«Քրիստոնյայի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ նա ունակ է դառնում երջանկացնել իր նմանին, որը բխում է առատաբաշխ Աստվածային սիրուց։ Սիրում եմ Աստծուն, սիրում եմ և իմ նմանին, քանզի չեմ կարող չկիսել այդ սերը, որն ունեմ Աստծո ներկայությունն իմ մեջ զգալու հստակ ապրումով։ Աստծուց ստացած սիրով է, որ պարտք ունեմ աշխարհին՝ վերադարձնելու համայն մարդկությանը` իրենք իրենց, իրենց երջանկությունը գտնելու անհագ փափագը, որ է Աստված ու Նրա անսպառ սերը առ բոլոր մարդիկ». ասում է մասնագիտությամբ լեզվաբան, թարգմանիչ և տնտեսագետ Նարինե Նահապետյանը՝ խոսելով քրիստոնեական երջանկության հիմնաքարի մասին իր ունեցած պատկերացումների շուրջ:
Հայ Եկեղեցու երիտասարդաց միության մեջ արդեն իսկ իր մեծ ներդրումներն ունեցած Նարինեն այժմ սովորում է Գերմանիայի Պոտսդամի համալսարանում:
-Ինչպե՞ս սկսվեց եկեղեցական կյանքի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը:
- Եկեղեցու հետ կապը շատ հետաքրքիր է եղել, շատ խորհրդավոր: Կյանքիս յուրաքանչյուր իրադարձություն ինձ ուղղորդել է դեպի եկեղեցի: Շատ ընտանիքների նման սկզբում մենք նույնպես Եկեղեցի գնում էինք մոմավառության համար, որից հետո մեզ թվում էր, թե Եկեղեցում մեր պարտականությունը կատարել ենք, և Աստված արդեն կլսի մեր աղոթքն, ու սկսում էինք սպասել, թե երբ պիտի իրականանան մեր խնդրանքները: Մեր ընտանիքում Աստծո մասին շատ քիչ զրույցներ են եղել, և այժմ, երբ համեմատություն եմ կատարում, իմ մոր կերպարը տեսնում եմ Աստվածաշնչյան կնոջ կերպարի մեջ: Նա շատ չի խոսել Աստծուց և առհասարակ քրիստոնեությունից, բայց հիմա՝ Աստվածաշունչն ընթերցելիս, հասկանում եմ, որ մայրս, իրավամբ, ապրել է այդ կյանքով՝ ուղղակի լուռ, առանց բառերի:
Առաջին և երկրորդ դասարաններում շատ վատ եմ սովորել, բայց հետաքրքիրն այն է, որ գրքերի հանդեպ միշտ հետաքրքրություն եմ ունեցել, և մի օր մեր գրապահարանից, ինչն ասես իրական վկայություն լինի, գտա մի փոքրիկ աղոթագիրք, և երբ բացեցի, առաջին աղոթքը, որ կարդացի, գրաբարյան տարբերակով գրված «Հայր մեր»-ն էր, որը մեկ անգամ կարդալով՝ կարողացա անգիր հիշել, չնայած այն բանին, որ նույնիսկ աշխարհաբարով չէի կարողանում լավ կարդալ: Դրանից հետո դպրոցում սկսեցի գերազանց սովորել: Հիմա հասկանում եմ, որ ինձ հետ տեղի ունեցածը հենց այս խոսքի համաձայն էր. «Փնտրեք Աստծո Արքայությունը (հոգևորը), և մնացած ամեն ինչ կտրվի ձեզ ավելիով»: Այսինքն՝ ես նախ պիտի Աստծո հետ խոսելու լեզուն սովորեի, որ հետո Աստված ինձ օգներ մյուս լեզուներն ու առարկաները սովորելու հարցում:
Անկախ տարիքից, մենք միշտ ինչ-որ բան ենք փնտրում, և շատերս չենք գիտակցում, որ դա հենց Աստծո պակասն է մեր մեջ:
Առաջին անգամ Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել եմ մոտ 10 տարի առաջ, Երևանի 5-րդ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագն ինձ համար շատ խորհրդավոր թվաց, և կարծես հենց այդ պահին ես գտնեի եկեղեցին իմ մեջ, իսկ ինձ եկեղեցու մեջ, այսինքն՝ Աստված մարդու մեջ և մարդն Աստծո մեջ, ու նայելով շուրջս և տեսնելով Ս. Պատարագին ներկա գտնվող իմ բարեկամի դեմքին արտացոլված անասելի երանությունը՝ հասկացա, որ հենց այդ զգացումի պակասն ունեմ, որ ես էլ եմ այդ երանական խաղաղությունը փնտրում, ինչից հետո սկսեցի հաճախակի եկեղեցի գնալ, մկրտվեցի ու ընդգրկվեցի եկեղեցու երիտասարդաց միության և երգչախմբի կազմի մեջ:
