Տիգրանուհի Մարգարյանի «Կենաց Ծառը»

Տիգրանուհի Մարգարյանի «Կենաց Ծառը»

Երևանյան ջերմ ու եթերային սրճարաններից մեկում ենք. Տիգրանուհին՝ հյուրս և ես։
Նա երկու մասնագիտություն ունի: Առաջինով լրագրող է, թղթակցում է «Երևանյան էսքիզներ» գրական-մշակութային ամսագրին,  երկրորդով ՝ նորմատիվ էթիկայի վերապատրաստված մասնագետ։ Տիգրանուհին իրեն հատուկ նրբանկատությամբ սնունդ է պատվիրում, ժպտում և ոգևորված զրուցում ենք էթիկայի, մասնավորապես սպասարկման էթիկայի մասին․ «Կրթության մեծ բաց կա սպասարկման ոլորտում։ Գործատուներն իրենց աշխատակիցներից սպասում են փայլուն արդյունք՝ առանց նվազագույն պատրաստակամության՝ աջակցելու նրանց կրթվելու և կայանալու այս ոլորտում։ Բայց մենք պիտի հասնենք նրան, որ, օրինակ, հանրային սննդի կետերում աշխատանքը լինի շատ հարգի և մարդիկ մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործին։ Սրան հասնելու լավագույն միջոցն, ըստ իս, սպասարկման էթիկայի և հյուրընկալության դպրոցների հիմնումն է: Դա կնպաստի նաև նրան, որ Հայաստանը գաստրոտուրիզմի առումով գրավիչ երկիր դառնա»:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Տիգրանուհին խոսել է նաև իր համար կարևոր այլ երևույթներից։ Զրույցը՝ ստորև․



Ծնվել եմ  հունվարի վեցին, և ծնունդս համընկել է Սուրբ Ծննդյանը։ Սա ինձ համար և՛ գոհունակության առիթ է, և՛ խորհելու տեղիք է տալիս (ժպտում է,-հեղ․)։


Համեստ, ազգային գաղափարներ կրող, ավանդական ընտանիքում եմ մեծացել․ Մանկությունս անցել է գյուղում, և դա շատ դրական է անդրադարձել իմ հոգեկերտվածքի և աշխարհընկալման ձևավորման վրա, ինչպես նաև ինձ զերծ է պահել տարբեր բացասական երևույթների հետ առնչվելուց (դա ավելի գիտակից տարիքում հասկացա): Իհարկե, ինչ-որ տեղ էլ զրկել է որոշ բարիքներից, օրինակ` արվեստի խմբակներ հաճախելուց: Երբ փոքր էի, երազում էի դաշնամուրի գնալ, սակայն մեր դպրոցում դաշնամուրի խմբակ չկար։ Բայց արդեն համալսարանական առաջին տարիներին և մինչև հիմա էլ, ոչ մի  հնարավորություն բաց չեմ թողնում արվեստի պակասը իմ կյանքում լրացնելու համար:


Ծնողներիցս քաղած լավագույն դասն այս է՝  ազնիվ ապրել՝ անկախ նեղություններից ու դժվարություններից․․․ և սրտով կայացնել որոշումները։ Իրենք իրենց փորձով ցույց են տվել, որ այդպես ապրելը հեշտ չէ, բայց ճիշտ է։ Ես, կարծես թե, դիմադրողականություն եմ ձեռք բերել դժվարությունների հանդեպ և շնորհակալ եմ դրանց համար։ Վստահ եմ՝ եթե մարդը դժվարություններից քաղելու որևէ բան չունենար, դրանք չէին պատահի նրան։


