Տեր Շահե քահանա Հայրապետյան.«Մտքով և մարմնով գնանք եկեղեցի»

Տեր Շահե քահանա Հայրապետյան.«Մտքով և մարմնով գնանք եկեղեցի»

- Տեր հայր, կբացատրե՞ք Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը:

-Ավագ ուրբաթ առավոտյան ժամը 11-ին կատարվում է Խաչելության կարգ: Այդ ժամանակ ընթերցվում են ավետարաններ, որոնք բոլորն էլ խաչելության վերաբերյալ են: Բոլոր չորս ավետարանիչներն էլ նշում են, թե ինչպես խաչվեց Քրիստոս: Ամենակարևորը, Քրիստոս ներեց մարդկությանը և դիմեց Հորը. «Ներիր սրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում»:

Քրիստոս խաչվեց՝ մեր կյանքի անեծքը, դատապարտությունը վերափոխելով օրհնության և ողորմության: Մեղքի աղբյուրը՝ մարմինը, որ Ադամի համար դարձավ մահվան պատճառ, գամեց խաչափայտին և տվեց մեզ կյանք: Ահա այս ամենի մեջ է ամփոփվում խաչելության խորհուրդը:

 

- Ավագ ուրբաթ եկեղեցիներում Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող ծաղկազարդ սեղան է դրվում: Ո՞րն է դրա խորհուրդը և ինչո՞ւ են մարդիկ անցնում այդ սեղանի տակով: 

-Այդ օրը բոլոր եկեղեցիներում սեղաններ են դրվում՝ զարդարված ծաղիկներով: Իհարկե, սա, որպես կանոն, կարող է փոխարինվել մեկ ուրիշ բանով. էականն այստեղ Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող տարբերակ ստեղծելն է: Այս ամենի խորհուրդն էլ կայանում է նրանում, որ բոլոր մարդիկ ցանկանում են Քրիստոսի հետ թաղվել և հարություն առնել: Մյուս կողմից այդ ծաղկազարդ թափուր գերեզմանները վկայում են, որ Քրիստոս հարություն է առել:

 

- Ինչպե՞ս պատրաստվել Ս. Հաղորդությանը:

-Ս. Հաղորդություն ստանում են Ավագ շաբաթ երեկոյան: Ս. Հաղորդությունը Մեծ Պահքի կարևորագույն ու բաղկացուցիչ մասն է կազմում: Ինչպես գիտենք Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ հաց ու գինի է բաշխում, որը խորհրդանշում է նրա մարմինն ու արյունը: Հարկ է նշել, որ Ս. Հաղորդություն չեն կարող ստանալ այն մարդիկ, ովքեր մկրտված չեն:

 

- Ե՞րբ սկսել ծոմ պահել: Եթե մարդ առողջական խնդիրներ ունի, կարո՞ղ է ծոմ չպահել:

Ծոմ պետք է պահել շաբաթ առավոտից և երեկոյան մասնակցելով Ճրագալույցի՝ Ս. Պատարագին Հաղորդություն ստանալ:

Եկեղեցին երբեք չի պարտադրում ծոմ պահել, եթե մարդն ունի առողջական խնդիրներ:

 

- Տեր Հայր, խոսենք սնահավատությունների մասին, որոնք մեծ տարածում ունեն:

-Իսկապես բազում մարդիկ մինչ օրս կառչած են տարատեսակ սնահավատություններից, ինչպիսիք են՝ պահքի ընթացքում օճառ չվերցնելը, բաղնիք չմտնելը, լվացք չանելը և այլն: Իմ խորին համոզմամբ այս և մի շարք սնահավատություններ առաջ են եկել այն բանի համար, որ մարդիկ կենտրոնան հոգևոր խորհրդի իրական նշանակության վրա: Մարդիկ պարզապես պիտի գան այն գիտակցման, որ հիգիենիկ հարցերն ամենևին կապված չեն հոգևորի հետ:

 

- Եթե նոր հանգուցյալ կա, հավկիթ ներկո՞ւմ են:

- Ի դեպ, ամենալայն տարածում գտած հարցն է: Իհարկե, միանշանակ ներկում են, քանի որ Քրիստոսի արյունը թափվեց մեր բոլորի փրկության համար. ոչ միայն ապրողների, այլև ննջեցյալների: Ննջեցյալներին նույնպես սպասվում է Քրիստոսի Արյան փրկությունը:

 

Եթե նոր հանգուցյալ կա, գերեզման գնում են հենց Զատիկի օ՞րը:

Զատիկի օրը՝ Ս. Հարության տոնին, չեն այցելում գերեզման: Գերեզման գնում են հաջորդ օրը՝ մեռելոցին:

 

Պատրաստեց՝ Լիլիանա Օսիպյանը:

  • 2021-12-10
×