Շողիկ Հարությունյանի «Կենաց Ծառը»

Շողիկ Հարությունյանի «Կենաց Ծառը»

Երևանյան սրճարաններից մեկն եմ շտապում․ այնտեղ ինձ սպասում է Շողիկը։ Նա մեկն է, ում անվերապահորեն կարելի է վերագրել չարենցյան «աստվածամոր աչքերը»։ Հին ծանոթներ ենք Շողիկի հետ, բայց վաղուց չենք հանդիպել։ Այժմ Շողիկը երիտասարդ մայրիկ է․ զբաղված է որդու խնամքով։ Մինչև վերջինիս ծնունդը, նա աշխատել է «Բանալի» ընտանիքի կենտրոնում՝ հոգեբան Նարինե Իսրայելյանի ղեկավարությամբ։ Շողիկը գոհունակությամբ է նշում, որ երեխաների մասին իր ունեցած գիտելիքների մեծ մասը հենց տիկին Իսրայելյանի հետ է յուրացրել։ «Մինչև մայրանալը կինը պիտի զինվի երեխաների և նրանց հոգեբանության մասին գիտելիքներով։ Այս մասին պիտի անընդհատ հիշեցնեն լրատվամիջոցները, հոգեբանները։ Որովհետև առանց գիտելիքների մայրիկը թույլ է, ինչն էլ հանգեցնում է զանազան խնդիների»,- ընդգծում է Շողիկը։ Եվ այնպես է ստացվում, որ մեր ամբողջ զրույցը հենց սրա շուրջ էլ կառուցվում է՝ գիտելիք, մայրական սեր, երեխաներ, կյանք․․․


«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում արված նոր զրույցի լավագույն հատվածները կարդրացեք ստորև․



Ծնվել եմ Վրաստանում՝ Ախալցխայում, փոքրիկ հայաբնակն գյուղում։ Մանկության տարիներից մնացած գանձ ունեմ, որը մշտապես ինձ հետ է եղել, ինձ առաջ տարել։ Մայրիկիս սերն է դա, որն ամենադժվար ու տխուր պահերին իսկ զգացել եմ, իմացել, որ եթե ինձ մոտ ինչ-որ բան չստացվի, միևնույնն է, մայրիկիս համար սիրելի եմ լինելու․ շատ կուզենայի, որ աշխարհի բոլոր բալիկներն ունենային դա։


Սերն ինձ համար պարզապես բառ չէ, այլ բավականին աշխատատար գործընթաց։ Սերը անպայմանորեն ենթադրում է աշխատանք, բարդ աշխատանք։ Հատկապես երեխային ուղղված սերը․ ընտրում ես՝ ինչ բառերով խոսել  նրա հետ, աղջկա հետ՝ աղջկան հատուկ բառեր, տղայի հետ՝ տղայի։ Երեխային ֆիզիկապես սիրելիս չես կծոտում, սեղմում, ցավեցնում, այլ ճիշտ մոտեցմամբ ես սիրում, որ նա էլ սերը ցավի հետ չկապի։ Երբ երեխադ ծնվում է, չես գնում խանութ ու կաթնախառնուրդ գնում, այլ պատրաստվում ես մայրական կաթով կերակրել, ինչն այնքան էլ հեշտ չէ․ մեծ էներգիա և ուժ է պահանջում մայրիկից։ Այդ ուժը բնությունից տրվում է բոլոր մամաներին, որ կարողանան իրենց երեխայի հետ ամուր և առողջ  հոգեբանական կապ ձևավորել։ Աշխատանք է նաև երեխային հաճույքով ուտել սովորեցնելը, հաճույքով շփվել սովորեցնելը։ Հետո երբ տեսնում ես՝ ինչպես է նա անում սովորացրածդ, ինչպես է ինքնուրույն խաղում, հաճույքով ուտում, շփվում այլ մարդկանց հետ, սիրտդ ուրախությամբ է լցվում։ Սերմը, որ լցրել ես հողի մեջ, սկսել է բերք տալ (ժպտում է,-հեղ․)․․․


Ծնողներիցս քաղած լավագույն դասերը նոր-նոր եմ հասկանամ։ Նոր եմ հասկանում՝ ինչն էր ինձ ասված խոսքերի իմաստը, ինչ էին ուզում մեզ փոխանցել։ Հիշում եմ, երբ փոքր էինք և ինչ-որ բան մեզ համար շատ մութ էր թվում, չէինք պատկերացնում՝ ինչպես պիտի լինի, ինչպես պիտի վարվենք, մայրս ասում էր՝ Աստված ճանապարհը ցույց կտա․ այդպես էլ լինում էր։ Մինչև հիմա երբեք չեմ մոռանում այդ խոսքերը։ Մշտապես հիշում եմ՝ դժվարությունները, որոնք հանդիպում են ինձ, լուծում ունեն ամեն դեպքում։


Իհարկե, երբեմն լուծումն այնտեղ չէ, որտեղ քեզ թվում է, պետք է փնտրես, գտնես, դժվար է։ Բայց դժվարությունները հաղթահարելի են միշտ։


