Կորած ոչխարի առակը

Կորած ոչխարի առակը

Կորած ոչխարի առակը
(Մատթ. 18:12-14, Ղուկ. 15: 3-7)


«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լերան վրա (Ղուկ.` արոտավայրում) չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն»: «Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. ուրախացե´ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»: «Այսպես` Իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի»:


«Իննսունինը ոչխարը» արդարների և հրեշտակների երամներն են, իսկ «կորած ոչխարը»` անկյալ ու մեղավոր մարդը: Բարձր ու խաղաղ երկինքը «սար» է և «արոտավայր»:


Ո՞վ ուներ  «հարյուր ոչխար»: Քրիստոս Ինքը, քանզի Նա է «Լավ Հովիվը» (տե´ս` Հովհ. 10:11, 14)` Աստծո Միածին Որդին, որ եկավ աշխարհ` գտնելու և փրկելու Իր կորած ոչխարին` մեղքերի մեջ ընկղմված մարդուն: Մնացած Իր ոչխարներին երկնքում թողնելով` Նա իջավ աշխարհ, ծառայի կերպարանք ընդունեց, փնտրեց և գտավ մոլորված ոչխարին` մեր մեղսալից էությունը, և ուրախ է նրա համար ավելի, քան հրեշտակների և սրբերի անսասանության համար: Գտնելով` դրեց Իր ուսերի վրա՝ ըստ խոսքի. «Նա մեր մեղքերն էր վերցնում» (Եսայ. 53:4), Իր վրա «վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29): Մոսկվայի երանելի պատրիարք Ֆիլարետի խոսքի համաձայն՝ «Նա երկնքի լեռան վրա ունի ոչ թե իննսունինը, այլ` հազար հազարաց և բյուր բյուրոց արոտի խաշներ` լուսավոր հրեշտակներ, որոնք լսում են Նրա ձայնը և հետևում Նրան, սակայն Նա չի արհամարում Իրենից կամավոր հեռացած և երկրի հորձանուտներում մոլորված անգամ մեկ խեղճ բանավոր ոչխարի: Նա ուրախությամբ նրան Իր ուսերի վրա է առնում ու խնամքով տուն տանում: Նա ցնծում է մեղավորի փրկության համար և հրավիրում է ուրախությանը միանալ Իր բոլոր հրեշտակներին, քանի որ մեր կյանքը Նրա ուրախությունն է իսկ մեր մահը` Նրա վիշտը»: 


Գոռոզ ու ինքնահավան հրեա դպիրները սպասում էին, որ Մեսիան կգա հզոր և փառավոր թագավորություն հիմնելու, և նրանք այնտեղ կստանձնեն  իշխող դիրք: Նրանք չէին հասկանում մի պարզ բան, որ Մեսիան, նախ և առաջ, Հոգևոր Հովիվ է, և ո´չ թե` երկրավոր իշխան, և «տեսնելով ժողովրդի բազմությունը` Հիսուս գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն» (Մատթ. 9:36): Նա եկավ աշխարհ, որպեսզի փրկի և Աստծո Արքայություն վերադարձնի նրանց, ովքեր իրենց անհույս կորած էին համարում: «Մի´ վախեցիր, փոքրի´կ հոտ, – ասում է Փրկիչը, – որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը» (Ղուկ. 12:32):


Այս առակում հովվի կարեկցանքը մոլորված ոչխարի նկատմամբ  արտահայտվեց հատկապես այն բանում, որ նա չպատժեց նրան՝ որպես մեղավորի, և բռնությամբ չհարկադրեց վերադառանալ, այլ իր ուսերի վրա առավ և տարավ տուն: Դա խորհրդանշում է Քրիստոսի խաչելությամբ մեղավոր մարդկության փրկությունը. այսուհետ Քրիստոսի չարչարանքների  քավչարար զորությունը հնարավոր է դարձնում մարդու բարոյական վերածնունդը, նրան վերադարձնում կորցրած արդարությունն ու Աստծո հետ երանավետ հաղորդությունը:


(Ըստ Մեֆոդի եպիսկոպոսի «Սուրբ հայրերի` Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» աշխատության և երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Ղուկասի Ավետարանի մեկնությունը» գրքի)

  • 2021-10-13
×