Ընտանիք, որտեղ ծնվել եմ
-Ծնվել եմ հոգևորականի ընտանիքում, քահանայի զավակ եմ: Լինելով 4 եղբայրներից ամենափոքրը՝ Գյուղատնտեսական Ակադեմիան ավարտելուց հետո, և ջրային տնտեսության ոլորտում մի քանի տարի ինժեներ աշխատելուց հետո, հստակ որոշում կայացրեցի՝ քահանայական ձեռնադրության միջոցով քահանայական ուխտի մեջ մտնել, և իմ ծառայությունը բերել Աստծուն, եկեղեցուն, ժողովրդին և իմ հայրենիքին:
Երբ աշխատում էի ջրային տնտեսությունում, այդ ընթացքում հանդիպեցի մի քրիստոնյա հավատացյալի, ում հետ անընդհատ խոսում էինք Աստվածաշնչից և հոգևոր գիտելիքներից: Ես հասկացա, որ այդ պարզ հավատացյալն Աստվածաշնչի իր իմացությամբ գերազանցում է ինձ և որոշում կայացրեցի ևս մեկ անգամ Աստվածաշունչ ընթերցել՝ հատկապես Նոր կտակարանը: Ուսումնասիրեցի մեր եկեղեցու ուղղափառ դավանանքն ու վարդապետությունը և այս ամենը պատճառ դարձավ, որ ուսումս շարունակեմ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Քահանայից լսարանում»: Այնուհետև, Աստծո կամոք, ձեռնադրվեցի քահանա և իմ անձը նվիրեցի Հայ Առաքելական եկեղեցուն:
Մանկությանս հիշողություններում
-Մանկությանս հիշողություններում դեռևս պահպանվում են շատ վառ ու հիշվող դրվագներ, որոնք հիմնականում կապված են ուխտագնացությունների հետ, որին մասնակցում էին նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները: Հայրս՝ Տեր Հովհաննես քհն. Մարուքյանը, տարիներ շարունակ եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և ինձ մանկությանս տարիներից տանում էր ուխտագնացությունների: Այդ ամենը իմ կյանքի և իմ սեփական անձի վրա շատ մեծ ազդեցություն է թողել:
Մի շատ տպավորիչ պատմություն ևս կուզեի հիշել: Իհարկե, հիմա չեմ հիշում դա որ եկեղեցում էր, բայց հիշում եմ, որ մի խոնարհված խաչքար կար, անխնամ վիճակի մեջ էր, ուսանողներով որոշեցինք, որ խաչքարը անպայման պետք է տանենք Մայր Աթոռ: Ես այդ ժամանակ տարիքով բավականին փոքր էի: Ինձ հանձնարարեցին մի ծածկոց գտնեմ, որպեսզի կարողանանք խաչքարը հեշտությամբ հասցնել դեպի մեքենան: Այս պատմությունը ինձ վրա մեծ տպավորություն էր թողել, որովհետև ես դեռ լավ չէի գիտակցում այդ ամենի կարևորությունը: Հիմա, երբ հիշում եմ, հասկանում եմ կատարածս աշխատանքի ողջ էությունը:
Նոր տարին սկսել աղոթքով և եկեղեցում
- Ամանորի գիշերը միշտ ընտանիքով եկեղեցի ենք գնում: Նոր տարին այնտեղ սկսելը և աղոթքով Աստծուն մոտենալը ինձ շատ է ոգեշնչում: Մի շատ գեղեցիկ սովորություն ևս ընդունված է մեր ընտանիքում. տան անդամներից յուրաքանչյուրի տարեդարձը նշում ենք գիշերը 12-ից հետո, երբ օրը փոխվում է ՝ անկախ այն հանգամանքից հոգնած ենք, կամ քնելու ցանկություն ունենք: Հետաքրքիրն այն է, որ մեր բոլոր հարազատները արդեն գիտեն այս մասին և ուղիղ կեսգիշերն անց շտապում են շնորհավորել մեզ:
Պատրաստվի՛ր, այս կիրակի քեզ աբեղա պետք է ձեռնադրենք
-Երբ սովորում էի «Քահանայից լսարան»-ում, իմ ընկերներից շատերը արդեն ամուսնացած էին և զավակներ ունեին: Եղավ մի պահ, երբ ես տարակուսանքի մեջ էի՝ լինել կուսակրոն, թե՞ ընտրել ամուսնացյալ քահանայի ճանապարհը: Երբ իմ կյանքում հայտնվեց կինս, ես հասկացա, որ արդեն ունեմ շատ հստակ որոշում՝ ամուսնանալ և ստեղծել ընտանիք: Այն ժամանակ ես Վազգեն Ա Հայրապետի գործավար-քարտուղարն էի: Իմ որոշումը արդեն պատրաստ էր, բայց դեռ հայտնի չէր մնացածին: Շատ չանցած, Վազգեն Ա Հայրապետը ինձ կանչեց իր մոտ ու ասաց. «Պատրաստվի՛ր, այս կիրակի քեզ աբեղա պետք է ձեռնադրենք»: Բնականաբար ես հրաժարվեցի՝ ասելով. «Վեհափա՛ռ Տեր, կներեք, ես արդեն որոշում եմ կայացրել և պետք է ամուսնանամ»:
