Մելքիսեդեկի կոչումը. Հոգևոր ծառայությունը արձագանք է Տիրոջ կանչին

Մելքիսեդեկի կոչումը. Հոգևոր ծառայությունը արձագանք է Տիրոջ կանչին

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս ԻԸ 19, 20): Այս պատգամին հետևելով շուրջ մեկ տասնամյակ է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում հոգևոր ծառայություն է իրականացնում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նրա հետ զրուցել ենք աստվաճանաչողության, հոգևոր սպասավորություն դժվարին ճանապարհի և քահանայի կոչման մասին:

 

Տե՛ր հայրորո՞նք են եղել առաջին քրիստոնեական դասերը և ումի՞ց եք այն ստացել:

- Իմ առաջին ուսուցիչը եղել է մայրս: Նա է ինձ տվել ճիշտ ապրելու և ընտանիքը արժևորելու առաջին դասերը, ինչպես նաև հոգումս սերմանել քրիստոնեական արժեքներ: Սովորեցրել է սիրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ապրել ու ծառայել Հայ եկեղեցու և հայ ազգի համար: Աստվածճանաչողության ճանապարհը ևս ինձ համար մայրս է գծել, ում միջոցով ճանաչել ու սիրել եմ Տիրոջը, և ում արած ուխտի շնորհիվ էլ դարձել եմ հոգևորական:

 

Երբ կոչված ես ծառայել Բարձրյալին

 

-Տե՛ր հայրո՞րն է հայ քահանայի առաքելությունըև ի՞նչ է Ձեզ համար հոգևոր ծառայությունը:

-Հոգևոր ծառայությունը կոչում է, սրտի անկեղծ արձագանք Տիրոջ քաղցրալուր կանչին: Արարիչ Աստված մարդկության ստեղծման պահից ի վեր չի դադարում Իր ամենախնամ հոգածությունն ու անեզր սերը տածել սիրելի զավակների նկատմամբ, և այդ սիրո բարձրագույն դրսևորումը եղավ Գողգոթայի բարձունքին մարդացյալ Աստծո խաչելությունը: Այս իրողությունը մի օր անպայման ցնցում է գիտակցությունդ, փոթորկում ներաշխարհդ, արթնացնում հույզերդ, և հանկարծ դարերի խորքից մեղմ ձայնով Տերը խոսում է սրտիդ հետ: Եվ դու հասկանում ես, որ կոչված ես Բարձրյալին ծառայելու, մարդկանց առաջնորդելու դեպի Երկնային խաղաղ հանգրվան: Սա չափազանց պատասխանատու և բարդ ճանապարհ է, քանի որ Տերն Իր հոտի ապահով ու անխոտոր ընթացքը քեզ է վստահում, և դու պատասխանատվություն ես կրում յուրաքանչյուր աստվածապատկեր հոգու համար:

 

-Տե՛ր հայրՁեր գործունեության մեջ մեծ տեղ եք հատկացնում Զորավոր Սբ.  Աստվածածին եկեղեցու բարենորոգչական աշխատանքներինգրահրատարակչությանը և մասունքների պահպանությանըԿպատմեք յուրաքանչյուրը ներկայումս ի՞նչ փուլում էև ի՞նչ աշխատանքներ եք ապագայում կատարելու:

-Ես միշտ ասում եմ, որ Աստված ինձ շատ է սիրում: Ուսանողական տարիներից սկսած մեծ հարգանք ու պատկառանք եմ ունեցել Նավասարդ Սրբազան հոգևորական և մարդ տեսակի նկատմամբ, և երազել հոգևոր ծառայություն ունենալ նրա հայրական խնամքի ներքո: Եվ Տիրոջ սերն իմ հանդեպ մեկ անգամ ևս փաստվեց, երբ հոգևոր ծառայության նշանակվեցի Արարատյան Հայրապետական թեմում: Սրբազան Հոր կողմից էլ 2013 թ. ինձ վստահվեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվությունը:

Այս տարիներին Բարձրյալի օրհնությամբ եկեղեցին ամբողջությամբ պարսպապատվեց, վերականգնվեցին մուտքերի կամարները, այգին բարեկարգվեց ու կանաչապատվեց, մասնակի վերանորոգվեցին Անանիա առաքյալի դամբարանը և եկեղեցին: Բարեպաշտ հավատացյալների միջոցներով ավելացավ մեծ թվով գույք և շարունակում է ավելանալ:

