Անուշ Ասլիբեկյանի «Կենաց ծառը»

Անուշ Ասլիբեկյանի «Կենաց ծառը»

Տարիներ առաջ էր, երբ դիտեցի «Քո մասին է» մոնոներկայացումը․ դրա հեքիաթային մթնոլորտը, գույները, փոխանցած էմոցիաներն ու իմաստները շատ տպավորեցին ինձ։ Ապա իմացա, որ ներկայացումը ստեղծվել է արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվաքծների ժողովածուի հիման վրա։ Այդ ժամանակներից մինչև հիմա հետևում եմ Անուշի ստեղծագործական գործունեությանը։ «Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում նա միակն է, ում հետ հանդիպել չստացվեց՝ ժամանակի սղության պատճառով։ Անուշը բազմազբաղ մայրիկ է՝ երեք երեխա է մեծացնում։ Եկանք համաձայնության՝ նա կպատասխանի հարցերիս առանց ինձ, հետո ես կկարդամ դրանք։ Այդպես էլ արեցինք:



Երբ ես ծնվեցի, արև էր, գարնանային թարմ ու լուսավոր կեսօր էր, կյանքը գեղեցիկ էր, օդում զեփյուռ ու Սևանալճից տարածվող բույրեր կային: Մայրս պատմում է, որ երբ ծնվեցի, թարթիչներս այնքան երկար էին, որ ծածկում էին այտերիս կեսը: Անունս նախապես չեն որոշել․ վճռորոշ է եղել լացիս ձայնը: Հայրս ասել է՝ ինչ անո՜ւշ է լացում, և անունս ինքն իրեն ծնվել է, թեև մորս ականջին այնքան էլ հաճո չի եղել: Քիչ անց թե՛ թարթիչներս, թե՛ ձայնս մորս համոզել են, որ հայրս չի սխալվում:


Լիքը երեխաներով, ամենօրյա ուրախություններով ու պարտականություններով, ընտանիքի հանդեպ ջերմությամբ, բազմաթիվ հարազատներով լեցուն շատ գեղեցիկ մանկություն եմ ունեցել։ Մայրս՝ ուժեղ, կենսախինդ, ժրաջան, արդարամիտ, առատաձեռն, հայրս՝ բարեհոգի, իմաստուն, ճշտապահ ու ճշմարտախոս, համեստ: Սկզբում ես ու քույրս էինք, քույրս՝ ուժեղ, համարձակ, ցայտուն, ինչպես ալվան վարդ, ես՝ վախվորած, քաշված, անհամարձակ, խոհուն՝ ինչպես մանուշակ (մայրս էր այդ ծաղիկների միջոցով մեզ նկարագրում): Հետո ծնվեցին փոքր քույրս ու եղբայրս: Նրանք թե՛ հոգս, թե՛ երջանկություն բերեցին տուն:


Կյանքը սիրել, ազնիվ ու արդարամիտ լինել, երբեք չստել, հասնող ու օգնող լինել, ավագներին հարգել ու պատվել՝ ծնողներից քաղած լավագույն դասերն են:


Երևի Աստված հոգումս եմ ծնվել․ անհավանական չթվա, շատ վաղ մանկությունից զգացել եմ Աստծո կենդանի ներկայությունն իմ կյանքում: Մորս շուրթերին միշտ Աստծո անունն էր՝ թե՛ դժվար պահերին, թե՛ գոհունակության՝ հայացքն ուղղում էր Սևանավանքի կողմն ու փառաբանում Տիրոջը: Հիշում եմ, երբ տասը-տասներկու տարեկան էի (90-ականներն էին), մի գրախանութ մտա ու այնտեղ աղոթագրքեր տեսա, ձեռքիս եղած ամբողջ գումարով մի քանի աղոթարան ու հոգևոր գրքեր գնեցի․ երջանիկ էի: Դրանք նկարազարդված էին հայոց այբուբենի ծաղկած գլխատառերով, հայկական մանրանկարչությամբ: Գնելիս այնպիսի ոգեշնչվածություն իջավ վրաս․ հպարտ էի, որ հայ եմ, որ քրիստոնյա եմ: Տանը ժպտացին, խրախուսեցին: Հիմա էլ ես եմ իմ զավակներին եկեղեցի տանում, աղոթել սովորեցնում ու Աստվածաշունչ կարդում նրանց համար:


