Տեր Եսայի քահանա Արթենյան.«Կնքահայր ընտրեք նրան, ով բարեկամների շարքը կհամալրի և հարազատի պես հոգ կտանի մկրտվողի մասին»

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Տեր Եսայի քահանա Արթենյան.«Կնքահայր ընտրեք նրան, ով բարեկամների շարքը կհամալրի և հարազատի պես հոգ կտանի մկրտվողի մասին»

Տեր Եսայի քահանա Արթենյան.«Կնքահայր ընտրեք նրան, ով բարեկամների շարքը կհամալրի և հարազատի պես հոգ կտանի մկրտվողի մասին»

Մկրտության խորհրդի, դրա կարևորության, իրական նշանակության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
 

-Ի՞նչ նշանակություն ունի մկրտությունը քրիստոնյայի կյանքում:

- Ինչպես Ավետարանում Հիսուս պատվիրում է՝ եթե մարդը չծնվի ջրից և հոգուց, ապա երկնքի արքայություն մտնել չի կարող: Հետևաբար քրիստոնյա լինելու ամենակարևոր և առաջնային քայլը  մկրտվելն է:
 

-Ո՞ր տարիքում է ճիշտ մկրտվել:

-Մկրտության խորհուրդը սկսվում կամ կատարվում է 8 օրականից, այսինքն եկեղեցու կանոնների համաձայն՝ մենք երեխային մկրտում ենք ծննդյան 8-րդ օրը, թեև այս ավանդույթը մեզանում այնքան էլ տարածված չէ, բայց կան մարդիկ, ովքեր հետևում են:
 

-Ու՞մ և ինչպե՞ս կարելի է կնքահայր ընտրել:

- Կնքահայր ընտրելուց  հաշվի պետք է առնել անձի հոգևոր պատրաստվածությունը: Կնքահայրը պետք է լինի չափահաս տղամարդ: Կնքահայր չեն կարող լինել հայրը, պապիկը, հարազատ եղբայրը: Չնայած նրան, որ հարազատներից բացի կարող է ցանկացածը կնքահայր դառնալ, այնուամենայնիվ մեր եկեղեցու ավանդույթի մեջ ընդունված չէ բարեկամներին կամ հարազատներին կնքահայր ընտրել: Այսպես թե այնպես մկտրվողի մորեղբայրը կամ հորեղբայրը նրան բարեկամ են և, ըստ երևույթին, կնքահայր չեն դառնա, և սա արդարացված մոտեցում է այն իմաստով, որ կնքահայր պետք է ընտրել այն  մեկին, ով հարազատների, բարեկամների շարքը կհամալրի և նույնչափ սրտացավորեն հոգ կտանի մկրտվողի համար: Մկրտվողի կյանքում կավելանա ևս մեկ հոգի, ով կդառնա նրան բարեկամ՝ բարին կամեցող. սա է իմաստը: Ազգային ավանդույթի մեջ այս տեսակետը ևս ողջունելի է, որովհետև  այդ հարաբերությունները, որոնք հիմնված են ազնիվ զգացումների, բարի կամեցողության, անկեղծ արարքների, հոգևոր արժեքների վրա կդառնան արդյունավետ ու օրհնաբեր բարեկամություն:
 

-Որո՞նք են այն կարևոր պարագաները, որ մարդը պետք է տանի եկեղեցի մկրտվելու ժամանակ:

- Մկրտության ամենակարևոր պարագան հավատքն է, որ մկրտվողը պետք է հավատով գա մկրտության: Եթե խոսքը փոքր երեխայի մասին է, ապա այստեղ կարևոր է կնքահոր հավատքը: Ինչ վերաբերում է նյութական պարագաներին, ապա եկեղեցի պետք է տանել խաչը, նարոտը, որի վրա անցկացվում է խաչը, երկու սպիտակ մոմ և չօգտագործված սրբիչ:
 

-Մկրտությունից հետո ե՞րբ և ինչպե՞ս պետք է դուրս գալ մյուռոնից:

- Մյուռոնից դուրս են գալիս մկրտությունից հաշված երրորդ օրը, այսինքն հաշվում ենք նաև մկրտվելու օրը՝ անկախ նրանից, թե որ ժամին է եղել մկրտությունը: Մյուռոնից դուրս գալու օրը կնքահայրն այցելում է սանիկի տուն, վառում են մկրտության  մոմերը, «Հայր մեր» աղոթքն են ասում, որից հետո մաքուր ամանով ջուր են վերցնում ու առանց օճառի լվանում մարմնի այն հատվածները, որոնք մյուռոնով դրոշմվել են և սրբվում մկրտության սրբիչով: Վերջում այդ ջուրը լցնում են բակի որևէ ծառի արմատին կամ, եթե տանը բույսեր կան, ապա նաև կարող են ջրել դրանք:
 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-12-10
×