Արարատի մարզի Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում իր հոգևոր սպասավորությունն է իրականացնում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը՝ պահպանելով և համայնքին փոխանցելով մեր նախնիներից ավանդված ազգային, քրիստոնեական արժեքները: «…Սերը սկիզբն ու պատճառն է ամեն ինչի և աշխարհի հիմքը»,- սա է նրա կյանքի բանաձևերից մեկը:
Հոգևոր ճանապարհի ոլորաններում
–Տե՛ր հայր, ո՞րն էր այն դիպվածը, որ վճռորոշ դեր խաղաց Ձեր կյանքում:
-Մայր Աթոռի Քահանայից պատրաստման լսարան ընդունվելու իմ ցանկությունը միանգամից չի ծնվել: Ապրում էի միջավայրում, որտեղ հոգևոր զրույցները, հոգևոր անցուդարձը իմ առօրյայի գերակշիռ մասն էին կազմում. եղբայրներիս՝ տեր Հուսիկի և տեր Միքայելի համայնքներում իրականացվող հոգևոր կյանքի կամա թե ակամա մասնակիցն էի դառնում: Հաճախում էի Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագներին և երիտասարդական միջոցառումներին: Ասում էին՝ ինչո՞ւ Սուրբ Խորան չես բարձրանում, միշտ խուսափում էի այդ հարցի պատասխանից: Այդ նոր փոփոխության հեռանկարը՝ շապիկ հագնել, երգել, ինձ շփոթեցնում էր: Հետաքրքիր զուգադիպությամբ տեր Միքայելը մի քարոզի ժամանակ խոսում էր հետևյալի մասին. ով կարող է հանուն Աստծո փառքի որևէ քայլ անել, գիտի՛, որ կարող է, սակայն չի անում, նրա համար մեղք կհամարվի: «Ես մեղք եմ գործում,- մտածեցի,- խոսքն ի՛մ մասին է: Ես գիտեմ, որ կարող եմ ծառայել Տիրոջը»: Քարոզի ավարտին խնդրեցի տեր հորը ինձ շապիկ տալ և բուրվառով խնկարկել սովորեցնել: Մի քանի ամիս անց ընդունվեցի Քահանայից պատրաստման լսարան: Ուսումնառության ավարտից հետո՝ 2016 թ. հոկտեմբերի 23-ին ձեռնադրվեցի քահանա:
Լրագրողն ու քահանան
-Մինչև հոգևոր ասպարեզ մտնելս բարձրագույն կրթություն եմ ստացել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Իմ պարագայում բանասիրական կրթությունը օգնել է այն առումով, որ առիթ ու հնարավորություն ունեցա ոչ միայն գրականության ու դասավանդվող նյութերի, այլև աշխատանքային գործունեության ընթացքում ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու միջոցով ձևավորել աշխարհայացք՝ խարսխված սիրո վրա: Այդ տարիներին սովորեցի արժեքավոր մի բան, ինչը քահանայագործության մեջ էլ ոչ պակաս կարևոր է՝ մարդկանց լսելը:
-Տե՛ր հայր, հոգևոր զարգացման ի՞նչ ճանապարհ է անցնում քահանան՝ ազգային ու քրիստոնեական արժեքներն իր ընտանիքում և համայնքի կյանքում կենդանի պահելու համար:
-Ամենակենդանի իրողությունը և ամենամեծ շնորհը սերն է: Բայց երբ սկսում ենք սիրո անունը շահարկելով մեր եսասիրությանը հագուրդ տալ, նմանվում ենք փարիսեցու: Սիրո մասին պետք չէ խոսել, պարզապես պետք է սիրել մարդկանց: Իսկ երբ «հանուն սիրո» որևէ խոսք ենք ցանկանում ասել, պետք է նախապես ասելիքը մաղենք գոնե՛ երկու մաղերով՝ ճշմարտության և օգտակարության: Եվ այդ պարզ բաները հասկանալու համար երբեմն, ցավոք, երկար տարիներ են պահանջվում մարդուց: Քրիստոս բացահայտ պատվիրեց և օրինակ եղավ: Պարզապես սիրել անկեղծորեն: Եվ վարակել սիրով: Սեր՝ Աստծո, եկեղեցու, հայրենիքի, ընտանիքի, զավակի, մարդու հանդեպ:
