Ազգագրագետ. «Հայ կինը երբեք ցածր չի գնահատվել տղամարդու կողմից

Ազգագրագետ. «Հայ կինը երբեք ցածր չի գնահատվել տղամարդու կողմից

Ընտանիքի կարևոր հիմնասյուներից մեկի՝ կնոջ կերպարի մասին, «Շողակն Արարատյան» ռադիոծրագրի շրջանակում զրուցել ենք ազգագրագետ, լրագրող, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանան Առաքելյանի հետ: 

 
 
-Տիկին Առաքելյան, ինչպե՞ս անել, որ հայ իրականության մեջ վերականգնվի հայ կնոջ նկատմամբ վերաբերմունքը: 
 
-Իմ պատասխանը Ձեր հարցադրմանը միգուցե շատ սուր հնչի. հայ կինը երբևէ հայոց պատմության որևէ մշակութային և ժամանակագրական շերտում չի ունեցել այնպիսի ցածր դիրք, որ նրան կարիք լիներ վեր բարձրացնելու և վերարժևորելու: Ցավոք, նման հարցադրումներն այսօր շատ են արվում: Երբ ես սկսեցի ուսումնասիրել այս թեման, հասկացա, որ այդ հարցադրումները հիմնականում արվում են կազմակերպությունների հատուկ նպատակների համար. որոշակի անձիք նման հարցադրումներ են բարձրացնում իրենց անձնական գաղափարական շահերի համար: Այդ հարցադրումը, իմիջայլոց, 1921թ.-ին առաջին անգամ բարձրացրել է ծագումով հրեա կին պատգամավոր Բելլա Աբզակը, ով ընտրվել է Կոնգրեսի անդամ և առաջին անգամ խոսել կնոջ հավասար իրավունքների մասին: Այս փաստը պատահական չէ. այն, որ նա հրեա է, այն, որ այս հարցը բարձրացրել է հենց Ամերիկայում: Մեր զրույցի ընթացքում ես բազմաթիվ փաստարկներ կբերեմ, որը հասկանալի կդարձնի այն, որ հայ կինը, հայ աղջիկը, հայ դուստրը երբևէ ցածր չեն գնահատվել, չեն թերագնահատվել տղամարդու, հոր, եղբոր կողմից, այլ ընդհակառակը՝ եղել են տան կարևոր հիմնասյուներից, որը շարունակվում է մինչ օրս:
 
 
 -Հայ տղամարդիկ սեղանների շուրջ կանանց մեծարում են, ինչպես ինքներդ նշեցիք տան հենասյուն են և այլն: Կբերե՞ք օրինակներ, որտեղ արտացոլված են կնոջ՝ տան հենասյուն լինելու փաստը: 
 
-Որպեսզի հասկանանք, թե ինչ կերպար է ունեցել հայ կինը, պետք է դիմել աղբյուրներին: Հիմնական աղբյուրների շարքում, որոնց շնորհիվ մենք պատմական տեղեկություններ ենք հավաքում առաջինն ու անփոխարինելին ժողովրդական բանահյուսությունն է, որովհետև սա մի ոլորտ է, որը չի ենթարկվում ժամանակի, քաղաքական հայացքների, գաղափարների ազդեցությանը: Այն ժողովրդի խոսքն է՝ ասացվածքները, առածները, էպոսը, հեքիաթները, որտեղ մենք տեսնում ենք այն կարծրատիպերը, մոտեցումները, ավանդույթները, արժեքները, որոնցով մեծարել կամ հակառակը՝ ուրիշ մշակույթներում նսեմացրել են կնոջը: Եկրորդ բնագավառը, որտեղից մենք տեղեկություններ ենք քաղում ազգագրական ուսումնասիրություններն են, հատկապես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի մեր ազգագրագետները՝ Ստեփան Լիսիցյանը, Երվանդ Լալայանն իրենց մեծարժեք աշխատություններում փոքր-ինչ մռայլ գույներով են ներկայացնում հայկական ավանդական ընտանիքում կնոջը և ես, որպես ազգագրագետ, պրպտելով գտա դրա պատճառը: Հաջորդ աղբյուրը, որը ևս շատ կարևոր է, իրավագիտական գրականությունն է: Խոսքը միջնադարյան դատաստանագրքերի մասին է՝ Մխիթար Գոշի և Սմբատի: Այստեղ մի փոքրիկ նրբություն կա, որին չեն անդրադառնում շատ հաճախ այս հարցը բարձրացրողները և, առհասարակ, պատմաբանները: Իրավական այդ գրականությունը, դատաստանագրքերը գրվել են ոչ թե մարդկանց իրավունքները սահմանելու համար, այլ արդեն որոշակի կանոններ խախտած մարդկանց իրավունքները և ազատությունները սահմանելու համար. սա շատ կարևոր նրբություն է: Դատաստանագրքերն իրավունքներ չեն սահմանում, նրանք արդեն պատիժներ են սահմանում, թե ինչ իրավունք ունի տվյալ զանցանքը գործած մարդը և այստեղից մենք էլի հսկայական ինֆորմացիա ենք քաղում հայ կնոջ դերի մասին հասարակության, ընտանիքի մեջ: Շատ կարևոր աղբյուների շարքում են նաև պատմագիտությունը, մատենագրությունը և վիմական արձանագրությունները, որտեղ հանդիպում ենք թագուհիների, իշխանուհիների, հասարակ կանանց անունների, որոնց հասարակական գործունեության մասին տվյալներ են պահպանվել և մենք տեսնում ենք՝ թե՛ հասարակ կինր, թե՛ իշխանուհիները ինչպես են զորակից եղել իրենց ամուսիններին, ժողովրդին, ազգին: 
 
