Արարատի Սբ. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թ. Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցին անկախությունից հետո վերստին իր դռներն է բացել հավատացյալների առջև: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի հետ ամեն կիրակի Սուրբ Խորանում սպասավորող պատանի դպիրները մեզ հետ զրույցում պատմում են հոգևոր ծառայության և ապագա ծրագրերի մասին:
«Ես կմոտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդությունը» (Սաղմոս ԽԲ 4):
«Եկեղեցի սկսել եմ այցելել մորս ուղեկցությամբ: Տեր հոր հետ երկար զրույցները ինձ ոգեշնչեցին, որ եկեղեցում ծառայելու, Սուրբ Խորան բարձրանալու որոշում ընդունեմ: Աստծո կամոք ցանկանում եմ հոգևորականի ուղին ընտրել, դառնալ Տիրոջ հետևորդն ու զինվորը, տարածել Նրա խոսքը»,- պատմում է Սբ. Հակոբ եկեղեցում շուրջ մեկ տարի սպասավորող 17-ամյա Հրաչ Շահբազյանը:
«Մինչ եկեղեցի գալը՝ կարծես այլ մարդ լինեի: Սուրբ տանը` Աստծո հովանու ներքո, փոխվում է ներաշխարհդ, ավելի շատ ես ուշադրություն դարձնում հոգևորին, ձգտում դեպի բարին ու կատարյալը… Դա կարող է արտահայտվել, օրինակ, դիմացինի հանդեպ սիրով լի վերաբերմունքով և այլն»,- ասում է Հրաչը: «Ապագայում, որպես քահանա՝ պիտի փորձեմ նմանվել Քրիստոսին՝ իմ մեջ ունենալով բարին ու սերը: Բնականաբար, չենք կարող հասնել կատարելության, բայց պետք է փորձենք հնարավորին չափով նմանվել Նրան»:
16-ամյա Գևորգ Կիրակոսյանը, որ նույնպես ճեմարան ընդունվելու և հոգևորականի ուղին ընտրելու որոշում է կայացրել, եկեղեցի հաճախում է մանկուց: Հոգևոր աշխարհի հետ կապվածությունն ու սերն ընտանիքից, մասնավորապես տատիկից է եկել: «Փոքր ժամանակից էլ սիրում էի եկեղեցին, ինձ հարազատ էր հոգևոր կյանքը: 4 տարի առաջ, երբ արդեն հստակ էր հոգևորական դառնալու որոշումս, որոշեցի նաև Սուրբ Խորան բարձրանալ: Ընտանիքիս անդամները շատ լավ ընդունեցին, օգնում են, քաջալերում. ուրախ են, որ ընտրել եմ հոգևոր ճանապարհը»,- պատմում է Գևորգը: «Երջանկահիշատակ տեր Հովհաննեսը՝ Սբ. Հակոբ եկեղեցու նախկին քահանան, շատ էր կապված մեր ընտանիքի հետ: Ես փոքր էի, երբ նա գալիս էր մեր տուն: Տեր հոր շնորհիվ ես սիրեցի եկեղեցին և հոգևոր աշխարհը, ինձ գրավեցին շարականները, քահանաների հետ տարբեր թեմաներով զրույցները և այլն»:
Ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ եկեղեցում ծառայելու տարիները հարստացրել են գիտելիքներով, փոխել աշխարհայացքը, նաև հոգևոր միջավայրի մասին ընկալումները: Փոխել են նաև բնավորությունը՝ դարձրել ավելի անկեղծ, համբերատար…
«Եկեղեցի հաճախելս հասակակիցներից ոմանք լավ են ընդունում, երբեմն հետաքրքրվում, ոմանք էլ՝ քմծիծաղում… Իրենց կարծիքները չեն կարող որևէ բան փոխել իմ մեջ: Ինձ համար պատիվ է Սուրբ Խորան բարձրանալը: Եկեղեցուց ես տուն եմ վերադառնում դրական լիցքերով: Ամենակարևորը՝ ինձ դուր է գալիս եկեղեցում ծառայելը»,- ասում է Գևորգը:
Մեր մյուս զրուցակիցը՝ 16-ամյա Անդրանիկ Մարգարյանը, պատմում է. «Եկեղեցի հաճախել խորհուրդ է տվել մայրիկս: Եկա, մկրտվեցի, և աստիճանաբար հասունացավ հոգևորական դառնալու որոշումս: Այստեղ գալուց հետո կարծես Աստված ինձ կողմնորոշեց, որ այդ ուղղությունն ընտրեմ, օգնեց նաև տեր հայրը: Ընտանիքս էլ դեմ չէ իմ որոշմանը»:
Պատանի դպիրների հետ Սուրբ Խորանում սպասավորող 29-ամյա Վարդան Եղոյանի խոսքով՝ հոգևոր ծառայության, Սուրբ Պատարագներին մասնակցելու միակ պատճառը սերն է: «8 տարիների ընթացքում մի քանի եկեղեցիներում եմ սպասավորել: Չնայած դրան՝ ամեն կիրակի նոր բան եմ սովորում: Կյանքում ինձ համար կարևոր ուղենիշը հավատն է առ Աստված՝ փրկության տանող միակ ճիշտ ճանապարհը: Ամեն անգամ Սուրբ Պատարագի մասնակցելիս հոգեպես զգում եմ Աստծո ներկայությունը, որ ինձ թեթևություն ու ներքին ուրախություն է պարգևում: Ջերմ զգացում եմ ունենում, որ Տերն արժանի է դարձրել Սուրբ Պատարագին մասնակցելու և Սուրբ Խորան բարձրանալու, իմ մեջ մի նոր լույս է ծնվում, և հույս՝ դեպի բարին ու լավը»:
Մեր զրուցակիցներին չեն վախեցնում պատասխանատվությունն ու դժվարությունները, որ իր հետ կարող է բերել հոգևոր ծառայությունը. «Աստված կօգնի հաղթահարել ճանապարհի խոչընդոտներն ու փորձությունները»:
Պատրաստեց Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