Հոգևոր կյանքիս զարգացման վրա շատ մարդիկ են ունեցել իրենց ազդեցությունը, բազմաթիվ գրողներ, հատկապես՝ Թումանյանն ու Սարոյանը, նրանք խորապես ազդել են իմ գիտակցության ձևավորման վրա: Թումանյանը սովորեցրել է կենսական  իմաստնություն, Սարոյանը՝ սիրել, սիրել հայ լինելը: Ապա ուսուցիչներս (որոնք ո՛չ միշտ են մարդիկ), օրինակ՝ երաժշտությունը, ֆլեյտայի դասարան էի հաճախում՝ դասական երաժշտությամբ դյութված։ Գեղագիտության ազգային կենտրոնում տասը տարի նկարել եմ՝ լսելով նկարչության ուսուցչիս խրախուսող ու խորունկ լռությունը. նրանից ստեղծագործության ընթացքը վայելելու հմտությունը սովորեցի: Երկու նվագախմբերը, որտեղ աշխատասիրություն ու նպատակասլացություն ուսանեցի արդյունքի հասնելու համար, երգչախումբը, որտեղ պատարագը երգել էինք սովորում, այնտեղ Աստծո հետ հաղորդակցվելու ամենագեղեցիկ ձևը սովորեցի: Թատերական ինստիտուտը, որը նախագծեց իմ պրոֆեսիոնալ կյանքի հետագա ընթացքը: Ամուսինս, որից սովորում եմ ամեն օր:


Հրաշք է ամեն օր Աստծո հետ զրուցելը ու նրանից պատասխան ստանալը: Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը: Մարդու՝ ամեն անգամ վերընձյուղվելու հատկությունը: Ստեղծագործելու ունակությունը, բնության գեղեցկությունն ու կատարելությունը, տիեզերքի անսահմանությունը, մարդու ծնունդը... ո՞րը հրաշք չէ:


Հավատ, ընտանիք, արդարություն՝ այն երեք երևույթներն են, որոնց վրա հիմնված է կյանքս։ Այս երրորդի բացակայությունը հաճախ եմ զգում ու փլվում եմ, բայց մյուս երկուսի առկայությունը գերակշռում է և ուժ է տալիս որոնելու, երբեմն էլ գտնելու արդարություն, որը կենսական անհրաժեշտություն է իմ գոյության համար։


Լինել երեք երեխաների մայր նշանակում է երեք անգամ ավելի մեծ պատասխանատվություն զգալ քո հոգածության կարիքն ունեցող փխրուն էակների հանդեպ: Երեք անգամ ավելի մեծ սիրո չափաբաժին, որին երբեմն դիմանալ է պետք։ Երբ ծնվեց առաջին զավակս, ես շատ տագնապած էի, մի օր քայլում էի փողոցով ու հանկարծ հասկացա, որ ես այլևս իմ տերը չեմ: Մինչ այս՝ անգամ մահից չէի վախենում ու որքան էի հեգնում կյանքը, խաղում նրա հետ, իսկ այժմ իրավունք չունեմ խաղալու, ես կյանք եմ տվել, ուրեմն պարտավոր եմ ապրել, լինել՝ հանուն նրա: Ես առաջին անգամ վախեցա մահից: Իսկ հետո ամուր սիրեցի կյանքն ու գիտակցեցի դրա արժեքը:


Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք է գործել, որովհետև եթե տրվես հանգամանքներին, ձեռքերդ վար դնես, հետո քեզ չես ների։ Նշանակություն չունի՝ ինչպիսի ընթացք կստանան իրադարձությունները (դրանք ո՛չ միշտ են քեզանից, կամ օբյեկտիվ հանգամանքներից կախված), բայց դու հետագայում կիմանաս, որ ուժերիդ ներածին չափով պայքարել ես, ծույլ չես եղել, և դա վաղ թե ուշ կբերի ցանկալի արդյունքի: Ես այդ ճշմարտությանն ուշ եկա: Կարևոր է նաև մշտապես հիշել, որ ցանկացած անկումից հետո գալիս է վերելք, ցանկացած փոթորկից հետո գալիս է անդորր, և այդ ժամանակ ես գիտակցում, վերլուծում՝ ինչպե՞ս ես քեզ դրսևորել, մնացե՞լ ես այնպիսի, ինչպիսին կաս, թե՞ փորձությունների ժամանակ դավաճանել ես ինքդ քեզ:


