Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ ըմբոշխնելու Մեծն Կոմիտասի անգնահատելի ներկայությունը: «Նարեկացի» արվեստի միությունը՝ Նարեկ Հարությունյանի ղեկավարությամբ, ևս անմասն չէ այս հոգևոր տոնից: Այստեղ Դանիել Երաժիշտի հետ կազմակերպված հանդիպումները հանդիսատես-մասնակցի համար սիրելի են և սպասված: Զրուցել ենք Մաեստրոյի հետ՝ փորձելով բացահայտել Կոմիտասին նվիրված միջոցառման գեղեցիկ ծալքերը:
-Ներկայացրե՛ք, խնդրեմ, այս գեղեցիկ նախաձեռնության մանրամասները:
-Դեռևս նախորդ տարի սկսել էինք հանդիպումների շարք, որի ժամանակ ներկայացնում էինք հատվածներ Խաչիկ Սամվելյանի կազմած «Կոմիտասի կյանքի և ստեղծագործության համառոտ տարեգրություն»-ից: Ֆրանկոֆոնիայի շրջանակում ներկայացրել եմ «Կոմիտասը և Ֆրանսիան» խորագիրը, որտեղ ընդգրկված էին նրա համերգը, ելույթները Փարիզում, մասնակցությունը գիտաժողովին և այլն: Իմ հանդիպումներում ներկայացվածը համակարգված գաղափար և խորհրդաբանություն ունեցող հատված է:
Ես այդ տարեգրությունից քաղել եմ 1906-ի դեկտեմբերի 1-ին «Ագրիկուլտուր» սրահի համերգային ծրագիրը, որի նվագացանկը հուշում է, որ այդ օրը հնչել են «Տիրամայրը» տաղը, «Հով արեք սարեր ջան» և «Անտունի» երգերը: Ներկայացնում ենք նաև Կոմիտասի ձայնով պահպանված նմուշները: Բացը լրացնում եմ իր սաների՝ Արմենակ Շահմուրադյանի, Վահան Տեր-Առաքելյանի կամ մեր անվանի երգիչների ձայնագրություններով: Այսպիսով, ունկնդիրը մտովի տեղափոխվում է Փարիզ՝ 1906 թվական, դեկտեմբերի 1:
Այնուհետև ներկայացնում ենք Կոմիտասի համերգի արձագանքները մամուլում: Օրինակ, «Գրանդ» օպերայի և երաժշտագիտական թերթի տնօրեն, Ռոմեն Ռոլանի մտերիմ բարեկամ հանճարեղ երաժշտագետ Լալուան մանրամասն գրում է իր կարծիքը ժողովրդական և հոգևոր երգերի մասին: Այդ հոդվածում նշվում է, որ համերգի ընթացքում հանդիսատեսի պահանջով Կոմիտասը կրկին երգել է «Տիրամայրը» տաղը. «Վարպետը մոտեցավ երգեհոնին և իր իսկ նվագակցությամբ կրկին երգեց, և ներկաներս զգացինք Աստծո ներկայությունը»,- գրում է Լալուան: Մենք էլ մեր հանդիպումների ընթացքում աշխատում ենք արժանանալ այդ ստեղծագործություններին և զգալ Կոմիտասի և Աստծո ներկայությունը:
Մեր ծարավը, կարոտը Կոմիտասի արվեստը, մեր ժողովրդական և հոգևոր երգարվեստի հանդեպ անսահման է: Ես ուզում եմ այդ ամբողջ տարեգրությունը մաս առ մաս ընթերցել և Կոմիտասի արվեստը մոտիկից ճանաչել, կոմիտասանալ, ձուլվել նրա արվեստին, դառնալ երաժշտություն:
-Կոմիտասին նվիրված միջոցառումների շարքը ա՞յլ յուրահատկություն ունի:
- Քանի որ Կոմիտասի արվեստը լայն ընդգրկում ունի և անծայրածիր է, մենք չբավարարվեցինք միայն մի քանի հանդիպումներով, այլ որոշեցինք համերգաշար կազմակերպել: Տարեսկզբից իրականացրել ենք Կոմիտասին նվիրված համերգաշարի մեկնարկը՝ ներկայացնելով անվանի դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի փոխադրությունները: Նա Կոմիտասի երգարվեստի մի ստվար մասը փոխադրել է դաշնամուրի համար, որտեղ երգը և նվագակցությունը հանդես են գալիս մեկտեղ, միաձույլ: Ո՞րն է նպատակը. նախ՝ դաշնամուրային արվեստի նվագացանկն է ընդլայնվում, երկրորդ՝ այլազգի ունկնդիրները արտերկրի բեմերում կարող են լսել Կոմիտասի գործերը: Նրանք, ովքեր հայերեն չգիտեն, բայց ցանկություն ունեն հաղորդակցվել Կոմիտասի արվեստի հետ, կարող են այս փոխադրությունների միջոցով ծանոթանալ:
- Իսկ ինչպե՞ս եք դա մատուցում ներկաներին:
-Ես ունկնդրին սկզբից մատուցում եմ երգի բնօրինակը՝ ինչպես Կոմիտասն է գրել, իսկ դրանից հետո տալիս եմ այդ նույն երգի փոխադրությունը Վիլլի Սարգսյանի կողմից՝ միայն դաշնամուրով: Թեպետ նրա առաջին երկու հատորում ներկայացված են 35 երգեր, բավական ժամանակ կպահանջվի՝ բոլորը մատուցելու համար: Մենք հաճախ ներկայացնում ենք հենց Վիլլի Սարգսյանի կատարումների տեսագրությունները, որոնք նա իրականացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Շատ ուսանելի և օգտակար է լսել փոխադրությունների հեղինակի կատարումը, այսինքն՝ կատարելատիպը, որը օրինակ կծառայի հետևորդներին:
Պատրաստեց Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