-Ինչպիսի՞ն էր Ձեր ընտանիքի արձագանքը եկեղեցական կյանքում Ձեր դրսևորած ակտիվության վերաբերյալ:
-Սկզբանական շրջանում հիմնականում հայրս էր մի փոքր մտահոգվում, որ շատ չմեկուսանայի, քանի որ հաճախ կարծիք է ստեղծվում, թե քրիստոնեությունը ինչ-որ զսպաշապիկ է դառնում նվիրյալների համար և նրանց կյանքը վերածում ճգնավորի կյանքի, այնինչ այն պարզապես արժեհամակարգ է ձևավորում, ինչն էլ իր հերթին ամեն ինչ այս կյանքում չափի ու կշռի մեջ է դնում։ Բարեկամներս նույնպես հետաքրքրվում էին, թե ինչու եմ այդքան ժամանակ անցկացնում եկեղեցում, նրանց հորդորում էի, որ իրենք նույնպես այցելեն ու անձամբ տեսնեն, թե ինչի համար եմ այդքան հաճախ եկեղեցի այցելում ու երկար մնում: Եվ, փառք Աստծո, հարցնողներից շատերն սկսեցին գալ, սկզբում հետաքրքրությունից դրդված, իսկ հետո արդեն սիրով և նվիրումով: Ինչից հետևություն, որ մեզանից և ոչ մեկը չգիտի, թե երբ և ինչպես տեղի կունենա իր դարձը դեպի Աստված, դեպի եկեղեցի:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի եկեղեցին:
- Հայաստանի բոլոր եկեղեցիներում էլ ես նույնիսկ ավելի հարազատ ու ջերմ մթնոլորտ եմ զգում, քան իմ հայրական տանը, բայց կառանձնացնեմ Մեծավանի Սուրբ Գևորգը, որին անընդհատ նայելով՝ ասում էի, եթե հնարավորություն ունենայի, կվերանորոգեի, քանի որ կար ժամանակ, երբ եկեղեցին կիսավեր վիճակում էր: Եվ ի ուրախություն ինձ՝ կարճ ժամանակ անց սկսեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Վերանորոգումից հետո երբ մտնում էի այդ եկեղեցին, այնպիսի տպավորություն էր, կարծես Մայր Տաճարում լինեի: Հետո իմացա, որ ճարտարապետը հենց Մայր Աթոռի հետ կապ ունեցող անձ էր և հնարավոր է, որ ներդրել էր նույն շունչը, նույն ոգին:
Կառանձնացնեմ նաև գյուղի Կաթոլիկ եկեղեցին, որտեղ ես մկտրվել եմ: Սկզբնական շրջանում Առաքելական եկեղեցի գյուղում չի եղել, իսկ մեր համայնքը գաղթել է Արևմտյան Հայաստանից՝ կաթոլիկ հոգևորականի գլխավորությամբ, դրա համար էլ գյուղը, կարելի է ասել, վերածվել էր կաթոլիկ համայնքի, բայց հիմա, քանի որ գյուղում գործում է նաև Առաքելական եկեղեցի, մեծամասնությունը հենց Առաքելական եկեղեցու հետևորդներ են դարձել:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք համայնքի եկեղեցուց կտրված մարդկանց:
- Բոլորս էլ ունենք Աստծո կարիք, Աստված չունի մեր կարիքը, այդ մենք ունենք Աստծո կարիքը: Հետևապես, խորհուրդ կտամ մի պահ կանգ առնել և հասկանալ, թե ինչ է իրենց ավելի անհրաժեշտ, և եթե մարդն ինքն իր հետ առանձնանալու, լռելու ժամանակ ունենա և հասկանա, որ այս աշխարհի վրա ամեն ինչ անցնում է, բացի Աստծուց ու Նրա խաղաղությունից, ապա կդառնա դեպի Աստված: Երբ նայում եմ իմ շրջապատի մարդկանց, ովքեր իրենց մեջ չունեն խաղաղություն և հանգստություն, խնդրում եմ, որ գնան Եկեղեցի ու փորձեն գտնել Աստծուն կամ լռեն մի պահ և իրենց ներսում հասկանան, թե ինչի պակաս ունեն: Եվ եթե Աստծով լցվի մարդու ներսի դատարկությունը, չեմ կարծում, որ մարդն այլևս ուրիշ բան կփնտրի, քանզի մարդու հոգու դատարկությունը և ոչ ոք ու ոչինչ չի կարող լցնել, ամբողջացնել՝ բացի Աստծուց։