Ամեն անգամ  դժվարություններ հաղթահարելիս նոր փուլ ես թևակոխում, սովորում ես ճիշտ ապրելու արվեստը:


Կյանքը լիարժեք է, երբ փորձում ես, սխալվում ես, տանուլ ես տալիս, գտնում ես: Գտածդ ավելի քաղցր է, երբ այն գտնելու համար կորուստներ ես ունեցել, պայքարել ես, ձեռք ես բերել քո սեփական ուժերով: Այդժամ ճաշակում ես լիարժեք ապրելու համը:


Հուսահատության պահերին մտորում եմ․ ներհայեցողություն, անցածի վերլուծություն, աղոթք․․․ ինձ օգնում են: Բարեբախտաբար, նման պահերին ընտանիքս սատարում է, մեծ սիրով է շրջապատում ինձ: Նույն կերպ վարվում եմ ես նրանց օգնելու համար: Հուսահատության պահերին ամուսնուս հետ սիրում ենք զրուցել, վերլուծել, հայացք ենք նետում դեպի դուրս, դեգերում ենք ժամանակի ու պատմության փուլերով․․․ պատմության իմացությունն օգնում է կողմնորոշվել, ելքեր գտնել, քանի որ նաև այս կամ այն իրավիճակի հետևանքներն ես տեսնում:


Մարդն սկսում է մահանալ, երբ կորցնում է ապրելու շարժառիթը, երբ սահմանափակում են իր սովորելու, առաջ շարժվելու հնարավորությունները, երբ պարփակվում է և փակում է իրեն տիեզերքի ու դրա անսահմանության առջև: Նաև՝ երբ հեռանում է Աստծուց, այդպես աստիճանաբար կորցնում է մարդկային դեմքը: Հետաքրքիր է, բայց մարդը նաև ֆիզիկապես է մահանում նույն բաղադրիչների բացակայության դեպքում, երբ զգում է, որ էլ ոչ ոքի պետք չէ, ոչ ոք չի սիրում իրեն, և ոչ ոք իր հոգածության ու սիրո կարիքը չունի: Գուցե նաև, երբ ավարտվում է իր երկրային առաքելությունը:


Իմ գործում ամենադժվարը այս է՝  թևեր չառնել հաճոյախոսություններից՝ սեփական հնարավորությունների սահմանները կորցնելու աստիճան ու ականջ չդնել չարախոսություններին ու քննադատությանն այնքան, որ հրաժարվես սեփական շնորհից: Չձգտել լինել մոդայիկ, որ քեզ կարդան (ժպտում է-հեղ․)։ Որպես դասախոս՝ պետք է աշխատես այնպես մատուցել առարկան, այնպիսի սեր ու հետաքրքրություն առաջացնես ուսանողի մեջ նյութի նկատմամբ, որ նա դասից հետո շնչակտուր փորձի հայթհայթել տվյալ գրողի ստեղծագործությունը, տվյալ գիրքը: Որպես գիտաշխատող՝ կարողանալ գիտության ահռելի ծովում մեկ լումա ավելացնել:


Գրականություն ստեղծելու համար պետք է կյանքը շատ խորը զգալ, բոլոր զգայարաններով ու բջիջներով, պետք է մարդուն շատ սիրել, նրան կարեկցել, լացել նրա արցունքներով, ցնծալ նրա խնդությամբ: Պետք է լայնախոհ լինել: Ամեն գիրք, անգամ մեկ հեղինակի մի քանի գիրք դեռ գրականություն չէ: Ժամանակը պետք է ընտրի:


