Հարուստ երիտասարդի մասին առակը
(Մատթ. 19: 24; Մարկ. 10: 25; Ղուկ. 18: 25)
«Ավելի հեշտ է, որ մալուխը (պարանը կամ ուղտը) ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու Արքայությունը մտնի»:
Այս առակին նախորդում է մի պատմություն, որ երեք ավետարանիչները հավասարապես և գրեթե բառացի ճշտությամբ են պատմում (Մատթ. 19:16-23; Մարկ. 10:17-24; Ղուկ. 18:18-24): Մի մեծահարուստ երիտասարդ հարցով դիմում է Հիսուսին. «Բարի´ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եվ Հիսուս նրան ասած… «Պատվիրանները գիտես. մի´ շնանացիր, մի´ սպանիր, մի´ գողացիր, սուտ մի´ վկայիր, պատվի´ր քո հորն ու մորը» (իսկ Մատթեոսն Տասնաբանյայից վերցված պատվիրաններին (Ելք. 20:12-16) ավելացնում է նրանց ամփոփումը կազմող պատվիրանն էլ, որ ուրիշ տեղ է հիշված Մովսեսի կողմից (Ղևտ. 19:18). «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»): Նա պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե´տ, այդ բոլորը իմ մանկությունից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եվ Հիսուս նրան նայելով` սիրեց նրան և ասաց. «Քեզ մե´կ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի´ր ինչ որ ունես ու աղքատների´ն տուր, և երկնքում գանձեր կունենաս. և արի´ Իմ հետևից»:
Ավետարանիչների գործածած ոճից և Հիսուսի տված պատասխանից երևում է, որ այդ անձը նենգամիտ չէ, այլ իրոք փափագում է արժանանալ Արքայությանը. լինելով շատ հարուստ` նա հեշտ ու հանգիստ կյանք էր ապրում. սակայն տեսնելով, որ Հիսուս միշտ խեղճերի ու աղքատների գովեստն է անում, ցանկացավ իմանալ, թե Նա իր նմանների համար ի՞նչ է մտածում։ Նա իսկապես կատարում էր Օրենքը և պահում պատվիրանները, բայց այնուամենայնիվ չէր գոհանում. կարծես մի բան պակաս էր: Սրտագետ Աստված անմիջապես տեսավ, թե ի´նչն էր արգելք հանդիսանում փրկության ճանապարհին և անբավարարության ու տրտմության պատճառ էր. նա չափազանց կապված էր հարստությանը, և այս հոգևոր խոցը նրան հետ էր պահում Աստծուն նպատակադրված և անձնուրաց ծառայելուց: Նրա ողջ արդարությունը չգերազանցեց փարիսեցիների զուտ արտաքին բարեպաշտությունը: Երբ նրա առաջ հարց դրվեց, թե ինչը կընտրի` Աստծուն ծառայելը, թե` հարստոությանը, – նա, «այդ խոսքի վրա խոժոռված` գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր». նա մամոնան ընտրեց:
Հարուստ մարդու համար շատ դժվար է խնայել սիրտը հարստության կուռքի նկատմամբ մոլուցքի թույնից և հրաժարվել սովորական շքեղությունից ու հարմարավետությունից: Սրա համար էլ Տերը պատմեց այս առակը, թե «ինչքա՜ն դժվար է Աստծո Արքայություն մտնել նրանց համար, որ իրենց հույսը դրել են հարստության վրա»: Շատ ավելի հեշտ է, որ մի «մալուխ» ասեղի ծակից անցնի, քան թե մի հարուստ Երկնքի Արքայություն մտնի: Սակայն դա չի նշանակում, որ Տերն Իր հետևորդներից անպայման պահանջում է հրաժարվել ունեցվածքից, կամ` որ հարստությունը փրկության համար անանցանելի պատնեշ է: «Մալուխը, – ասում են ոմանք, – երբեք ասեղի ծակով չի անցնի, ուրեմն` Աստծո Արքայությունն ընդմիշտ փակ է հարուստների համար»: Նման կարծիքը ճիշտ չէ. Տերը թեկուզ և ասում է, որ հարուստի համար դժվար է փրկվել, սակայն անմիջապես ավելացնում է, որ մարդկային ուժերի համար անհնարինը հնարավոր է Աստծուն, այսինքն` Աստծո օգնությամբ (տե´ս` Մատթ. 19:26; Մարկ. 10:27; Ղուկ. 18:27): Եվ գիտենք, որ բազում հարուստ մարդիկ, օրինակ` հինուխտյան հայրապետները, ամենայն արդարությամբ արժանի եղան Աստծո Արքայությանը:
Հունական բնագրում և բոլոր թարգմանություններում «մալուխ» բառի փոխարեն գործածվում է «ուղտ»: Այդ ձևով, կարծես, համաձայնություն չի լինում ուղտի և ասեղի անցքի միջև։ Ուստի, շատ մեկնիչներ դիմում են բառի ստուգաբանությանը և մեկնում այսպես. ասեղի անցքից անցնում են բարակ դերձաններ, բայց չվանի նման հաստ դերձանները չեն անցնի։ Ուրիշները կենտրոնանում են նմանության մյուս եզրին, թե ասեղի անցք են կոչվում ցածր ու նեղ դռները, որտեղից մարդը, մեջքը ծռելով, հազիվ կարողանա անցնել, սակայն այդտեղից ուղտի անցնելն անհնար է: Մինչև անգամ ավելացնում են, թե Երուսաղեմի պարիսպների վրա այդպիսի մի փոքր անցք կար, իբրև դուռ, և որ Հիսուս ակնարկում էր այդ փոքրիկ դուռը, թե ուղտն այդ դռնից չի կարող անցնել։ Սակայն Երուսաղեմի «Ծակ ասղան» դուռը և բոլոր փոքրիկ դռների այդպես կոչվելը չեն հաստատվում հին պատմական փաստերով։ Մեր թարգմանիչները, գործածելով հայերեն «մալուխ» բառը, երկու իմաստներն էլ միասին են շոշափել, որովհետև թե՛ ուղտի և թե՛ պարանի իմաստն ունեցող բառ է։
«Արդ, այսպես էլ` ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:33), - ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս:
(Ըստ հայ նշանավոր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» և եպս. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի Ավետարանի շուրջ» գրքերի)