Տեղն ընտրելու մասին առակը

Տեղն ընտրելու մասին առակը

Տեղն ընտրելու մասին առակը 
(Ղուկ. 14: 7-11)


«Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի´ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի: Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի. «Սրան տե´ղ տուր»: Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել: Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի´ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի. «Բարեկա´մ, ավելի վե´ր մոտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես, որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»: 


Սա ավետարանական մի խրատ է` ուղղված հրեաների մեծամտությանը, որոնք իրենց Երկնքի Արքայության մեջ արժանի էին համարում առաջին տեղին, սակայն պարտավորված պիտի լինեն ցած իջնել, քանի որ ուրիշ ազգերն Աստծո համար նրանցից արժանավոր պիտի դիտվեն:


Մարդկային ինքնասիրության դրսևորումներն ավելի նկատելի են հենց կենցաղային իրավիճակներում` հյուր գնալիս կամ ճաշելիս: Ինչպես հին ժամանակներում, ժամանակակից հյուրը նույնպես ցանկանում է նստել պատվավոր տեղում: Բացառությամբ աղքատ մարդկանց խնջույքների՝ աշխարհի բոլոր երկրներում փառասիրության մրցավազք է տեղի ունենում, երբեմն՝ աննկատելի: Համեստությունը կարևոր և դժվար առաքինություն է: Մարդը, որ ցավալիորեն մտածում է իր անձն ինչ-որ կերպ որևէ մեկից ոչ թե ցածր, այլ բարձր ներկայացնելու մասին, ընդունակ չէ ո´չ ստեղծագործ աշխատանքի, ո´չ, առավել ևս, հոգևոր: Սնափառությունը նշան է ոչ միայն բարոյական, նաև՝ հոգևոր լճացման: Պարզ և իմաստուն խոսքերով Քրիստոս մարդկանց հայտնեց այս ճշմարտությունը և մատնանշեց, որ ողորմածության ի հայտ գալուն ամենից շատ խանգարում է մարդու եսասիրությունը` ասելով. «Ձեզնից մեծը ձեր սպասավորը պիտի լինի» (Մատթ. 23:11): Նույնն է սովորեցնում Պողոս առաքյալը. «Ձեզ մոտ ամեն ինչ պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի» (Ա Կոր. 14:40), «Միայն ձեր շահը մի´ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք` ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2:4):


Անհավատ մարդկանց մոտ անգամ տհաճ տպավորություն է թողնում ինքն իրեն գովացողը: Եվ որքան շատ նա իր անձը մեծարի ու փառաբանի, այնքան ողորմելի է թվում իրեն շրջապատող մարդկանց աչքերում: Եվ ինչքան համեստ է մարդը, այդքան սիրելի է: Այսպիսին է հոգևոր օրենքի ներգործությունը, որն ընդունելի է անգամ անհավատ մարդկանց մեջ: Եվ եթե նրանք չեն գնահատում համեստությունն իրենց մեջ, ապա այն միշտ գնահատում են ուրիշների մեջ: 


Չենք սխալվի, եթե խոնարհությունը գերագույն առաքինություններից մեկը համարենք, իսկ համեստությունը` մարդու ամենամխիթարիչ հատկանիշներից մեկը: Համեստությունը հավասար է ողորմածությանը, քանի որ համեստ մարդը ողորմած է ուրիշների հանդեպ, չի ձանձրացնում իր գանգատներով, չի չարչարում նրանց՝ իրեն ինչ-որ նշանակալի բան ներկայացնելու իմաստով: Կամա թե ակամա, համեստը միշտ պատվում է նախ Աստծուն, ապա` մարդկանց, քանզի բոլորն էլ Աստծուց ստացած ձիրքեր ունեն: 


Համեստ մարդը կյանքում չի պարտվում, նրա տաղանդներն ու արժանիքներն էլ գնալով շատանում են: Հեզությունը թուլություն չէ, ինչպես կարծում են ոմանք, այլ` հոգու ուժ ու արիություն: Գոռոզությունը նախորդում է հասարակության և ժողովուրդների կործանմանը: Մշակութային զարգացման մակարդակն ուղիղ համեմատական է հասարակության համեստությանը: Այդ պատճառով Բանն Աստծո, տիեզերքի Արարիչը, խոնարհ Մարդու կյանքով ապրեց և տառապալի ճանապահ անցավ` ցուցաբերելով հոգու անօրինակ հեզություն, իբրև Երկնքի Արքայության հավերժական փառքին առաջնորդող լույս: Հիսուս Քրիստոսի խոնարհությունը մարդու մեջ արդարության կնիքը եղավ: Երբ աշակերտները վիճեցին, թե նրանցից ո՞վ է առաջինը լինելու և մեծագույն փառք ու իշխանություն ստանալու Մեսիայի արքայության մեջ, որին շուտով սպասում էին, և այդ հարցով դիմեցին Հիսուսին, Նա Իր պատասխանը վճռաբար ուղղեց ընդդեմ ամեն տեսակ փառատենչության կամ իշխանատենչության. «…Եթե մեկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9:34): Դրանով Նա զգուշացնում է մեզ, որ Նրա Եկեղեցում չձգտենք առաջնության, քանզի դրա հետ կապված են բազում տքնություններ և մեծագույն անձնուրացություն, բնավ ոչ հանգստություն ու փառք, ինչպես կարծում են ոմանք:


(Ըստ հայ նշանավոր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» գրքի և արքեպիսկոպոս Հովհան Շախովսկու քարոզների)

  • 2021-10-13
×