 
-Ինչու՞ Ստեփան Լիսիցյանի և Երվանդ Լալայանի աշխատություններն առանձնացրիք: 
 
 -Ուսումնասիրություններս ցույց են տվել, որ երբ ինձ հակառակվում են հայ կնոջ դերի հետ կապված, լավագույն տարբերակը համեմատությունն է, և ես անընդհատ համեմատում եմ մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդների մշակույթների հետ, որ այդ տարբերություններն ակնհայտ ու հասկանալի լինեն, որովհետև շատ սխալ է, երբ մենք 21-րդ դարի մեր մտածելակերպով և կաղապարներով փորձում ենք հասկանալ միջնադարի ավանդական շրջանի մարդու կենցաղը: Շատ սխալ է, երբ եվրոպացին նայում է հայկական կամ պարսկական ավանդույթին և գնահատում է դա որպես ճնշվածություն, որովհետև նա լրիվ ուրիշ մոտեցումներ և պատկերացումներ ունի ազատության մասին, որը շատ հաճախ հասնում է սանձարձակության: Անդրադառնանք Լիսիցյանի և Լալայանի ուսումնասիրություններին, որտեղ հայ կինը մռայլ գույներով է ներկայացվում, բայց դա թողնենք մի կողմ և փորձենք հասկանալ հայ կնոջ դիրքավորումը ընտանիքում ինչպես է իրականացվել: Մանկությունը շատ ազատ է եղել: Տղաներն ու աղջիկները խաղացել են միասին ի տարբերություն մյուս տարածաշրջանային այլ ժողովուրդների: Մենք ունենք տարբեր խաղիկներ, պարեր, երգեր, տոնակատարություններ, ծիսակատարություններ, որոնք փաստում են ասածս: Սեռահասունացման ժամանակ արդեն տարանջատվում էր ամեն բան, որն ինքնաբերաբար էր ստացվում՝ տղա և աղջիկ: Կյանքի բնականոն օրենքի պես: 
 
 
-Ես, հիմա 21-րդ դարում ապրող մայր եմ և կցանկանայի տղայիս օրինակով ասել որ, եթե 2 տարի առաջ, նա խաղում էր աղջիկների հետ, հիմա իրեն հետաքրքիր չի նրանց հետ խաղալը: Տղա-աղջիկ տարբերակելը մենք չենք կատարել, այդ ամենը ստացվել է ինքնաբերաբար, երեխան ինքն է որոշել, որ տղաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնի: 
 