Աստված ներկա էր մանկությանս մեջ, թեև մեր տանն ամեն դեպքում այդքան էլ չէր  խոսվում Նրա մասին։ Հիշում եմ, ես ու քույրս մեզ համար հատկացված գումարով սրբապատկեր էինք գնել, հետո օրացույցի միջից պատկերներ էինք հավաքել ու մի անկյունում փակցրել դրանք։ Ամեն երեկո նստում էինք այդ անկյունում, «Հաւատով Խոսովանիմ»-ը կարդում․․․ Մենք մեր քայլերով փորձում էինք գտնել Աստծուն։
Հիմա Աստծում գտնում եմ երեխաների հետ աշխատելիս, երբ փորձում եմ հավասարվել նրանց, երբ նայում են նրանց աչքերին՝ պարզությամբ և իմաստությամբ լի․ այդտեղ ես տեսնում եմ Աստծուն և ամեն անգամ երկյուղածություն ապրում։


Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդը Տեր Եսայի քահանան է։ Նա է ինձ սովորեցրել հավատալ, տեսնել։ Որովհետև երբ չես հավատում, հետևանքներն աղետալի են։
Հավատ, սեր, վստահություն՝ սրանք են այն երևույթները, որոնց վրա հիմնված է կյանքս։ Եվ հարգանքը․․․ Որ չափի զգացում ունենաս, կարողանաս հարգել սահամանները բոլոր ասպարեզներում, հարգես քո սահմանները և նրանք, որոնք դիմացինինդ են։


Աթեիստների հետ վեճեր չեմ ունենում։ Հանգիստ եմ վերաբերվում նրանց՝ պահելով մարդ-մարդ շփումը։


Կյանքը լիարժեք է, երբ խաղաղ ես ինքդ քեզ հետ։ Չունես ներքին կոնֆլիկտներ ու քո բարդույթները չես փաթաթում կողքինիդ վրա, երեխայիդ վրա, ընկերոջ վրա․․․


Խաղաղության տանող ճանապարհ կա․  երբ ինքդ քեզ լավ ես ճանաչում, ամեն օր ներքին աշխատանք ես տանում, հասնում ես ինչ-որ խաղաղ կետի։ Ներքին աշխատանք ասելով նկատի ունեմ զրույցը ինքդ քեզ հետ, դրանից չվախենալը, չխուսափելը։ Անգամ եթե օրվա մեջ սխալներ ես անում, չպիտի քեզ վատը համարես, այլ տեր կանգնես մարդուն, ով սխալվել է, փորձես այդ մարդու հետ ուղղել սխալներդ։ Իհարկե, ինչ-որ ժամանակ քեզ դուր չես գալիս, և աշխատանք տանելը դժվար է, զարմանում ես՝ ինչու և ինչպես ես այդպես վարվել։ Հետո հասկանում ես, որ դու ևս մարդ ես ու կարող ես տկար լինել, ինչպես բոլորը։ Այդպես ավելի հեշտ ես ուղղում սխալներդ՝ առանց քեզ պատժելու։


Երեխաների հետ ևս պատիժը՝ մասնավորապես ծեծը, սխալ մոտեցում է։ Անհրաժեշտ է զրուցել, բացատրել՝ ինչն է սխալ արել, սովորեցնել ճիշտ վարվել, այնպես, որ հարմար լինի իրեն և չվնասի մյուսներին։ Պետք է նաև առանձնացնել վատ արարքը դա կատարողից, չնույնացնել անձն արարքի հետ, այլ հստակ տարանջատել դրանք նաև երեխայի աչքում։ Իսկ եթե պատժի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա, ապա կարելի է նրան զրկել, օրինակ, սիրելի մուլտֆիլմը նայելուց, իհարկե, զրուցելով ու բացատրելով՝ ինչու ես գնում այդ քայլին։


Մի անգամ ինձնից անգամներով ավելի փորձառու և գիտելիքներով զինված ծնող հարցրեց՝ ինչու իր երեխան չի խոսում։ Հարցի պատասխանը շատ պարզ էր, միևնույն ժամանակ՝ բարդ։ Երեխան սիրո պակաս ունի․ նրան ուտելիքով, հագուստով ապահովելը բավական չէ։ Պետք է նրան ժամանակ հատկացնել, հետն աշխատանք տանել, մտերմություն և կապ ձևավորել։ Իհակե, միգուցե բժիշկներն ու գիտնականներն այլ փաստարկներ առաջ բերեն, բայց ես այն կարծիքին եմ, որ ծնող-երեխա կապի բացակայության հետևանքով են երեխաները նախընտրում չխոսել։