- Կարո՞ղ է միջավայրի փոփոխությունն ազդել մարդու վրա և առաջացնել սթրեսային իրավիճակ:
- Եթե մարդն իր ներսում հաստատուն, կոփված չէ, ապա այո՛, բայց եթե մարդը հստակ է իր որոշումներում, հստակ է իր գաղափարների մեջ, գիտի, թե ինչ է ուզում այս կյանքից, ինչպես պետք է պայքարի ինչ-որ մի բանի հասնելու համար, ամուր հոգեվիճակ ունի, ապա տվյալ մարդու վրա ոչինչ չի ազդի՝ ո՛չ նույնիսկ չափից դուրս լավը, ո՛չ վատը:
Մի անգամ Բեռլինի Ս. Մարիանե եկեղեցում կանգնեցի Քրիստոսի դիմանկարի առաջ և ինքս ինձ հարց տվեցի, թե որ լեզվով եմ այս պահին աղոթում, ու հետո ասես ինքս ինձ էլ պատասխանեցի. «Չէ՞ որ ինչ լեզվով էլ խոսեմ, Աստված կլսի»: Գիտեմ 4 լեզու՝ ռուսերեն, հայերեն, գերմաներեն, անգլերեն: Հայերենն է ինձ համար շատ հոգեհարազատ: 6 ամիս է որ դրսում եմ ապրում, սակայն Հայաստանից չեմ կտրվում, հոգևոր կապն ինձ համար շատ զորեղ է:
Կարծում եմ, որ հաճախ մարդը հայտնվում է այնպիսի վայրում, որտեղ ինչ-որ բան պետք է փոխի կամ ինչ-որ անելիք ունի: Այսինքն՝ մարդը լինում է այնտեղ, որտեղ այդ պահին կա նրա կարիքը կամ ընդհակառակը՝ ինքն ունի այդտեղ գտնվելու կարիքը:
Հավատը կա՛մ կա, կա՛մ չկա: Աստված, անշուշտ, բոլորին սիրում է, բայց տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում Աստծուն, ինչպես, օրինակ, դպրոցում՝ մեկն ուսուցչի խոսքը շատ լավ է հասկանում, մյուսը՝ քիչ, մյուսն էլ ընդհանրապես չի հասկանում: Ահա՛, նույնն էլ հավատքի պարագայում է, և ով փնտրի, նա էլ կգտնի, իսկ Քրիստոս հայտնվում է յուրաքանչյուրի ճանապարհին, ով իսկապես քայլում է դեպի Իրեն:
Ըստ իս, ճշմարիտ քրիստոնյան հասկանալու խնդիր չունի, նա փորձում է բոլորին հասկանալ, բայց իրեն հասկացնել տալու կարիք չունի, կարիք չունի բացատրելու, թե ինչպիսին է ինքը: Ի վերջո, հաճախ միջավայրը չէ, որ փոխում է մարդուն, այլ երբեմն մարդն է ունակ դառնում փոխել միջավայրը, եթե ունի ամուր հավատք:
-Արդյոք մի՞շտ է ստացվում երջանկություն պարգևել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում:
-Երբ ուզում ես բարիք գործել, սակայն երբեմն սխալ է ընկալվում կամ ճիշտ չի ստացվում, ապա պետք է գիտակցել, որ դա ևս փորձություն է: Քանի որ չարը միշտ ցանկանում է մարդուն շեղել ճիշտ ճանապարհից և անել այնպես, որ մարդն ընկճվի, փոշմանի իր արած լավությունից և այլևս երբեք չցանկանա կամ վախենա կրկին որևէ մեկին լավություն անել: Ուստի՝ անկախ ամեն ինչից, մենք պետք է չխուսափենք դիմացինին երջանկության զգացումը պարգևելուց, բարիք անելուց:
-Ե՞րբ է կյանքը նոր ընթացք ստանում քրիստոնյայի համար և ե՞րբ է սկսում մահանալ:
- Աստծո ներկայության զգացումը դառնում է կյանքի սկիզբը, երբ հասկանում ես, որ Աստված քեզ հետ է, ու այլևս առանց Նրա չես ուզում ապրել: Երբ յուրաքանչյուր որոշում սկսում ես կայացնել ՝ Աստծո կամքը խնդրելով, մի պահ լռելով ու Աստծո ձայնը լսելով:
Մենք սիրում ենք մեր ծնողներին, մեր բարեկամներին, սակայն առաջին տեղում պետք է Աստված լինի, Աստված պետք է լինի գերնպատակ, այդպես նաև ամուսնության դեպքում, որի ամենակարևոր նախապայմանն է, թե զույգերն ինչ հարթության վրա են ընկալում Աստծո գաղափարն ու ներկայությունը։