-Ընդհանրապես բռնության կամ ճնշվածության որևէ միտում չի եղել, այդ ամենը այնքան բնական է եղել և շատ նորմալ է դիտվել այն փաստը, որ աղջիկները ավելի քիչ ժամանակ են սկսել անցկացնել տղաների հետ և իրենց հիմնական ժամանակը տրամադրել են մայրությանը և հարսնությանը պատրաստվելուն: Եվ ահա գալիս է այն տարիքը, որ հայ օրիորդը գոգնոց է կապում, ամուսնանում է և դառնում տան հարս: Ոմանք շատ են անդրադառնում և բացասաբար խոսում հարսի չխոսկանության ավանդույթի մասին, բայց դա որոշ գավառներում է այդպես եղել: Հարսը մինչև 3-րդ երեխայի ծնունդը իրավունք չի ունեցել խոսելու, որոշ գավառներում՝ մինչև անգամ 7-րդ երեխայի ծնունդը: Մենք մեր կաղապարված մտածելակերպով անմիջապես շեշտը դնում ենք հենց այդ հանգամանքի վրա, բայց եկեք տանենք զուգահեռներ հասկանալու համար թե այդ ժամանակներում ի՞նչ անազատություններ է ունեցել հնդկուհի կինը. նա մինչև անգամ իրավունք չի ունեցել իր սեփական անունից աղոթելու և դիմելու աստվածներին: Ամուսնու մահից հետո նա իրավունք չի ունեցել անգամ ապրելու և ողջ-ողջ այրվել է: Պատկերը ավելի պարզ դարձնելու համար մենք պետք է համեմատենք միևնույն ժամանակաշրջանում ապրող տարբեր ժողովուրդների կանանց և ոչ թե համեմատենք այսօրվա եվրոպացի կանանց հետ: Իրականում, կնոջ չխոսելու հանգամանքը միտված էր՝ ընտանիքի անդորրը և խաղաղությունը պահպանելուն: Ազգագրագետները սովորաբար նկարագրում են կնոջ համար ամենածանր շրջանը՝ երիտասարդության և հարսնության շրջանը, երբ հայ կինը զբաղված է որդիներ ունենալով և դաստիարակելով, միևնույն ժամանակ, ի տարբերություն մնացած տարածաշրջանների կանանց, նա իր ամուսնուն հավասար կրում է աշխատանքի բեռը և միաժամանակ վայելում է պտուղները: Նրա վրա դրված է երեխաներ ունենալու, դաստիարակելու բազմաբնույթ կենցաղը: Այսօրվա աչքերով եվրոպացին կամ ամերիկացին և նույնիսկ մենք նայում ենք և սարսափում, թե ինչպե՞ս կարելի է 3 տարի չխոսել, բայց համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ դա ժամանակային փուլ է, մի քանի տարի հետո այդ չխոսկան հարսը, երբ թոռներ և ծոռներ է ունենում, արդեն ղեկավարում է նույն այդ գերդաստանը: Հիշենք հետևյալ խոսքերը. «Շերեփը կնոջ ձեռքում է»: Մեկ կարևոր փաստ ևս պետք է հաշվի առնել՝ ազգագրագետները հիմնականում նկարագրել են հասարակ գեղջկուհիների կյանքը, բայց շատ հետաքրքիր և մի ուրույն աշխարհ է հայոց թագուհիների կյանքը և կենցաղը: Նրանք ընդհանրություններ ունեն գեղջկուհիների հետ. խոսքը վերաբերում է ազգային ավանդույթներին, հյուրասիրությանը, ունեն նաև մի շարք տարբերություններ: Հայ իշխանուհին լիիրավ տերն է իր ամրոցի և արքունիքի: Հայոց թագուհին այն կերպարն է այսօր, որի մասին շատ պետք է բարցրաձայնվի և նրա վրայից պետք է վերցվի չարքաշ տառապյալի քողը: Ես շատ կցանկանայի, որ այս ամենը կարդան այն մարդիկ ովքեր հարում են այնպիսի կազմակերպությունների և գաղափարների, ովքեր պնդում են, որ մեր կանայք տեղ չունեն հասարակության մեջ: Երբ Սասունցի Դավիթը պատրաստվում է սպանել Մսրա Մելիքին, առաջինը Դավթի ոտքերի տակ է իրեն նետում թշնամու մայրը, և Դավիթը հետ է ընկրկում, հաջորդը նրա ձիու ոտքերի տակ իրեն գցում է թշնամու քույրը, և Դավիթը ասում է այս մի զարկն էլ քեզ եմ բաշխում: Եկեք հասկանանք մի պարզ բան, եթե մայրը, քույրը, կինը չգնահատվեր տղամարդու կողմից, Դավիթը նրանց ձիով կտրորեր և կանցներ: 
 
 
- Երբ քննարկում ենք այն դրվագները, երբ հայ կինը զենք է վերցնում ձեռքին և տղամարդուն հավասար պայքարում է, ապա այդ դեպքում կնոջ համեստությունը չի կորու՞մ: 
 
-Հայ կինը ոչ միայն համեստ է, այլ նաև ռազմիկ է, եթե հիշենք Այծեմնիկի կերպարը, նա շատ համեստ կերպար է եղել, բայց միևնույն ժամանակ կազմավորել է նետաձիգների գունդ, այսինքն այն պահին, երբ ազգը, ընտանիքը հայտնվում է վտանգի առաջ, հայ կինը ոչ թե թաքնվում է տարազի մեջ, այլ փորձում է ազգի պատիվը պահել: 
  • 2021-12-10
×