Անանիայի անապատը սուրբ Մովսես Գ Տաթևացի Հայրապետի օրոք գրչության հայտնի կենտրոն է եղել, և սա առիթ հանդիսացավ, որպեսզի այս կարևոր ավանդույթը շարունակվի: Այժմ արդեն մի քանի գիրք ունենք հրատարակված և մի քանիսն էլ նախատեսել ենք տպագրել մյուս տարի:

Երբ ծանոթացա եկեղեցու հարուստ պատմությանը, իմացա, որ ժամանակին մեր եկեղեցում է պահվել ժողովրդի մեջ մեծ ճանաչում վայելող «Զորավոր Ավետարան»-ը, որ հետագայում տեղափոխվել և մինչ օրս պահվում է Մատենադարանում: Ծանոթացա նաև սուրբ Անանիա առաքյալի մասունքների հրաշագործ զորության հետ կապված բժշկության բազմաթիվ դեպքերին: Այնուհետև Ամենակալի ողորմությամբ Տիրոջ խաչափայտի մասունքը մեր եկեղեցու արժանավոր զավակներից մեկի կողմից նվիրաբերվեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Անցյալ տարի գտանք Քրիստոսի խաչափայտի մեկ այլ մասունք, որ երկար տարիներ պահվել էր մեր եկեղեցում:

 

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում կատարել հոգևոր հովվի և ընտանիքի հոր պարտականություններըԻնչպիսի՞ հայրորդիամուսին է տեր Գրիգորը:

-Յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ պարտականությունն է պատվով կրել հոր, որդու և ամուսնու բարձր կոչումները՝ լինի հոգևոր հովիվ, բժիշկ, կառավարիչ, զինվորական, թե՝ հողագործ: Շատերի նման ես էլ եմ ձգտում առավելագույն չափով կատարել իմ պարտականությունները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ հետադարձ հայացքով նայում է իր անկատար կյանքին, տեսնում է, որ որքան էլ ջանացել է համապատասխանել «լավ» որակավորմանը, միևնույն է, եղել են թերացումներ, բացթողումներ, և կարող էր ավելին անել, քան արել է: Խոսքս ավելի շատ հոգևոր արժեքների մասին է՝ սիրո, ուշադրության, հոգատարության, ջերմության, ժամանակի...

 

«Ճաշակեցե՛ք և տեսե՛քթե որքան քաղցր է Տերը»

 

-Տե՛ր հայրԱստվածհայտնությունը ի՞նչ խորհուրդ  ունի քրիստոնյայի կյանքում:

-Սուրբ Ծնունդը քրիստոնեական Եկեղեցու կարևորագույն տոներից առաջինն է: Աստված ծնունդ առավ Սուրբ Կույսից, որպեսզի մեռնի և Իր Սուրբ Արյամբ գծի բոլորիս փրկության ճանապարհը: Քրիստոս՝ Իր Սուրբ Արյամբ, ոչ միայն սրբեց մեզ նախամարդուց ժառանգած մեղքից, այլև հաշտեցրեց Հայր Աստծո հետ և որդեգրության առնելով՝ մի մեծ ընտանիք պարգևեց, որի հետ պիտի ընթանանք դեպի հավիտենական փրկություն: Ուստի, այս սրբասուրբ խորհրդի գիտակցումը պիտի առաջնորդի քրիստոնյային իր ողջ կյանքում՝ նախ և առաջ թույլ տալով, որ Մանուկ Քրիստոս ծնվի իր հոգում:

 

-Ձեր սուրբծննդյան բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-«Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանելի է այն մարդը, որ հույսը դրել է նրա վրա»,- երգում է սաղմոսերգուն: Ես մաղթում եմ, որպեսզի ընթերցողներն էլ ճաշակեն Տիրոջ քաղցրությունը, որ մոռացնել է տալիս կյանքի դառնությունն ու վիշտը: Մաղթում եմ, որպեսզի սուրբծննդյան խնդությունը ներս մտնի բոլոր հայ օջախներ և ավետի փրկության ու հավիտենական կյանքի մասին: Թող Աստվածորդու Սուրբ Ծննդյան տոնը նշվի առ Աստված ունեցած անսահման երախտագիտության անկեղծ զգացումով: Մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուր ընթերցողի սրտում տեղ գտնվի Տիրոջ ամենաօրհնյալ Ծնունդի և հավիտյան բնակության համար, որպեսզի այդ մեծ պատվի և ուրախության արձագանքը ելևէջվի յուրաքանչյուրի շուրթերից հնչած ավետիսով՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

Պատրաստեց՝ Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×