Ներքին գեղեցկությունն ու կանացիությունն էր, որ ինձ դարձրեց իրենը
-Գիտեք կնոջս մանկությունից եմ ճանաչել, ընտանիքներով շատ մոտ ենք եղել: Երբ հասունության տարիքում սկսեցինք շփվել՝ հասկացա, որ նա կնոջ այն տեսակն է, ում հետ ես կցանկանայի իմ կյանքը կապել: Արտաքին գեղեցկությանը զուգահեռ, նա կարողացավ իր ներքին գեղեցկությամբ, հանդարտությամբ, կնոջը բնորոշ կանացիությամբ, խոնարհությամբ գրավել իմ սիրտը: Քանի որ ես միշտ ապրել եմ Էջմիածնում, և ծառայության բերումով բնակավայրիցս հեռու եմ եղել, հիմնականում ընտանիքի կենցաղը ընկած է եղել կնոջս վրա, դա միաժամանակ նպաստել է, որ ես ավելի շատ ժամանակ տրամադրեմ իմ հոգևոր ծառայությանը: Ես շատ ուրախ ու բախտավոր մարդ եմ, երևի, որ ունեմ նրա պես կին ու կյանքի ընկեր:
Երեք զավակների հայր եմ: Երջանկությամբ և հպարտությամբ պետք է ասեմ, որ ունեմ նաև թոռնիկ: Նրանք կյանքիս մեծագույն ուրախությունն են:
Գիրք, որի մի մեծ հատվածը կնվիրեի ծնողներիս
-Եթե ընտանիքի մասին գիրք գրելուց լինեի, գրքի մի մեծ հատված կնվիրեի ծնողներիս: Այն, որ իմ մեջ այսօր կան բարոյական, հոգևոր արժեքներ, ես դրա համար պարտական և շնորհակալ եմ իմ ծնողներին: Ես իմ հոգևոր ծառայության մեջ դեռևս կատարելության չեմ հասել, բայց այն ամենը, ինչ-որ ունեմ, ծնողներիս դաստիարակության շնորհիվ է:
Մի շատ կարևոր հատված գրքում կտրամադրեի իմ ընտանիքին: Կնկարագրեի այն բոլոր փորձությունները և դժվարությունները, որոնք հաղթահարել ենք միասին, միայն նրա համար, որ ընթերցողների համար օգնության պես մի բան լիներ, եթե իրենք էլ հայտնվեն նման իրավիճակներում հեշտությամբ գտնեն լուծումներ, կամ առհասարակ մեր թույլ տված սխալները օրինակ լինեն իրենց համար և խուսափեն սխալներ թույլ տալուց:
Այնտեղ, որտեղ թագավորում է Աստծո սերն ու խաղաղությունը
-Օրինակելի է այն ընտանիքը, որտեղ թագավորում է Աստծո սերն ու խաղաղությունը: Այսինքն, հարաբերությունների մեջ՝ ամուսիններ, ծնող-զավակ, մինչև անգամ երեխաները իրենք իրար հանդեպ ցուցաբերեն ներողամտություն և հանդուրժողականություն: Պետք է ամեն մեկին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Եվ առհասարակ ընտանեկան միջավայրի մեջ ինձ համար շատ կարևոր է խոնարհությունը և հեզությունը:
Ես միշտ երազել եմ հասնել նրան, որ քրիստոնեական ընտանիքի մեջ Աստծո և Եկեղեցու հանդեպ սերը շատ մեծ լինի: Այն աստիճան մեծ, որ երբ ծնողները ցանկանան պատժել երեխային, նրան մի որոշ ժամանակով զրկեն եկեղեցի գնալու կամ Հաղորդություն ստանալու իրավունքից: Երբ երեխան գիտակցի, թե իրեն ինչից են զրկել ծնողները և այդ ամենը նրա համար մեծ ցավ լինի, ես կհամարեմ, որ մենք ունենք շատ ամուր ընտանիքներ և շատ խորը հոգևոր գիտելիքներով դաստիարակված երեխաներ:
Մարդկանց խորհուրդներ տալուց
-Երբ մարդկանց խորհուրդներ տալուց եմ լինում առաջին բանը որ ասում եմ՝ եղեք Աստվածասեր: Մարդ բոլորից առավել պետք է Աստծուն սիրի, որովհետև Աստվածսիրության պատվիրանապահությունը մեզ առաջնորդում է մարդասիրության, որն էլ իր հերթին՝ ազգասիրության և հայրենասիրության։
Զրուցեց՝ Մարիետտա Խաչատրյանը