել, զերծ ես մնում կեղծիքից»,- ասում է Տիգրանը:
Լուսանկարչությունը զուտ տեխնիկական գործընթացք չէ: Այն վերածվում է արվեստի այն պահին, երբ լուսանկարիչը ջանք է գործադրում. «Շատ կարևոր է մշտապես պատրաստ լինել լուսանկարել: Լավ լուսանկար ստանալու համար պիտի շատ նկարել, չափսոսալ տեխնիկան ու պայքարել արդյունքի համար: Որակի համար երբեք ոչինչ չեմ խնայել` յուրաքանչյուր միջոցառման ժամանակ նկարելով հազարավոր լուսանկարներ: Ես փորձում եմ ստանալ այն, ինչ պետք է տիրող մթնոլորտը ճիշտ փոխանցելու համար: Ասում են` ստացվում է»:
Տիգրանը խոսեց նաև լուսանկարչության հոգևոր զգացողությունների ու ընկալումների մասին. «Կադրը լույս է, որն արտացոլվում է նկարվող օբյեկտից, բայց երբեմն, երբ օբյեկտը մութ է, լուսանկարիչն ինքն է լուսավորում այն: Ու փաստացի առանց նրա լույսի հնարավոր չէ այդ անել: Մեր իրականության մեջ էլ այսօր լույսի և լուսավորի մեծ պակաս ունենք: Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Մեղանչելուց հետո մարդը կորցրեց այդ պատկերը: Աստված լույսի, սիրո աղբյուր է, Նա այդ ամենը տվել և տալիս է մարդուն ամեն օր: Հետևաբար մարդը միշտ պիտի փորձի արարող լինել, խավարը լույսից զատող, լուսավորը նկատող և տարածող»:
Տիգրանը մեզ հետ կիսվեց նաև այն ապրումներով, որ ունենում է նկարելիս. «Կան զգացմունքներ, որ չեն երևում առօրյայում, անգամ` տեսանկարահանումների ժամանակ, բայց մարդը դրանք չի կարող թաքցնել ֆոտոխցիկից: Շատ ընկերներիս հետ ծանոթացել եմ նրանց լուսանկարելու ժամանակ: Հենց այս ամենից եմ ես ապրելու, գործունեությունս շարունակելու համար անհարժեշտ լիցքեր ստանում: Խոսքերիս ապացույցը երեք տարի առաջ ընկերներիս մատուցած անակնկալն էր ծննդյանս տարեդարձին` իմ նկարների առաջին անհատական ցուցահանդեսի տեսքով, որն ուներ «Շնորհակալ ենք տվածդ սիրո համար» խորագիրը: Հույզերի և անկեղծության մի համախումբ, որը բառերով անհնար է արտահայտել»:
Հանդիպման ընթացքում զրուցեցինք նաև Տիգրանի լուսանկարներում առկա առանձնակի հայկականությունից. «Նկարում եմ այն, ինչ սիրում եմ, ինչ ամենաշատն եմ արժևորում կյանքում: Մեր ազգային, ավանդական միջոցառումները լավի ու դրականի մի մեծ աղբյուր են: Մենք հարուստ մշակույթ ունենք, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Ես երջանիկ եմ, որ մարդիկ հայկական մշակույթի մեջ տեսնում են լավն ու գեղեցիկը` ավելի մոտենալով իրենց ակունքներին. Այս ամենի հետ ինձ կապեց հենց սերը, նախ` լուսանկարչության, ապա` մշակույթի հանդեպ: Ինչպես կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին. «Աչքերը կույր են, պետք է սրտով փնտրել»: Առաջնորդվենք միշտ սրտով և կգտնենք ամենակարևորը մեր կյանքում, չէ՞ որ «Միայն սիրտն է սրատես, իսկ ամենագլխավորը աչքով չես տեսնի» (Անտուան դը Սենտ- Էքզյուպերի):
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