Ընտանիք, որտեղ ծնվել եմ
-Ծնվել եմ Վայոց ձորի Վայք քաղաքում, մանկավարժի ընտանիքում: Ծնողներս 3 զավակ են լույս աշխարհ բերել, ես տան փոքրն եմ: Մանկությանս տարիներին մեր քաղաքում եկեղեցի չի եղել: 12 տարեկան էի, երբ եկեղեցի ունեցանք: Եկեղեցին շատ երկար ժամանակ հոգևորական չուներ և բնական էր, եկեղեցու հետ կապը շատ թույլ էր: Տարիներ անց, երեբ ես դեռ դպրոցում էի սովորում, մեզ սկսեցին դասավանդել Կրոնի պատմություն: Այդ դասերի ընթացքում ուսոցիչները մեզ համար ընթերցում էին Աստվածաշունչ և բացատրում այնտեղ գրված յուրաքանչյուր տողը:
Մի քանի տարի անց մեր եկեղեցում քահանա նշանակեցին Տեր Նարեկին, ում կերպարը ինձ շատ դուր եկավ: Ոգևորվածությունը ներսումս այնքան շատ էր, որ ցանկանում էի ինչ-որ կերպ մոտենալ եկեղեցուն: Կարևոր որոշում կայացնելու ճանապարհին էի, երբ մեր քահանային տեղափոխեցին մեկ ուրիշ քաղաք և Վայքի եկեղեցին դարձյալ մնաց առանց քահանա:
Կարևոր որոշում կայացնելու ճանապարհին
-Տարիներ անց որոշեցի դառնալ պատմաբան, դպրոցն ավարտելուց հետո հանձնեցի անհրաժեշտ քնությունները և մինչ սպասում էի արդյունքների ամփոփմանը, մի երեկո՝ ընթրիքի ժամանակ, հայրս ինձ ասաց. «Գևորգյան ճեմարանը ընդունելություն է հայտարարել»: Այդ գիշեր կայացրեցի կյանքիս ամենավճռորոշ և լրջագույն որոշումներից մեկը՝ ընդունվել ճեմարան և դառնալ հոգևորական: Այնքան տարված էի այդ գաղափարով, մինչև անգամ երազիս տեսա, որ խորանի վրա կանգնած եմ: Տարակուսանք այլևս չկար, որոշումս վերջնական էր և հստակ, քայլերս ինձ տարան Գևորգյան ճեմարան:
Դեպի մանկություն
-Երբ տեղափոխվում եմ մանկություն՝ դեպի այն լեռները, որտեղ անցկացրել եմ կյանքիս մի ընթացքը, հասկանում եմ, որ այդ բարձրության վրա ես ավելի մոտ եմ գտնվել Աստծուն: Պատահական չէ, որ մեր վանահայրերի մեծ մասը լեռներում են ճգնել՝ մարդկային աղմուկից հեռու:
Ընտանեկան ավանդույթներ
-Մեր ընտանիքում միշտ ընդունված է եղել Ամանորի գիշերը միասին հավաքվել և Նոր տարին դիմավորել հայրական տանը: Տարիներ անց ավանդույթը մի փոքր խախտվեց, որովհետև հոգևոր ծառայության բերումով այդ օրը եկեղեցում եմ անցկացնում: Իհարկե, կարոտով եմ հիշում այդ գեղեցիկ ավանդույթը, բայց սա իմ հոգևոր պարտքն է՝ մշտապես լինել եկեղեցում, հավատացյալի կողքին:
Կինս
-Ճեմարանի 2-րդ կուրսից ինձ համար պարզ էր, ես պետք է ընտրեմ ամուսնացյալ քահանայի ճանապարհը և ստեղծեմ իմ ընտանիքն: Աստված տղամարդուն տվեց կին, որպեսզի միասին կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և միասին հասնեն Աստծո արքայությանը:
Կնոջս հետ շատ երկար ենք ընկերային հարաբերություններ ունեցել՝ 4 տարի: Ճեմարանն ավարտելուց հետո, որոշեցինք ամուսնանալ: Կինս իր պարզ ու անկեղծ բնավորությամբ կարողացավ առաջին հայացքից ինձ գրավել: Ամենադժվարին պահերին անգամ չեմ լսել, որ նա դժգոհի կամ տրտնջա: Նա ինձ հավասար հաղթահարում է բոլոր դժվարություններն, առանց մեկ վայրկյան միայնակ թողնելու: Կինս միշտ պատրաստ է ինձ հետ քայլել այն ճանապարհով, որը ես եմ ընտրել: Իրականում, հոգևորականի կին լինելը բավականին դժվար է, որովհետև ծառայության բերումով անդադար լինում ենք տարբեր տեղեր: Հինգ բնակավայր ենք փոխել ու այդ ամբողջ ընթացքում կինս ինձ հետ է եղել: Գիտեք, կնոջ դերն ընտանիքում շատ մեծ է, առանց կնոջ, ընտանիքը գոյություն ունենալ չի կարող: Ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը և դերն, եթե ցանկանում ենք առողջ ընտանիք ունենալ, ապա պետք է բոլորի կարծիքը հաշվի առնել: Ինչպես Քրիստոնեության մեջ է ասվում. «Քրիստոս փեսան է, եկեղեցին հարսն է, իսկ համայնքի անդամները զավակներն են»: Նրանք մի ամբողջություն են, մեկ մարմին, ինչպես ընտանիքը:
Զավակներս աշխարհ եկան, որ իմ աշխարհայացքը փոխեն
-Զավակներիս ծնունդը մեր կյանքում շատ բան փոխեց: Երբ ծնվեց աղջիկս ես նոր էի ձեռնադրվել քահանա և քառասունօրյա պատրաստության մեջ էի գտնվում: Օրենքն այնպիսին էր, որ այդ ընթացքում Մայր Աթոռից դուրս գալ չէր կարելի, ստացվեց այնպես, որ աղջկաս առաջին անգամ տեսա, երբ վերադարձա տուն (ժպտում է): Երկրորդ զավակս՝ տղաս, ծնվեց Բուլղարիայում. զգացողություններս լրիվ այլ էին: Յուրաքանչյուր հոր համար որդի ունենալը շատ մեծ հպարտություն է:
Ընտանիքում սեր է պետք
-Օրինակելի ընտանիք ունենալու համար կարևոր է՝ միմյանց հասկանալու և զիջելու կարողություն ունենալ: Քրիստոնեական ընտանիքի հիմքը սերն ու բարոյական արժեքներն են: Մենք շատ ժամանակ ասում ենք, քրիստոնյա ենք, քրիստոնեական արժեքները մեզ համար կարևոր են, մենք սիրում ենք Աստծուն, բայց եկեք ընդունենք, որ հարկավոր է ապրել ոչ միայն խոսքով, այլև գործով: Երբ առաջնորդվենք Աստվածաշնչյան պատվիրաններով, այդժամ կունենանք օրինակելի ընտանիքներ:
Զրուցեց՝ Մարիետտա Խաչատրյանը