Մեր ծննդյան օրը մարմնապես ծնվելու օրը չէ: Օրինակ՝ ես իսկապես ծնվել եմ, երբ սկսել եմ քայլել դեպի Քրիստոս: Մարդը մահանում է, երբ կորցնում է Աստծուն և ծնվում է այն ժամանակ, երբ գտնում է Աստծուն ու այդպես գտնում ինքն իրեն: Սակայն շատ հեշտ է նաև ինքդ քեզ վերստին կորցնելը, ինչը կարող է տեղի ունենալ հատկապես հենց հավատքի ամենազորեղ պահին, երբ մի աննշան երևույթ կարող է ամեն ջանք ջուրը գցել: Այսպիսով՝ իրապես, ծնվում ես, երբ գտնում ես Աստծուն, սակայն երբ հուսալքվում ես, կորցնում ես նաև ինքդ քեզ:
Շատ բաներ լինում են՝ մեր կամքից անկախ, և մարդը պետք է պատրաստ լինի ընդունել ամեն բան այնպես, ինչպես կա՝ առանց տրտնջալու, պատրաստ լինի ամեն տեսակ դժվարության և Աստծով առաջնորդվի:
-Ի՞նչ հետևություններ եք անում կյանքի դժվարությունները հաղթահարելիս:
- Դժվարությունները կոփում են մարդուն: Դժվարությունները մարդուն կարող են կործանել և հակառակը՝ փառավորել: Իմ դեպքում փորձություններից ավելի շատ հոգևոր աճ եմ ապրել, սկսել եմ նախ շատ հանգիստ մոտենալ բոլոր դժվարություններին և ցանկացած իրավիճակի պատասխան փորձում եմ Աստվածաշնչում գտնել ու, փառք Աստծո, գտնում եմ:
-Աստվածաշնչից ո՞ր հատվածն է Ձեզ համար իբրև կարգախոս:
-«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ…» (Մարկ. 12:30) և «Սիրիր ընկերոջդ քո անձի պես»:
Ըստ երևույթին, Աստվածաշունչը պետք է կյանքով կարդաս, Աստված մեզ հետ Սուրբ Գրքի ամեն մի բառով, նույնիսկ տառով խոսում է մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, մեր կյանքում հայտնված յուրաքանչյուր լավ կամ վատ մարդու միջոցով։
-Քրիստոնեական ամենասիրելի տոնը:
-Սուրբ Ծնունդը, քանի որ վերստին ավետվում է, որ մանուկ Հիսուսը ծնվեց մեր մեջ: Արդ, հարկ է գիտակցել ու զգալ, որ Քրիստոս ամեն օր է ծնվում և Հարություն առնում մեր մեջ: Դա մենք զգում ենք, երբ որևէ մեկին տալիս ենք սեփական կյանքը վերաիմաստավորելու, արժևորելու, ինքն իրեն նախ հարգելու ու գնահատելու զգացումը, ինչն էլ նա հետո ինքնաբերաբար տածում է դիմացինի հանդեպ։ Ամեն օր նոր օր է, կարծես ամեն օր մենք էլ մեր մեջ ծնվում ու մեռնում ենք՝ փորձելով ինքնակատարելագործվել։
-Ո՞րն է Ձեր հորդորը՝ որպես քրիստոնյա:
- Պետք չէ շատ ետ նայել: Նույնիսկ ժամեր առաջ տեղի ունեցածը պետք է բաց ու ազատ թողնել, մարդը պետք է սովորի անցյալը՝ լավ կամ վատ, թողնել մի կողմ ու առանց վախերի, կասկածամտության և հուսահատության ապրել և միայն առաջ նայել: Սկզբունք պետք է ունենալ՝ չվնասել որևէ մեկին և միայն բարիք գործել: Ամենքս պատասխանատու ենք մեր իսկ արածի կամ չարածի համար։ Ինչպես ծնվելուց առաջ չգիտեինք, թե մեզ ինչպիսի կյանք է սպասվում, այնպես էլ մահից առաջ չենք կարող իմանալ, թե մեզ հետ ինչ է լինելու, ուստի պետք է գիտակցել, որ ոչինչ հավերժ չէ, ամեն ինչն էլ անցողիկ է, մնում է միայն լավ գործը և այն, ինչն արվել է Աստծո կամքի համաձայն ու Աստծո փառքի համար:
«Բազմաթիվ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է հավիտյան». Առակ. 19.21:
Զրուցեց Լաուրա Աղաջանյանը