Սնոտիապաշտական երևույթների, դրանց հանդեպ հասարակության վերաբերմունքի, մարդկանց հուզող հարցերի մասին զրուցել ենք Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Տեր Հայր, ինչպե՞ս խուսափել սնոտիապաշտական երևույթներից:
-Սնոտիապաշտական երևույթներից խուսափելու կարևորագույն պայմանը հավատքի զորացումն է: Այստեղ հարցը պետք է չդնենք այնպես՝ ինչպես խուսափենք սնոտիապաշտական երևույթներից, այլ ինչպես զորացնենք մեր հավատը: Քրիստոնեության մեջ ընդունված պայման կա. մենք պայքարում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Մենք պայքարենք հանուն հավատի, սիրո: Երբ մարդն իրականում շեշտը դնի այս պայքարի ձևի վրա, սնոտիապաշտական երևույթները կվերանան նրա կյանքից:
-Հաճախ մարդկանց անտեղյակությունը այս կամ այն երևույթների հանդեպ, հանգեցնում է վնասակար սովորությունների, որոնք դառնում են կենցաղի մաս: Ի՞նչ ճանապարհով պայքարել դրանց դեմ:
- Իրապես շատ հաճախ անտեղյակությունը մարդկանց կարող է հասցնել նրան, որ նրանք առանց գիտակցելու, իմանալու տրվեն սնոտիապաշտական երևույթների ազդեցությանը, ինչը պարբերաբար պատահում է: Հոգևոր գիտելիքների ձեռքբերմամբ և Ավետարանի սերտողությամբ է հնարավոր անցնել այս ճանապարհը, որովհետև Ավետարանի միջոցով է հնարավոր իմանալ ճշմարիտ խոսք ու ճանաչել Աստծո կամքը, ինչը թույլ կտա տարանջատել սնոտիապաշտական երևույթները:
- Անդրադառնանք, թերևս, այս շրջանում մարդկանց ամենից շատ հուզող հարցերին: Մարդկանց լայն շրջանում տարածված տեսակետ կա, որ Քրիստոսի գերեզմանի ծաղիկներից պետք է տուն տանել և շուրջ մեկ տարի սրբապատկերի դիմաց դնել ու չորացնել, այնուհետև լցնել ծաղկամանի կամ հողի մեջ: Տեր Հայր, նման մոտեցումը ճի՞շտ է:
- Նման սովորություններ մեր կյանքում շատ կան. երբ մարդիկ Քրիստոսի գերեզմանի ծաղիկներն են տուն տանում իբրև օրհնություն և պահում մեկ ամբողջ տարի, Ծաղկազարդին՝ արմավենու ճյուղերը: Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ բարեպաշտական սովորություններ: Այլ հարց կլինի, եթե այդ ճյուղերը մարդուն ծառայեն որպես գուշակությունների նմուշներ: Սա միանգամայն կդիտարկվի որպես սնոտիապաշտություն:
-Մահացածի գերեզմանից հող տուն տանելը մեղք է համարվու՞մ: Արդյոք կարո՞ղ են հողը ետ տանել:
- Մահացածի գերեզմանից հող տանելն անխոս սնոտիապաշտություն է: Անտրամաբանական ու անթույլատրելի երևույթ, որը պետք է վերացնել, քանի որ սա ոչ մի կերպ առնչություն չունի հավատքի հետ: Մարդկանց մեջ արմատացած սխալ սովորություններ շատ կան, որոնցից ամենատարածվածներից, թերևս, սա է: Մարդիկ կարծում են, որ նման ձևով հաղորդակից են լինում իրենց ննջեցյալի հետ, սակայն դրա միակ միջոցն աղոթքն է: Այն ընդամենը հող է և ոչ ավելին, ուստի կարող են մարդիկ պարզապես տանից դուրս հանել ու շաղ տալ բակում:
-Գերեզմանատուն այցելելուց հետո երբեմն խունկը կամ փայտն ավելանում են: Կարելի՞ է դրանք նորից տուն տանել, թե՞ ոչ:
- Ննջեցյալների գերեզմանատունն այն վայրն է, ուր ամփոփված են նրանց մարմինները, իսկ հոգիները գտնվում են երկնային օթևաններում: Պարբերաբար այցելում ենք նրանց շիրիմներին, խունկ վառում և աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Սա է կարևորը: Իսկ մնացած հարցերը լոկ կազմակերպչական են. կարելի է այնտեղ մի փոքրիկ պահարան ունենալ և խունկը, փայտը այնտեղ թողնել, որպեսզի ամեն անգամ դրանք տանելու հարց չառաջանա: Իսկ հակառակ դեպքում կարելի է ետ բերել, դրանից ոչ մի վատ չի լինի: Լավ կլինի սնոտիապաշտությամբ չտառապել, այլ ապրել առողջ քրիստոնեական կյանքով:
-Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կարգի` ինչպե՞ս պետք է կատարել հանգուցյալ քրիստոնյայի մահվան տարելիցը: Արդյո՞ք անընդունելի է միայն գերեզման այցելելն առանց հոգեհանգստյան արարողության:
- Էական չէ հանգուցյալի տարելիցն է, թե յոթօրեքը, եկեղեցին չի պարտադրում, որ հոգևորական ներկա գտնվի, սակայն սա շատ ցանկալի ու կարևոր պայման է: Եկեղեցին պարզապես հորդորում է, որ հիշատակման այդ բոլոր միջոցառումներին կատարվի հոգեհանգստյան կարգ:
Լիլիանա Օսիպյան