Երբ մանուկ էի, ինչպես բազմաթիվ այլ երեխաների համար, Աստված պապիկ էր։ Աստծո հետ ավելի կոնկրետ հարաբերություններ ձևավորվեցին այն ժամանակ, երբ մայրս ինձ աղոթել սովորեցրեց։ Բնականաբար, «Հայր մեր»-ից սկսեցինք․ հետո ձգտում էի մենակ լինել Աստծո հետ խոսելիս։ Ավելի ուշ հասկացա, որ ընտանիքով հավաքվելն ու միասին աղոթելը շատ զորավոր բան է ընտանիքի ամրության և, առհասարակ, ընտանիքի անդամների լավ փոխհարաբերությունների համար։
Այժմ Աստված մեկն է, ում փնտրում և անընդհատ գտնում եմ, Աստված մեկն է, ով անընդհատ ներկա է իմ կյանքում, ումից խորհուրդ ու կամք եմ խնդրում և ուզում եմ, որ իր նախախնամությունը լինի իմ կյանքում, ինչպես եղել է ծննդիցս ի վեր։


Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդն առաջին հերթին մայրս է։ Իսկ հետո շատ մարդիկ են հանդիպել ինձ, որոնցից հոգևոր սնունդ եմ ստացել։ Այդ առումով իմ բախտը շատ է բերել․ մշտապես հանդիպել ու հանդիպում եմ մարդկանց, որոնցից կարելի է սովորել ու ոգեշնչվել։ Չեմ ուզում սա պատահականություն համարել (ժպտում է,-հեղ․)․ ես սիրում եմ մարդկանց։ Բայց եթե մարդն իր մեջ չի կրում հոգևորը, չի կարող սնել այլոց։ Ինֆորմացիան, գիտելիքը դեռ սնունդ չէ․ հոգևոր արժեքներ և էնեգիա են փոխանցում այն մարդիկ, ում ներսից լույս է ճառագում։


Յուրաքանչյուր նոր սկսվող օր ինձ համար հրաշք է․ երբ արթնանում ու տեսնում եմ արևի լույսը, գիտակցում սիրելիներիս՝ կողքիս լինելը․․․ Ու թեև արդեն 11 տարի է, ինչ մայրս հեռացել է կյանքից, միևնույնն է, նա ապրում է սրտիս մեջ։ Ես էլ պարտավորություն ունեմ իմ ապրելով, կյանքում իմ տեղը գտնելով ուրախացնել իրեն (ժպտում է,-հեղ․)։


Սերմերը, որոնք ցանել է իմ մեջ մայրս, անմեռ են։


Օրս սկսվում է  Աստծուն շնորհակալություն հայտնելով։ Երախտագիտության զգացումն ուղղված ցանկացած մարդու, երևույթի, բնությանն արդեն իսկ դրական է ու լիցքավորող, բայց երբ գիտակցում ես, որ այդ ամենի աղբյուրը Բարին է, այսինքն` Արարիչը, նրան ես երախտապարտ լինում։ Մշտապես ձգտում եմ օրս խաղաղ ավարտել, որ ինչ եղել է օրվա մեջ, չմտահոգի ինձ մայրամուտից հետո։


Երկիր մոլորակը պտտում է սերը, որովհետև եթե չլիներ սերը, չէր լինի արարչությունը․ սիրուց ծնվեց արարչությունը։ Ինչպես էլ պտտվենք, վերադառնում ենք Է-ին, Էությանը` աստվածային սիրուն։


Ներքին խաղաղությունը, սերն ու հավատն այն երեք երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը:  Խաղաղությունը փխրուն երևույթ է, բայց հենց դա է հիմքը, պատերը սերն է,  հավատը՝ տանիքը։


Ավելի շատ սիրել, ավելի քիչ բարկանալ՝ ահա այն, ինչին ձգտում եմ։ Որովհետև երբ սերը շատ է, բարկություն չկա․ այն ամենն, ինչ պիտի անես և ասես նյարդայնանալով, անում ես սիրով, համբերությամբ․․․


Հուսահատվելիս հոգևոր սնունդ եմ փնտրում: Երբ մարդը ֆիզիկապես սոված է, երկար ժամանակ հաց չուտելու դեպքում հյուծվում է, նույնը հոգու դեպքում է։ Երբ հոգին սնունդ չի ստանում, թեթև քամուց ու ամեն անախորժությունից կարող է հուսահատության գիրկն ընկնել։ Ինքս հոգևոր սնունդ եմ գտնում մարդկանց հետ շփումներում, հոգևոր գրքերում։ Շատ կարևոր է կարդացածդ քո միջով անցկացնելն ու դա ապրելը։ Եթե ուղղակի կարդում ես և գործերի չես վերածում իմացածդ, ավելի լավ է չիմանաս, որովհետև իմացողի համար դժվար է։ Իմանալով սխալվելն ավելի ծանր հետևանքներ ունի, քան չիմանալով։