«Հայորդի»՝ ազգային-հոգևոր արժեքների փոխանցող և պահապան
-Միշտ հաճույքով եմ խոսում «Հայորդի» թերթի մասին, որովհետև դրա շուրջ համախմբվելով՝ խելացի, ուշիմ մի խումբ երիտասարդներ իրենց ներկայությամբ եկեղեցին դարձրին մշակութային-կրթական յուրատեսակ մի կենտրոն: Թերթի նպատակն էր՝ լուսաբանել Արարատի մարզի երիտասարդական հոգևոր անցուդարձը: Ստեղծեցինք հյուրասրահ, որտեղ պարբերաբար հյուրընկալում էինք մարդկանց, որոնցից սովորելու բան ունեինք: Հանդիպումը լուսաբանում էինք թերթում: Ստիպված եղանք ժամանակավորապես կասեցնել «Հայորդի»-ի լույսընծայումը: Խնդիրը ֆինանսական է: Պարբերականը տեղափոխել ենք էլեկտրոնային հարթակ՝ hayorditert.wordpress.com հասցեով: Իսկ «Հայորդի» տարբերանշանը մնաց որպես եկեղեցու շուրջը համախմբված երիտասարդների գործունեության անբաժանելի մաս: «Հայորդի»-ն դարձել է կարևոր կոչում այն երիտասարդների ու պատանիների համար, ովքեր ցանկանում են գտնվել Սուրբ Հարություն եկեղեցու կողքին:
-Տե՛ր հայր, ո՞րն է լինելու այն իմաստուն ճանապարհը, որով պետք է կարողանանք պահպանել Հայ Առաքելական եկեղեցու անսասան դերը սերունդների կյանքում: Ո՞րն է հայ քահանայի կոչումը 21-րդ դարում:
-Մարտահրավերները շատ են և գնալով շատանում են: Ես, որպես Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, իմ առաքելությունը տեսնում եմ հետևյալում՝ ամեն ինչ անել հանուն իմ հովվությանը հանձնված համայնքների հոգևոր բարօրության: Քահանան հայր է և եղբայր, ով զորացած է Քրիստոսով, աշակերտն է մեր Տիրոջ: Մենք, ինչպես մի լավ հեքիաթում է ասվում, պետք է պարզապես կարողանանք «մեր բաժին երկինքը պահել»: Համաշխարհային կամ համազգային ընդգրկումով խնդիրներ լուծել չենք կարող, բայց յուրաքանչյուրս մեր համայնքներում, արած կլինենք անհրաժեշտը, ինչ թերևս ակնկալվում է մեզանից:
Սուրբ Հարության տոնի պատգամը
-Առանց Քրիստոսի Հրաշափառ Հարության հանդեպ հավատի գոյություն չունի քրիստոնեական կյանք: Հարությունն է առանցքը մեր հոգևոր կյանքի: Երբ աշակերտները մնացել էին առանց Քրիստոսի, կարծես ամեն ինչ իր իմաստը կորցրել էր նրանց համար: «Ինչպե՞ս ենք ապրելու առանց Տիրոջ»,- հարցնում էին իրար: Եվ Քրիստոս ոչ թե սովորեցրեց համակերպվել, ապրել առանց Իրեն, այլ Հարությամբ եկավ ասելու. «Խաղաղություն ձեզ», «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս ԻԷ 20): Իմաստավորվեց մարդու կյանքը Քրիստոսի Հարությամբ: Եվ նոր մարդն է Մեծ պահքի շրջանից հետո վերստին հարություն առնում յուրաքանչյուրիս մեջ: Ամեն օր նորոգվում ենք Քրիստոսով և ապրում Մեծ Հարության հույսով:
-Իսկ ինչպե՞ս է նշվում Սուրբ Հարության տոնը քահանայի ընտանիքում:
- Ճրագալույցի Սուրբ Պատարագին և հաջորդ օրը՝ բոլոր հավատացյալների հետ գտնվում ենք եկեղեցում: Սուրբ Հարության Պատարագին նույնպես եկեղեցում ենք: Զատկական ուտեստները ճաշակում ենք միասին այնտեղ` հընթացս հանդիպելով և ողջունելով Քրիստոսի Հարության լուրը տարածող հայորդիներին:
Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