Սուրբ Գրքում Հիսուսը չի վերացնում օրենքը, որը տրված էր մարգարեներին, որոնք Փրկչից առաջ են աշխարհ եկել: Նա ասում է. «Մի′ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա… չեկա ջնջելու, այլ` լրացնելու» (Մատթ. 5:17): Իսկ թշնամիներին ներելու մասին (տես` Մատթ. 5: 38-45) Նա ավելացնում է. «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում» (Մատթ. 5:46-47): Այսինքն, հայերն իրավունք ունե՞ն կատարելու օրենքը` «…աչքի փոխարեն` աչք…», (Մատթ. 5:38) և դա մեղք չի համարվի, բայց օգուտ էլ չի բերի, այնպես չէ՞:
Քրիստոս, ցանելով Իր նոր` սիրո ուսմունքի սերմերը, Իրեն լսողներին պատրաստում էր աստիճանաբար. Նա այդպես է վարվում նաև Լեռան քարոզում: Նա խոսում է երանիների մասին` կոչ չանելով կոնկրետ գործողություններ: Բայց դա էլ հրեաների համար նորություն էր, և արդեն իսկ այդ ժամանակ նրանք կարող էին կասկածել Քրիստոսին օրենքին հակառակվելու համար: Եվ նախքան Իր նոր հրաշալի օրենքների գրի առնելը, Նա սկսում է որոշ կասկածամտություններ հերքել. «Մի′ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ` լրացնելու» (Մատթ. 5: 17):
Նրա ուսմունքը չէր ոչնչացնում նախկին օրենքը, այլ` լրացնում, այն դարձնելով ավելի կատարյալ: Տիրոջ այս խոսքերում երեք ճշմարտություն կա.
1. Նա իրապես կատարեց ողջ օրենքը (տես` Մատթ. 3:15, Հովհ. 8: 46, 14:30).
2. Նա այդ օրենքը կատարեց նաև մեր փոխարեն: Քանզի, ով չկատարեց օրենքի թեկուզ մի կետը, մեղավոր է ողջ օրենքի առջև: Եվ այդ պատճառով Տերը, կատարելով ողջ օրենքը, մեզ է ընծայել այդ կատարելությունը (տես` Հռոմ. 10:4; 8:3-4; 3:31): Օրենքի նպատակն էր մարդուն արդար դարձնել, ինչը չհաջողվեց, ուստի օրենքի այդ նպատակին ծառայեց հենց Ինքը` Քրիստոս, հաստատելով հավատով արդարանալու կարգը: Այսպիսով, մենք կատարում ենք օրենքը հավատալով՝ որ Քրիստոս կատարեց այն:
3. Այն խոսքը, թե գրված է. «Մի սպանիր» … իսկ Ես ձեզ ասում եմ, թե`ամեն մարդ, ով բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. 5:21-22), չի նշանակում, որ Նա ոչնչացրեց պատվիրանը, այլ` դարձրեց այն ավելի կատարյալ և հաստատեց: Ով բարկությամբ չի բռնկվում, նա, անկասկած, չի համարձակվի մարդ սպանել: Եվ ով սանձում է իր բարկությունը, նա, իհարկե, իր ձեռքերը չի արձակի: Այդպես խոսվում է և շնության մասին և այլն:
Իսկ ինչ վերաբերում է «… աչքի փոխարեն` աչք…» խոսքին, ապա այդ էլ Քրիստոս կատարեց խաչի վրա: Օրինակ՝ եթե որևէ մեկն իմ աչքը հանի, ես պետք է նույնն անեմ նրան: Բայց Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «…չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5:39): Իսկ իմ աչքը հանողին կասեր՝ քո աչքը պետք է հանվեր, բայց Ես քո մեղքը Ինձ վրա եմ վերցրել` մահանալով խաչի վրա, և դու չես պատժվի, եթե զղջաս և ներողություն խնդրես:
Այսպիսով, Լեռան քարոզում տեսնում ենք, թե Տերն ինչպես է աստիճանաբար բարձրացնում մարդուն երանությունից կատարելություն: Կարծես մի կարմիր թել անցնում է` «երանի՛ հոգով աղքատներին»-ից մինչև «մյո՛ւս ծնոտն էլ դարձրու», «սիրի′ր քո թշնամուն», «եղե′ք կատարյալ, ինչպես ձեր Հայրը»: Ահա որքան կատարյալ է Քրիստոսի ուսմունքը:
Ինչ վերաբերում է եղեռնին, թե վրեժխնդրությունը «մեղք չէ, բայց օգուտ էլ չի բերի», ապա ասեմ, որ հայերս՝ Հարության ու սիրո որդիներ ենք: Եվ խնդիրը մեր կատարելությունն է: Կատարելությունը սերն է` ինչպես մերձավորի, այնպես էլ` Աստծու հանդեպ: Հարվածել են մեր այտին՝ մյուսն ենք դարձրել: Մեզ նախանձել են, իսկ մենք նրանց համար կառուցել ենք քաղաքներ ու դղյակներ: Մեզ դավաճանել են, իսկ մենք մնացել ենք հավատարիմ: Մեզ ցանկացել են բաժանել Քրիստոսից, բայց պատասխանել ենք, թե` քրիստոնեությունը հանդերձանք չէ, այլ մեր մաշկն է, որը չենք կարող փոխել: Իսկ եթե զենք ենք բարձրացրել, ապա ոչ վրեժխնդրության նպատակով, այլ ի կատարումն Տիրոջ պատվիրանի. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13), այսինքն՝ հանուն հավատի, ընտանիքի և հայրենիքի:
Ուստի, ներել և սիրել թուրքերին` դեռ չի նշանակում մոռանալ այս ցավը, բայց նաև չի նշանակում, որ պարտավոր ենք կրել այն մեր սրտերում ողջ կյանքի ընթացքում` այնպես, որ ամեն անգամ հանդիպելիս զայրույթով լցվենք: Այդ դեպքում ատելությունը մեզ կսպանի: Որպես քրիստոնյա ազգ, պարտավոր ենք աղոթել մեր Եկեղեցու և հավատի թշնամիների համար, որպեսզի նրանք ետ դառնան չարից: Իսկ եթե չզղջան, ապա այդպիսիներին հարկավոր է հանդիմանել, պահանջել եղեռնի ճանաչումը, այլ ոչ թե օրհնել:
Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան
Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