Ցանկացած դժվարություն հաղթահարելով սովորում եմ համբերել:


Կյանքը լիարժեք է, երբ գտել ես ինքդ քեզ, բայց նաև երբ շարունակվում է փնտրտուքդ, կատարելության ձգտումդ, աճելու պահանջդ։ Որովհետև հոգու մեջ կա ամենը, մի ամբողջ տիեզերք, որը երբեք չի կարող վերջնականորեն բացահայտված լինել։


Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է աճել, դադարում է զարգանալ։
Երբ չես սովորում նորը, արդեն իսկ հետ ես գնում։


Սովորելը կարևոր է, բայց ավելի կարևոր է՝ ինչ ես սովորում։


Սիրած եկեղեցի ունեմ՝ Սուրբ Աննան է։ Առավելապես մարդիկ են ինձ կապել այս եկեղեցուն։ Նախկինում ոչ միշտ էի մասնակցում պատարագներին, իսկ հիմա աններելի բացթողում եմ համարում թեկուզ մի պատարագի չգնալը:


Ժամանակ տրամադրել ժամանակը Ստեղծողին՝ այս միտքն է ինձ ամեն կիրակի եկեղեցի բերում։ Շաբաթվա 168 ժամից 2-3 ժամը տրամադրել քեզ կյանք շնորհողին, մեծ շռայլություն չէ, նույնիսկ շատ համեստ է։ Ընդ որում, նույնիսկ այդ ժամերը ծառայում են քեզ, քո հոգու բարօրությանն ու առողջ վիճակին։


Պատարագից առաջին հերթին խաղաղություն եմ վերցնում՝ հետադարձ հայացք գցելով անցած շաբաթվան։ Նայում-վերանայում եմ ինձ, փորձում եմ մաքրվել գործածս սխալներից, վատ էմոցիաներից։ Պատարագը ամբողջությամբ մաքրագործող երևույթ է․․․


Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ իմ այս կամ այն քայլի շնորհիվ մարդիկ հոգևոր բավականություն են ստանում։ Արարչի հանդեպ ուղղահայաց սերը մշտապես դրսևորվում է հորիզոնական ճանապարհներով՝ իմ-քո, իմ և այլ մարդկանց հարաբերությունների միջոցով։


Մեզ տրված տաղանդներն ու շնորհները բացահայտելը, մեզ տրվածը ավելիով վերադարձնելն ամենօրյա հոգևոր աշխատանք է։ Մարդը չպիտի իրեն թույլ տա մեռնել՝ առանց սեփական շնորհները բացահայտելու։


Մարդն իր կյանքի բոլոր շրջափուլերով նույնն է, ինչ այն ժամանակ երբ խաչում էին Քրիստոսին։ Թեպետ գիտատեխնիկական առաջընթաց եղել է, բայց  մարդու տեսակը փոփոխության չի ենթարկվել։ Կարծում եմ՝  Աստվածաշնչի մնայուն լինելը հենց դրանով էլ պայմանավորված է. մարդու ամբողջ կյանքը՝ ծնունդից մինչև մահ, բոլոր հնարավոր իրավիճակներով ներկայացված է այնտեղ։


Սիրելի պատվիրան ունեմ, և դա ևս հատվում է էթիկայի հետ՝ «Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք» (Հռոմեացիների 12:18):


Դրախտն սկսվում է այս կյանքում, դրա սերմերը մեր մեջ հենց այս կյանքում ենք ցանում, հակառակ դեպքում իմաստ չէր ունենա կյանքն ապրելը։ Երբ մենք ձգտում ենք գործել բարին ու բարեպաշտ լինել, այդպես մեր մեջ սկզբնավորում ենք դրախտը․․․



 Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×