Սիրած եկեղեցի ունեմ, Սևանավանքն է։ Մայրս վստահ է, որ երբ հղի էր ինձնով, Սևանավանքի մատուռում աղոթելիս է իմ գրելու շնորհը պարգև ստացել ինձ համար: Այդ տարիներին բուն վանքը չէր գործում, բայց դա չի խանգարել, որ հավատվորները հաղթահարեն դեպի վանքը տանող բարձունքը ու մատուռին հասնեն: Այնտեղ էլ մկրտվել ենք ես, քույրերս ու եղբայրս: Հիմա ավելի հաճախ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ենք լինում, մասնակցում արարողություններին ու տոներին: Այնտեղ էլ իմ զավակներն են մկրտվել, իրենց առաջին մանկական Աստվածաշունչը նվեր ստացել տեր Գրիգորից: Այս եկեղեցու բակում են նաև անցնում մեր ամառային երեկոյան ընտանեկան զբոսանքները: Սիրում եմ նաև մեր խոնարհված վանքերը, անասելի ձգողականություն ու զորություն ունեն դրանք անգամ ժամանակի ու մարդու ձեռքով հասցված հարվածներով հանդերձ:


Իմ կյանքի սերը գրականությունն է, Աստված, մայրության զգացողությունը:


Կյանքիս գլխավոր ձեռքբերումն իմ ընտանիքն է, ես այն կազմել եմ հասուն գիտակցական տարիքում և ամեն օր փառք եմ տալիս Աստծուն դրա գոյության համար: Իսկ մեծագույն կորուստ համարում եմ այն տողերը, որոնք կարող էին ստեղծագործություն դառնալ, բայց կյանքի հարահոս հորձանուտում թղթին չեն հասնում: Մոռացվում են, թև են առնում ու անդարձ չվում:


Քրիստոսից երկու հազարամյակ անց էլի շարունակում են Տիրոջ տաճարը առևտրի տան վերածել, փարիսեցիները բացօթյա աղոթարաններում Աստծո անունն են զուր բերանն առնում, հավատացյալները շարունակում են խոնարհաբար տիրոջը փնտրել:


Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ Լեռան քարոզը ու հատկապես՝ ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես կուզեք, որ նրանք վարվեն ձեզ հետ: Եվ բոլոր մարդկային հարաբերությունները տեղը կընկնեն: Վերջերս բալիկներիս համար կարդում էի Հովնանի պատմությունը, 7-ամյա Անաիսն ու 6-ամյա Անդրեասը ապշահար ժպիտով ասում են (մեջբերում եմ նույնությամբ). «Ինչ անխելք է Հովնանը, մի՞թե նա չգիտի, որ Աստված ամեն տեղ է ու ամեն ինչ տեսնում է, տիեզերքում է, լույսի ամեն կտորի մեջ է, անգամ մտքերն է կարդում մարդկանց»:


Դրախտն էլ, դժոխքն էլ մենք ենք: Այն, ինչ երբևէ ցանել ենք, մի օր ծիլեր է տալիս, բարին բարիք է ծնում, վատ սերմերն էլ սպասեցնել չեն տա: Մենք մեր կեցությամբ ենք երկրային դրախտը կերտում՝ մեր սիրով, դիմացինին օգնելով, բարի կամեցողությամբ, մեր առատեձեռնությամբ ու հյուրասիրությամբ, մեր խաղաղությամբ, մեր ստեղծագործությամբ ու գիտելիքով:


Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ վախենում եմ մտածել՝ ինչ կլինի, քանի որ ցանկացած մեկին խաչին գամելու պատրաստ անհավատներ հիմա էլ կան: Հիշեցի առակը, երբ մի խարդախ հարկահավաք, իմանալով, որ Քրիստոս իրենց քաղաք է գալու, զղջում է և բարձրանում է ծառին՝ բազմության մեջ Քրիստոսին տեսնելու հույսով, քանի որ կարճահասակ էր: Իսկ Հիսուսը նրան ասում է՝ վայր իջիր, այսօր ուզում եմ քեզ հյուր գալ: Հավանաբար ես էլ կփորձեմ Հիսուսին որոնել, հույսով, որ նա ինձ հյուր կգա: Ու կխնդրեմ՝ հրաշքներ գործի, որ դարձի բերի անհավատներին, քանի որ նրանց անկեղծորեն կարեկցում եմ:

                                                       
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

  • 2021-10-12
×