«Բանալի» ընտանիքի կենտրոնում աշխատելու տարիներին սովորեցի, որ երեխաների հետ առնչվող մարդիկ և հատկապես ծնողները պիտի հստակ գտինելիքներ ունենան երեխաների մասին, որ կարողանան ճիշտ հոգեբանական մոտեցումներ ցուցաբերել, հասկանան՝ տվյալ տարիքային փուլում գտնվող երեխան ինչի կարիք ունի, ինչպես խոսել նրա հետ, ինչպես մոտենալ նրան։ Ինչ չափով անել այս ամենը, երբ դադարեցնել։  Իսկ երեխաների հետ աշխատանքն իմ մեջ ձևավորել է մայրիկի, ինչն ինձ շատ է օգնում հիմա։ Երեխաները սովորեցրել են ինձ կյանքը, սովորեցրել են ապրել և գտնել ուրախությունը փոքր բաներում։ Ուրախությունն իսկապես ամենապարզ, միևնույն ժամանակ բարդ ու մեծ բաներում է։


Իմ գործում ամենադժվարը վստահությունն է տրվում է. կարևոր է, որ երեխան քեզ վստահի, որովհետև միայն այդ ժամանակ կարող ես աշխատել նրա հետ։ Երբ այդ վստահությունը կայանում է, երբ երեխան նայում է աչքերիս մեջ կամ հենվում է ինձ, ներքին մեծ ուրախություն եմ ապրում։


Օրս սկսվում է տղայիս հետ, որն ամեն առավոտ արթնանում է մի նոր մտքով, նոր փայլուն բառով։ Ապա միասին նախաճաշում ենք, խաղում։ Իսկ օրվա ավարտին հեքիաթ եմ պատմում նրան։


Հեքիաթը լեզու է, որով կարողանում ես խոսել երեխայի հոգու հետ։


Հաճախ եմ մտածում՝ ինչու են հեիքաթներում հաճախ հանդիպում տատիկ-պապիկի կերպարներ։ Գուցե դա այն պատճառով է, որ երրորդ սերունդը նախկինում շատ կարևոր նշանակություն է ունեցել երեխային կրթելու և փորձի փոխանակման գործում։ Կարծում եմ, որ հիմա ևս դրա անհրաժեշտությունը կա, և երրորդ սերունդը նույնպես պիտի մասնակից լինի երեխաներին մեծացնելու գործին՝ ոչ թե խոչընդոտելով ծնողներին, վերցնելով նրանց դերը, այլ օգնելով, որ նրանք ուժեղ լինեն։ Հենց նրանք պիտի օգնեն, որ նորաթուխ մայրիկը դառնա էլ ավելի ուժեղ, օգնեն նրան տնային որոշ հարցերում, որ բալիկն ու մաման միասին ավելի երկար ժամանակ անցկացնեն՝ ձևավորելով ամուր կապ։


Հուսահատվելիս փորձում եմ մենակ մնալ, ինքս ինձ հետ հանդիպել։ Երբ դա տեղի է ունենում, նախ փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվել ու ինչու եմ հուսահատված, ապա՝ ինչ անել լուծում գտնելու համար։ Հիմա ավելի կարճ ճանապարհ էլ կա՝ պարզապես նայում եմ տղայիս աչքերին (ժպտում է,-հեղ․)։


Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ Աստված միշտ մարդկանց կողքին է, մարդկանց հետ։ Եվ դժվարությունները տրվում են նորովի աճելու, նոր իմաստություն և փորձ ձեռքբերելու համար։


Կյանքիս գլխավոր ձեռբերումը ընտանիքս է, մարդիկ, որոնք փոխել են ինձ իրենց իմաստությամբ։


Մարդը սկսում է մահանալ, երբ անելիքներն են ավարտվում, իմաստը, կյանքը, երբ սկսում է ինքն իրեն դուր չգալ ու սպանել ներսը, ոչ թե դեպի լավը զարգանալ։


Աստծո հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ՝  իմանալու՝ ինչու են ծնողների սխալի պատճառով երեխաների մոտ ի հայտ գալիս խնդիրներ և դժվարություններ, ինչու պիտի հենց նրանք դա հաղթահարեն։ Իհարկե, շատ պատասխաններ արդեն լսել եմ, բայց դրանք ինձ չեն համոզել։ Անարդարացի եմ համարում, որ երեխան տանջվի՝ ծնողների ինչ-ինչ սխալ քայլերի պատճառով։


Քրիստոսից երկու հազարամյակ անց կան երևույթներ, որոնք փոխվել են դեպի լավը, բայց կան նաև բաներ, որոնց վրա պիտի աշխատանք տարվի․ մարդ-մարդ շփումն է պակասել, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև երեխաների վրա։


Դրախտն իմ պատկերացմամբ տեղն է, որտեղ կա սեր, դժոխքը՝ սիրո բացակայությունը։ Ամեն քայլի դրախտն ու դժոխքը հանդիպում են։


«Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն»՝ աստվածաշնչյան իմ ամենասիրելի միտքն է, որը հաճախ եմ կրկնում։ Մարդ ստեղծելու, մարդուն ստացված համարելու համար ևս կարևոր է Խոսքը։


Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  հավանական է, որ մենք չտեսնենք էլ Նրան, նույնիսկ եթե մեր կողքով անցնի։ Կուզենայի այդ տեսողությունն ունենայինք, կարողանայինք մի պահ կանգ առնել ու տեսնել՝ մեր կողքով Տերն է անցնում։

 

Զրուցեց՝ Ա․ Պողոսյանը

  • 2021-12-10
×